Ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը
3 ր. | 2020-12-07Ղ արաբաղյան պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանը փորձում էր Թուրքիային ներգրավել բանակցային գործընթաց՝ մինչև անգամ դարձնելով Մինսկի խմբի համանախագահ, սակայն այս ցանկությունը չիրականացավ։ Անկարայի ձեռքբերումը կարելի է համարել ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի ստեղծումը, որի մասին նոյեմբերի 9-ի համաձայնագրում չկար որևէ հստակ ձևակերպում․ նշված էր միայն, որ պետք է «ստեղծվի հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն», առանց որևէ երկրի անվանում նշելու։
Նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը և Սերգեյ Շոյգուն հուշագիր են ստորագրել, ըստ որի` կստեղծվի ռուս-թուրքական կենտրոն, որը կվերահսկի իրավիճակը սահմանագծում։ Սա ռուս-թուրքական հարաբերությունների ընթացքում Սիրիայից հետո երկրորդ դեպքն է, երբ երկու երկրների ռազմական ուժերը համատեղ գործողություն են իրականացնում: 2019թ․-ին Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պարեկություն են հաստատել թուրք-սիրական սահմանին, սակայն ՌԴ նախագահ Վ. Պուտինը շեշտել է, որ Ղարաբաղում ստեղծվելիք կենտրոնը չի պահանջի նույն մոնիթորինգի ձևերը, որը Սիրիայում է: Նա նշել է նաև, որ այն աշխատելու է բացառապես հեռահար՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, որոնք կվերահսկենք իրավիճակը սահմանագծում՝ տալով տեղեկություններ նրա մասին, որոնք կվերլուծվեն և կարվեն եզրակացություններ։
Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու նախագիծը, որտեղ նշվում է, որ մոնիթորինգի կենտրոնը հիմնվելու է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համապատասխան բանաձևերի վրա։ Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջան թուրք զինծառայողներ ուղարկելը բխում է Թուրքիայի ազգային շահերից։ Ընդ որում, թուրք զինվորականների տեղակայման ժամկետները և թվաքանակը վերապահվել է Թուրքիայի նախագահի վարչակազմին։
Մոնիթորինգի կենտրոնի մասին հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների նախագահները: Ըստ Թուրքիայի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Էրդողանը նշել է, որ Անկարան սպասում է ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շուտափույթ ստեղծմանը: Փաստացի՝ կենտրոնի ստեղծման պայմանների շուրջ կողմերը բանակցել են մոտ 3 շաբաթ, որի ընթացքում բազմաթիվ հակասական տեղեկություններ հայտնվեցին մամուլում: Ամենաշատ շահարկվող թեման կենտրոնի գտնվելու վայրն էր: Տեղեկություններ տարածվեցին, որ թուրք խաղաղապահներ կհայտնվեն Լեռնային Ղարաբաղում, սակայն ՌԴ ԱԳՆ հերքեց այն՝ շեշտելով, որ կենտրոնը լինելու է Ադրբեջանի տարածքում։ Խոսակցություններ կան նաև, որ Թուրքիան ցանկանում է ստեղծել անկախ դիտորդական կենտրոն, սակայն Ռուսաստանի կարծիքով Թուրքիայի կողմից տարածաշրջանում անկախ դիտորդական կետ ստեղծելու անհրաժեշտություն չկա:
Արդեն դեկտեմբերի 1-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտարարեց, որ ավարտվել է Ռուսաստանի հետ կենտրոնի շուրջ տեխնիկական մասով բանակցությունները և շուտով Ադրբեջանի տարածքում կսկսվի դրա կառուցումը։ Հուլուսի Աքարը շեշտել է, որ այժմ ընթանում է կենտրոնի կառուցման աշխատանքները, իսկ առաջիկայում զինվորականները կսկսեն իրականացնել իրենց պարտականությունները։ Ըստ նախարարի՝ այնտեղ ծառայություն են իրականացնելու թուրք և ռուս սպաները, այդ թվում՝ գեներալներ. զինվորականները լինելու են հավասար թվով, սակայն տեղանքի ու թվի մասին այս հայտարարությունում նշված չէ:
Գտնվելու վայրի մասին հոդված էր պատրաստել BBC-ին, որի ադրբեջանցի աղբյուրները նշել են, որ նախնական տվյալներով եղել է երկու տարբերակ՝ Գանջա և Բարդա, սակայն թուրքերը կտրականապես հրաժարվել են Գյանջայից: Թուրքական աղբյուրը նշել է, որ այն լինելու է Լեռնային Ղարաբաղից 15կմ հեռավորության վրա, որը համընկնում է Բարդայի հետ: Խոսակցություններ են եղել նաև Մատաղիսում տեղադրելու մասին, սակայն ռուսական կողմը սկզբունքորեն դեմ է եղել Լեռնային Ղարաբաղի տարածքում համատեղ կենտրոնի տեղադրմանը: Սպասվում է, որ դեկտեմբերի 9-10-ը Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը կայցելի Բաքու, ըստ որոշ տվյալների, այն կհամընկնի համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքների մեկնարկի հետ:
Հոդվածից հետո ադրբեջանական որոշ աղբյուրներ, հղում անելով «Вестник Кавказа»-ի նյութին, գրեցին, որ կենտրոնը լինելու է Աղդամում, սակայն սրա մասին չկա որևէ պաշտոնական տեղեկություն, ամենայն հավանականությամբ այն կեղծ է, քանի որ բազմիցս նշվել է, որ կենտրոնը չի լինելու ԼՂ-ի տարածքում:
Փորձագիտական մի շրջանակ գտնում է, որ այս կենտրոնի ստեղծումը տրամաբանական էր, քանի որ Թուրքիայի գործոնը պատերազմում էական նշանակություն ուներ, ուստի առանց ներկայումս նրա հետ համագործակցության, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի լուծել խնդիրը: Որոշների կարծիքով էլ Ռուսաստանը զիջեց իր դիրքերը Հարավային Կովկասում՝ թույլ տալով Թուրքիային այնտեղ վերադասավորվել: