Ուկրաինայի սպասելիքները Բայդենից
4 ր. | 2021-02-08Ու կրաինան մեծ հույսեր է կապում ԱՄՆ-ը նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ՝ կապված Դոնբասի և Ղրիմի հարցերի լուծման հետ: Իր հարցազրույցներից մեկում Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին նշել է, որ Բայդենը ավելի լավ գիտի Ուկրաինան, քան նախկին նախագահը: «Նախքան նախագահ դառնալը Բայդենը սերտ կապեր է ունեցել Ուկրաինայի հետ և հասկանում է Ռուսաստանի և Ուկրաինայի տարբերությունը: Նա ավելի լավ է հասկանում «ուկրաինական մտածելակերպը»,- նշել է Զելենսկին՝ հույս հայտնելով, որ նոր իրավիճակը կօգնի Ուկրաինային «վճռել Դոնբասի հարցը և վերջ տալ տարածքի օկուպացմանը»:
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբանն էլ իր հերթին Բայդենի հաղթանակի առթիվ հայտարարել է, որ այժմ «Կիևը ավելի քիչ կլսի Ռուսաստանի հետ կամուրջ կառուցելու» անիրատեսական գաղափարի մասին:
Դեմոկրատ նախագահի հաղթանակին է անդրադարձել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ իր թվիթերյան էջում Բայդենի հաղթանակը համարելով օրհնություն Ուկրաինայի համար: Երկու գործիչները սերտ հարաբերությունների մեջ են եղել Պորոշենկոյի կառավարման տարիներին: Բայդենն անգամ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ այդ տարիներին ավելի շատ հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի հետ, քան իր կնոջ:
Ամերիկայի ներկայիս նախագահն Ուկրաինա է այցելել 6 անգամ. վերջինը եղել է 2017թ.-ի հունվարին՝ Թրամփի պաշտոնը ստանձնելուց մի քանի օր առաջ: Այս հանգամանքը պայմանավորված է եղել նրանով, որ Բայդենը Բ. Օբամայի վարչակազմում եղել է Ուկրաինայի հետ հարաբերությունների պատասխանատուն: Սկզբնական շրջանում նա զբաղվել է կոռուպցիայի դեմ պայքարով, իսկ 2014թ.-ից հետո ռուս-ուկրաինական պատերազմի հարցերով, ինչպես նաև վերահսկել է Վաշինգտոնից Կիև հասնող ռազմական օգնությունը:
Սա է պատճառը, որ Բայդենի անունը բազմիցս հայտնվել է ռուսական մամուլի էջերում, որտեղ 2014թ.-ին Ուկրաինայի իրադարձությունները համարում են նրա վարած քաղաքականության արդյունք: Նա 2014թ.-ի ապրիլին վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համատեղ ելույթում Մոսկվայից պահանջել է համոզել Դոնբասում գտնվող «ռուսամետ անջատողականներին» հանձնվել: Նրա անվան հետ է կապում նաև Ռուսաստանից Ուկրաինա գազի ուղղակի մատակարարման նվազեցումը, ինչպես նաև Ուկրաինայի՝ ԱՄՀ-ի պայմանների ընդունումը: 2015թ.-ին նա կոչով հանդես եկավ Ռադայում՝ շեշտելով, որ չնայած ԱՄՀ առաջարկությունները ընդունելը բարդ որոշում է, բայց դա անհրաժեշտ է Ուկրաինայի տնտեսական զարգացման համար: Արդեն այսօր տնտեսագետները կանխատեսում են, որ Բայդենի տնտեսական ծրագրերը «կարող են հանգեցնել զարգացող երկրներում արժույթների թուլացմանը, ինչպես նաև համաշխարհային շուկաներ մուտք գործելու համար Ուկրաինայի և ուկրաինական ընկերությունների նոր վարկերի հնարավորությունների կրճատմանը»:
Ուկրաինային և Բայդենին կապում է նաև նրա որդի Հանթերը, որը կապ ունի ուկրաինական «Burisma Holdings» գազ արտահանող ընկերության հետ: Ընկերությունը պատկանում էր Ուկրաինայի էկոլոգիայի նախկին նախարարին, ում մեղադրում էին փողերի լվացման և հարկերից խուսափելու համար: Հայտնի է, որ 2016թ.-ին Բայդենի ճնշմամբ աշխատանքից հեռացվել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին, որը հետաքննում էր «Burisma»-ն:
Բայդենն իր նախընտրական քարոզարշավում անդրադարձել է Ուկրաինայի խնդրին՝ խոստանալով, որ ընտրվելու դեպքում «Կրեմլին կհասկացնի, որ պետք է դադարեցնի իր ագրեսիան և Ուկրաինայի օկուպացիան», իսկ Ուկրաինայի անկախության օրը Բայդենը իր նախընտրական քարոզարշավի կայքում շեշտել է, որ օգնել է Ուկրաինային ստանալ անհրաժեշտ տնտեսական և ռազմական աջակցությունը: Միաժամանակ, նա կոչ է արել Ուկրաինային կատարել անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կարևոր են նրա հաջողության համար:
Բայդենն ուկրաինական գիծը շարունակում է նաև նախագահ ընտրվելուց հետո: Հունվարի 20-ին՝ երդման արարողությունից հետո, ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Պուտին-Բայդեն առաջին հեռախոսազրույցը: Այստեղ առավել հետաքրքական է, որ պաշտոնական Մոսկվան հայտարարության մեջ նշել էր, որ կողմերը խոսել են Ուկրաինայի ներքին կարգավորումների մասին, իսկ ԱՄՆ-ն հաղորդել էր, որ Պուտինն ու Բայդենը խոսել են Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայից»: Տարբերություններին անդրադառնալով՝ Պեսկովը շեշտել է, որ օգտագործված արտահայտությունները ճշգրտորեն արտացոլում են կողմերի դիրքորոշումը, և, իհարկե, ներկայացման տարբերությունը խոսում է այս հարցում լուրջ տարաձայնությունների մասին:
Նոր նախագահի կառավարման առաջին օրերին տեղի է ունեցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դ. Կուլեբայի հեռախոսազրույցը, որի ժամանակ Բլինկենը հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային տրամադրել տնտեսական և ռազմական ակտիվ օգնություն և հայտնել է այն առաջնահերթության մասին, որը Միացյալ Նահանգները տալիս է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտմանը: Այս հեռախոսազրույցը Կուլեբան համարել է, որ նոր օրվա սկիզբ Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերություններում:
Այս համատեքստում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին բարձրացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Նա դիմել է Բայդենին, թե ինչո՞ւ Ուկրաինան դեռ ՆԱՏՕ-ի անդամ չէ և շեշտել, որ եթե Կիևը անդամակցեր Հյուսիսատլանտյան դաշինքին, տարածքի կորուստ չէր ունենա: