Ներքաղաքական զարգացումները Ռուսաստանում
4 ր. | 2021-01-262 021թ. հունվարի 23-ին Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի չարտոնված գործողություններ՝ ի պաշտպանության Ալեքսեյ Նավալնու։ Վերջինս, Գերմանիայից վերադառնալով Ռուսաստան, ձերբակալվել էր հունվարի 18-ին ԻՎ Ռոշեի գործով։
Բողոքի գործողություններն ուղեկցվել են ոստիկանության և ցուցարարների բախումներով։ Առհասարակ նման միջոցառումների ժամանակ հուզականության մակարդակը բավական բարձր է լինում, և ցանկացած սադրանք կամ թյուրըմբռնում կարող է անկարգությունների պատճառ դառնալ։
Խնդիրն ունի նախապատմություն. 2020թ. ընդդիմադիր գործիչ Ալ. Նավալնու առողջական վիճակի անսպասելի վատանում է և նա բուժման նպատակով տեղափոխվում է Գերմանիա։ Արևմուտքում Նավալնու առողջական վիճակի կտրուկ վատթարացումը կապում են «Նովիչոկ» մարտական գազով թունավորման հետ և մեղադրում ռուսական իշխանություններին։
Դժվար է մասնագիտական գնահատականներ տալ ռուս ընդդիմադիր գործչի առողջական վիճակի վատթարացման պատճառների վերաբերյալ։ Քաղաքական առումով, այնուամենայնիվ, կարելի է անել հետևյալ դատողությունները. նախ՝ Ռուսաստանի իշխանություններին ձեռնտու չէր Նավալնու մահը, ինչն ավելի մեծ վնաս կհասցներ Ռուսաստանին, քան նրա գործունեությունը, քանի որ մի կողմից՝ կտրուկ կսրեր Արևմուտք-Ռուսաստան առանց այդ էլ բարդ հարաբերությունները, իսկ մյուս կողմից՝ առիթ կդառնար բողոքի լայնամասշտաբ գործողությունների երկրի ներսում։
Երկրորդ՝ եթե իսկապես ռուսական իշխանությունները թունավորած լինեին Նավալնուն, ապա որքանո՞վ է տրամաբանական նրա հանձնումը արևմտյան երկրներին, այդ թվում՝ բուժման նպատակով։ Չէ՞ որ այդ դեպքում անկասկած կբացահայտվեր թունավորումը։
Ինչևէ, բողոքի գործողություններին որոշակի լիցք է հաղորդում նաև Նավալնու ֆիլմը, որտեղ հետաքննություն է անցկացվում Գելենջիկի պալատի մասին, որի սեփականությունը վերագրվում է նախագահ Պուտինին։
Բողոքի գործողություններին մասնակցում են ամենատարբեր տարիքային և սոցիալական խմբերի քաղաքացիներ։ Այստեղ դժվար է հստակ դասակարգում անել՝ առանձնացնելու համար այն հիմնական խմբերին, որոնք բողոքի ալիքի հիմնական շարժիչ ուժն են։ Այնուամենայնիվ, համաձայն ռուսական պետական լրատվամիջոցների՝ բողոքի գործողությունների մասնակիցների շրջանում մեծ է եղել անչափահասների թիվը, ինչը մեկնաբանվում է որպես դիտավորություն՝ կանխելու կամ կաշկանդելու իրավապահ մարմինների գործողությունները։
Բողոքավոր զանգվածի մասին կարելի է, այնուամենայնիվ, անել հետևյալ դիտարկումները։ Նրանց մի մասն իր սոցիալ-տնտեսական պայմաններից, կոռուպցիայից, միջին և ցածր պաշտոնեական օղակների անարդարություններից դժգոհ զանգվածն է։ Սակայն, կարծում ենք, մեծ է նաև այն հատվածի տեսակարար կշիռը, որոնց մասնակցությունը բողոքի գործողություններին պայմանավորված է սոցցանցային հարթակներում իրականացվող քարոզչությամբ։
Բողոքի մասնակիցների թվաքանակի մասին տվյալները նույնպես հակասական են։ Օրինակ՝ Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինի հրապարակում, տեղի ունեցած ցույցի մասնակիցների վերաբերյալ ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է 4 հազ. տվյալը, մինչդեռ Ռոյթերզ գործակալությունը, հղում անելով ականատեսներին, հաղորդում է 10 հազ.։ Հարկ է հաշվի առնել, որ երկու դեպքում էլ տվյալները որոշակիորեն սուբյեկտիվ են՝ պայմանավորված քարոզչական նկատառումներով։ Այնուամենայնիվ, եթե անգամ հիմք ընդունենք Ռոյթերզ գործակալության տվյալը, ավելի քան 12.6 մլն. բնակչություն ունեցող Մոսկվայի համար 10 հազարը այնքան էլ մեծ թիվ չէ։
Արևմուտքի արձագանը տեղի ունեցածին քննադատական էր ՌԴ իշխանությունների հասցեին, և հիմնական մեղադրանքը անհամաչափ ուժի կիրառումն է։
Ուշագրավ է նաև, որ Նավալնու անվան հետ կապված բողոքի գործողություններն ուղեկցվում են Դոնբասում իրավիճակի սրմամբ։ Թե որքանով են այս իրադարձությունները փոխկապակցված, ցույց կտա ժամանակը։ Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ դրանք Ռուսաստանի դեմ իրականացվող ներքին և արտաքին ճնշումների համատեքստում են և որոշակի ընդհանրություն ունեն։
Ռ ուսական իշխանությունները տարբեր մակարդակներով արձագանքեցին ստեղծված իրավիճակին։ Նախագահ Պուտինի խոսքերով՝ քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտելու իրենց դիրքորոշումը, սակայն դա պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում։ «Բոլորն իրավունք ունեն տեսակետ արտահայտելու, օրենքի շրջանակներից դուրս գալը վտանգավոր է, այն հանգեցնում է ցնցումների հասարակության մեջ, որից տուժում են բոլորը»,- նշել է ՌԴ նախագահը ռուսական բուհերի ուսանողների հետ առցանց հանդիպման ընթացքում։ Նա մեկնաբանել է նաև Ալեքսեյ Նավալնու հետաքննությունը Գելենջիկի պալատի մասին։ Թեև ֆիլմը նախագահը չի դիտել ժամանակի սղության պատճառով, սակայն թերթել է օգնականների առանձնացրած հատվածները։ Վլադիմիր Պուտինը ֆիլմի բովանդակությունը համարում է ասեկոսե, որով փորձում են ՌԴ քաղաքացիների «ուղեղները լվանալ»։
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը խնդրի առնչությամբ հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ տալ Ռուսաստանի վերաբերյալ արևմտյան քաղաքական գործիչների կարծիքներին ուշադրություն դարձնելուն։ «Մեզ մոտ՝ Ռուսաստանում, չափազանց մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչ են մեր մասին գրում և խոսում Արևմուտքում։ ...Դա 1980-ականների վերջի – 1990-ականների վերապրուկ է, երբ գլխավոր նպատակը ԱՄՆ-ին և Արևմուտքին դուր գալն էր։ Բայց ժամանակն է այդ վերապրուկը թողնել անցյալում»,- նշել է նա։
Պուշկովի խոսքերով՝ արևմտյան երկրները նման են դատավորների, որոնք գնահատականներ են տալիս, իսկ ռուսական կողմը՝ մեղադրյալի, որը փորձում է արդարանալ։ Ռուսաստանն իրավունք ունի ունենալու սեփական չափանիշները և գնահատականները իր գործողություններին։
Ավելի վաղ խորհրդարանականը հայտարարել էր, որ 2021թ., համավարակի հաղթահարումից զատ, Ռուսաստանի գլխավոր խնդիրներն են լինելու համացանցային հսկաների (Google, Youtube, Facebook և այլն) թելադրանքը և ԱՄՆ-ում տեղի ունեցող փոփոխությունները։ Ցանցային հսկաները, որոնք չեն հետևի Ռուսաստանի օրենսդրական պահանջներին, ըստ Պուշկովի, կփոխարինվեն սեփական հարթակներով։ Իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը կախված է գնալով մեծացող ճնշմանը դիմակայելու Մոսկվայի կարողությունից։
Ընդհանուր առմամբ ՌԴ իշխանությունները տիրապետում են իրավիճակին և կշարունակեն այն պահել վերահսկողության ներքո։ Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի շարժումները հաջողության են հասնում այն դեպքում, երբ անսպասելի են։ Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունների համար դեպքերի նման զարգացումը կանխատեսելի էր, և նրանք հավուր պատշաճի պատրաստ էին դրան։