Հետպատերազմական խնդիրները սփյուռքի օրակարգում
4 ր. | 2020-12-21Ա րցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից բռնկված թուրք-ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերացման հարցից անմասն չէ նաև Սփյուռքը։ Բացի պատերազմի վերքերը բուժելու նպատակով հայրենիքին ցուցաբերվող դրամական և նյութական աջակցությունից, արտերկրի հայության ուշադրության կենտրոնում է ևս երկու կարևոր հարց.
ա) գերության մեջ հայտնված հայ զինվորների ու քաղաքացիական անձանց ազատությունը,
բ) Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրը
Գերության մեջ հայտնված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ներկա պահին այս ուղղությամբ ձեռնարկվում են գործուն դիվանագիտական և քաղաքական ջանքեր։ Հայկական կողմի մոտեցումը գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է։ Այս հարցում կարծես թե առկա է համընդհանուր համաձայնություն։ Արդեն իրականացվել է գերիների առաջին խմբաքանակի փոխանակությունը։ 12 ադրբեջանցի գերու դիմաց հայկական կողմին է վերադարձվել 44 հայ գերի։
Այնուամենայնիվ, գերության մեջ գտնվող զինվորականների և քաղաքացիական անձանց ամբողջական փոխանակում դեռևս իրականացված չէ։ Առկա հայ գերիներին ավելացել են նաև Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մատույցներում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված հայ զինվորականները, որոնց թիվը գերազանցում է հիսունը։ Դա նշանակում է, որ բազմաթիվ հայերը շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ՝ արժանանալով անմարդկային վերաբերմունքի։
Հայ գերիների վերադարձման հարցը ներկա փուլում, կարելի է ասել, համազգային օրակարգի մի բաղկացուցիչն է։ Սփյուռքը թե՛ իր կառույցների, թե՛ նշանավոր անհատների միջոցով փորձում է իր նպաստը բերել գերեվարված հայորդիների ազատման գործին։
Քանի որ Արցախյան հարցում անվիճելի է Ռուսաստանի դերը, որն ընկալվում է որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երաշխավոր, ապա Սփյուռքի կառույցների ու անհատների ջանքերն էլ ուղղվում են դեպի Կրեմլ։ ՌԴ-ում հայ ռազմագերիների հարցով զբաղվում է Ռուսաստանի հայերի միությունը՝ այն համարելով առաջնահերթ խնդիր։ Ինչպես հայտնել է միության նախագահ Արա Աբրահամյանը, իրենք նամակով դիմել են ՌԴ նախագահ Պուտինին՝ մտահոգություն հայտնելով այն հարցի շուրջ, թե ինչպես է Ադրբեջանն իրականացնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետը։ Ստացված պատասխանում նշված է եղել, որ ՌԴ նախագահն անձամբ է զբաղվում գերիների խնդրով։
Արա Աբրահամյանը հանդիպել է նաև Վլադիմիր Պուտինի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի հետ։
Հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները դադարեցնելու և նրանց հայրենիք վերադարձնելու միջազգային արշավին միացել են նաև ամերիկահայ աստեղերը։ Ինչպես գրում է Բեյրութի «Զարթօնք» օրաթերթը, աշխարհահռչակ երգչուհի Շերը, հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը, նշանավոր երաժիշտ Սերժ Թանկյանը համացանցի ընկերային (սոցիալական) հարթակներում պատմում են ադրբեջանական գերության մեջ գտնվող տասնյակ հայերի նկատմամբ իրականացվող անթույլատրելի վերաբերմունքի մասին՝ հորդորելով աշխարհի ղեկավարներին խստորեն հակադարձել Բաքվի քայլերին[1]։
Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական կոթողների պահպանման խնդրի տեսակետից ուշագրավ է Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկի՝ Երուսաղեմի հայոց պատրիարքության գահակալ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նոյեմբերի 20-ի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլ. Պուտինին[2]։ Ողջունելով ՌԴ նախագահին սուրբ քաղաքից, բյուր օրհնություն և աղոթք հղելով նրան և ռուս ժողովրդին՝ պատրիարքն իր երախտագիտությունն է հայտնում միջնորդության և կողմերի հետ զինադադարի հայտարարություն ստորագրելու համար։
Այնուհետև Նուրհան պատրիարքը ՌԴ առաջնորդի ուշադրությունն է հրավիրում զինադադարից հետո արցախահայության և համայն հայ ժողովրդի համար ստեղծված նոր իրողությունների վրա։ «Ամենացաւալին այն է, որ Ատրպէյճանին յանձնուելիք տարածքներու մէջ պիտի մնան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ դարաւոր վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր եւ այլ սրբավայրեր, որոնց պահպանութեան հարցն այսօր իւրաքանչիւր հայի համար դարձած է էական խնդիր, քանզի անոնց դէմ արդէն վանտալիզմ սկսած են»,- նշում է պատրիարքը: Ուստի, «Առ այդ կը դիմենք Ձեզ, եւ կը խնդրենք, որ յառաջիկայ բանակցութիւններու ընթացքին ջանքեր գործադրէք վերոնշեալ սրբավայրերէն որքան հնարաւոր է, Արցախի սահմաններու մէջ ներառել, իսկ միւսներու պաշտպանութեան համար՝ ապահովել վստահելի երաշխիք»:
Նուրհան պատրիարքը ՌԴ նախագահի ուշադրությունն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ պատերազմի հետևանքով Արցախի պատմական շրջաններից Հադրութը և հայկական մշակույթի կարևոր կենտրոն Շուշի քաղաքը ևս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր արցախցիներ այսօր անօթևան, անտուն և գաղթական են մնացել։ Պատրիարքը հայցում է նախագահ Վլ. Պուտինի անմիջական միջնորդությունը հիշյալ երկու պատմական շրջանները Արցախին վերադարձնելու հարցում, որպեսզի դրանց բնակիչները վերադառնան իրենց տները և շարունակեն իրենց ստեղծարար կյանքը։
Նուրհան պատրիարքը նամակն ամփոփում է՝ խոսելով Երուսաղեմի հայոց պատրիարքության և Ռուսաստանի հարաբերությունների մասին։ Արդեն գրեթե 15 տարի Լույսի օրը Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ընդունում է Ռուսաստանի պաշտոնական պատվիրակությանը և նրան մասնավոր տեղ հատկացնում Սուրբ Հարության տաճարի հայկական բաժնում։ Դրա շնորհիվ արարողությունից հետո ռուսները կարողանում են փութալով կենարար Լույսը հասցնել Մոսկվա, որը մեծ օրհնության աղբյուր է միլիոնավոր հավատացյալների համար։ Այս հարաբերությունները, ինչպես նաև ՌԴ նախագահի անձնական շնորհներն են հույս և քաջություն ներշնչում Երուսաղեմի հայոց պատրիարքության գահակալին ակնկալելու Կրեմլի դրական որոշումները։
[1] Հոլիուտեան Նշանաւոր Դէմքեր Կը Միանան Հայ Գերիները Ազատ Արձակելու Պահանջով Արշաւին, Զարթօնք, 09.12.2020։
[2] Երուսաղէմի Հայոց Պատրիրաքութեան Գահակալ Ամենապատիւ Տ. Նուրհան Պատրիարք Մանուկեանի 20 Նոյեմբեր 2020-ի նամակը Ռուսիոյ նախագահ՝ Վսեմաշուք Տիար Վլատիմիր Փութինին, Նոր Օր, 02.12.2020։