Պաղեստինի խնդիրը Ռուսաստանի դիվանագիտական օրակարգում

5 ր.   |  2020-12-29

Պ աղեստինի խնդիրը, որն այլ կերպ կոչվում է նաև Մերձավորարևելյան խնդիր, մեծ հաշվով հանգում է երկրամասի տարածքում երկու պետությունների՝ հրեական և արաբական, ձևավորման և գոյակցության հարցին։ Այն առաջացել է դեռևս 20-րդ դարի 40-ական թթ.։ 1947թ. նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 33 կողմ, 13 դեմ և 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ բանաձև ընդունեց Պաղեստինում երկու պետություն, ինչպես նաև Երուսաղեմի միջազգային գոտի ստեղծելու մասին։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հիշյալ որոշումը չարժանացավ ո՛չ Պաղեստինի արաբների և ո՛չ էլ հարևան արաբական պետությունների հավանությանը։ Նրանք դեմ էին երկրամասում հրեական պետության ստեղծմանը, քանի որ այդ տարածքը համարում էին իրենցը։ Դրանից էլ սկսվեցին բախումները արաբական և հրեական զինված կազմավորումների միջև, որոնք հետագայում վերաճեցին արաբ-իսրայելական պատերազմների։ Արդյունքում Պաղեստինի՝ արաբական պետության համար նախատեսված տարածքները անցան Իսրայելի վերահսկողության տակ։

1964թ. հիմնվեց Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը (ՊԱԿ), որը միավորում էր տեղի արաբներին սեփական պետության ստեղծման համար պայքարում[1]։ 1988թ. նոյեմբերի 15-ին նրա բարձրագույն մարմինը՝ Պաղեստինի ազգային խորհուրդը, Ալժիրում որոշում ընդունեց Պաղեստին Պետության հռչակման մասին։ 2012թ. նոյեմբերին Պաղեստինին տրվեց ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ։ 2013թ. հունվարին ուժի մեջ մտավ Պաղեստինի ազգային վարչակազմի (ադմինիստրացիա) նախագահի հրամանագիրը «Պաղեստին Պետություն» անվանման պաշտոնական կիրառման մասին։

Ներկա պահին Պաղեստին Պետությունը մասնակի ճանաչված պետություն է։ Նրա վարչակազմը, այնուամենայնիվ, վերահսկում է ՄԱԿ-ի որոշմամբ արաբական պետության համար նախատեսված տարածքի մի մասը։

Մինչև 1988թ. Պաղեստինի արաբները չէին ընդունում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1947թ. բանաձևը։ Սակայն Պաղեստինի ազգային խորհուրդի 1988թ. նոյեմբերյան նստաշրջանում ճանաչվեց երկրամասի բաժանումը արաբական և հրեական հատվածների՝ պայմանով, որ Իսրայելը հեռանա 1967թ.-ից գրաված բոլոր տարածքներից՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը, և լուծարի այդ տարածքներում ստեղծված բոլոր հրեական բնակավայրերը։

Մ երձավորարևելյան տարածաշրջանի կարևոր թնջուկներից մեկը հանդիսացող պաղեստինյան խնդիրը կարևոր տեղ ունի համաշխարհային ուժի բևեռների, այդ թվում՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Այն ներկա պահին ունի երկու կողմ.

ա) Պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորում և

բ) Ներպաղեստինյան հակասությունների (ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների միջև) հաղթահարում և երկխոսության միջոցով ազգային միասնության վերականգնում։

Առաջին հարցի առնչությամբ դեռևս 1947թ. Խորհրդային Միությունը կողմ է քվեարկել երկրամասում արաբական և հրեական պետությունների ստեղծման մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևին։ Մինչ օրս էլ Ռուսաստանը հավատարիմ է խնդրի երկպետություն (двухгосударственный) կարգավորման տարբերակին։ Պաշտոնական Մոսկվայի այս դիրքորոշումն արտահայտվում է ինչպես լրատվամիջոցների հետ աշխատանքի միջոցով, այնպես էլ միջպետական հարաբերություններում դիվանագիտական խողովակներով։

«Մեր երկրի հետևողական քաղաքականությունն ի աջակցություն հանրաճանաչ միջազգային իրավական հենքի վրա պաղեստինյան խնդրի երկպետություն  կարգավորման, մնում է անփոփոխ»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան 2020թ. հուլիսի 9-ի ճեպազրույցում։ Ըստ մամլո խոսնակի՝ իսրայելցիների և պաղեստինցիների միջև ուղիղ բանակցությունների շուտափույթ վերսկսումն անհրաժեշտություն է։

Դեկտեմբերի 22-ին պաղեստինյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլ. Պուտինի և Պաղեստին Պետության նախագահ Մահմուդ Աբասի հեռախոսազրույցը։ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առևտրատնտեսական, մարդասիրական (հումանիտար) և այլ բնագավառներում երկկողմ հարաբերություններից բացի, քննարկվել է նաև մերձավորարևելյան կարգավորման խնդիրը։ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը հետայսու ևս նպաստել պաղեստինաիսրայելական հակամարտության արդարացի և երկարաժամկետ լուծմանը, այդ թվում՝ միջազգային միջնորդների «քառյակի» ներուժի օգտագործմամբ։

Մերձավորարևելյան կարգավորման միջնորդների քառյակը ձևավորվել է 2001թ. վերջին՝ Ռուսաստանի և Եվրոպական Միության նախաձեռնությամբ։ Դրա միջազգային իրավական կարգավիճակը ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2002թ. մարտի 12-ի թիվ 1397 բանաձևով։ Քառյակում ընդգրկված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպական Միությունը և ՄԱԿ-ը։ 

Դեկտեմբերի 25-ին ՌԴ Արտաքին գործերի նախարար Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության իր գործընկերոջ՝ Սամեհ Շուքրիի հետ։ Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են պաղեստինաիսրայելական ուղղակի բանակցությունների վերսկսման ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբման անհրաժեշտությունը՝ Պաղեստինի վերջնական կարգավիճակի և Մերձավոր Արևելքում համընդհանուր խաղաղության հաստատման հետ կապված բոլոր հարցերի լուծման նպատակով։

2020թ. սեպտեմբերին արաբական երկու երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ համաձայնության եկան Իսրայելի հետ։ Դա ընդհանուր առմամբ կարելի է դիտարկել ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության համատեքստում։ Ավելի վաղ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ էին հաստատել Եգիպտոսը 1980թ. և Հորդանանը 1994թ.։

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի և Կատարի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, արտաքին գործերի նախարար Մ. Ալ Տանիի հանդիպումը։ Բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ քննարկվել է նաև պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման հարցը։ Ընդհանուր մոտեցումն այն է եղել, որ մի շարք արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների բնականոնացումը չպետք է երկրորդական պլան մղի պաղեստինյան խնդիրը։ Վերջինս, ըստ պաշտոնական Մոսկվայի, պետք է լուծվի հանրաճանաչ միջազգային իրավական հենք վրա՝ լիովին համապատասխան այդ առնչությամբ առկա ՄԱԿ-ի որոշումներին և Արաբական խաղաղ նախաձեռնությանը։

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ ներպաղեստինյան համերաշխության վերականգնմանը, ապա ՌԴ և Կատարի ԱԳ նախարարների վերոհիշյալ բանակցություններում հաստատվել է պաղեստինյան միասնության շուտափույթ վերականգնմամբ և ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի միջև երկխոսության վերսկսմամբ երկու երկրների շահագրգռությունը։ Իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դեռևս հուլիսի 9-ին, ողջունելով պաղեստինյան միասնության վերականգնման ուղղությամբ ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի քայլերը, այն համարել է կարևոր նախադրյալ խաղաղ գործընթացի վերսկսման համար։


[1] 1969-2004թթ. կազմակերպությունը գլխավորել է Յասիր Արաֆաթը, իսկ 2004թ.-ից մինչ օրս Մահմուդ Աբասը։