Ռուսաստանը խստացնում է որոշ օրենքներ
4 ր. | 2021-01-20Կ Տարեվերջին ՌԴ նախագահ Վ. Պուտինն ընդունեց նոր օրենքների լայն փաթեթ, որը ներառում էր տարբեր բնագավառներ՝ սոցիալական ցանցի կարգավորումների խստացումներից մինչև պաշտոնատար անձանց անանունության երաշխիքների ապահովում:
Նոր օրենքով փոփոխվում է երկրի նվազագույն աշխատավարձի հաշվարկման մեթոդը, որի արդյունքում 2021թ.-ի հունվարից այն դառնում է 12 792 ռուբլի՝ նախկին 12130 ռուբլու փոխարեն, որի արդյունքում աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերակցությունը սահմանվում է 42%: Փոփոխություններ են կատարվել «Պետական սոցիալական աջակցության մասին» և «Երեխաներ ունեցող ընտանիքներին ամսական վճարումների մասին» դաշնային օրենքներում: Սահմանվել է նաև երիտասարդ համարվող անձանց տարիքը՝ բարձրացնելով այն 35-ի:
Պուտինի դեկտեմբերի 30-ին ստորագրած փաստաթղթով արգելվում է պաշտոնատար անձանց՝ զինվորականների, ներքին գործերի նախարարության, Ռուսգվարդիայի, անվտանգության աշխատակիցների, դատավորների, ինչպես նաև Դաշնային մաքսային ծառայության անդամների մասնավոր կյանքի և ունեցվածքի մասին տեղեկատվության հրապարակումը: Բացի այդ, այժմ քաղաքացիներին վիրավորելու դեպքում պաշտոնյաներին մինչև 150 հազար ռուբլի տուգանք է սպառնում:
Ստորագրված փաստաթղթով արգելում է հանրահավաքներ և պիկետներ անցկացնել արտակարգ իրավիճակների ծառայությունների շենքերի մոտ և հնարավորություն է տալիս արտակարգ իրավիճակների կամ ահաբեկչության սպառնալիքի պատճառով հետաձգել հանրային շարժումները: Բացի այդ, արգելվում է հանրային միջոցառումների անցկացումը օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների, քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև օտարերկրյա գործակալների (ոչ առևտրային կազմակերպություններ), մինչև 16 տարեկան ռուսաստանցիների, անանուն դոնորների և իրավաբանական անձանց հաշվին, որոնք գրանցել են իրենց միջոցները փոխանցման օրվանից մեկ տարի առաջ: Օրենքը պարտավորեցնում է կազմակերպիչներին մինչ ցույցերի անցկացումը ներկայացնել փաստաթղթեր՝ նշելով այն հաշիվը, որին պետք է փոխանցվեն միջոցները, միաժամանակ զեկուցել հանրահավաքի հավաքված միջոցների ծախսերի մասին՝ այն դեպքում, երբ դրա մասնակիցների գնահատված թիվը գերազանցի 500 հոգին: Ինչ վերաբերվում է ԶԼՄ-ների մասնակցությանը, ապա նոր օրենքով լրագրողն իրավունք չունի անմիջական մասնակցություն ունենալ դրա վարմանը, ներառյալ մի շարք գործողությունների, որոնք կարող են կատարել հասարակական միջոցառման կազմակերպիչները և մասնակիցները:
Բացի այդ՝ անդրադարձ կա լրատվամիջոցներին և համացանցին: նոր օրենքով «Ռոսկոմնադզորը» այսուհետ իրավունք ունի արգելափակելու կամ դանդաղեցնելու օտարերկրյա ինտերնետային հարթակների մուտքը, որոնք «Ռուսաստանի Դաշնության տարածքում սահմանափակում են կարևոր տեղեկատվությունը» և «թույլ են տալիս «խտրականություն դնել ռուսական լրատվամիջոցներից նյութերի նկատմամբ». սա վերաբերում է «Facebook»-ին, «Twitter»- ին և «YouTube»-ին, որոնք արգելափակել են մի շարք պետական հրատարակությունների հաշիվներ, ինչպես նաև սահմանափակել են հանրային դեմքերի: Այս օրենքի համար նախադեպ կարելի է համարել «Соловьев LIVE»-ը, որը պարբերաբար ընդգրկվում էր «YouTube»-ի «Թրենդներ» բաժնում, հոկտեմբերի կեսերից չի ընդգրկվել: «Ռոսկոմնադզորը» պարզաբանեց, որ «YouTube»-ի վարչակազմը փորձում է սահմանափակել ռուս հեղինակների կողմից նյութերի տարածումը՝ կանխելով նրա լսարանի աճը և դիմել է «Google»-ին հանել սահմանափակումը:
Խ ստացել են նաև զրպարտության համար պատժամիջոցները. եթե նախկինում այն արտահայտվում էր տուգանքով և հարկադիր աշխատանքով, ապա այժմ բաց աղբյուրներում զրպարտության տարածման համար սահմանվում է մինչև 2 տարի բանտարկություն: Նոր կարգով՝ արգելվելու է անձնական տվյալների հասարակական օգտագործումն առանց տիրոջ համաձայնության, իսկ տարածման դեպքում քաղաքացուն իրավունք կտրվի պահանջել «օպերատորից» հեռացնել այդ տեղեկատվությունը, որը չանելու դեպքում տարածողը կտուգանվի 8 միլիոն ռուբլով:
Մեկ այլ օրենքով՝ Ռուսաստանում սոցիալական ցանցերում պիտի պահպանվի կարգուկանոն. վերահսկվելու են լայն լսարան ունեցող մոտ 500 հազար օգտատերերի հրապարկումները, արգելափակվելու է թմրանյութերի պատրաստման և օգտագործման եղանակների, ինքնասպանություն գործելու ձևերի, անկարգությունների և չհամաձայնեցված հասարակական միջոցառումների մասնակցության վերաբերյալ կոչերը: Բացի այդ, արգելվում է սոցիալական ցանցերում անպարկեշտ բառերի օգտագործումը, որը վերահսկելու են ամենօրյա լսարան ունեցող 500 հազար գովազդային կայքերի և էջերի սեփականատերերը: Պատգամավորները, սակայն, ընդունում են, որ դժվար կլինի ապահովել այս պահանջները:
Փոփոխությունների է ենթարկվել նաև «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը: Ըստ նոր որոշման՝ անհատը կարող է օտարերկրյա գործակալ համարվել, եթե «Ռուսաստանի տարածքում իրականացնում է քաղաքական գործունեություն` ի շահ օտար պետության և (կամ) հավաքագրում է տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնության ռազմական, ռազմատեխնիկական գործունեության ոլորտից, որը օտարերկրյա աղբյուրը կարող է օգտագործվել ՌԴ անվտանգության դեմ»: Նրանք պետք է դիմեն համապատասխան գրանցամատյանում ընդգրկվելու համար, որից հետո յուրաքանչյուր վեց ամիսը մեկ հաշվետվություն ներկայացնեն իրենց գործունեության և օտարերկրյա միջոցների ծախսման մասին: Օրենքն արգելում է այդպիսի մարդկանց աշխատել պետական և քաղաքային ծառայություններում կամ տիրապետել պետական գաղտնիքների:
Ընդհանուր առմամբ՝ դեկտեմբեր ամսին Վ. Պուտինը մեծ փոփոխություններ է կատարել իրավական դաշտում՝ ամեն կերպ փորձելով չեզոքացնել արտաքին միջամտությունը երկրի ներքաղաքական կյանքում:
Հաստատվել է նաև նախկին նախագահի և իր ընտանիքի անձեռնմխելիության մասին օրենքը, ըստ որի, պետության նախկին ղեկավարի անձեռնմխելիությունը զրկելու մասին որոշումը կարող է կայացնել Դաշնության խորհուրդը՝ միայն Պետդուման՝ դավաճանության կամ այլ ծանր հանցագործության մեղադրանքի դեպքում, որը հաստատվել է Գերագույն և Սահմանադրական դատարանի կողմից: Նախկինում անձեռնմխելիությունը չեղյալ հայտարարելու մասին որոշումը կարող էր ընդունվել Պետդումայի կողմից և հաստատվել Դաշնության խորհրդի կողմից երեք ամսվա ընթացքում:
Այս որոշումից հետո Պուտինը ստորագրել է նաև Դաշնության խորհրդի ձևավորման կարգի մասին դաշնային օրենք, որով երկրի ղեկավարը նախագահական լիազորությունները դադարեցնելուց հետո կարող է սենատոր դառնալ: