Դարի գործարքը
25 ր. | 2020-11-12Հոդվածը պատրաստվել է 2020թ. սեպտեմբերի
Վ երջին տարիներին պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղղությամբ Թրամփի վարչակազմի խաղաղության ծրագրի մշակման և հանրայնացման ողջ գործընթացը նոր մարտահրավերներ բերեց Մերձավոր Արևելք․ Սպիտակ Տան ներկայացրած խաղաղության ծրագրի հանրայնացմանը նախորդեցին նախագահ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի պետության մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու, Պաղեստինին նախատեսվող ամերիկյան ֆինանսական աջակցության կրճատման մասին որոշումները։ Հասկանալի է, որ այդ ամենի համատեքստում Սպիտակ Տան՝ որպես պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման միջնորդ կողմի նման որոշումները քննադատությամբ ընկալվեցին Պաղեստինում․ արդյունքում պաղեստինյան կողմը իսկզբանե անվստահություն հայտնեց Թրամփի վարչակազմի առաջարկած խաղաղության ծրագրին։
Խաղաղության ծրագրի մշակման վաշինգտոնյան թիմը գլխավորում է նախագահ Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները (Jared Kushner)։ Խաղաղության ծրագրի մշակման գործընթացն ուղեկցվեց Մերձավոր Արևելքի երկրների հետ ծրագրի շուրջ Սպիտակ տան ակտիվ բանակցություններով ու քննարկումներով․ Սպիտակ տունը կարևորում է տարածաշրջանի արաբական աշխարհի աջակցությունը վաշինգտոնյան խաղաղության ծրագրի ուղղությամբ․ առաջին հերթին անհրաժեշտ էր ստանալ Պարսից ծոցի արաբական երկրների քաղաքական աջակցությունը։
2019-ի կեսերին Քուշները, ով Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի ամուսինն է, միջազգային բանակցություններում Թրամփի վարչակազմի նախկին հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը (Jason greenblatt) և Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը (Brian Hook) այցելեցին Իսրայել և արաբական մի շարք երկրներ՝ Վաշինգտոնի խաղաղության ծրագրի քննարկման նպատակով։ Սկզբնական փուլում օրակարգում էր դրված Ծրագրի տնտեսական բաղադրիչը․ Ծրագրի քաղաքական բաղադրիչը նախատեսվում էր հրապարակել ավելի ուշ։ Հետաքրքիր էր, որ Քուշների այցելությունը տարածաշրջան տեղի էր ունենում Բահրեյնում մեկ ամիս անց՝ հունիսին, նախատեսվող գիտաժողովին խաղաղության ծրագրի տնտեսական բաղադրիչի հանրայնացումից առաջ[1]։
Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի (Foundation for defense of democracies) հետազոտությունների հարցերով փոխնախագահ Ջոնաթան Շանզերը (Jonathan Schanzer) Քուշների գլխավորած պատվիրակության այցելությունը տարածաշրջան մեկնաբանում է հետևյալ կերպ․ «Դա կարծեք թե նախընտրական արշավ է․ Քուշները դուրս եկավ և ստացավ բոլոր կարմիր պետությունների՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Եգիպտոսի քվեները, իսկ այժմ կան մանուշակագույն պետություններ, որոնք փորձում են բարձրանալ տախտակամած, նրանք դեռևս չեն կողմնորոշվել…»[2]։
Մարոկկո այցելությունը Քուշների համար կարևոր էր, քանի որ Մուհամեդ 6-րդ թագավորը ղեկավարում է Իսլամական համագործակցության կազմակերպությունում ձևավորված հանձնաժողովը, որը կոչված է պաշտպանելու ու աջակցելու Երուսաղեմը որպես կրոնական, ճարտարապետական և մշակութային հանգույց։ 2019-ի տարեսկզբին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Մուհամեդ 6-րդ թագավորը ստորագրեցին համատեղ հռչակագիր, որով Երուսաղեմը հռչակվեց քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների «խաղաղ համակեցության խորհրդանիշ» (symbol of peaceful coexistence)․ արդյունքում Մուհամեդ թագավորից որևէ աջակցությունը խորհրդանշական կարևորություն ունի[3]։
Հորդանանը, որտեղ բնակչության կեսից ավելին ունի պաղեստինյան ծագում, նույնպես Քուշների այցելության համար սկզբունքային կարևորություն ունի։ Եթե խաղաղության ծրագիրը չներկայացվի երկու պետության ստեղծման կարգավորման ճանապարհով, ապա ակնկալվում է, որ Հորդանանի բնակչությունը մերժելու է առաջարկը, ինչը մարտահրավեր է ու խնդրահարույց է լինելու Միացյալ Նահանգների և Թրամփի վարչակազմի դաշնակից Աբդալահ թագավորի համար առաջարկը հրապարակային վավերացնելու տեսանկյունից[4]։ 2018-ին թագավոր Աբդալահը հարցազրույցներից մեկում Երուսաղեմն անվանեց «յուրաքանչյուրի համար զգացմունքային առարկա» և նշեց, որ քաղաքի ճակատագրի լուծումը պետք է լինի բազմակողմանի․ «Թրամփի որոշումը ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելը բարդություն է ներկայացնում Հորդանանի համար․ մենք արդյունավետ քննարկումներ ենք ունեցել նախագահ Թրամփի ու վարչակազմի հետ․ հասկանում ենք, որ սա կարևոր է Թրամփի համար, այն եղել է նախագահական ընտրարշավի խոստումը։ Սակայն լուծումը պետք է լինի բազմակողմանի իսրայելցիների ու պաղեստինցիների համար։ Երուսաղեմը զգացմունքային հարց է յուրաքանչյուրի համար, և կարծում եմ, մենք պետք է նայենք ապագային, երբ խոսում ենք, թե ինչ ենք ցանկանում Երուսաղեմի համար»[5]։
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա նախատեսվում էր Քուշների հանդիպումը վարչապետ Նեթանյահուի հետ։ Ակնկալվում էր, որ խաղաղության թիմը հանդիպելու էր Իսրայելի պաշտոնյաների հետ կոալիցիոն կառավարության ձևավորման վերջնաժամկետից մեկ օր անց։
2019-ի մայիսին 27-ին նախագահ Թրամփը այդ առիթով թվիթերյան իր էջում գրառում կատարեց․ «Հուսով ենք, ամեն ինչ բարեհաջող կընթանա Իսրայելի կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում, և Նեթանյահուն և ես կկարողանանք շարունակել ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև դաշինքն ավելի ուժեղ դարձնել, քան երբևէ․ դեռ շատ անելիքներ ունենք»[6]։
Այցելության ընթացքում նախատեսված չէր Քուշների հանդիպումը պաղեստինցի պաշտոնյաների հետ․ փոխարենը նախատեսվում էր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար դեմոկրատ Էլիոթ Էնգելի (Eliot Engel) այցը Երուսաղեմ, ում հետ հանդիպելու էին իսրայելցի ու պաղեստինցի պաշտոնյաները[7]։
Վաշինգտոնի բանակցային թիմի այցը Իսրայել, 2019-ի մայիս
Աղբյուրը՝ https://www.timesofisrael.com/senior-us-team-to
Փորձագիտական կարծիքներ էին հնչում, թե ինչպես է կատարվել այցելության համար առանձնացված երկրների ընտրությունը։ Atlantic council-ի մերձավորարևելյան հարցերով փորձագետ Շալոմ Լիպները (Shalom Lipner) նշում էր․ «Սպիտակ տան երկար սպասված Մերձավոր Արևելքի խաղաղության ծրագիրը շարունակելու է շրջանառվել առաջիկա օրերին Ջարեդ Քուշների տարածաշրջան նախատեսվող այցելությամբ, սակայն առկա հանգամանքները բարենպաստ չեն առաջընթաց արձանագրելու համար։ Եթե հավատանք Թրամփի վարչակազմի աղբյուրներին, Քուշները մտադիր է Պարսից ծոցի առաջնորդների հետ քննարկել գործարքի միայն տնտեսական բաղադրիչը։ Ծոցի երկրների առաջնորդներն այնքան էլ մեծ հետաքրքրություն չունեն նախաձեռնությանը աջակցելու հարցում, քանի դեռ Քուշները չի բացել քաղաքական խաղաթղթերը։ Փաստացի, «վերջնական գործարքի» ուղղությամբ առաջընթաց արձանագրելու հորիզոնը շարունակում է է՛լ ավելի հեռանալ։ ․․․Իսրայելը հույս ունի, որ պաղեստինցիները կմերժեն ԱՄՆ առաջարկները։ ․․․Այն դեպքում, երբ Իսրայելի և Ծոցի երկրների շահերն է՛լ ավելի են համընկնում․․․։ Տարածաշրջանային համագործակցությունը, որը Միացյալ Նահանգները ամեն ջանքով ձգտում էր ստեղծել դիվանագիտության ճանապարհով, դառնում է շոշափելի․․․»[8]։
Նշենք, որ Թրամփի վարչակազմի խաղաղության ծրագրի ամբողջական հրապարակումը, որտեղ ներառվում է նաև քաղաքական բաղադրիչը, հետաձգվում էր Իսրայելում արտահերթ ընտրությունների և դրանով պայմանավորված ներքաղաքական լարվածության պատճառով։
Ե վ այսպես, 2019-ի հունիսին Սպիտակ Տունը հրապարակեց պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ծրագրի տնտեսական բաղադրիչը, որով մասնավորապես նախատեսվում էր Պաղեստինում և հարևան պետություններում իրականացնել $50 մլրդ ներդրում[9]․ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում տեղի ունեցած երկօրյա «Խաղաղություն հանուն բարգավաճման» (Peace to prosperity) համաժողովի ընթացքում Քուշները ներկայացրեց ծրագրի տնտեսական բաղադրիչը ու Վաշինգտոնի տեսլականը։ Այդ միջոցառումն արժանացավ Պաղեստինի իշխանությունների սուր քննադատությանը՝ դիտելով այն որպես անհաջող փորձ պաղեստինյան հիմնահարցը չեզոքացնելու համար[10]։
Համաժողովին ներկա էին Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Հորդանանի ու Եգիպտոսի պատվիրակությունները․ Սպիտակ տունը որոշել էր չհրավիրել Իսրայելի կառավարությանը, քանի որ պաղեստինյան իշխանությունը նույնպես ներկա չէր լինելու միջոցառմանը[11]։ Հորդանանն ու Եգիպտոսը նախապես հայտնել էին իրենց մասնակցության մասին, սակայն ոչ նախարարների մակարդակով[12]։
Փորձագետ Հուսեյն Իբիշը (Hussein Ibish, senior resident scholar at the Arab Gulf States Institute in Washington) նշում էր․ «Երկու կառավարություններից պաշտոնյաների բացակայությունը, որոնց շուրջ այդ իրադարձությունը հիմնականում կենտրոնանում է, դարձնում է այն աննպատակային․ դա ցույց է տալիս, որ սա ժամանակի վատնում է»[13]։ Միջազգայնագետ Յոսի Մեկելբերգը (Yossi mekelberg) նշում էր․ «չեմ հանդիպել որևէ մեկին ո՛չ Իսրայելում, և ո՛չ էլ Պաղեստինում, ով լուրջ է ընդունում խաղաղության ծրագիրը»[14]։
Բահրեյնի արտգործնախարար Խալիդ բին Ահմեդ ալ Խալիֆան (Khalid Bin Ahmed Al-Khalifa) իսրայելական Kan հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խաղաղության ծրագրին անդրադառնալիս նշում էր․ «Սա հնարավորություն է, որը չպետք է կորցնել։ Եթե Քեմփ Դեյվիդը և Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը բեկումնային դեր ունեցան այդ ժամանակվա իրադարձությունների համար, կարծում եմ, որ եթե մենք այս հարցին լուրջ վերաբերվենք, այն կարող է նույնպես լինել բեկումնային։ Մենք պետք է տեսնենք հարցի լուծումը երկու պետությունների ստեղծման ճանապարհով։ Իսրայելը տարածաշրջանի պետություն է, և իսրայելցիներն ունեն այդ երկրի քաղաքացիություն, այնպես էլ պաղեստինցիները նույնպես պետք է ունենան իրենց պետությունն ու այդ երկրի քաղաքացիություն»[15]։
Քուշների գնահատմամբ, Սպիտակ տան առաջ քաշած խաղաղության ծրագրի տնտեսական բաղադրիչն անհրաժեշտ նախապայման է խաղաղության հաստատման, «դարակազմիկ հնարավորություն» պաղեստինցիների ու Մերձավոր Արևելքի ժողովուրդների համար․ «նախագահ Թրամփի և Միացյալ Նահանգների տեսլականը պաղեստինցիների համար ավելի լավ ապագայի կառուցումն է, արժանապատվության, բարգավաճման ու հնարավորության ապագայի»։[16]
Իր երույթում Քուշներն անրադարձավ ծրագրի քաղաքական բաղադրիչին նույնպես․ «պարզ է, որ պաղեստինցի ժողովրդի համար տնտեսական աճն ու բարեկեցությունը անհնար է առանց հակամարտության ամուր ու արդարացի կարգավորման՝ երաշխավորելով Իսրայելի անվտանգությունն ու հարգելով պաղեստինցի ժողովրդի արժանապատվությունը»[17]։ «Երկու՝ Իսրայելի և պաղեստինյան կողներում էլ կան արձագանքներ, որոնք մեղադրում են մեկը մյուսին խաղաղության հարցում հետաքրքրություն չունենալու մեջ․ խաղաղությունը պետք է բխի փոխզիջումից ու բանակցություններից․ եթե մենք ուզում ենք առաջ ընթանալ, ապա երկու կողմերն էլ պետք է գտնեն մի վայր, որտեղ ձեռք են բերում ավելին, քան տալիս են և շարժվեն առաջ՝ ունենալով ավելի բարեկեցիկ ապրելու հնարավորություն»[18]։
Ինչպես նշվեց, խաղաղության ծրագրի տնտեսական բաղադրիչի համաձայն, առաջարկվում էր Պաղեստինում իրականացնել $50 մլրդ ծավալի ներդրումներ։ Առաջիկա 10 տարիների ընթացքում իրականացված ներդրումների արդյունքում՝
- ավելի քան կրկնապատկվելու է Պաղեստինի ՀՆԱ-ը
- ստեղծվելու է շուրջ 1 մլն աշխատատեղ
- Պաղեստինում գործազրկության մակարդակը նվազեցվելու է մեկանիշ թվերի
- Պաղեստինում բնակչության աղքատության ցուցանիշը կրճատվելու է 50%-ով[19]։
Ֆինանսական միջոցների զգալի մասը նախատեսվում է Պաղեստինի ենթակառուցվածքների ($27.8 մլրդ), մնացյալ հատվածը՝ տարածաշրջանի զարգացման համար։ Եգիպտոսին ուղղվելու է շուրջ $9.1 մլրդ, Հորդանանին ու Լիբանանին՝ համապատասխանաբար $7․3 և $6․3 մլրդ ներդրումներ։
Ֆինանսական միջոցների բաշխումը՝ ըստ երկրների, $մլրդ
Աղբյուրը՝ https://www.whitehouse.gov/wp-content/uploads
Արևմտյան ափի և Գազայի հատվածի համար նախատեսված ներդրումներն ուղղվելու են տնտեսության տարբեր ուղղությունների ու ենթակառուցվածքների զարգացմանը․ համեմատաբար խոշոր ծավալի ֆինանսական հատկացումներ նախատեսված են տրանսպորտի ու հաղորդակցության ենթակառուցվածքների համար՝ ավելի քան $6․5 մլրդ, ինչը կազմում է Պաղեստինին ուղղված ողջ ներդրումների 24%-ը։ Մեծ են կառավարման ու բարեփոխումների ($3․3 մլրդ), թվային ծառայությունների ($2․6 մլրդ) ոլորտների համար նախատեսված միջոցները, որոնք համապատասխանաբար կազմում են Պաղեստինին ուղղված ողջ ներդրումների 12% և 10%-ը[20]։
Ըստ լրագրող Դանիել Էսթրինի (Daniel Estrin)՝ «այս ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել պաղեստինցիներին ու տարածաշրջանի այլ երկրներին $50 մլրդ-ով, որոնց կեսից ավելին հատկացվելու է պաղեստինցիներին, մնացածը՝ այլ երկրներին։ Սպիտակ Տունը ցանկանում է արդիականացնել Պաղեստինի հիվանդանոցներն ու ճանապարհները, զարգացնել առևտուրը, ստեղծել պաղեստինցիների համար միլիոնավոր աշխատատեղեր՝ կրկնապատկելով Պաղեստինի ՀՆԱ-ն։ Սակայն այստեղ շատ կարևոր հարց բաց է մնում՝ հակամարտության քաղաքական ասպեկտը․ արդյո՞ք այս ծրագրով պաղեստինցիները ձեռք են բերում անկախություն և վերահսկելու են իրենց սեփական սահմանները․․․»։
Դանիել Էսթրինի կարծիքով, պաղեստինցիներն այլևս չեն վստահում Թրամփի վարչակազմին՝ Երուսաղեմի նկատմամբ Իսրայելի հավակնություններին ընդառաջ գնալու, պաղեստինցիներին ուղղվող 100 միլիոնավոր դոլարների աջակցության կրճատումից հետո․ ստացվում է՝ Միացյալ Նահանգները սկզբում կրճատում է այդ ֆինանսական միջոցները, հետո ցանկանում գումար հատկացնել․ «Պաղեստինցիներն ասում են, որ ԱՄՆ-ն ցանկանում է գնել մեզ գումարով՝ այն ամենի դիմաց, ինչ մենք ունենք, մեր սեփական պետության դիմաց։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ Հորդանան գետի արևմտյան ափ այցելության ժամանակ Նեթանյահուն հայտարարեց, որ չի կարող հրաժարվել այդ տարածքից՝ ելնելով անվտանգային պատճառներից․ Բոլթոնը հայտնեց իր աջակցությունը․ այսպիսով, հարցեր են առաջանում, թե Սպիտակ Տունը ինչպիսի քաղաքական իրականության է աջակցում» ։[21]
Ալ Ջազիրա պարբերականը գրում էր․ «Թրամփը անթույլատրելի իսրայելամետ քաղաքականություն է վարում իր նախագահության ընթացքում․ դրա փաստերից մեկը 2017-ի տարեվերջին Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հակասական ճանաչումն էր: …Սպիտակ տան ծրագրի քաղաքական բաղադրիչի մանրամասները, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում շուրջ երկու տարի, շարունակում է գաղտնի մնալ։ Ծրագրի տնտեսական բաղադրիչում, այնուհանդերձ, որևէ ակնարկ չկա պաղեստինյան պետության կամ Իսրայելի բռնազավթման դադարեցման վերաբերյալ։ Դրա փոխարեն, առաջարկվում է $50 մլրդ ներդրում իրականացնել 10 տարիների ընթացքում պաղեստինյան տարածքներում ու հարևան արաբական պետություններում։ Ընդհանուր վերցրած խոսվում է 179 տեղական նշանակության նախագծերի ֆինանսավորման մասին՝ սկսած ջրային ռեսուրսների ու գյուղատնտեսության ոլորտից, վերջացրած կրթությամբ ու առողջապահությամբ։ Վաշինգտոնը շարունակում է հուսալ, որ Մանամայի միջոցառման մասնակիցները, ինչպես օրինակ, հարուստ Ծոցի երկրները հստակ հետաքրքրություն են ցուցաբերելու այդ ծրագրի հարցում։ Սաուդյան Արաբիան, որը Միացյալ Նահանգների սերտ դաշնակիցն է և Իսրայելի հետ Իրանին դիտում է որպես համընդհանուր թշնամի, միջոցառմանը աջակցություն հայտնեց տարածաշրջանում բարեկեցության, ներդրումների ու տնտեսական աճի բարելավմանն ուղղված միջազգային ջանքերին․ սակայն Էր Ռիադը վերահաստատեց, որ ցանկացած խաղաղության գործարք պետք է հիմնվի Սաուդիան Արաբիայի առաջ քաշած Արաբական խաղաղության նախաձեռնության վրա․․․»[22]։
Պարբերականի փոխանցմամբ, Քուշներն իր ելույթներից մեկում նշել էր, որ 2002-ին Սաուդիան Արաբիայի Արաբական խաղաղության նախաձեռնությունը «մեծ ջանքեր են», սակայն հնարավոր չէ տասնամյակներ շարունակ ձգվող պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծել այդ նախաձեռնության շրջանակում․ «Կարծում եմ՝ բոլորս պետք է գիտակցենք, որ եթե երբևէ գտնվի խաղաղության գործարք, ապա այն չի տեղավորվելու Արաբական խաղաղության նախաձեռնության տրամաբանությունում․ այն գտնվելու է ինչ-որ տեղ Արաբական խաղաղության նախաձեռնության և Իսրայելի դիրքորոշման միջև»[23]։
Պաղեստինի առաջնորդները հրաժարվեցին համագործակցել ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հետ՝ վերջինիս ընդունելով որպես ԱՄՆ պատմության մեջ Իսրայելի հարցում ամենակողմնակալ վարչակազմը։ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը այդ առիթով նշում էր․ «ֆինանսները, տնտեսությունը կարևոր են, սակայն քաղաքականությունը, քաղաքական կարգավորումն առավել կարևոր են»[24]։
Պաղեստինցիների բողոքի ակցիան ընդդեմ Բահրեյնի համաժողովի, 2019-ի հունիս
Աղբյուրը՝ https://www.middleeastmonitor.com/20190626
ԱՄՆ նախկին պաշտոնյաների ու վերլուծաբանների գնահատմամբ, Քուշները, ով ինչպես իր կնոջ հայրը՝ Թրամփը, կառավարություն է եկել Նյու Յորքի անշարժ գույքի շուկայի աշխարհից, և կարծեք թե խաղաղության գործընթացին վերաբերում է ինչպես բիզնես գործարքի[25]։ Փորձագետների գնահատմամբ, առաջին հերթին տնտեսական գերակայություններ սահմանելով, Քուշները շրջանցում է հակամարտության իրականությունը։ ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական վարչակազմերի Մերձավոր Արևելքի հարցերով նախկին բանակցող Աարոն Դեյվիդ Միլերի (Aaron David Miller) խոսքով, ծրագիրն ըստ էության, կանոնակարգված չէ, քանի որ պաղեստինա-իսրայելական հիմնահարցը գլխավորապես ուղեկցվում է պատմական վերքերով, տարածքների ու սրբավայրերի նկատմամբ հավակնություններով»[26]։
Քուշները մեծ ակնկալիքներ ուներ, որ սաուդցիների ու Ծոցի արաբական երկրների պատվիրակները հավանություն կտան Մանամայում ծրագրի տնտեսական բաղադրիչին և կոչ կանեն Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին ի վերջո ընդունել ծրագիրը․ «Մենք կցանկանայինք տեսնել ձեզ բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի դուք փորձեիք գործարք կատարել՝ պաղեստինցի ժողովրդի համար ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու համար»[27]։ Atlantic council-ի Իրաքի հարցերով փորձագետ Աբաս Քադիմի (Abbas Kadhim) գնահատականով, պաղեստինա-իսրայելական հահակամարտության ծագումը տնտեսական չէ․ այն վերաբերում է պաղեստինցիների՝ սուվերեն պետություն ունենալու միջազգայնորեն ճանաչված իրավունքին ու հակամարտությունը ՄԱԿ համապատասխան բանաձևերին համահունչ կարգավորմանը։ Պաղեստինցիների տնտեսական ճգնաժամը հակամարտության պատճառը չէ, այլ վերջինիս հետևանքը։ ...Խաղաղասիրական ցանկացած վստահելի ջանք պետք է պաղեստինցիներին ու իսրայելցիներին նստեցնի բանակցային սեղանի շուրջ և իրականացնի հավասար ճնշումներ երկու կողմերի նկատմամբ էլ, այլ ոչ թե աշխատել երրորդ կողմի երկրների հետ, որոնք գլխավորապես ներգրավված են հակամարտությունում՝ ելնելով ֆինանսական միջոցներ հատկացնելու իրենց դերակատարությունից»[28]։
Փորձագետ, Իրաքի պետդեպարտամենտի նախկին մամլո խոսնակ Նաբիլ Քուրիի (Nabeel Khoury) կարծիքով, «Քուշների ծրագրում թափանցիկության բացակայությունը թույլ է տալիս մտածել, որ տնտեսական գործոնը ծրագրի գերակա առանձնահատկությունն է․ այդ թեզը հաստատում է Քուշների այցելությունում Ծոցի երկրներին առանձնակի կարևորություն տալու հանգամանքը։ Ծոցի երկրները, որոնք արդեն պատրաստակամություն են հայտնել բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ, կարող են ֆինանսավորել գործարքը՝ համատեղ արաբա-իսրայելական որոշ նախագծերի դիմաց։ ...Դժվար է գտնել որևէ լուրջ վերլուծաբան, որը կհաստատի, թե ծրագիրը որևէ հնարավորություն ունի լուծելու պաղեստինա-իսրայելական հակամարտությունը»[29]։
Այս ամենի արդյունքում, 2017-ի դեկտեմբերին Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց ու ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախաձեռնությունից կարճ ժամանակ անց, պաղեստինցիները էապես նվազեցրին իրենց կապերը Վաշինգտոնի հետ, ընդհուպ մինչև հարաբերությունների խզումը Սպիտակ տան հետ[30]։
2020-ի հունվարին Քուշները ժամանել էր Իսրայել՝ կառավարության հետ քննարկելու ԱՄՆ խաղաղության ծրագրի հանրայնացման հարցերը, և հանդիպեց վարչապետ Նեթանյահուի և վերջինիս հակառակորդ Բենի Գանցի հետ։ Այցելության առիթով իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդը (Barak Ravid) նշում էր․ «Նեթանյահուն ցանկանում է, որպեսզի Սպիտակ տունը ներկայացնի ծրագիրը՝ իր շուրջ ընթացող կոռուպցիոն գործերից հանրային ուշադրությունը ընտրարշավի վրա շեղելու նպատակով»[31]։
2020-ի փետրվարին եգիպտական Egyptian MBC Masr network տեղեկատվական հարթակին տված հարցազրույցում Քուշները նշում էր․ «Եթե պաղեստինցիներին դուր չի գալիս, թե որտեղ է սահմանագիծը դրվում, նրանք կարող են գալ և այդ մասին մեզ ասել, թե որտեղ են ցանկանում սահմանագիծը դնել։ Եթե պաղեստինցի առաջնորդները ցանկանում են անել այն, ինչը լավագույնն է իրենց ժողովրդի համար, ապա կարծում եմ, նախ նրանք պետք է կարդան ծրագիրը։ Նրանք պետք է գան բանակցային սեղանի շուրջ իսրայելցիների հետ միասին և ասեն՝ «մենք գնահատում ենք ձեր ժեստը, խաղաղության ծրագրում կան որոշ էական զիջումներ, որոնք դուք երբևէ չեք կատարել․ ահա այն 4, 5 կամ 6 հարցերը, որ մենք կցանկանայինք, որպեսզի փոփոխեիք, և եթե դուք դա կատարում եք, ապա գործարքը կյանքի կարող է կոչվել»։ Ահա թե ինչպես են մարդիկ գործարքներ կատարում, ովքեր պատրաստ են ունենալ պետություն»[32],[33]։
Հարցազրույցում Քուշներն անդրադարձավ նաև Թրամփի վարչակազմի մտադրությանը՝ ճանաչելու Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերը որպես Իսրայելի սուվերենության մաս։ Քուշները նշեց նաև, որ առաջիկա ամիսներին ԱՄՆ-ն ու Իսրայելը ամբողջությամբ կավարտեն այն քարտեզի մանրամասները, որը Թրամփի վարչակազմը հրապարակեց 2020-ի տարեսզկբին։ Ըստ այդ քարտեզագրման, Արևմտյան ափի Area C-ի 30%-ը անցնում է Իսրայելին, 30%-ը՝ պաղեստինցիներին։ Սակայն այդ տարածքները կարող են անցնել պաղեստինցիների վերահսկողության տակ, եթե նրանք համաձայնեն ԱՄՆ առաջ քաշած բանակցություններին, որոնք հիմնվում են Սպիտակ Տան կողմից 2020-ի հունվարի վերջին ներկայացրած խաղաղության ծրագրի վրա[34]։
