Ռուսական շեշտադրումները Դավոսյան համաժողովում

5 ր.   |  2021-01-31

Հ ունվարի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց մասնակցել է ամենամյա դավոսյան տնտեսական համաժողովին։ 11-ամյա ընդմիջումից հետո սա առաջին դեպք է, որ Ռուսաստանը նախագահի մակարդակով է մասնակցում համաժողովին։ Իր ելույթում Պուտինը խոսել է համաշխարհային մակարդակով տեղի ունեցող փոփոխությունների, մարդկության առջև կանգնած սպառնալիքների, դրանց հաղթահարման ուղիների մասին։

Ըստ ՌԴ նախագահի՝ դժվար է չնկատել այն արմատական փոխակերպումները, որոնք տեղի են ունենում համաշխարհային տնտեսության, քաղաքականության մեջ, սոցիալական կյանքում, տեխնոլոգիաների ոլորտում։ Կորոնավիրուսի համավարակը միայն խթանեց, արագացրեց այն կառուցվածքային փոփոխությունները, որոնց նախադրյալները վաղուց արդեն ձևավորվել էին և սրեց կուտակված խնդիրները։

Պուտինի խոսքերով՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ գործնականում բոլոր ոլորտներում առկա է հակասությունների հետագա աճի վտանգ։ ՌԴ նախագահը վկայակոչում է այն փորձագետներին, որոնք ներկա դրությունը համեմատում են երկրորդ աշխարհամարտի նախօրեի՝ 20-րդ դարի 30-ական թթ. հետ։

Պուտինը կարծում է, որ ներկայումս առկա է տնտեսական զարգացման նախկին ձևերի և գործիքների ճգնաժամ, սոցիալական շերտավորման մեծացում ինչպես համաշխարհային մակարդակով, այնպես էլ առանձին երկրներում։ Դա իր հերթին առաջացնում է հասարակական կարծիքի կտրուկ բևեռացում, նպաստում պոպուլիզմի, աջ և ձախ արմատականության, այլ ծայրահեղությունների աճին, ներքաղաքական գործընթացների սրմանը, այդ թվում՝ առաջատար երկրներում։

Այդ ամենն անխուսափելիորեն անդրադառնում է նաև միջազգային հարաբերություններ բնույթի վրա, չի նպաստում դրանց կայունությանն ու կանխատեսելիությանը։ Տեղի է ունենում միջազգային հաստատությունների թուլացում, շատանում են տարածաշրջանային հակամարտությունները, քայքայվում է նաև համաշխարհային անվտանգության համակարգը։

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցը և ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի երկարացումը, ՌԴ նախագահը համարում է ճիշտ քայլ։ Այնուամենայնիվ, հակասությունները զարգանում են պարուրաձև, իսկ 20-րդ դարում նման խնդիրները լուծելու անկարողությունը հանգեցրեց Երկրորդ աշխարհամարտի աղետին։

Պուտինը, թեև հույս է հայտնում, որ այժմ նման համաշխարհային «տաք» հակամարտություն սկզբունքորեն հնարավոր չէ, քանի որ դա կնշանակի քաղաքակրթության վախճան, սակայն միաժամանակ մտահոգություն է հայտնում, որ իրավիճակը կարող է զարգանալ անկանխատեսելի և լինել անկառավարելի։ Միջազգային հարաբերությունները կարող են վերածվել «բոլորի պայքարի բոլորի դեմ»։ Այդ պայմաններում փորձեր կլինեն լուծելու հասունացած հակասությունները «ներքին» և «արտաքին» թշնամիներ փնտրելով, կոչնչանան ոչ միայն այնպիսի ավանդական արժեքներ, ինչպիսին է, օրինակ, ընտանիքը, այլև հիմնարար ազատությունները՝ ներառյալ ընտրության իրավունքը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը։ Արդեն երևում են հասարակական և արժեքային ճգնաժամի բացասական ժողովրդագրական հետևանքները։ Արդյունքում կարող են վերանալ ամբողջ քաղաքակրթություններ և մշակույթներ։

Մարդկության ընդհանուր խնդիրն այսօր «մռայլ հակաուտոպիա» հիշեցնող այդ հեռանկարից խուսափելն է, դրական, ներդաշնակ և ստեղծարար ուղով զարգանալը։ Այդ նպատակով՝ անհրաժեշտ է վեր հանել մարդկության առջև ծառացած մարտահրավերները և ուղիներ որոնել դրանց հաղթահարման համար։

Նախագահը Պուտինը մատնանշում է երեք այդպիսի փոխկապակցված մարտահրավեր՝ սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և միջազգային։ Չնայած վերջին տասնամյակներին համաշխարհային տնտեսության տպավորիչ աճին, շատ երկրներում աղքատության հաղթահարման ուղղությամբ նկատելի ձեռքբերումներին, այնուամենայնիվ, չի հաջողվել լուծել եկամուտների արդարացի բաշխման խնդիրը։ Տնտեսական աճից ստացված բարիքները կենտրոնանում են մարդկանց փոքր խմբին ձեռքին։ Արդյունքում՝ խորանում է սոցիալական բևեռացումը, սրվում են հակասությունները հասարակական տարբեր խավերի ու շերտերի միջև։

