Ջերմացում Սաուդյան Արաբիայի և Քաթարի հարաբերություններում
5 ր. | 2021-01-18Ա րաբական աշխարհի և Քաթարի հարաբերությունները ջերմացման միտում ունեն։ ԱՄՆ և Քուվեյթի միջնորդական ջանքերի արդյունքում կողմերը կարողացան հաղթահարել նախկին քաղաքական ճգնաժամը և առկա խնդիրներին տալ դիվանագիտական լուծումներ։ Վերջերս հայտարարվեց արաբական աշխարհի առաջատար 4 երկրների և Քաթարի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու երկկողմ պատրաստակամության մասին։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Եգիպտոսի և մյուս կողմից Քաթարի միջև հարաբերությունները սրվել էին 2017-ին, երբ նշված արաբական երկրները մեղադրում էին Դոհային՝ ահաբեկչությանը սատարելու մեջ։ Արդյունքում Քաթարի նկատմամբ սահմանվեցին տնտեսական մի շարք սահմանափակումներ։ Էր Ռիադը դադարեցրեց Քաթարի հետ դիվանագիտական, առևտրատնտեսական բոլոր տեսակի հարաբերությունները․ Սաուդյան Արաբիային հետևեցին վերը հիշատակված արաբական մնացյալ 3 երկրները։
Հակաքաթարյան արաբական ճակատը առաջ քաշեց 13 կետից բաղկացած պահանջների փաթեթ, որը ներառում էր նաև Ալ-Ջազիրա լրատվական գործակալության հեռարձակման դադարեցումը, ինչպես նաև Իրանի հետ կապերի խզումը[1]։ Պահանջներից մեկն էլ առնչվում էր Քաթարի ու Թուրքիայի հարաբերություններին՝ մասնավորապես կոչ էր արվում դադարեցնել Քաթարում տեղակայված թուրքական ռազմաբազայի գործունեությունը։
Պաշտոնական Դոհան, սակայն, մերժում էր առաջ քաշված բոլոր պահանջները՝ շարունակելով դիմակայությունը՝ պնդելով, որ տնտեսական սահմափակումները նպատակ ունեն խարխլելու երկրի սուվերենությունը։ Որոշ փորձագետներ գտնում են, որ իրականում տնտեսական արգելքների սահմանումը դրդեց Քաթարին մերձենալ Իրանի ու Թուրքիայի հետ, քանի որ Դոհան հարկադրված էր դիվերսիֆիկացնել իր առևտրատնտեսական, ինչպես նաև քաղաքական ուղղությունները։
Վերջին ամիսներին հակամարտող կողմերի միջև ԱՄՆ-ի և Քուվեյթի միջնորդական առաքելությունը շոշափելի արդյունքներ էր խոստանում։ 2020-ի դեկտեմբերին Քուվեյթի ԱԳ նախարար Ալ Մոհամադ Ալ Սաբահը (Ahmed Nasser Al Mohammad Al Sabah) հրապարակայնորեն ազդարարեց այդ ուղղությամբ առաջընթացի մասին՝ հայտարարելով, որ բոլոր կողմերն իրենց պատրաստակամությունն ու ցանկությունն են հայտնել Ծոցի ու արաբական միասնությանն ու կայունությանը։
Կողմերը առարկայական փոխհամաձայնություն ձեռք բերեցին 2021-ի հունվարի սկզբին Ծոցի համագործակցության խորհրդի (Gulf Co-operation Council) հերթական գագաթնաժողովի ընթացքում։ Իսկ մինչ միջոցառման անցկացումը, Էր Ռիադը պաշտոնապես ընդունեց Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիին (Emir Sheikh Tamim bin Hamad al-Thani)։
Սաուդյան Արաբիայում կայացած Ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովին արաբական 4 երկրները և Քաթարը ստորագրեցին «տարածաշրջանային համերաշխության և կայունության» մասին համաձայնագիր, որով կողմերի միջև վերացվում է Քաթարի նկատմամբ սահմանված եռամյա տնտեսական արգելքը ու կողմերի միջև վերականգնվում են լիարժեք դիվանագիտական հարաբերություններ։ Փաստաթուղթը ստորագրեցին նաև Ծոցի համագործակցության խորհրդի մնացյալ պետությունները՝ Քուվեյթը, Օմանը։
Համաձայնագրի ստորագրման կապակցությամբ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանը (Crown Prince Mohammed bin Salman) գագաթաժողովի ընթացքում ելույթի ժամանակ հայտարարեց․ «Միացյալ Նահանգների և Քուվեյթի գործադրած այս ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց համաձայնության գալ՝ հաստատելով Ծոցի, արաբական և իսլամական համերաշխությունն ու կայունությունը»[2]։
Մինչ համաձայնագրի ստորագրումը, Դոհան հաստատակամ էր իր դիրքերում․ երկրի ԱԳ նախարար Մոհամադ բին Աբդուլրահման ալ Թանիի (Minister Sheikh Mohammed bin Abdulrahman Al Thani) խոսքով, «ոչ մի պետություն չի կարող պահանջներ ներկայացնել այլ երկրի․ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը, իսկ խնդիրները պետք է կարգավորվեն փոխադարձ հարգանքի հիման վրա»[3]։
Փորձագետները նկատում են, որ Քաթարի համար շարունակում էր անորոշ մնալ հարցը, եթե ընդառաջ գնա առաջ քաշված պահանջներին, արդյո՞ք այդ ամենի արդյունքում փոխզիջումային լուծում կարձանագվի թե ոչ։ Դա էր այն հիմնական խոչընդոտը, որ ստիպում էր Դոհային մնալ հաստատակամ իր դիրքերում։
Ն կատենք, որ կողմերի միջև հարաբերությունների վերականգնումն ունի տարածաշրջանային կարևոր նշանակություն առաջին հերթին Միացյալ Նահանգների համար։ Վերջին տարիներին Վաշինգտոնը զգալի ջանքեր էր գործադրում Էր Ռիադ-Դոհա հարաբերությունների ճգնաժամի հաղթահարման ու բարելավման գործընթացը մեկնարկելու համար՝ ճնշումներ բանեցնելով կողմերի վրա։
Սպիտակ Տունը մեծապես կարևորում էր այդ հանգամանքը՝ Թեհրանի հակազդման հնարավորությունները սահմանափակելու, Ծոցի տարածաշրջանում Իրանի շուրջ գոտին սեղմելու նպատակով։ Արաբական երկրներում, Միացյալ Նահանգներում չեն թաքցնում, որ մեծ հաշվով, այս համաձայնագիրը ուղղված է Իրանին զսպելուն։ Սա ակնհայտորեն բխում է նաև Թել Ավիվի շահերից։
Էր Ռիադի թագաժառանգն իր ելույթում մասնավորապես նշում էր․ «Այսօր անհրաժեշտություն է առաջացել միավորելու մեր ջանքերը տարածաշրջանում հակազդելու մեզ շրջապատող մարտահրավերներին, մասնավորապես այն սպառնալիքներին, որոնք գալիս են Իրանի վարչակարգի միջուկային ու բալիստիկ հրթիռային համակարգից և ծրագրերից»[4]։
Քաթարն ունի ինչպես աշխարհագրական, այնպես էլ քաղաքական ու անվտանգային կարևոր տարածաշրջանային նշանակություն․ գտնվելով Արաբական թերակղզում՝ այն սահմանակցում է Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն ունեցող Պարսից ծոցին։ Բացի այդ, Քաթարում է տեղակայվում տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան։
Սպիտակ Տան ավագ պաշտոնյաներից մեկի գնահատականով, Քաթարը կարող է նոր ձեռքբերված համաձայնագրի համատեքստում կասեցնել սկսված դատական գործընթացը՝ կապված շրջափակման ու տնտեսական արգելքների սահմանման հետ։
Հարաբերությունների բարելավման գործընթացի ապագան մեծապես պայմանավորված է ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Սպիտակ Տան նոր ղեկավարի արտաքին քաղաքականության գերակայությունից․ արդյո՞ք Բայդենը հավատարիմ կմնա Թրամփի վարչակազմի վարած քաղաքականության հիմնական սկզբունքներին ու գերակայություններին, թե ամեն դեպքում կլինեն որոշակի տեղաշարժեր։
[1] Qatar protests ′unreasonable′ ultimatum from neighbors | News | DW | 24.06.2017
[2] Gulf leaders sign agreement to end Qatar blockade | News | DW | 04.01.2021
[3] Gulf leaders sign agreement to end Qatar blockade | News | DW | 04.01.2021
[4] Gulf leaders sign agreement to end Qatar blockade | News | DW | 04.01.2021