Հետպատերազմական խնդիրները ՌԴ օրակարգում

3 ր.   |  2021-01-21

2 021թ. հունվարի 11-ին Կրեմլում պաշտոնական Մոսկվայի նախաձեռնությամբ տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլ. Պուտինի, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի եռակողմ բանկացությունները, որոնց ընթացքում քննարկվել են.

  • Արցախի մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը
  • Տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը
  • Ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակչությանը օգնություն ցուցաբերելու հարցերը
  • Առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն ու զարգացումը

Ռուսական կողմի համար հետպատերազմյան շրջանում առաջնահերթություն է տարածաշրջանային երկրների հարաբերությունների կարգավորումը, այդ համատեքստում՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, ինչը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով։ Հենց դրա վրա էլ կատարվել է հիմնական շեշտադրումը մոսկովյան եռակողմ բանակցությունների ժամանակ։

Անդրկովկասյան հանրապետությունների հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի համար կարևոր է երկու նկատառումով։ Առաջինն անվտանգային է։ Ինչպես նշել է նախագահ Պուտինը եռակողմ բանակցությունների սկզբում, լայնածավալ ռազմական գործողությունները հանգեցրին նշանակալի մարդկային զոհերի, սրեցին առանց այդ էլ բարդ իրավիճակը Անդրկովկասում, մեծացրին ահաբեկչության տարածման վտանգը։

Թերևս ահաբեկչության վտանգի չեզոքացման նկատառումներով է պայմանավորված Ռուսաստանի ձգտումը հասնել ոչ միայն հրադադարի, այլև հակամարտության տևական կարգավորմանը և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների բնականոնացմանը։ Հայտնի է, որ Արցախյան պատերազմի նախօրեին և դրա ընթացքում Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվել Ադրբեջան և օգտագործվել ռազմական գործողություններում։ Պատերազմից հետո Ադրբեջանից նրանց հեռացման հարցը եղել է ՌԴ արտաքին քաղաքականության օրակարգում։ Այլապես, ահաբեկչական օջախի ստեղծումը Անդրկովկասում վտանգում է ոչ միայն այդ տարածաշրջանի, այլև դրա հարևան երկրների, մասնավորապես, Ռուսաստանի և Իրանի անվտանգությունը։

Երկրորդ նկատառումը տնտեսական է։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ Ռուսաստանը ցամաքային, մասնավորապես, երկաթուղային կապի հնարավորություն է ստանում Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքի հետ սուր քաղաքական առճակատման և տնտեսական պատժամիջոցների պայմաններում դա կարևոր է Մոսկվայի համար՝ արտաքին առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից։

Մոսկովյան բնակացությունների հիմնական արդյունքը չորս կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրումն էր՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։ Այն նախատեսում է եռակողմ աշխատանքային խմբի ստեղծում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Վերջինս առաջին նիստը պետք է անցկացնի մինչև 2021թ. հունվարի 30-ը։ Դրա արդյունքներով պետք է ձևավորվի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից բխող գործունեության հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես առաջնահերթություն ունենալով երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը։ Կողմերի համաձայնությամբ կորոշվեն նաև այլ ուղղություններ։

Աշխատանքային խումբը մինչև 2021թ. մարտի 1-ը պետք է երեք երկրների պաշտոնական հաստատմանը ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով անվտանգ միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը և ժամանակացույցը, որոնք ենթադրում են տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնում և նորերի կառուցում։

Այդ նպատակով երեք երկրների պետական իրավասու մարմինների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից պետք է ձևավորվեն փորձագիտական ենթախմբեր, որոնց կազմերը պետք է հաստատեն աշխատանքային խմբի համանախագահները։ Փորձագիտական ենթախմբերը աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնեն նախագծերի ցանկ՝ դրանց իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների և միջոցառումների մատնանշմամբ։

Հայկական կողմը, կարևորելով հանդերձ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, առաջնահերթություն է համարում նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրականացումը։ Այդ կետը վերաբերում է գերիների և զոհվածների աճյունների փոխանակմանը, անհետ կորածների հայտնաբերմանը։ «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց և զոհվածների մարմինների փոխանակում»,- նշված է հայտարարության 8-րդ կետում։

Գերիների պահով ներկայում առկա են հետևյալ խնդիրները.

  • Մինչ այժմ դեռևս իրականացված չէ բոլոր գերիների փոխանակումը
  • Գերեվարման դեպքեր տեղի են ունեցել նաև հետպատերազմական շրջանում. ավելի քան 60 հայ զինվորականներ հայտնվել են գերության մեջ
  • Ադրբեջանում պահվող հայ գերիները շարունակում են արժանանալ անմարդկային վերաբերմունքի
  • Նրանց նկատմամբ հարուցվում են քրեական գործեր՝ իբրև դիվերսանտների կամ ահաբեկիչների
  • Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների իրական թիվը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան բանակցությունների ընթացքում բարձրացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը լիարժեք կենսագործելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ զգայուն մարդասիրական խնդիրների չլուծվածության խորապատկերին դժվար է այլ խնդիրների, այդ թվում՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցի լուծումը։ Հայկական կողմի մտահոգությունը ընդունելություն է գտել պաշտոնական Մոսկվայի կողմից։