Ծրագրի համաձայն, Միացյալ նահանգները նախատեսում է 4-ամյա ժամանակաշրջան, որը թույլ կտա հասնել երկու պետություն ձևավորմամբ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման։ Այդ ժամանակահատվածի ընթացքում Իսրայելը կարող է սուվերենություն հաստատել խաղաղության ծրագրով Իսրայելին հատկացվող Area C-ի 30%-ի նկատմամբ, սակայն եթե համաձայնում է չընդարձակել գոյություն ունեցող բնակավայրերը կամ ստեղծել նորերը՝ ծրագրով պաղեստինցիներին հատկացված Area C-ի 30% տարածքներում․ ծրագրի համաձայն, իսրայելական բոլոր բնակավայրերը կարող են բռնակցվել[35]։
Խ ոշոր հաշվով, Երուսաղեմը Իսրայելի պետության մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը էական ազդեցություն ունեցավ Վաշինգտոնի խաղաղության ծրագրի նկատմամբ պաղեստինյան կողմի անվստահության արտահայտման համար։ 2017-ի դեկտեմբերի 6-ին Թրամփը հայտարարություն տարածեց Երուսաղեմի շուրջ, որտեղ մասնավորապես ասվում էր․ «Այսօր իմ հայտարարությունն ազդարարում է Իսրայելի ու պաղեստինցիների հակամարտության նկատմամբ նոր մոտեցման մեկնարկը։ 1995-ին ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց Երուսաղեմում դեսպանության մասին որոշումը (Jerusalem embassy act), որով կոչ էր արվում դաշնային կառավարությանը տեղափոխել ամերիկյան դեսպանությունը Երուսաղեմ և ճանաչել այն որպես Իսրայելի մայրաքաղաք։ Այս որոշումը ընդունվեց Կոնգրեսում երկու կուսակցությունների մեծամասնության ձայների արդյունքում և հաստատվեց Սենատի միաձայն քվեարկությամբ։ Շուրջ 20 տարի, ամերիկյան յուրաքանչյուր նախորդ նախագահ հրաժարվում էր օրենքից՝ մերժելով տեղափոխել ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ կամ ճանաչել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք։ Նախագահներն այն համոզմունքն ունեին, որ Երուսաղեմի ճանաչման հետաձգումը կնպաստի խաղաղության առաջընթացին։ Ավելի քան երկու տասնամյակ է անցել, սակայն մենք այդպես էլ չենք կարողացել խաղաղության համաձայնագիր ստորագրել Իսրայելի ու պաղեստինցիների միջև։ Ուստի, ես որոշում եմ կայացրել․ ժամանակն է՝ պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք»[36] ,[37]։
Աղբյուրը՝ https://www.rt.com/usa/412368-trump-jerusalem
Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակման որոշումը
2018-ի մայիսին Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարեց Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության բացման մասին։ 70 տարի առաջ այդ նույն օրը նախագահ Տրումենը ճանաչեց Իսրայելը որպես անկախ պետություն՝ ԱՄՆ առաջին պետությունն էր, որը ճանաչեց Իսրայելը[38]։ 2018-ի մայիսի 18-ին Սպիտակ տան հաղորդագրությունում մասնավորապես ասվում էր․ «Թրամփի վարչակազմը շարունակում է աշխատել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի իրագործման ուղղությամբ․
- Թրամփի վարչակազմը հավատարիմ է մնում երկարատև և համապարփակ խաղաղության համաձայնագրի հաստատմանը,
- Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը անհրաժեշտ նախապայման է իսրայելցիների ու պաղեստինցիների միջև խաղաղության հաստատման համար,
- նախագահ Թրամփը հստակեցրեց, որ իր կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակումը չի նշանակում, որ Միացյալ Նահանգները դիրքորոշում է որդեգրել վերջնական կարգավիճակի շուրջ բանակցություններում,
- Թրամփի վարչակազմը հավատում է, որ նման որոշումներ պետք է կայացվեն իսրայելցիների ու պաղեստինցիների միջև,
- Թրամփի վարչակազմը աջակցում է Երուսաղեմի սրբավայրերի ստատուս քվոյին»[39]։
Ընդհանուր առմամբ նշենք, որ Թրամփի վարչակազմի և պաղեստինյան առաջնորդների միջև շփումները ավարտվեցին որոշ տեղաշարժերից հետո, որոնք պաղեստինյան կողմը դիտում էր որպես բարեհաճություն իսրայելական կողմին։ Խոսքը մասնավորապես ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին է։ ՄԱԿ գործակալության պաղեստինցի փախստականների (The United Nations Relief and Works Agency for Palestine Refugees in the Near East-UNRWA) ֆինանսավորման դադարեցումը, Վաշինգտոնում Պաղեստինի ազատության կազմակերպության (Palestine Liberation Organization-PLO) գրասենյակի գործունեության դադարեցումը։
2018-ի օգոստոսի վերջին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարեց, որ «վարչակազմը մանրակրկիտ ուսումնասիրել է հարցը և որոշել, որ Միացյալ Նահանգները չի նախատեսելու հավելյալ հատկացումներ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությանը։ Երբ մենք հունվարին հատկացրեցինք $60 մլն ֆինանսավորում, հստակեցրեցինք, որ Միացյալ Նահանգները այլևս մտադիր չէ իր վրա վերցնելու ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության ծախսերի բեռի խիստ անհամաչափ մասնաբաժինը, ինչը մենք ենթադրել ենք տարիներ շարունակ։ Որոշ երկրներ՝ Հորդանանը, Եգիպտոսը, Շվեդիան, Կատարը և ԱՄԷ-ն մեծ դերակատարում են ունեցել խնդրի լուծման գործում, սակայն համընդհանուր միջազգային արձագանքը բավարար չի եղել։ ...Հետևաբար, Միացյալ Նահանգները կակտիվացնի երկխոսությունը ՄԱԿ-ի, կառավարությունների և միջազգային շահագրգիռ կողմերի հետ նոր մոտեցումների շուրջ․ դրանք կարող են ներառել ուղիղ երկկողմանի աջակցություն Միացյալ Նահանգների ու այլ գործընկերների կողմից, ինչը կապահովի այսօրվա պաղեստինցի երեխաների համար ավելի կայուն ու հուսալի ճանապարհ՝ ավելի պայծառ վաղվա օրվա համար»[40]։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության խոշորագույն միակ դոնորն էր․ 2017-ին ծրագրի ամերիկյան ֆինանսավորումը ավելի քան $350 մլն էր։ Գործակալությունը նախատեսում է կրթական, առողջապահական և սոցիալական ծառայություններ Արևմտյան ափում, Գազայի հատվածում, Հորդանանում, Սիրիայում ու Լիբանանում՝ գրանցված ավելի քան 5 մլն պաղեստինցի փախստականների համար[41]։ 2018-ի հունվարին Միացյալ Նահանգները հայտարարեց, որ իսկզբանե գործակալության համար նախատեսված $125 մլն ֆինանսավորման չափաբաժնից $65 մլն կրճատում է՝ գործակալության բարեփոխման և այլ երկրների կողմից ֆինանսավորման չափաբաժինների ավելացման ակնկալիքով[42]։
2018-ի սեպտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը հաղորդագրություն տարածեց Վաշինգտոնում Պաղեստինի ազատության կազմակերպության գլխավոր ներկայացուցչության գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին․ «վարչակազմը մանրակրկիտ քննարկումից հետո որոշում է կայացրել՝ Վաշինգտոնում տեղակայված Պաղեստինի ազատության կազմակերպության գլխավոր ներկայացուցչության գրասենյակի գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին։ Մենք թույլատրել էինք Պաղեստինի ազատության կազմակերպության գրասենյակին իրականացնել քայլեր, որոնք աջակցում են իսրայելցիների ու պաղեստինցիների միջև երկարատև, համապարփակ խաղաղության հաստատմանը․․․։ Այդուհանդերձ, Պաղեստինի ազատության կազմակերպությունը չի ձեռնարկել քայլեր Իսրայելի հետ ուղիղ և իմաստալից բանակցություններ մեկնարկելու ուղղությամբ, ընդհակառակը՝ Պաղեստինի ազատության կազմակերպության ղեկավարությունը դատապարտեց ԱՄՆ խաղաղության ծրագիրը, որը նրանք դեռևս չեն տեսել և հրաժարվեցին համագործակցել ԱՄՆ կառավարության հետ։ ․․․Միացյալ նահանգները շարունակում է հավատալ, որ երկու կողմերի միջև ուղիղ բանակցությունները առաջ շարժվելու միակ ճանապարհն է»[43]։
Ե վ այսպես, հունվարին հրապարակվեց 180 էջանոց խաղաղության ծրագիրը (Peace to prosperity: A vision to improve the lives of the Palestinian and Israeli people), որտեղ ամփոփվում են ծրագրի քաղաքական ու տնտեսական բաղադրիչները։
Փաստաթղթում մասնավորապես նշված է․ «իսրայելցիներն ու պաղեստինցիները մեծապես տուժել են իրենց հին և, կարծեք թե, անվերջանալի հակամարտության պատճառով։ Շուրջ մեկ դար միջազգային առաջնորդները, դիվանագետները և գիտնականները քննարկում են այդ խնդիրները և փորձում լուծել այդ հակամարտությունը։ Աշխարհը շատ է փոխվել այդ ընթացքում, փոխվել են նաև Մերձավոր Արևելքի անվտանգության մարտահրավերները։ Վիճելի հարցերից շատերը մնացել են նույնը, չկարգավորված։ Եկել է ժամանակը վերջ դնելու հակամարտությանը և բանալու ահռելի մարդկային ներուժն ու տնտեսական հնարավորությունը, որոնք խաղաղություն են բերելու իսրայելցիներին, պաղեստինցիներին ու ողջ տարածշաշրջանին»[44]։ Փաստաթղթով նախատեսվում է ձևավորել ազատ տնտեսական գոտի Հորդանանի և ապագա Պաղեստինի պետության միջև ընկած տարածքում՝ երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման նպատակով[45]։
Թրամփի վարչակազմը 2020-ի հունվարին հանրայնացրեց երկու «հայեցակարգային քարտեզներ»՝ «Իսրայելի պետության» և «Պաղեստինի ապագա պետության» քարտեզները՝ որպես խաղաղության ծրագրի բաղկացուցիչ մաս։ Քարտեզներում ներկայացված են Իսրայելը, Արևմտյան ափը և Գազայի հատվածը՝ որպես առանձին միավոր, մի շարք իսրայելական անկլավներ (Israeli enclave communities), Արևմտյան ափ-Գազայի հատված թունելը, Պաղեստինի ապագա պետությունը, ճանապարհներ, ռազմավարական վայրեր և այլն։ Քարտեզում երևում է, որ Իսրայելի տարածքում են ներառված Մեռյալ ծովից անմիջապես արևմուտք ու հյուսիս ընկած տարածքները, ձգվելով դեպի հյուսիս՝ Հորդանանի հովտի երկայնքով։ Պաղեստինցիների վերահսկողության տակ են անցնում Նեգևում առանձնացված տարածքները, որոնք ձգվում են Գազայից դեպի Եգիպտոսի հետ սահման։
Աղբյուրը՝ https://www.whitehouse.gov/wp-content/uploads
Թրամփի ծրագրի քարտեզը
2020-ի հունվարի 28-ին նախագահ Թրամփը և վարչապետ Նեթանյահուն հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Նեթանյահուն, դիմելով Թրամփին, նշում էր․ «Իսրայելը կիրառելու է իր օրենքները Հորդանանի հովտի, Հուդեայում ու Սամարիայում բոլոր հրեական բնակավայրերի և այլ գոտիների նկատմամբ, որոնք ձեր ծրագիրը համարում է որպես Իսրայելի մաս և որոնք Միացյալ Նահանգները համաձայնել է ճանաչել որպես Իսրայելի մաս»[46]։
Թրամփն իր ելույթում հայտարարեց․ «Այսօր Իսրայելը մեծ քայլ է կատարում դեպի խաղաղություն։ Մերձավոր Արևելքի երիտասարդությունը պատրաստ է ունենալ ավելի հուսալի ապագա, և տարածաշրջանի կառավարությունները հասկանում են, որ ահաբեկչությունը և իսլամական ծայրահեղականությունը յուրաքանչյուրի համընդհանուր թշնամին է։ ․․․Իմ առաջին արտասահմանյան այցելությունը որպես նախագահ, ես կատարեցի Իսրայել։ Ես խորապես հուզվեցի ու զարմացա, թե ինչի է հասել այս փոքր երկիրը ի դեմս անհաղթահարելի դժվարությունների ու անդադար սպառնալիքների։ Իսրայելի պետությունը բաղկացած է Մերձավոր Արևելքում փոքր հողատարածքից, սակայն դարձել է ժողովրդավարության, նորարարության, մշակույթի և առևտրի բարգավաճման կենտրոն։ Իսրայել իմ այցելության ընթացքում ես հանդիպեցի նաև Պաղեստինի նախագահ Աբասի հետ։ Ինձ տխրեցրեց պաղեստինցի ժողովրդի ճակատագիրը։ Նրանք արժանի են շատ ավելի լավ կյանքի։ ...Պաղեստինցիները հայտնվել են ահաբեկչության, աղքատության ու բռնության թակարդում և շահագործվում են նրանց կողմից, ովքեր փորձում են օգտագործել նրանց որպես շախմատային զինվորներ՝ ահաբեկչության և ծայրահեղականության առաջմղման համար։ Ես վերադարձա այցելությունից և որոշեցի գտնել կառուցողական ճանապարհ, և դա լինելու է շատ հզոր ճանապարհ պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում։ ․․․Իմ տեսլականը ներկայացնում է «հաղթանակ-հաղթանակ» հնարավորություն երկու կողմի համար էլ, հարցի կարգավորում՝ իրատեսական երկու պետությունների ստեղծմամբ։․․․ Սա առաջին անգամ է, որ Իսրայելը թույլատրել է հայեցակարգային քարտեզի հրապարակումը, որտեղ պատկերված են տարածքային զիջումներ, որին երկիրը պատրաստ է իրականացնել հանուն խաղաղության։ Տեսլականի համաձայն, Երուսաղեմը մնալու է Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը։ Եվ Միացյալ Նահանգները ճանաչելու է Իսրայելի սուվերենությունն այն տարածքների նկատմամբ, որոնք իմ տեսլականի համաձայն, լինելու են Իսրայելի պետության մաս։ Ինչպես գիտեք, ես շատ բան եմ արել Իսրայելի համար․ Միացյալ Նահանգների դեսպանության տեղափոխումը Երուսաղեմ, Գոլանի բարձունքների ճանաչումը և անկեղծորեն, հավանաբար ամենակարևորը՝ Իրանի սոսկալի միջուկային համաձայնագրից դուրսգալը։ Այդ պատճառով, ողջամիտ է, որ ես պետք է շատ բան անեմ պաղեստինցիների համար էլ, այլապես դա անարդար կլինի։ Այսօրվա համաձայնագիրը պատմական հնարավորություն է պաղեստինցիների համար՝ վերջապես հասնելու սեփական անկախ պետություն ունենալուն։ Փոքր առաջընթացի 70 տարիներ անց սա կարող է լինել նրանց վերջին հնարավորությունը, և վերջինը՝ շատ պատճառներով։ Մենք երբեք չենք ունենա մի թիմ, որն ունենք հիմա։․․․Այս քարտեզը ավելի քան կրկնապատկելու է պաղեստինյան տարածքները և նախատեսում է՝ արևելյան Երուսաղեմում պաղեստինյան մայրաքաղաքով, որտեղ ԱՄՆ-ն հպարտորեն բացելու է իր դեսպանությունը։ Ոչ ոք պաղեստինցիներից կամ իսրայելցիներից չի լքելու իր տունը։ Իսրայելը սերտորեն աշխատելու է մի հրաշալի մարդու՝ Հորդանանի թագավորի հետ՝ երաշխավորելու, որպեսզի Տաճարի լեռան ստատուս քվոն պահպանվում է։ Միջոցներ են ձեռնարկվում Ալ Աքսա մզկիթ բոլոր մուսուլմանների այցելության ու աղոթքի կազմակերպման համար։ Միաժամանակ, մեր տեսլականը ապահովում է $50 մլրդի խոշոր առևտրային ներդրում նոր պաղեստինյան պետությունում։ Եթե գործընթացը լավ կազմակերպվի, հաջորդ 10 տարում Պաղեստինում կստեղծվի 1 մլն նոր աշխատատեղ, աղքատության մակարդակը կիսով չափ կկրճատվի, նրանց ՀՆԱ-ն կկրնկապատկվի, կեռապատկվի: Ես այսօր նամակ ուղարկեցի նախագահ Աբասին, բացատրեցի նրան, որ իր նոր պետության համար հատկացվող տարածքները մնում են բաց և չզարգացած 4-ամյա ժամանակահատվածում։ Այդ ընթացքում, պաղեստինցիները կարող են մանրամասն ուսումնասիրել գործարքը, բանակցել Իսրայելի հետ, ձեռք բերել պետականության համար չափանիշներ և դառնալ իրապես անկախ ու հրաշալի պետություն»[47],[48]։
Աղբյուրը՝ https://twitter.com/MessageFromLen/status/
https://www.youtube.com/watch?v=XzDuj1ZB8XM
Թրամփ-Նեթանյահու համատեղ ասուլիսը, 2020-ի հունվար
Թրամփի խոսքով՝ «Միացյալ Նահանգների դաշինքը Իսրայելի հետ երբեք չի եղել այսչափ ուժեղ, քան հիմա է․ միասին մենք կարող ենք նոր շունչ բերել Մերձավոր Արևելք»[49]։
Նեթանյահուն իր ելույթում նշեց․ «Սա պատմական օր է և հիշեցնում է մեկ այլ պատմական օրը․ մենք հիշում ենք, երբ 1948-ի մայիսի 14-ին նախագահ Տրումենը դարձավ առաջին համաշխարհային առաջնորդը, ով ճանաչեց Իսրայելի պետությունը՝ այն բանից հետո, երբ մեր առաջին վարչապետ Դավիթ Բեն Գուրիոնը հռչակեց մեր անկախությունը։ Այդ օրը նշանավորեց մի փայլուն ապագա։ Պարոն նախագահ, ես հավատում եմ, որ տասնամյակներ անց և միգուցե դարեր անց, մենք նաև հիշելու ենք 2020-ի հունվարի 28-ը, որովհետև այս օրը դուք դարձաք առաջին համաշխարհային առաջնորդը, ով ճանաչեց Իսրայելի սուվերենությունը Հուդեայի ու Սամարիայի շրջանների նկատմամբ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր անվտանգության համար և առանցքային են մեր ժառանգության համար։ ...Իսրայելի պետության ձևավորումից սկսած, Իսրայելը ձգտել է խաղաղության մեր պաղեստինցի հարևանների հետ, ձգտել է խաղաղության արաբական աշխարհի հետ։ Տասնամյակներ շարունակ, այդ խաղաղությունը եղել է անորսալի։ Չնայած բազում լավ մշակված ծրագրերի՝ դրանք մեկը մյուսի ետևից ձախողվեցին․ ինչու՞ ձախողվեցին, որովհետև դրանք չթիրախավորեցին ճշգրիտ հավասարակշռությունը Իսրայելի կենսական անվտանգության ու ազգային շահերի և Պաղեստինի ինքնորոշման ձգտումների միջև։ Չափից ավելի ծրագրերով փորձեր կատարվեցին ճնշելու Իսրայելին, որպեսզի վերջինս դուրս գա կենսական նշանակության տարածքներից, ինչպես, Հորդանանի հովիտն է։ Սակայն դուք, պարոն նախագահ, հռչակեցիք, որ Իսրայելը պետք է ունենա սուվերենություն Հորդանանի հովտում և Հուդեայի ու Սամարիայի այլ ռազմավարական գոտիներում։ Դուք ճանաչում եք Իսրայելի սուվերենությունը Հուդեայում ու Սամարիայում բոլոր հրեական բնակավայրերի նկատմամբ»[50]։
Նեթանյահուն առանձնացրեց 6 կետ, որոնք ամփոփում են Թրամփի վարչակազմի ներկայացրած ծրագրի առավելությունները․
- այն հասցեագրում է հակամարտության արմատական պատճառը, պնդելով, որ պաղեստինցիները վերջապես ստիպված կլինեն ճանաչել Իսրայելը որպես Հրեական պետություն։
- այն սահմանում է, որ Իսրայելը կպահպանի անվտանգային վերահսկողությունը Հորդանան գետի արևմտյան ողջ տարածքների նկատմամբ․․․։
- ձեր ծրագիրը կոչ է անում Համասին զինաթափվել, Գազային՝ ապառազմականացվել։
- այն հստակեցնում է, որ պաղեստինցի փախստականների խնդիրը պետք է լուծվի Իսրայելի պետությունից դուրս։
- այն կոչ է անում, որ մեր հինավուրց մայրաքաղաք Երուսաղեմը, մնալու է միացյալ՝ Իսրայելի սուվերենության ներքո։ Այն, անշուշտ, հաստատում է, որ կրոնական սրբատեղիները մնալու են հասանելի բոլոր հավատքների համար։ Եվ այն հաստատում է Տաճարի լեռան ստատուս քվոն։
- ձեր ծրագիրը չի ստիպում որևէ մեկի լքել իր տունը․․․[51]։
Թրամփի վարչակազմի կողմից 2020-ի հունվարին պաղեստինա-իսրայելական համակարտության կարգավորման քարտեզի ներկայացումից հետո, Իսրայելը սկզբնական շրջանում հավատացած էր, որ արդեն կարող է անմիջապես իր սուվերենությունը հաստատել այդ տարածքների նկատմամբ։ Սակայն ԱՄՆ-ն խնդրեց Իսրայելին, որպեսզի դադարեցնի այդ քայլը մի քանի ամսով[52]։
Ամփոփում
Թրամփի վարչակազմի խաղաղության ծրագիրը հակամարտության վերջնական կարգավորման տեսանկյունից շարունակում է մնալ խնդրահարույց նախ այն պատճառով, որ այն չի ընդունում հակամարտության անմիջական կողմերից մեկը՝ պաղեստինյան ղեկավարությունը։ Եթե վերջինս ընդառաջ գնա ծրագրին, դա կարող է հանգեցնել Պաղեստինում հանրային դժգոհությունների ու իշխանափոխության, ինչի հետևանքով կարող են իշխանության գալ առավել պահպանողական ուժեր։ Ծրագրի իրագործումը բարդանում է նաև Իրանի ու Թուրքիայի ազդեցությամբ, որոնք կփորձեն ամեն գնով տապալել Վաշինգտոնի նախաձեռնությունը։
Գրականության ցանկը
- https://edition.cnn.com/2019/05/28/politics/jared
- https://edition.cnn.com/videos/tv/2018/02/02/exp
- https://twitter.com/realDonaldTrump/status/1133
- https://www.atlanticcouncil.org/blogs/menasour
- https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/668
- https://www.aljazeera.com/news/2019/06/kushn
- https://www.reuters.com/article/us-israel-palesti
- https://www.cnbc.com/2019/06/25/jared-kushne
- https://www.middleeastmonitor.com/20190626-
- https://www.aljazeera.com/programmes/talktoja
- https://www.whitehouse.gov/wp-content/upload
- https://www.npr.org/2019/06/24/735329132/tru
- https://www.atlanticcouncil.org/blogs/menasour
- https://www.timesofisrael.com/senior-us-team-t
- https://www.middleeastmonitor.com/20200122-
- https://www.jpost.com/arab-israeli-conflict/kush
- https://www.youtube.com/watch?v=kff9jLVAQ7
- https://www.whitehouse.gov/briefings-statemen
- https://www.youtube.com/watch?time_continue
- https://www.whitehouse.gov/briefings-statemen
- https://www.state.gov/on-u-s-assistance-to-unr
- https://edition.cnn.com/2018/08/31/politics/trum
- https://edition.cnn.com/2018/01/16/politics/us-p
- https://www.state.gov/closure-of-the-plo-office-i
- https://www.timesofisrael.com/trumps-conceptu
- https://www.whitehouse.gov/briefings-statemen
- https://www.youtube.com/watch?v=XzDuj1ZB8
- https://www.foxnews.com/politics/trump-israel-u
[1] https://edition.cnn.com/2019/05/28/politics/jared
[2] https://edition.cnn.com/2019/05/28/politics/jared
[3] https://edition.cnn.com/2019/05/28/politics/jared
[4] https://edition.cnn.com/2019/05/28/politics/jared
[5] https://edition.cnn.com/videos/tv/2018/02/02/exp
[6] https://twitter.com/realDonaldTrump/status/1133
[7] https://edition.cnn.com/2019/05/28/politics/jared
[8] https://www.atlanticcouncil.org/blogs/menasourc
[9] https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/668
[10] https://www.aljazeera.com/news/2019/06/kushn
[11] https://www.reuters.com/article/us-israel-palesti
[12] https://www.cnbc.com/2019/06/25/jared-kushne
[13] https://www.cnbc.com/2019/06/25/jared-kushne
[14] https://www.cnbc.com/2019/06/25/jared-kushne
[15] https://www.middleeastmonitor.com/20190626-
[16] https://www.aljazeera.com/news/2019/06/kushn
[17] https://www.aljazeera.com/news/2019/06/kushn
[18] https://www.aljazeera.com/programmes/talktoja
[19] https://www.whitehouse.gov/wp-content/upload
[20] https://www.whitehouse.gov/wp-content/upload
[21] https://www.npr.org/2019/06/24/735329132/trum
[22] https://www.aljazeera.com/news/2019/06/kushn
[23] https://www.aljazeera.com/programmes/talktoja
[24] https://www.aljazeera.com/news/2019/06/kushn
[25] https://www.reuters.com/article/us-israel-palesti
[26] https://www.reuters.com/article/us-israel-palesti
[27] https://www.reuters.com/article/us-israel-palesti
[28] https://www.atlanticcouncil.org/blogs/menasour
[29] https://www.atlanticcouncil.org/blogs/menasour
[30] https://www.timesofisrael.com/senior-us-team-t
[31] https://www.middleeastmonitor.com/20200122-
[32] https://www.jpost.com/arab-israeli-conflict/kush
[33] https://www.youtube.com/watch?v=kff9jLVAQ7
[34] https://www.jpost.com/arab-israeli-conflict/kush
[35] https://www.jpost.com/arab-israeli-conflict/kush
[36] https://www.whitehouse.gov/briefings-statemen
[37] https://www.youtube.com/watch?time_continue
[38] https://www.whitehouse.gov/briefings-statemen
[39] https://www.whitehouse.gov/briefings-statemen
[40] https://www.state.gov/on-u-s-assistance-to-unr
[41] https://edition.cnn.com/2018/08/31/politics/trum
[42] https://edition.cnn.com/2018/01/16/politics/us-p
[43] https://www.state.gov/closure-of-the-plo-office-i
[44] https://www.whitehouse.gov/wp-content/upload
[45] https://www.whitehouse.gov/wp-content/upload
[46] https://www.timesofisrael.com/trumps-conceptu
[47] https://www.whitehouse.gov/briefings-statemen
[48] https://www.youtube.com/watch?v=XzDuj1ZB8
[49] https://www.whitehouse.gov/briefings-statemen
[50] https://www.whitehouse.gov/briefings-statemen
[51] https://www.whitehouse.gov/briefings-statemen
[52] https://www.foxnews.com/politics/trump-israel-