Թուրքական գործոնը Քաշմիրի խնդրում

4 ր.   |  2020-12-25

Ղ արաբաղյան պատերազմից հետո հնդկական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է  Լեռնային Ղարաբաղից հետո իր վարձկաններին ուղարկել մեկ  այլ խնդրահարույց գոտի՝ Ջամմու և Քաշմիր, որպեսզի այս հակամարտությունը ևս իր «եղբայրական» երկրի օգտին լուծի:

Ջամմու և Քաշմիրի շուրջ հակամարտությունը սկսվել է 1947թ.-ին՝ Բրիտանական Հնդկաստանի անկախացումից անմիջապես հետո, երբ ի զարմանս շատերի, մահմեդական  բնակչություն ունեցող Քաշմիրը Պակիստանի փոխարեն նախընտրեց միանալ Հնդկաստանին: Սա սրեց երկրների միջև հարաբերությունները՝ երկու անգամ վերաճելով պատերազմի: Ջումմու և Քաշմիրի համար վերջին լայնածավալ պատերազմը տեղի է ունեցել 1999թ.-ին, որից հետո Իսլամաբադը  ընդունեց իր պարտությունը. մինչ այժմ Քաշմիրը չունի պետական սահման, տարածքը բաժանված է վերահսկման գծով:  

Չնայած հակամարտությունը համարում են սառեցված, սակայն երկու կողմերի միջև գրեթե միշտ փոխադարձ հրաձգություն է տեղի ունենում: Այն ավելի  ակտիվացավ 2019թ.-ին օգոստոսին, երբ Հնդկաստանը հայտարարեցին, որ չեղարկում է սահմանադրության 370-րդ հոդվածը, որով հատուկ կարգավիճակ էր տրվում Ջամմու և Քաշմիր նահանգին: Ըստ այդ հոդվածի՝ Ջամմու և Քաշմիրն ուներ ինքնավարություն, որտեղ բոլոր օրենքները, որոնք ընդունվել են կենտրոնական կառավարության կողմից (բացառությամբ պաշտպանության, արտաքին հարաբերությունների վերաբերյալ օրենքների), պետք է ընդունվեին տեղական խորհրդի կողմից: Բացի այդ, Հնդկաստանի այլ շրջանների բնակիչներն իրավունք չունեին Քաշմիրում հող գնելու: Նահանգն ուներ իր դրոշը և պետության հավասար կարգավիճակ, սակայն կառավարության նոր որոշմամբ ՝ Ջամմուն և Քաշմիրը կորցնում էր պետության կարգավիճակը և դառնում միության տարածք (պետությունից ավելի քիչ իրավունքներով), նրանից անջատվում է Լադախի պատմական շրջանը, որը նույնպես դառնում է միության տարածք:

Այս որոշումը հունից հանեց Պակիստանին, որը սկսեց դիվանագիտական ճնշումներ գործադրել Նյու Դելիի վրա՝ երկրից վտարելով Հնդկաստանի դեսպանին: Հայտարարություններ եղան, որ կնվազեցվի Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև կդադարեցվի երկկողմ առևտուրը (2018-2019թթ.-ին Հնդկաստանի և Պակիստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 2,5 միլիարդ դոլար: Առևտրի տեսանկյունից Պակիստանը Հնդկաստանի գործընկերների տասնյակում է):

Դրանից զատ Պակիստանը հրահրեց Քաշմիրում հնդկական իշխանությունների դեմ ուղղված ցույցեր և խռովություններ, որի արդյունքում Հնդկաստանի իրավապահ մարմինները Քաշմիրում ձերբակալեցին շուրջ 3,8 հազար մարդու, իսկ բախումներից տուժեց 197 հոգի: Այս ընթացքում ավելի մեծացավ Պակիստանի կողմից իսլամիստական ահաբեկչությունների վտանգ: Հայտնի է, որ Պակիստանը վարում է տարածաշրջանում ահաբեկչական գործողությունների ծավալման քաղաքականություն և իր պետության սահմաններում տարածք է տրամադրում ահաբեկչական խմբավորումներ նախապատրաստելու և հնդկական հենակետերի վրա հարձակումներ իրականացնելու համար: Այս ամենն ուղեկցվում էր վերահսկման գծում ակտիվացած փոխհրաձգությամբ: Մինչ այժմ շարունակվող լարված իրավիճակը նոր պատերազմի պարարտ հող ստեղծեց Հնդկաստանի և Պակիստանի միջև:  

Երկու երկրների միջև վատթարացած հարաբերություններն անհանգստացնում են միջազգային հանրությանը, քանի որ երկուսն էլ ունեն միջուկային զենք և կարող են կիրառել միմյանց դեմ: Մինչդեռ, մի շարք երկրներ այս տարածաշրջանում ունենալով սեփական շահերը՝ փորձում են լուծել հակամարտությունն իրենց գործընկեր երկրի օգտին։ Պակիստանի հետ հատկապես ակտիվ համագործակցում են Չինաստանը և Թուրքիան: Չինաստանն այստեղ հստակ շահեր ունի, քանի որ նա ևս հավակնությունները ունի Քաշմիրյան հողերի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա երկու երկրների հարաբերություններն ունեն ավելի խորը արմատներ. Պակիստանը ասիական տարածաշրջանում Անկարայի համար որպես  միջուկային տերություն ռազմավարական դաշնակից է: Բացի այդ, Իսլամաբադը օգնում է Թուրքիային Արևելյան Միջերկրականում։ Դրա լավագույն դրսևորումը 2019թ.-ին երկու երկրների ռազմածովային ուժերի զորվարժություններն էին  Միջերկրական և Արաբական ծովերում:

Այս հարաբերությունները ավելի ջերմացան Էրդողանի կառավարման ժամանակ: Թուրքիայի նախագահն իր հայտարարություններում բազմիցս շեշտել է, որ Պակիստանը «եղբայր» երկիր է։ Էրդողանը, հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, կտրուկ հայտարարություններ է անում նաև Պակիստանի տարածքային ամբողջականության և Քաշմիրի վերադարձման վերաբերյալ, չնայած Հնդկաստանը բազմիցս  զգուշացրել է Թուրքիային չխառնվել իր ներքին գործերին։ Արդեն օգոստոսին, սրված իրավիճակի ֆոնին, Հնդկաստանը կտրուկ քայլերի դիմեց՝ մինչև անգամ դադարեցնելով  ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը և Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողան

Պակիստանի և Թուրքիայի հարաբերությունները առավել զարգացած են ռազմարդյունաբերության ոլորտում: Թուրքիայում է վերապատրաստվում պակիստանյան ռազմաօդային ուժերի օդաչուները (General Dynamics F-16 Fighting Falcon-ի համար): 2018թ.-ին Պակիստանն Անկարայի հետ պայմանագիր է ստորագրել «MILGEM» նավերի ձեռք բերման շուրջ՝ ռազմածովային ուժերի կարիքների համար: Երկրները համագործակցում են նաև անօդաչուների արտադրության ոլորտում, որոշ տվյալներով Պակիստանը Ղարաբաղյան պատերազմից հետո սկսել է Թուրքիայից ավելի մեծ ծավալներով ԱԹՍ գնել: Բացի այդ, Թուրքիան և Պակիստանը թե՛ միասին, թե՛ իրենց գործընկերների (Ադրբեջան, Ուզբեկստան) հետ հաճախ են իրականացնում համատեղ զորավարժություններ:

Թուրքիան փորձում է աջակցություն ցույց տալ Պակիստանին՝ Ջամմու և Քաշմիրի հարցում. այժմ, երբ Պակիստանի և Հնդկաստանի միջև իրավիճակը շարունակում է լարված մնալ, խոսակցություններ են տարածվում, որ Թուրքիան վարձկաններ է տեղափոխում Քաշմիր՝ Լեռնային Ղարաբաղի սցենարը կրկնել համար: Կան տեղեկություններ, որ վարձկանները «Սուլեյման շահ»-ի զինյալաներն են, որոնք այնտեղ ամսական ստանալու են նույնքան, ինչքան Ղարաբաղում՝ 2000$։ Ըստ նրանց հրամանատարի` Էրդողանը ցանկանում է ամրապնդել Քաշմիրը: Միևնույն ժամանակ, Նյու Դելիում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը հերքել է այս տեղեկությունը` համարելով այն «անհիմն են և կեղծ»:

Հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը վերջին շրջանում, որը հաճախ կապվում է պանթյուրքիզմի գաղափարի հետ՝ հավանական է, որ Անկարան Քաշմիրում ևս կհրահրի պատերազմ, սակայն Անկարան  գիտակցում է նաև, որ գործ ունի աշխարհի հզորագույն բանակներից մեկի՝ հնդկական բանակի հետ և հաղթելու հավանականությունը այդքան էլ մեծ չի: