Արցախյան կարգավորման ուղենիշները
6 ր. | 2020-11-26Ն ոյեմբերի 10-ին Արցախում հրադադարի հաստատումից և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո աստիճանաբար հրատապություն է ձեռք բերում բանակցությունների միջոցով հակամարտության երկարատև կարգավորման հարցը։ Վերջինս առնչվում է երկու կարևոր խնդրի՝ Արցախի կարգավիճակի և սահմանների։
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, արտահայտվում են կարծիքներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հակամարտության վերջնական հանգուցալուծման տեսանկյունից։ Մասնավորապես, նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Պուտինը ծավալուն հարցազրույցով անդրադարձավ Արցախյան խնդրին՝ խոսելով դրա տարբեր կողմերի ու բաղադրիչների մասին։
Սույն հոդվածում քննական հայացքով անդրադառնում ենք հարցազրույցի այն հատվածներին, որոնք, մեր կարծիքով, որոշակիորեն ուղենշային են հակամարտության վերջնական կարգավորման առումով, փորձելով դրանք համադրել նաև այլ փաստերի հետ։ Բովանդակային առումով այդ հատվածներն առնչվում են. ա) հակամարտության ծագումնաբանությանը, բ) Արցախի կարգավիճակին, գ) Շուշիի խնդրին, դ) Թուրքիայի դերակատարությանը խաղաղապահ առաքելության և ընդհանրապես խնդրի հանգուցալուծման շրջանակներում։
Ծագումնաբանական հարցեր։ Նախորդ հոդվածներից մեկում նշել ենք, որ անդրադարձը Արցախյան հակամարտության ծագումնաբանությանը նոր երևույթ է խնդրի վերաբերյալ միջազգային խոսույթում։ Դա թույլ է տալիս համարժեք հասկանալ խնդրի էությունը և ըստ այդմ՝ գտնել համապատասխան լուծումներ։ Խոսելով Արցախյան հակամարտության ծագման մասին նախագահ Պուտինը նշել է[1]. «Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, պետք է ամեն դեպքում վերադառնանք ետ՝ դեպի պատմությունը... Ես ստիպված եմ հիշեցնել, որ այդ ամենն սկսվեց հեռավոր 1988թ., երբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի էին ունենում էթնիկ հողի վրա բախումներ։ Այն ժամանակ տուժեց քաղաքացիական բնակչությունը՝ հայ, այնուհետև այդ իրադարձությունները տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղ։ Եվ քանի որ Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը պատշաճ կերպով չարձագանքեց տեղի ունեցող իրադարձություններին, հայերն իրենք զենք վերցրին, և սկսվեց այս տևական, ըստ էության, բազմամյա հակամարտությունը, որը հանգեցրեց նրան, որ 1991թ. Ղարաբաղը հայտարարեց իր անկախության, ինքնիշխանության մասին, իսկ 1994թ. ստորագրվեցին Բիշքեկյան պայմանավորվածությունները»։
Ռուսաստանի նախագահի այս հայտարարությունները հուշում են, որ պաշտոնական Մոսկվայի համար Արցախյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, այլ ազգային (էթնիկ) խնդիր, որը ծագել է նախ Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում, այնուհետև՝ բուն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում (ԼՂԻՄ) հայ ժողովրդի դեմ գործված հանցագործությունների հետևանքով։ Իսկ նման դեպքերում որպես հակամարտությունների լուծման հիմք որդեգրվում է ազգերի ինքնորոշման սկզբունքի իրականացումը՝ որպես ազգային ընդհանրության գոյութենական սպառնալիքների չեզոքացման միակ ուղի (remedial secession)։
Ի դեպ, հիշյալ հարցազրույցում Պուտինը կրկնել ու զարգացրել է դեռևս հոկտեմբերի 22-ին Վալդայ ակումբի և հոկտեմբերի 29-ին «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովի քննարկումների ժամանակ Արցախյան խնդրի ծագումնաբանության մասին իր մտքերը, ինչը վկայում է օրինաչափության, այլ ոչ պատահականության մասին։
Կարգավիճակի հարցը։ Այս խնդիրը սերտորեն կապված է ծագումնաբանական խնդրի հետ։ ՌԴ նախագահը, ըստ էության, ասում է, որ Արցախի չճանաչվածությունը հանգեցրեց իրավիճակի սրմանը 2020թ. սեպտեմբերի 27-ին։ «Ինչ վերաբերում է Ղարաբաղի ճանաչման-չճանաչմանը որպես անկախ, ինքնուրույն պետություն... դա, առանց որևէ կասկածի, եղել է էական գործոն, այդ թվում՝ հենց նոր ավարտված արյունահեղ հակամարտության ընթացքում։ Ղարաբաղի չճանաչման փաստն ինքնին էապես հետք է թողել իրադարձությունների ընթացքի և դրա ընկալման վրա»,- նշում է ՌԴ նախագահը։
Ապա Վլ. Պուտինը որոշակի համեմատություն է անցկացնում հետխորհրդային տարածքի այլ հակամարտությունների՝ Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսիայի խնդիրների հետ՝ նշելով. «Ժամանակին նախկին վրացական ղեկավարության հանցավոր գործողություններից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Մենք արդարացի համարեցինք Ղրիմում բնակվող ժողովրդի կամաարտահայտությունը և այնտեղ ապրող մարդկանց ձգտումը վերամիավորվել Ռուսաստանի հետ, մենք ընդառաջ գնացինք մարդկանց։ Ղարաբաղի առնչությամբ դա չի արվել, և դա էապես ազդել է այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վրա»։
Ավելորդ լավատեսություն, առավել ևս՝ անգիտակից հուզավառություն (էյֆորիա) տարածելու ցանկություն չունենալով հանդերձ, այնուամենայնիվ, դիմենք տրամաբանությանը. եթե Արցախի չճանաչվածությունն է հանգեցրել 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիային (ինչը ընդունում է պաշտոնական Մոսկվան), ապա ապագայում նման ողբերգություններից խուսափելու միակ ճանապարհը նրա ճանաչումն է։
Կա ևս մեկ կարևոր հանգամանք։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական խաղաղապահ առաքելության համար նախատեսված է 5 տարի ժամկետ՝ ինքնաբերաբար երկարաձգվելու հնարավորությամբ, եթե կողմերից մեկը 6 ամիս առաջ չի հայտարարում դրանից հրաժարվելու իր մտադրության մասին։ Ա՛րդ, եթե 5 կամ 10 տարի անց Ադրբեջանը հրաժարվի ռուսական խաղաղապահ առաքելությունից, ո՞րն է լինելու Արցախում ռուսական զինուժի ներկայության օրինական հենքը, եթե ոչ Արցախի անկախության ճանաչումը և նրա հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։ Այս պարագայում, կարելի է ասել, Արցախի ճանաչումն այլընտրանք չունի։
Նոյեմբերի 17-ին Հոլանդիայի խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Դրանք վերաբերում են անմիջապես նախագահ Ի. Ալիևին և նրա կնոջը՝ փոխնախագահ Մ. Ալիևային։ Բանաձևերը պահանջում են պաշտոնական Ամստերդամից Եվրամիության մակարդակով հետամուտ լինել Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլ պաշտոնյաների դեմ անհատական պատժամիջոցներ կրառելու գործընթացին։ Ամենից կարևորը, սակայն, Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների անհրաժեշտության հիմնավորվումն է։ Նշվում է, որ հիշյալ անձինք պատասխանատու են Արցախում իրագործված պատերազմական հանցագործությունների և այլ բռնարարքների համար։
Իսկ պատերազմական հանցագործությունների ենթարկված ազգային ընդհանրությունը չի կարող անվտանգ ապրել այն պետության կազմում, որն իրականացրել է նմանատիպ ոճիր։ Սա ևս մեկ փաստարկ է Արցախի ինքնիշխանության միջազգային ճանաչման օգտին։
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձև։ Թեև այն խորհրդատվական բնույթ ունի, Ֆրանսիայի կառավարությունն այն ընդունում է ի գիտություն, բայց պարտավոր չէ իրականացնել, այնուամենայնիվ, տեղական (քաղաքների, նահանգների) մակարդակով ճանաչումից հետո այն մի քայլ առաջ է Արցախի անկախության միջազգային ճանաչման ճանապարհին։ Փաստորեն, այս բանաձևը համապետական մակարդակով Արցախի անկախության ճանաչմանն առնչվող առաջին օրենսդրական ակտն է։ Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռեթայոն, խոսելով հարցի մասին, ասել է, որ միայն Արցախի անկախությունն է, որ կարող է հուսալիորեն երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու ազատությունները և պաշտպանել նրանց արտաքին հարձակումներից։
Շուշիի խնդիրը։ Այս խնդիրն առնչվում է Արցախի սահմաններին։ Ինչպես հաղորդում է Պուտինը, Արցախյան կարգավորման շուրջ երկարաձիգ տարիների բանակցությունների ընթացքում Շուշին հանձնելու մասին հարց երբեք չի դրվել։ Սա նշանակում է, որ Արցախյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց վրա այդքան շատ է հղում անում Բաքուն, չեն ներառում Շուշիի վերադարձն Ադրբեջանին։
Իսկ այն մասին, որ այդ հիմնարար սկզբունքները պահպանում են իրենց արդիականությունը, վկայում է Արցախյան կարգավորման շուրջ դիվանագիտական հաղորդակցությունը։ Նոյեմբերի 19-ին Ռուսատանի ԱԳ նախարար Ս. Լավրովի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժ.-Ի. Լե Դրիանի հեռախոսազրույցի ընթացքում, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության, մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված սկզբունքների հիման վրա Արցախյան խնդրի երկարաժամկետ և լիաչափ կարգավորման նպատակով հետագա քայլերի մասին։ Կարելի է ասել, որ, ըստ հիմնարար սկզբունքների, Արցախի ապագա սահմանները պետք է ներառեն նվազագույնը՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքները։
Թուրքիայի դերը։ Անդրադառնալով Թուրքիայի դերին՝ ՌԴ նախագահն ընդգծում է, որ Անկարան և Բաքուն դաշնակիցներ են. «Թուրքիան միակողմանիորեն աջակցել է Ադրբեջանին։ Ադրբեջանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ընտրել իր համար դաշնակիցներ այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում»,- նշել է նա։ Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցությանը, ապա դա լինելու է Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի աշխատանքների (շփման գծի երկայնքով իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքում, վերլուծություն և այլն) շրջանակներում։ Կենտրոնն իր գործունեությունը ծավալելու է առցանց՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Իսկ Սիրիայում, մասնավորապես՝ Իդլիբում ռուս-թուրքական համագործակցության՝ համատեղ պարեկության, փորձի կրկնության անհրաժեշտությունն Արցախում չկա։
Այնուամենայնիվ, Անկարան և Բաքուն շարունակում են խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի ավելի գործուն մասնակցության հարցը պահել օրակարգում։ Նպատակը եթե ոչ այդ խնդրի իրականացումը, ապա այլ հարցերում Ռուսաստանից զիջումներ կորզելն է։
Ինչևէ, վերոհիշյալ ուղենիշները վեր են հանվել Արցախյան խնդրի շուրջ միջազգային խոսույթի վերլուծության արդյունքում։ Այսինքն՝ դրանք ուղենիշներ են արտաքին դերակատարների համար։ Սակայն շատ ավելի կարևոր է, որ ՀՀ-ն որդեգրի այդ ուղենիշները Արցախյան կարգավորման ապագա բանակցություններում։
[1] Մեջբերումներն արված են ոչ բառացի։