Միջազգային զեկույցներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
3 ր. | 2021-01-15Մարդասիրական իրավունքի խախտման դեպքերը
Տ արեսկզբին համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություններ «Amnesty International»-ը և «Human Rights Watch»-ը իրենց զեկույցներում անդրադարձել են Ղարաբաղյան պատերազմում բազմաթիվ մարդասիրական իրավունքի խախտումներին:
«Human Rights Watch»-ի ամենամյա զեկույցում շեշտվում է, որ ռազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը, որի արդյունքում Հայաստանը մի քանի տարածքների վերահսկողությունը զիջել է նրան՝ առանց Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը սահմանելու: Նշվում է այն փաստը, որ երկու կողմերն էլ հակամարտության ընթացքում թույլ են տվել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ՝ ապօրինաբար վնաս հասցնելով քաղաքացիական անձանց: Անդրադառնալով հայկական ուժերի խախտումներին՝ զեկույցում նշվում է, որ օգտագործվել է բնակեցված տարածքներում արգելված կասետային զինամթերք, որի արդյունքում տասնյակ քաղաքացիական զոհեր են եղել. «...Մարտական գործողությունների ընթացքում հայկական ուժերն, օգտագործելով չկառավարվող հրետանային հրթիռներ՝ բնակչության վրա, ինչպես նաև այնտեղ, որտեղ չեն եղել ակնհայտ ռազմական թիրախներ արձակել են ծանր հրետանային արկեր և բալիստիկ հրթիռներ»:
Խոսվում է նաև պատերազմի արդյունքում Հայաստանի սրված ներքաղաքական կյանքի մասին, որի արդյունքում ընդդիմանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը և պահանջելում արտահերթ ընտրություններ:
Զեկույցի ադրբեջանական մասում նշվում է, որ երկրի ուժերը մարտական գործողությունների ժամանակ օգտագործել են խոշոր տրամաչափի զինամթերք, ճշգրիտ թիրախավորման համակարգ ունեցող հրթիռներ և կասետային զինամթերք են կիրառել բնակեցված տարածքների վրա: Հարձակումներ են եղել երկակի նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք օրինակ՝ էլեկտրակայանների՝ ավելորդ վնաս պատճառելով քաղաքացիական բնակչությանը: Ռազմական թիրախներին հարվածելուց բացի թիրախավորվել են դպրոցները, ձեռնարկությունները և հիվանդանոցները, ինչպես նաև դադարեցրել են այնպիսի ծառայությունների կանոնավոր մատակարարումը, ինչպիսիք են էլեկտրամատակարարումը, գազը և ջուրը, որի արդյունքում մեծ թվով մարդկանց տարհանել են Ղարաբաղից:
Զեկույցը չի շրջանցել նաև ռազմագերիների թեման: «Մարդասիրական իրավունքի լուրջ խախտմամբ ՝ ադրբեջանցի զինվորները հայ ռազմագերիներին ենթարկել են ֆիզիկական բռնության և նվաստացման գործողությունների, որոնք նկարահանվել և լայնորեն տարածվել են համացանցում»,- նշված է այնտեղ: Շեշտվում է նաև, որ Թուրքիան այս հակամարտությունում մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին:
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների և մարդասիրական իրավունքի խախտումների մասին զեկույց է հրապարակել նաև «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը, որի աշխատակիցները նոյեմբերի վերջին այցելել են Ադրբեջան և Հայաստան, զրուցել սպանվածների հարազատների, վիրավորված խաղաղ բնակչության, ականատեսների, ինչպես նաև տեղական քաղաքացիական և ռազմական իշխանությունների, հասարակական կազմակերպություններ ներկայացուցիչների ու լրագրողների հետ:
Ըստ զեկույցի՝ երկու կողմերն էլ անհամաչափ և անկանոն հրթիռակոծություններ են իրականացրել խաղաղ ազգաբնակչության դեմ ՝ օգտագործելով կասետային արգելված զինատեսակներ: Նրանք փաստագրել են Հայաստանի կողմից ութ հարված Ադրբեջանի քաղաքների և գյուղերի վրա, որի արդյունքում ընդհանուր առմամբ զոհվել է 72 խաղաղ բնակիչ: Ըստ ենթադրությունների՝ Բարդայում և Քարայուսուֆլիում օգտագործվել է միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, իսկ Գանջային հասցրած ամենամեծ հարվածները եղել է «Ռ -17» բալիստիկ հրթիռներով, օգտագործվել են նաև «Սմերչ» համազարկային կայանքի հրթիռներ: Ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների՝ պատերազմը խլել է 94 խաղաղ բնակչի կյանք:
Կազմակերպությունը փաստել է Ադրբեջանի կողմից ինը հարված, որն ուղղվել է ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի տարածքի վրա, ընդհանուր առմամբ, տալով 11 զոհ: Դրանցից չորս հարված եղել են Ստեփանակերտի ուղղությամբ, որը սպանել է չորս խաղաղ բնակչի (և երկու զինվորի), հինգ հարված Մարտունիի վրա, որի արդյունքում զոհվել է երեք հոգի, երկուսը՝ Մարտակերտի վրա՝ տալով երեքը զոհ: Մեկ հարված եղել է Հայաստանի Դավիթ Բեկ գյուղի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական: Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալների՝ առնվազն 52 հայ խաղաղ բնակիչ է սպանվել ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով:
Հարվածներից մի քանիսը իրականացվել են 122 մմ «Գրադ» կայանքի հրթիռներով և միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքով: Զեկույցում շեշտվում է, որ ադրբեջանական հարվածները ոչնչացրել կամ վնասել են նաև մեծ թվով քաղաքացիական տներ և այլ օբյեկտներ, այդ թվում՝ եկեղեցիներ և շուկաներ:
Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում՝ ոչ միայն արգելված զինատեսակների կիրառումը հետագայում բացառել, այլև տեղի ունեցածը հետաքննել, մեղավորներին պատժել: Առաջարկվում է երկրներին միանալ Կասետային զինատեսակների կոնվենցիային: Կազմակերպությունը կոչ է անում կողմերին փոխհատուցել արգելված զինատեսակների կիրառումից տուժածներին: