Թուրք-ադրբեջանական արձագանքը Ֆրանսիայի Սենատի բանաձևին

3 ր.   |  2020-12-01

2 020թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ՝ 305 կողմ, 1 դեմ, ընդունեց Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձև։ Այն ներկայացրել էին հինգ խմբակցություններ։ Բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետութունը և այդ ճանաչումը գործիք դարձնել կայուն խաղաղության հասնելու նպատակով բանակցություններում։ Նման կոչի հիմքում ընկած է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության անվտանգության և ազատության երաշխավորված չլինելը։

Բանաձևը նաև՝

  • դատապարտում է Արցախի դեմ ադրբեջանական ռազմական հարձակումը (ագրեսիան), որը կատարվել է Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ։
  • կոչ է անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը և նրանց կողմնակիցներին սեպտեմբերի 27-ից Արցախում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից
  • կոչ է անում զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի քաղաքացիական բնակչությանը՝ պահանջելով բացել մարդասիրական միջանցքներ
  • առաջարկում է անցկացնել միջազգային իրավունքով արգելված զենքերի կիրառմամբ Արցախում իրականացված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն

Բանաձևը զգալի տեղ է հատկացնում նաև Թուրքիային՝ կոչ անելով Ֆրանսիայի գործադիր իշխանությանը դիվանագիտական դասեր քաղել Անկարայի կատարած դերից և եվրոպացի գործընկերների հետ միասին գտնել առավել վճռական պատասխան միջոցներ։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը վերջին տարիներին շատացրել է Ֆրանսիայի, եվրոպական այլ երկրների հանդեպ սադրանքները, ահաբեկումներն ու սպառնալիքները։ Այդ ծավալապաշտական քաղաքականությունը հիմնական ապակայունացնող գործոնն է Արևելյան Միջերկրականում, Մերձավոր և Միջին Արևելքում, հիմա նաև՝ Հարավային Կովկասում։ Այն սպառնալիք է Ֆրանսիայի և առհասարակ՝ Եվրոպայի անվտանգությանը։ Բանաձևում նշվում է, որ Արցախի բնակչության դեմ սանձազերծված ագրեսիայի հիմքում ընկած է Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։

Սենատի բանաձևը բուռն դժգոհություն և հակազդեցություն առաջացրեց ինչպես Բաքվում, այնպես էլ Անկարայում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այն որակեց բացարձակ կողմնակալ և սադրիչ՝ դրա ընդունումը կապելով Ֆրանսիայի հայ համայնքի գործունեության հետ։ Ընդգծելով բանաձևի քաղաքական նշանակութունը՝ նախարարությունը կասկածի տակ է դնում Ֆրանսիայի չեզոքությունն Արցախյան հարցում։

Ադրբեջանում բանաձևին արձագանքեց նաև խորհրդարանը, որն առաջարկեց կառավարությանը դիմել ԵԱՀԿ-ին՝ պահանջելով Ֆրանսիայի հեռացումը Մինսկի խմբից։ Կոչ ուղղվեց նաև վերանայելու Ֆրանսիայի հետ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական հարաբերությունները։

Ընդունված բանձևին Թուրքիան նույնպես հակադարձեց արտաքին գործերի նախարարության և խորհրդարանի մակարդակներով։ ԱԳ նախարարության հրապարակած հայտարարության մեջ բանաձևի ընդունումը կապվում է Ֆրանսիայի ներքաղաքական գործընթացների հետ, որոնց հետևանքով իբրև թե անտեսվում են միջազգային ամենահիմնական չափանիշները, օրինականությունն ու արդարությունը։ Թուրքիայի վերաբերյալ պնդումները համարելով անհիմն՝ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրում է կողմնակալության մեջ և դա համարում Արցախյան հակամարտությունը լուծել չկարողանալու պատճառը։ Դժգոհություն արտահայտելով առ այն, որ Ֆրանսիան վերջին շրջանում հաճախ է թիրախավորում Թուրքիային, հայտարարությունը նշում է. «Ճիշտ կլինի, եթե Ֆրանսիան ի վերջո ընդունի, որ Թուրքիան տարածաշրջանում պաշտպանում է արդարությունն ու օրինականությունը։ Կարևոր է նաև, որ Ֆրանսիան հրաժարվի Թուրքիայի վերաբերյալ պատմական առումով ծայրաստիճան սխալ հղումներից, որպեսզի փոխադարձ լավ հարաբերություններ լինեն Ֆրանսիայի և Թուրքիայի միջև։ Հուսով ենք, որ Ֆրանսիան այսուհետև կորդեգրի կառուցողական դիրքորոշում»։ Մի կողմ թողնելով սույն մեջբերման այլ դրույթները՝ նշենք, որ կրկին աչքի է զարնում թուրքական սպառնալիքի քաղաքականությունը, երբ խոսվում է Փարիզ-Անկարա լավ հարաբերությունների նախապայմանների մասին։

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի առաջարկով՝ Արդարություն և զարգացում, Ժողովրդահանրապետական, Ազգային ճակատ և Իյի կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները միացյալ հայտարարությամբ նույնպես դատապարտեցին Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի որոշումը։ Ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որին անդամակցում է նաև հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, չի միացել հայտարարությանը։

Հայտարարության մեջ «Ղարաբաղի Հանրապետությունը» համարվում է կարծեցյալ, իսկ ընդունված որոշումը՝ առոչինչ։ Միաժամանակ նշվում է, որ նման որոշումները ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքնեը։

Այստեղ ակնհայտ երևում է Անկարայի երկակի չափանիշների քաղաքականությունը։ Այն որ թուրքական զորքերը ներխուժել են Իրաք, Սիրիա, 1974թ.-ից բռնազավթել են Կիպրոսի հյուսիսային հատվածը, թուրքական նավերը ներխուժում են Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի հանդիսացող ջրային տարածքներ, միջազգային իրավունքի ոտնահարում չէ, մինչդեռ, ըստ թուրք պատգամավորների, այդպիսի ոտնահարում է Արցախի բնակչության գոյապահպանության նպատակով նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումը։