Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի մասին բանաձևը

4 ր.   |  2020-11-26

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ և 1 դեմ ձայնի հարաբերակցությամբ ընդունեց «Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ»  բանաձևը, որը ներկայացրել էին 5 քաղաքական խմբերի (հանրապետականներ, սոցիալիստներ, կենտրոնամետներ, կոմունիստներ և կանաչներ) անդամներ Բրունո Ռետայոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը։

Բանաձևի տեքստում հղում է կատարվում միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի եզրակացությանը, ինչպես նաև հիշատակվում են 1988թ.-ին Սումգայիթում և Կիրովաբադում, 1990 թ.-ին՝ Բաքվում, 1992 թ.-ին՝ Մարաղայում հայերի ջարդերը: Բուն բանաձևը կոչ է անում. հաշվի առնել, որ՝

  • Վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմապատկել է Ֆրանսիայի, Եվրոպայի և այլ երկրների հասցեին սադրանքները, ահաբեկումներն ու սպառնալիքները,
  • Թուրքիայի ղեկավարած ծավալապաշտական քաղաքականությունը Արևելյան Միջերկրականում, Մերձավոր և Միջին Արևելքում ու այժմ Հարավային Կովկասում ապակայունացման հիմնական գործոն է,
  • Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի հիմքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցությունն է նաև ջիհադիստական խմբերում ծառայած վարձկանների ձևով:

Այս ամենով հանդերձ բանաձևը դատապարտում է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և կոչ անում՝

  • անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցներին այն տարածքներից, որոնք վերցրել են 27-ից ի վեր իրականացված ռազմական գործողությունների արդյունքում,
  • կառավարությանը՝ զանգվածային հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը,
  • կառավարությանը՝ պահանջել միջազգային հետաքննություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության դեմ և միջազգային օրենսդրությամբ արգելված զենքի օգտագործման միջոցով կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

Նախքան բանաձևը քվեարկության դնելը, սենատորներն իրենց ելույթներում խոսեցին անկախության ճանաչման անհրաժեշտության մասին՝ համարելով այն խաղաղության հիմնական երաշխիքներից մեկը: Հատկապես շեշտվեց Թուրքիայի գործոնը: Սենատոր Բրունո Ռետայոն այն համարեց Էրդողանի ազգայնական քաղաքականության արդյունք, որը սպառնալիք է աշխարհի խաղաղությանը: Էլիան Ասասսը նշեց, որ տարածաշրջանը զոհ է դարձել «Էրդողանի բռնապետական շեղմանը»: Սենատոր Քրիստիան Կամբոն բանաձևը համարեց «լրացուցիչ կողպեք խաղաղությունն ապահովելու համար, քանի որ հումանիտար օգնության համար շատ ուշ է: Պատգամավորները շեշտեցին, որ չի կարելի նման բան թույլ տալ Եվրոպայի դռների մոտ՝ միջազգային հետաքննություն սկսելու կոչ անելով: Ելույթով հանդես եկավ նաև պատերազմական օրերին Արցախի ճանաչման համար ակտիվ գործունեություն ծավալած Վալերի Բուայեն: Նա նշեց, որ իրենք չեզոք էին, երբ Թուրքիան վարձկաններ էր ուղարկում և Ադրբեջանի հետ համատեղ էթնիկ զտումներ անում, իսկ այժմ չեզոք մնալը կնշանակի լքել Հայաստանը՝ օգնելով թուրք-ադրբեջանական բռնապետությանը: Կարևորվեց նաև նախքան 2020 թ. սեպտեմբերի 27-ի սահմաններին վերադառնալը, որպեսզի չհաստատվի ռազմական ճանապարհով հակամարտության լուծումը:

Պետք է առանձնացնել սենատոր Ժան-Բատիստ Լեմուայի ելույթը, ով նախ շեշտեց, որ  անհրաժեշտ է գործել բնակչության հրատապ օգնության, մշակութային ժառանգության պաշտպանության, քաղաքական կարգավորման ուղղությամբ՝ հավելելով, որ ճանաչումը լուրջ խնդիր է, որի հետևանքները պետք է վերլուծել: Նա շեշտել է, որ «ոչ մի պետություն չի ճանաչել նրա անկախությունը, նույնիսկ Հայաստանը, ֆրանսիայի մեր կառավարության պատասխանատվությունն է հարց տալ ինքն իրեն՝ արդյո՞ք այդ ժեստը օգտակար և արդյունավետ կլինի, դրական հետևանքներ կունենա հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Որովհետեւ մենք պետք է հիշենք, որ արդյունավետությունն է կարևորը, և Ֆրանսիայի պատասխանատվությունը Մինսկի խմբի կազմում այն է, որ Ֆրանսիան չի կարող կշիռ ունենալ այս հարցում, եթե նրա քայլերը չընդունվեն երկու կողմից։:

Ժան-Բատիստ Լեմուայի խոսքերը, ով ներկայումս Ֆրանսիայի ԱԳՆ-ում տուրիզմի, արտերկրում բնակվող ֆրանսիացիների և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարն է, տեղական և ռուսական մամուլում մեկնաբանվեց որպես Ֆրանսիայի ԱԳՆ-ի կարծիք: Մինչդեռ Ֆրանսիայի ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանել բանաձևը:

Անդրադառնալով բանաձևի կարևորությանը միջազգային հարթակում՝ ՀՀ վարչապետը համարել է այն պատմական: Արձագանքեցին նաև ՀՀ և ԱՀ արտաքին գործերի գերատեսչությունները՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային: ՀՀ ԱԳՆ-ն կարևորեց, որ որոշման մեջ իրենց հստակ արձանագրումն են գտել Ադրբեջանի զինուժի կողմից միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների նորմերի խախտումները, ինչպես նաև Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։ Արցախի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Սենատի որոշումը «կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում»։

Բանաձևի ընդունումն արժանացավ Ադրբեջանի և Թուրքիայի կոշտ քննադատությանը: Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը բանաձևը համարել է հանուն նեղ քաղաքական ամբիցիաների ընդունված թղթի կտոր, որը միջազգային իրավունքի, ՄԱԿ կանոնադրության և ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի կոպիտ խախտման հետ մեկտեղ, լուրջ հարցեր է առաջացնում Ֆրանսիայի մտադրությունների և օբյեկտիվ գործունեության վերաբերյալ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է ԵԱՀԿ-ին հետ կանչել Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիային: Թուրքիայի ԱԳՆ-ն էլ բանաձևը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի որոշումն այն օրինակն է, թե, ներքաղաքական նկատառումներից ելնելով, ինչպես են անտեսվում միջազգային իրավունքի, օրինականության և արդարության ամենահիմնական սկզբունքները: Մենք ժխտում ենք որոշման մեջ Թուրքիայի հասցեին ուղղված անհիմն պնդումները»,- ասվում է հայտարարության մեջ:

Բանաձևն ունի խորհրդատվական բնույթ. գործադիր իշխանությունը կարող է այն հաշվի առնել, սակայն պարտավոր չէ կատարել: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ֆրանսիայի խորհրդարանի այս որոշումը կարող է ընկալվել որպես կողմնակալ վերաբերմունք Հայաստանի հանդեպ: