Ջո Բայդեն. «ԱՄՆ-ն վերադառնում է»
6 ր. | 2021-02-11Պ աշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ Ջո Բայդենը փետրվարի 4-ին Պետդեպարտամենտում ներկայացրեց առաջիկա 4 տարիների ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ուղղվածությունը: Ելույթի հիմնական շեշտադրումն այն էր, որ մերժվելու է նախկին նախագահի հակասական քաղաքականությունը և «վերակառուցվելու է նորը»: Ըստ Բայդենի՝ Թրամփի վարած քաղաքականության արդյունքում ակնհայտորեն կորել է ԱՄՆ-ի հանդեպ հավատը: Իր ելույթում նա հայտարարեց՝ «Ամերիկան վերադառնում է: Դիվանագիտությունը վերադառնում է»:
Նախքան առանձին երկրներին անդրադառնալը՝ դեմոկրատ նախագահը շեշտել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն այժմ ավելի շատ կենտրոնանալու է բազմավեկտոր, դրական դիվանագիտության վրա, սակայն հավելել, որ սա չպետք է դիտարկել «փափուկ» մոտեցում, պարզապես ԱՄՆ-ի համար իր ուզածն ստանալու լավագույն միջոցը կլինի դիվանագիտությունը:
Բայդենը խոսել է փախստականների խնդրի մասին՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը երկար տարիներ ապաստան է առաջարկել նրանց, ովքեր փախել են բռնությունից կամ հետապնդումներից: Սրանից զատ՝ նա անդրադարձել է գլոբալ մարտահրավերներին՝ համաճարակից ու կլիմայական ճգնաժամից մինչև միջուկային զենքի տարածմանը` շեշտելով, որ սրանց դեմ ԱՄՆ-ն չի կարող միայնակ պայքարել և անհրաժեշտ է համատեղ լուծել այս խնդիրները: Նա իր դաշնակիցներին համարել է ԱՄՆ-ի հարստությունը՝ նշելով, որ արդեն հասցրել է խոսել ամենամոտ ընկերների` Կանադայի, Մեքսիկայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի ղեկավարների հետ` համագործակցության ոլորտները վերնայելու համար:
Բայդենի ելույթը կառուցված էր ժողովրդավարության կարևորության առանցքի շուրջ: Նա մի քանի անգամ շեշտեց, որ դիվանագիտական հարաբերությունների հիմքում կարևոր են ժողովրդավարության արժեքները՝ «որպես Ամերիկայի ինքնության և իդեալի կարևոր կողմ, որոնք ևս Թրամփի օրոք մոռացվել էին»: Սպիտակ տան ղեկավարը խոսել է նաև ԱՄՆ-ի մրցակից երկրներ հետ հարաբերությունների մասին՝ կարևորելով «հակառակորդների և մրցակիցների հետ դիվանագիտական փոխհարաբերությունների մեջ մտնելը»:
Ռուսաստան. «Ես նախկինը չեմ»
Խ ոսելով արտաքին քաղաքականությունից՝ Բայդենը չէր կարող չանդրադառնալ ԱՄՆ-ի հիմնական հակառակորդ Ռուսաստանին, որի հետ հարաբերությունները վերջին 6 տարում կարելի է բնութագրել որպես «պատժամիջոցային»:
Բայդենը հայտարարել է, որ ներգրավելու է ԱՄՆ-ի հակառակորդներին և մրցակիցների այնտեղ, որտեղ ԱՄՆ-ին ձեռնտու է՝ որպես ապացույց բերելով միջուկային զենքի կրճատման վերաբերյալ START-3 պայմանագրի 5 տարով երկարաձգումը, որը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային կայունությունը պահպանող միակ պայմանագիրն է:
Ըստ 2010թ. կնքված այս համաձայնագրի՝ Վաշինգտոնը և Մոսկվան մինչև 2018թ.ը պայմանավորվել են կողմերից յուրաքանչյուրը ռազմավարական տանող հրթիռների թիվը հասցնել 700-ի, իսկ դրանց վրա տեղակայված մարտագլխիկները՝ 1550-ի: Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2021թ.-ը` հետագա 5 տարով երկարացման հնարավորությամբ: Սակայն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համաշխարհային դիվանագիտության մեջ «ռազմավարական կայունության հիմնաքար» այս փաստաթուղթը համարում էր ձեռնտու միայն ռուսական կողմին և խոսում էր այն դադարեցնելու մասին:
Չնայած այս ամենին՝ Բայդենը սպառնացել է Ռուսաստանին: «Ես հստակ հասկացրել եմ Պուտինին, որ տարբերվում եմ իմ նախկինից, որ անցել են այն օրերը, երբ Միացյալ Նահանգները ճկվում էր Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների առջև՝ միջամտությունը մեր ընտրություններին, կիբեռհարձակումները, սեփական քաղաքացիների թունավորումը անցյալում են: Մենք առանց հապաղելու կստիպենք Ռուսաստանին պատասխան տալ և կպաշտպանենք մեր ժողովրդի շահերը»:
Բայդենը չի շրջանցել նաև Նավալնու թեման՝ շեշտելով, որ Ալեքսեյ Նավալնու քաղաքական դրդապատճառներով բանտարկությունը և խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքները ճնշելու Ռուսաստանի ջանքերը խորապես մտահոգիչ են ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից:
Չինաստան՝ մրցակիցներ և ոչ թե հակամարտող կողմեր
Կ ա կարծիք, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Չինաստանի հետ հարաբերություններում նույնն է թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների համար, սակայն Բայդենի շեշտադրումներն ավելի մեղմ են: Նա իր ելույթում շեշտեց, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը մրցակիցներ են և ոչ թե հակամարտող կողմեր: Նա այս թեզն առաջ է քաշում նաև իր հարցազրույցներում: «Չնայած երկու երկրների միջև ուժեղ մրցակցության՝ Չինաստանը և ԱՄՆ-ն չպետք է կոնֆլիկտային հարաբերություններ ստեղծեն»,- նշել է Բայդենը՝ հավելելով, որ փոխնախագահ լինելու տարիներին բազմիցս Սի Ցզինպինին ասել է, որ իրենց մեջ չպետք է լինեն կոնֆլիկտներ: Նա նաև պատմել է, որ Սի Ցզինպինի հետ ավելի շատ ժամանակ է անցկացրել, քան աշխարհի որևէ առաջնորդի հետ: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը չի ցանկանում սրել հարաբերությունները Չինաստանի հետ՝ հատկապես, երբ նման ցանկություն ունի նաև Չինաստանը: Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վանգ Վենբինը ուրբաթ օրը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները կխուսափեն ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմի հետ առճակատումից, նրանք ծրագրում են զարգացնել երկկողմ հարաբերություններ Վաշինգտոնի հետ՝ վերացնելով առկա տարաձայնությունները:
Այս ամենով հանդերձ, Բայդենը խոսք է տվել ուղղակիորեն վերացնել այն մարտահրավերները, որոնք առաջ է բերել «ԱՄՆ-ի ամենամեծ մրցակիցը ՝ Չինաստանը»: Նա շեշտել է, որ պայքարելու են Չինաստանի տնտեսական չարաշահումների դեմ, ինչպես նաև հակազդելու Չինաստանի հարձակմանը մարդու իրավունքների, մտավոր սեփականության և գլոբալ կառավարման դեմ: Իր հերթին պետքարտուղար Էնթոնի Բլինկեն Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատասխանատվության է ենթարկելու Չինաստանին Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այդ թվում ՝ Թայվանի նեղուցում կայունությունը ապահովելու իր ջանքերը խաթարելու համար:
Եմեն. այս պատերազմը պետք է վերջանա
Մ երձավոր Արևելքի համար ԱՄՆ-ում անցկացված ընտրություններն առանձնահատուկ կարևորություն ունեին: Մրցակցող վարչակազմերն առաջ էին քաշել հակառակ ռազմավարություններ Իրանի, Սիրիայի և Լիբիայի վերաբերյալ, ինչպես նաև տարբեր գնահատականներ են տալիս Եմենում տիրող իրավիճակին:
Վերջինիս մասին խոսեց Բայդենը, իր ելույթում խոստանալով ԱՄՆ-ի ակտիվ դիվանագիտության արդյունքում վերջ տալ Եմենի պատերազմին: «Պատերազմ, որը ստեղծել է մարդասիրական և ռազմավարական աղետ: Ես խնդրել եմ Միջին Արևելքի իմ թիմին վերականգնել երկար ժամանակ քնած խաղաղությունը»,- նշել է Բայդենը:
Եմենում հակամարտությունը սկսվել է 2014թ.-ի օգոստոսից: Ռազմական դիմակայությունն ակտիվացել է 2015թ.-ի մարտին՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից երկիր ներխուժելուց հետո: Շարունակվող պատերազմը ստեղծել է աշխարհում ամենամեծ հումանիտար ճգնաժամը: Ըստ ՄԱԿ-ի՝ ավելի քան 24 միլիոն եմենցի՝ երկրի բնակչության մոտ 80%-ը, մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 3 միլիոնը:
Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին Եմենում ավելացել է ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների թիվը: 2017թ.-ի հունվարին Միացյալ Նահանգների հատուկ գործողությունների ուժերը մի շարք գործողություն իրականացրին երկրի տարածքում «Արաբական թերակղզու Ալ-Քաիդայի» ուժերի դեմ, իսկ 2018թ.-ին ամերիկյան ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Սաադայի նահանգում զինյալների թիրախներին: Դրանից հետո նմանատիպ հստակ հարվածներ հասցվել են 2020թ. փետրվարին: Թրամփի վարչակազմի կողմից սահմանված սահմանափակումների մի մասը անդրադարձել է Եմենի բնակչության վրա, օրինակ ՝ այս երկրի քաղաքացիներին արգելվել է մուտք գործել ԱՄՆ ՝ համաձայն հատուկ նախագահի հրամանագիրը, որը ստորագրվել է 2017 թ.-ի հունվարին:
Չնայած ԱՄՆ Կոնգրեսի արգելքին Թրամփի վարչակազմը մատակարարում էր արաբական կոալիցիային զինամթերք: Հանրապետականները իրենց գործողությունները բացատրում էին իրանական պրոքսի-ուժերին «զսպելու» անհրաժեշտությամբ:
Ջո Բայդենի դիրքորոշումը Եմենի հարցում ճիշտ հակառակն է: Ի տարբերություն Թրամփի, Բայդենը հայտարարել է, որ դադարեցնելու է Սաուդյան Արաբիային զենք մատակարարել: Նա խոսք է տվել ուժեղացնել դիվանագիտական մասնակցությունը հակամարտության լուծմանը` Եմենի պատերազմը դադարեցնելու համար:
Միևնույն ժամանակ Բայդենը շեշտել է, որ Սաուդյան Արաբիան բախվում է հրթիռային հարձակումների, անօդաչու սարքերի հարվածների և իրանական ուժերի կողմից այլ սպառնալիքների, ուստի նրանք կշարունակեն աջակցել և օգնել Սաուդյան Արաբիային՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իր ժողովրդին: