Նոր զարգացումներ Ղրիմի շուրջ
5 ր. | 2020-12-15Ղ արաբաղյան երկրորդ պատերազմը կարող է արթնացնել տարածաշրջանային սառած հակամարտությունները՝ հանգեցնելով ռազմական նոր բախումների: Ադրբեջանի հաղթանակը որոշ երկրների մոտ կարող է առաջացնել տարածքներ հետ բերելու հույս: Փորձագիտական որոշ շրջանակներ կարծում են, որ հաջորդ պատերազմը կարող է վերսկսվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ Ղրիմի և Դոնբասի համար, ինչի ցուցիչներն են վերջին շրջանում Ղրիմի շուրջ արված տարբեր հայտարարությունները, ինչպես նաև սադրիչ գործողությունները:
Թերակղզու շուրջ որոշակի լարվածությունը ստեղծվեց, երբ ամերիկյան «Forbes»-ը նոյեմբերի 25-ին հրապարակեց «ԱՄՆ-ն Ղրիմում Ռուսաստանի համար «հրթիռային անակնկալ» էր պատրաստել» հոդվածը: Նյութի հեղինակը նշում է, որ ԱՄՆ ցամաքային ուժերը վերջերս Ռումինիա են տեղափոխել «HIMARS» հեռահար համազարկային կրակի ռեակտիվ երկու համակարգ (կրակի հեռավորություն՝ 2-300կմ), որոնք տեղակայվել էին Ղրիմի թերակղզուց ընդամենը 250 մղոն հեռավորության վրա: Համակարգերը մի քանի անգամ հարվածել է Սև ծով՝ Ղրիմի ուղղությամբ և անմիջապես հետ վերադարձել Գերմանիա: Ամբողջ գործողությունը իրականացրել է Գերմանիայում տեղակայված 41-րդ դաշտային հրետանային բրիգադը, որը, ըստ հեղինակի, 2018թ.-ին վերադարձել է Եվրոպա, քանի որ ՌԴ-ն փորձում է ամբողջ Սև ծովն արագորեն վերածել «ռուսական լճի»: «Սև ծովի՝ ռուսական լճի» վերածվելու նախազգուշացումը 2016թ.-ին արել է նաև Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը՝ ՆԱՏՕ-ին մեղադրելով ոչ բավարար ռազմական ներկայություն այնտեղ ունենալու մեջ:
Հոդվածի հեղինակը «HIMARS»-ի հարվածները համարում է Մոսկվայի համար բացահայտ ազդանշան, որ ԱՄՆ-ն Եվրոպայում վերականգնել է իր ցամաքային ուժերի հեռահար կրակային հզորությունը:
Պաշտոնական Ռուսաստանը այս միջադեպը չի մեկնաբանել, փոխարենը Ղրիմի իշխանությունները շեշտել են, որ թերակղզին հուսալիորեն պաշտպանված է ժամանակակից հակահրթիռային համակարգերով, որոնք ունակ են չեզոքացնելու ցանկացած հարված: Նրանք սպառնացել են, որ Ռուսաստանի դեմ ցանկացած ագրեսիա շատ տխուր կավարտվի: Ռուս մասնագետները այս միջադեպը մեկնաբանել են ոչ այլ ինչ է, քան զորավարժությունների սովորական տակտիկական դրվագ, որին չափազանց նշանակություն տալը անհիմն է, և որոշ տեսակետների համաձայն ԱՄՆ-ն փորձում է ցույց տալ իր ռազմական ուժի աճող կարողությունները:
Ընդհանրապես՝ Սև ծովը ոչ միայն պայքարի թատերաբեմ է Մոսկվայի ու Կիևի համար, այլ նաև Մոսկվայի և ՆԱՏՕ-ի: 2014թ.-ին՝ Ղրիմի ՌԴ-ին միացման ժամանակ և անգամ դրանից առաջ, Հյուսիսատլանտյան դաշինքի շատ երկրներ և հատկապես Ռումինիան կոչ էին անում ՆԱՏՕ-ին ընդլայնել իր ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Սև ծովում ստեղծել դաշնակիցների նավատորմ, սակայն 2016թ.-ին Բուլղարիան այս նախաձեռնությունը մերժեց, քանի որ մինչ օրս սերտ կապեր է պահպանում Մոսկվայի հետ:
Այս ամենով հանդերձ՝ ՆԱՏՕ-ն վերջին երկու տարում փորձում է Սև ծովում մեծացնել իր ռազմական ներկայությունը, որի պատճառով 2020թ.-ին ՌԴ ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնել՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի ռազմածովային նավերի քանակը Սևծովյան նավահանգիստներ, ինչպես նաև հետախուզական ինքնաթիռների և անօդաչու սարքերի թռիչքները Ռուսաստանի սահմանների երկայնքով աճում են: Ըստ պաշտոնական տվյալների՝ տարածաշրջանում դաշինքի ռազմանավերի ներկայությունն աճել է մեկ երրորդով, իսկ դաշինքի ավիացիայի հետախուզական թռիչքների թիվը Ղրիմի ափին անցյալ տարվա համեմատ աճել է 61%-ով:
Սրան զուգահեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դեկտեմբերի 2-ին դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր ուժերը հավաքել Սևծովյան տարածաշրջանում՝ ուժեղացնելով իր ներկայությունը ցամաքում, ծովում և օդում, քանի որ Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Ղրիմում: Նա նաև շեշտել է, որ Ղարաբաղի և Բելառուսի դեպքերից հետո Ռուսաստանը մեծացնում է ռազմական ներկայությունը, ինչպես նաև ՝ արդիականացնում միջուկային զինանոցը և տեղակայում նոր հրթիռներ՝ Ծայր Հյուսիսից մինչև Սիրիա ու Լիբանան: Այս հայտարարությունից մի քանի օր անց՝ դեկտեմբերի 7-ին, ՄԱԿ-ն ընդունեց «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև ծովի և Ազովի ծովի մի մասի ռազմականացման խնդիրը» բանաձևը: Փաստաթղթին աջակցել են 63 երկրներ, 17-ը դեմ են քվեարկել, այդ թվում` Հայաստանը, Բելառուսը, Չինաստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը, ևս 62-ը ձեռնպահ են մնացել: Բանաձևում կոչ է արվում «Ուկրաինայի թերակղզին բռնակցող Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ, ամբողջությամբ և առանց որևէ պայմանի իր զինված ուժերը դուրս բերել Ղրիմից և անմիջապես վերջ տալ ուկրաինական տարածքի ժամանակավոր գրավմանը»: Նույն օրը ԵՄ-ն հաստատել է Ղրիմի վերաբերյալ իր դիրքորոշումը ՝ նշելով, որ սատարում է «Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Հայտարարությունում նշվում է, որ ուկրաինական թերակղզու ռազմականացումը վատթարացրել է անվտանգությունը Սև ծովի տարածաշրջանում: Ռուսաստանը անդրադառնալով այս բանաձևին՝ նշել է, որ խոսքը Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան տարածքի մասին է, որի վրա ՌԴ-ն, միջազգային իրավունքի և պարտավորությունների շրջանակներում, ազատ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է սեփական անվտանգությունն ապահովելու համար և առաջնային խնդիրն ու հիմնական գերակայությունը Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովումն է: Ուկրաինայի ԱԳՆ-ն շեշտել է, որ բանաձևի ընդունումը ցույց է տալիս, որ Ղրիմի ռազմականացումը մնում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
Ուկրաինան վերջին շրջանում ակտիվորեն փորձում է միջազգային խաղացողներ ներգրավել Ղրիմի հարցի լուծման մեջ, ինչի լավագույն օրինակը՝ «Ղրիմի հարթակ»-ի ստեղծումն է: Ըստ ուկրաինական կողմի՝ այս հարթակը կհամակարգի Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու և թերակղզու բնակիչների իրավունքները պաշտպանելուն ուղղված միջազգային ջանքերը: Ուկրաինայի ԱԳ նախարար Դ.Կուլեբան հայտարարել է, որ հարթակը կունենա հինգ առաջնահերթություն՝ անվտանգություն, այդ թվում՝ նավարկության ազատություն, ապահովում ագրեսոր պետության դեմ պատժամիջոցների արդյունավետ իրականացումը, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանություն, կրթության պաշտպանություն, մշակութային, կրոնական իրավունքներ, Ղրիմի ժամանակավոր օկուպացիայի արդյունքում տնտեսության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության հաղթահարում»: Այս նախաձեռնությունն առաջինը ողջունեց Թուրքիան, որի մասին հայտարարեց իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա շեշտեց, որ թուրքական կողմը ռազմական համագործակցության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում կշարունակի ամրապնդել հարաբերություններն Ուկրաինայի հետ: Խոսակցություններ կան, որ Թուրքիայի անդամակցումը կարող է խնդիրներ առաջացնել՝ կապված վերջին շրջանում Թուրքիայի և Արևմուտքի որոշ երկրների հետ սրված հարաբերությունները:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ հարթակի վերաբերյալ քննարկումներ են եղել Կանադայի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ այլ երկրների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել անդամակցելու հարթակին: Իր հերթին՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը չի բացառել, որ բացի Թուրքիայից, այդ ձևաչափում կներառվեն ԱՄՆ-ն, Սլովակիան և Մոլդովան: Հրավիրվելու է նաև Ռուսաստանը: Հարթակի առաջին գագաթնաժողովը երկրների ղեկավարների մասնակցությամբ նախատեսվում է 2021թ.-ին: Պաշտոնական Մոսկվան, անդրադառնալով «Ղրիմի հարթակին», հաստատել է իր դիրքորոշումը, որ Ղրիմի հարցը փակ է Ռուսաստանի համար և թերակղզու սեփականության հարցի վերանայումը «ոչ մի կերպ չի կարող քննարկման դրվել»: