Լիբանանահայ համայնքն այսօր
5 ր. | 2020-12-15Լ իբանանը ներկայում ընկերային(սոցիալ)-տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ է, որը պայմանավորված է անկայուն իրավիճակով, թագավարակի համաճարակով, այս տարվա օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունով, որը ոչ միայն մեծ ավերածությունների պատճառ դարձավ, այլև ավելի խորացրեց քաղաքական ճգնաժամը և մարդկանց վստահությունն ապագայի հանդեպ։
Քաղաքական ճգնաժամի արտահայտությունը ներկա պահին կառավարության ձևավորման խնդիրն է։ 2019թ. հոկտեմբերին սկիզբ առած կառավարական ճգնաժամից հետո, թեև ներկա պահին իրավիճակը համեմատաբար հանդարտ է և Բեյրութի փողոցներում չկան բողոքի հուժկու ցույցեր, անհնազանդության դրսևորումներ, բռնություններ ու բախումներ, այնուամենայնիվ, այդպես էլ չի հաջողվում ձևավորել նոր կառավարություն։ Չնայած կա նշանակված վարչապետ՝ ի դեմս Սաադ Հարիրիի, որն, ի դեպ, գլխավորում էր Լիբանանի կառավարությունը մինչև անցյալ տարվա ճգնաժամը, սակայն նախարարների ցանկը համաձայնեցնել չի հաջողվում։
Երեքշաբաթյա դադարից հետո՝ դեկտեմբերի 7-ին, Սաադ Հարիրին այցելել է նախագահ Միշել Աունին՝ քննարկելու կառավարության անդամների, ներառյալ` քրիստոնյա նախարարների ցանկը։ Թեև նախագահ-վարչապետ հանդիպման փաստն ինքնին դրական երևույթ է և որոշ հույսեր է ներշնչում, սակայն համաձայնության գալ այդպես էլ չհաջողվեց և քննարկումները շարունակվում են[1]։
18 նախարարներից բաղկացած Լիբանանի կառավարությունը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է լինի ապաքաղաքական՝ կազմված արհեստավարժ անձանցից։ Այնուամենայնիվ, բնակչության էթնո-դավանական շերտավորվածության վրա հիմնված երկրի պետական կարգը, պաշտոնների բաշխումը կրոնական խմբերի միջև որոշակի խոչընդոտ է լիովին ապաքաղաքական կառավարության ձևավորման համար։
Կառավարության ձևավորման խնդրում անորոշությունը էլ ավելի է խորացնում տնտեսական ճգնաժամը և բարդացնում բնակչության սոցիալական պայմանները։ Օգոստոսյան պայթյունից հետո երկրի արժույթը՝ լիբանանյան ոսկին, քառակի արժեզրկվել է, ինչը նշանակում է, որ ապրանքները, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության, թանկացել են չորս անգամ։ Մինչդեռ բնակչության եկամուտները եթե չեն նվազել, ապա չեն էլ ավելացել։
Խնդիրն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ արտաքին դերակատարները Լիբանանին ցուցաբերվելիք դրամական-տնտեսական օժանդակությունը պայմանավորում են կառավարության ձևավորմամբ։ Իսկ առանց արտաքին դրամական ներարկումների անհնար է երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից։
Դեկտեմբերի 21-23-ը սպասվում է օգոստոսյան պայթյունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երրորդ այցը Լիբանան[2]։ Մինչ այդ կառավարությունը պետք է կազմավորված լինի՝ բարեփոխումների իրականացման նպատակով։ Վարչապետ Սաադ Հարիրին ամեն ջանք գործադրում է նախքան այդ ժամկետը կառավարություն ձևավորելու համար, որպեսզի ապահովվի միջազգային օժանդակությունը Լիբանանին։ Ներկա պահին, սակայն, այդ հարցում լավատեսության լուրջ հիմքեր չկան։
Լ իբանանի ողջ բնակչության հետ մեկտեղ այդ երկրի բոլոր դժվարություններն իր վրա կրում է նաև հայ համայնքը։ Վերջինս նույնպես մեծ վասներ էր կրել օգոստոսյան պայթյունից, տվել մոտ մեկ տասնյակ զոհ, հարյուրավոր վիրավորներ, վնասվել էր ինչպես համայնքային հաստատությունների, այնպես էլ անհատների գույքը։ Թագավարակը, որի տարածումը բավական լայն ծավալների է հասել վերջին շրջանում, երկրի դրամատնային համակարգի ծանր վիճակը, ազգային արժույթի անկումը ծանր պայմաններ են ստեղծել թե՛ համայնքային հաստատությունների գործունեության, թե՛ անհատ հայերի առօրյայի համար։
Չնայած ծանր պայմաններին, համայնքային հաստատություններն, այնուամենայնիվ, փորձում են հարմարվել պարտադրված նոր իրողություններին և շարունակել իրենց գործունեությունը։
Մինչդեռ անհատ հայերի համար սոցիալ-տնտեսական պայմանները, կարելի է ասել, անմխիթար են։ Լիբանանահայությունը հիմնականում զբաղվում է անհատական և ընտանեկան գործարարությամբ՝ սննդի ոլորտ, սպասարկում, արհեստագործություն և այլն։ Ինքնին հասկանալի է, որ համավարակը՝ այլ գործոնների հետ զուգակցված, ծանր հարված է հասցրել այս ոլորտներին։ Արհեստագործությունը նույնպես բարվոք վիճակում չէ։ Խնդիրն այն է, որ Լիբանանը ապրանքների իր պահանջարկի զգալի մասը բավարարում է ներկրման միջոցով։ Ներմուծվող ապրանքների մատչելիությունը շուկայից դուրս է մղում տեղական արտադրողին՝ ոչ շահավետ դարձնելով նրա գործունեությունը։ Բացի այդ, արտադրություն կազմակերպելու համար անհարժեշտ հումքը թանկ է, ինչն էլ իր հերթին է մեծացնում տեղական արտադրության ապրանքների ինքնարժեքը՝ դրանք շուկայում անմրցունակ դարձնելով ներկրվող ապրանքների համեմատությամբ։
Այս ամենի հետևանքով լիբանանահայ համայնքի բարձրորակ վարպետ-արհեստավորների համար սահմանափակվում են անհատական գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները, ինչն աղքատության գիրկն է նետում նրանց ընտանիքները։
Սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, քաղաքական ճգնաժամի հաղթահարման անորոշ հեռանկարները, հնարավոր բախումների կամ պատերազմի վտանգը ստիպում են առանց այդ էլ բավականաչափ նոսրացած լիբանանահայ համայնքին մտածել երկրից հեռանալու մասին։ Մերձավոր Արևելքի հայ համայնքների ներկայացուցիչները հիմնականում արտագաղթում են ԱՄՆ, Կանադա, Եվրոպական պետություններ, վերջին տասնամյակներին՝ նաև Ծոցի արաբական երկրներ։
Ցավոք, 2020թ. բռնկված համավարակը, բայց առավել ևս՝ սեպտեմբերի 27-ից սկսված թուրք-ադրբեջանական ռազմական հարձակումը Արցախի դեմ ծանր հարված եղան հայրենադարձության գաղափարին։ Եթե մինչ այդ Հայաստանը (ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը) հատկապես Մերձավոր և Միջին Արևելքի անկայուն տարածաշրջանի հայ համայնքների համար դիտվում էր որպես համեմատաբար ապահով երկիր, որտեղ կարելի էր համեմատաբար խաղաղ պայմաններում ապրել, ապա պատերազմի հետևանքները կարող են առնվազն թերահավատություն հարուցել այդ հարցում։
Հայտնի է, որ Արցախի ազատագրված տարածքներում, օրինակ, Մեխակավանում (Ջաբրայիլ), Շահումյանում (Քելբաջար), Քաշաթաղում (Լաչին), թեև ոչ մեծ քանակությամբ, բայց հաստատվել էին հայրենադարձ ընտանիքներ, հիմնականում՝ սիրիահայեր։ Մեխակավանն ընկավ պատերազմի հետևանքով, իսկ Շահումյանն ու Քաշաթաղը Ադրբեջանին հանձնվեցին նոյեմբերի 9-ի հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությամբ։ Ստացվում է, որ մեկ անգամ արդեն իրենց բնակավայրը լքած հայրենադարձները կրկին ստիպված եղան հեռանալ իրենց տնից։ Իսկ վերաբնակեցման ծրագրով Արցախում (Բերձոր) հաստատված լիբանանահայ մի ընտանիքի ճակատագիրը ավելի ողբերգական է։ Ամուսինը՝ Վիգեն Ուլջեքջյանը, գերի ընկավ և ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ներկայացվում է որպես վարձկան, իսկ կինը՝ Մարալ Նաջարյանը, համարվում է անհետ կորած։
Ստեղծված իրավիճակից ելքը Հայաստանի արագ վերականգնումն է՝ պատերազմական «վերքերի ապաքինումը» և զարգացման ուղով անշեղ ընթացքը։ Հայրենադարձության գաղափարը, որքան էլ ծանր հարված ստացած լինի Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմի հետևանքով, ամբողջությամբ չի կարող մարել սփյուռքահայության, մասնավորապես, Մերձավոր և Միջին Արևելքի հայության գիտակցության մեջ։ Ժամանակի ընթացքում այն կրկին վերելք է ապրելու, հատկապես այն պարագայում, որ սփյուռքահայության գիտակցության մեջ գնալով ավելի ու ավելի է ամրապնդվում հայրենի պետության, նրա հաստատությունների՝ հայության հարատևման միակ և անփոխարինելի գրավականը լինելու գաղափարը։ Պարզապես անհրաժեշտ է այդ ուղղությամբ հետևողական ջանքեր գործադրել։
[1] Աուն եւ Հարիրի Կը Վերսկսին Կառավարութեան Կազմութեան Գործընթացը, Զարթօնք, 8.12.2020։
[2] Հարիրի Ջանք Չի Խնայեր Կառավարութիւն Կազմելու Մաքրոնի Այցելութենէն Առաջ, Զարթօնք, 9.12.2020։