Սոցիալ-տնտեսական խնդիրների խորացումը հանգեցնում է տարբեր երկրներում հասարակական-քաղաքական ճգնաժամի։ Սրվում են էթնիկ, կրոնական և այլ հակասությունները, ինչն էլ, իր հերթին, միջազգային հարաբերություններում հանգեցնում է ճգնաժամի, որտեղ մեծանում է պատերազմների, ուժի կիրառման հավանականությունը։

Հիշյալ մարտահրավերների հաղթահարումը պահանջում է բոլորի ջանքերը՝ հանուն ողջ մարդկության բարեկեցության։ «Ոսկե միլիարդի» տեսության, միաբևեռ աշխարհակարգի ժամանակներն անցել են։ Առողջ մրցակցության պահպանմամբ հանդերձ անհրաժեշտ է բոլոր պետությունների համագործակցությունը՝ առաջնահերթություն ունենալով յուրաքանչյուր երկրում հետևյալ խնդիրների լուծումը. ա) հարմարավետ կենսապայմաններ մարդկանց ապրելու համար, բ) արժանապատիվ աշխատանքի և առաջխաղացման հնարավորություն, գ) մատչելի կրթություն և առողջապահություն։

Մարդկության բարօրությունը կերտելու տեսակետից Պուտինը առաջնային է համարում նաև հակամարտությունների հաղթահարումը, բնապահպանական խնդիրների լուծումը, վարակիչ հիվանդությունների (օրինակ՝ կորոնավիրուսի համավարակի) դեմ արդյունավետ պայքարը, թվային տարածության, մասնավորապես, քաղաքականության վրա էական ազդեցություն ունեցող համացանցային խոշոր ընկերությունների գործունեության միջազգային իրավական կարգավորումը։

Ն ախագահ Պուտինի ելույթին արձագանքեցին ռուսական փորձագիտական շրջանակները։ Այն ընդհանուր առմամբ դիտվում է որպես կոչ միջազգային հանրությանը, մասնավորապես, արևմտյան երկրներին՝ գործող համակարգի փլուզումը կանխելու նպատակով նորովի սկսել տնտեսական և քաղաքական հարաբերությունները, ինչպես նաև համատեղ կարգավորել համաշխարհային իրադարձությունների վրա ազդել փորձող «թվային հսկաների» գործունեությունը։

Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինի կարծիքով՝ նախագահի ելույթը կարելի է համարել ուղերձ արևմտյան երկրներին, որոնք իրենց «ագրեսիվ և անկանխատեսելի» են պահում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով։

«Վլադիմիր Պուտինը դիմել է ամենատարբեր երկրներում պատասխանատու որոշումներ կայացնող մարդկանց՝ կոչ անելով հոգ տանել նոր համակարգի ստեղծման մասին, որը նորովի կգործարկի տնտեսական և քաղաքական հարաբերությունների համաշխարհային համակարգը... Նրան պետք է լսել, այլապես անկման գործընթացը կշարունակվի, և լիովին հավանական է, որ համաշխարհային հին տնտեսական համակարգի փլատակների տակ կթաղվեն հենց նրանք, ովքեր այժմ պատասխանատու են տեղի ունեցողի համար»,- նշում է Մուխինը։ Նրա կարծիքով՝ Պուտինը IT խոշոր ընկերություններից զգուշանալու կոչ է արել միջազգային հանրությանը։ Վերազգային թվային հսկաները, մանիպուլացնելով հասարակական կարծիքը, կարող են էապես խեղաթյուրել ազգային պետության մոդելը։

Քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ավագ դասախոս Ալեքսեյ Զուդինը նույնպես նշել է, որ դավոսյան համաժողովի հարթակն ունի բազմազան լսարան՝ ներառյալ քաղաքական գործիչները և գործարարները։ Հետևաբար, Պուտինի ելույթը հասու կդառնա միջազգային հանրությանը։ Քաղաքագետը նախագահի ելույթը մեկնաբանում է պատժամիջոցների տեսանկյունից։ Ըստ նրա՝ Պուտինն ակնարկել է Մոսկվայի պատասխան քայլերի մասին։ Ռուսաստանն այլ պետությունների ագրեսիվ պատժամիջոցների նախաձեռնողը չէ, բայց դրանք անպատասխան չի թողնի։ Հետևաբար, եթե պատժամիջոցները սաստկանան, դրան կհետևի ՌԴ պատասխանը։

Զուդինի կարծիքով՝ նախագահը շեշտել է IT ընկերությունների հսկայական քաղաքական ազդեցությունը և դրանց գործունեության միջազգային կարգավորման անհրաժեշտությունը։ Այդպիսի ընկերությունների գործունեությունը կարիք ունի կարգավորման։ Իսկ քանի որ դրանք հսկա ընկերություններ են, ապա այդպիսի կարգավորումը արդյունավետ լինելու համար պետք է լինի միջազգային։ Ռուսաստանում էլ խոշոր ընկերությունները փորձում են շրջանցել օրենսդրությունը, խախտում են քաղաքացիների իրավունքները, ձգտում հավասարվել պետությանը։ Պետությունն էլ հակազդում է։ Այնպես որ, դա շատ այժմեական հարց է բոլոր պետությունների համար։ Անգամ նոր եզրույթ է ի հայտ եկել՝ թվային ինքնիշխանություն։