Խաղաղապահ առաքելություններ
5 ր. | 2020-11-09Միջազգային փորձ և հայ իրականություն
Խ աղաղապահ առաքելության նպատակը լայն առումով աջակցությունն է հակամարտության մեջ գտնվող երկրներին՝ դուրս գալու պատերազմական իրավիճակից։ Այն իրականացվում է ինչպես զինվորական և ոստիկանական, այնպես էլ քաղաքացիական ուժերի միջոցով։ Խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը, աջակցություն ցուցաբերում վերջնական խաղաղության հաստատմանը։ Այս համատեքստում խաղաղապահ առաքելությունն իրականացնում է երկու խնդիր. ա) բախումների բացառում հակամարտող կողմերի միջև և բ) աջակցություն հակամարտության քաղաքական կարգավորմանը։
Խաղաղապահ առաքելությունը հիմնվում է երեք սկզբունքների վրա՝ կողմերի համաձայնություն, անաչառություն և ուժի չկիրառում՝ բացառությամբ ինքնապաշտպանության և մանդատով նախատեսված գործառույթների իրականացման դեպքերի։
Խաղաղապահ ուժերի մանդատը՝ իրավասության շրջանակները, բավական լայն է՝ պարզ դիտարկումից ընդհուպ մինչև ուժի կիրառում։ Պարզ դիտարկումը նշանակում է վերահսկողություն կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ։ Այս դեպքում խաղաղապահների խնդիրն է արձանագրել խախտումները և հաղորդել այդ մասին տեղեկատվությունը համապատասխան ատյաններին։ Նմանատիպ առաքելության արդյունավետությունը կախված է նաև այն հանգամանքից, որ արձանագրվի և համապատասխան մարմիններին փոխանցվի տեղեկատվություն, թե հակամարտող կողմերից որ մեկն է խախտում հրադադարը։ Միայն այս դեպքում է հնարավոր կանխել հետագա խախտումները։ Մինչդեռ զուտ հրադադարի խախտման փաստի արձանագրումը՝ առանց խախտողի մատնանշման, գրեթե զրոյականի է հասցնում խաղաղապահ առաքելության արդյունավետությունը։
Ուժի կիրառումը նշանակում է բախումների առաջացման դեպքում ընդհուպ մինչև ռազմական միջամտություն խաղաղության վերականգնման համար։
Առհասարակ՝ խաղաղապահ առաքելությունների հիմքում մեծապես ընկած է «պաշտպանելու պարտականության» («Responsibility to protect») սկզբունքը։ Սա այն դեպքն է, երբ որևէ էթնիկ կամ կրոնական խումբ ենթարկվում է հալածանքների, զտումների կամ ցեղասպանության։ Խոսքը վերաբերում է հատկապես պետականազուրկ ժողովուրդներին (օրինակ՝ Սինջարի եզդիները) կամ իրենց անկախության համար պայքարող ժողովուրդներին, որոնց անկախությունը, սակայն, միջազգայնորեն ճանաչված չէ։ Քանի որ այդ ժողովուրդները, զուրկ լինելով պետականության լիարժեք հաստատություններից, ի զորու չեն արդյունավետ պաշտպանելու իրենց, այս պատասխանատվությունն ընկնում է միջազգային հանրության վրա։ Այս համատեքստում նշենք, որ սկսած 1990-ականներից Արցախում Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է արցախահայությանը ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։
Անվտանգության ապահովման նպատակով իրականացվող խաղաղապահ առաքելությունները, բացի ռազմական կամ դիտորդական գործառույթներից, կարող են իրականացնել նաև մարդասիրական գործառույթներ, ինչպիսիք են, օրինակ, ականազերծման աշխատանքները կամ առողջապահական ծառայությունները։ Հայաստանի Հանրապետությունը, օրինակ, Սիրիայում իրականացնում է հենց այդպիսի մարդասիրական առաքելություն։
Խաղաղապահ առաքելությունների մանդատի մեջ կարող են մտնել նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, հակամարտող կողմերի ապառազմականացումը՝ զինաթափումը։ Վերջինս ավելի շատ առնչվում է հակամարտությունների վերջնական կարգավորմանը, երբ նվազագույնի է հասցվում իրավիճակի սրման՝ նոր բախումների հնարավորությունը։
Քանի որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը, խաղաղապահ առաքելություններն էլ իրականացվում են ամենատարբեր, երբեմն՝ խիստ բարդ ֆիզիկական և քաղաքական պայմաններում։ Այդ պատճառով էլ միշտ չէ, որ դրանց հաջողությունն ամբողջությամբ երաշխավորված է։ Այնուամենայնիվ, խաղաղապահ առաքելությունները շարունակում են մնալ հակամարտությունների գոտում լիցքաթափման, լարվածության աճի կանխման գործուն միջազգային մեխանիզմ։
Վերոնշյալից բխում է, որ խաղաղապահ գործունեությունն ինքնին չի կարող լինել քարացած երևույթ։ Այն տարբեր հանգամանքների ազդեցությամբ ենթարկվում է փոփոխությունների։ Այդպիսի հանգամանքներ են, օրինակ, նոր մարտահրավերների ի հայտ գալը, գիտատեխնիկական առաջընթացը և այլն։ Տեխնոլոգիական միջոցների զարգացումը, օրինակ, թույլ է տալիս որոշակի փոփոխությունների կատարել դիտորդական առաքելությունների գործունեության մեջ։ Եթե մինչ այժմ դրանք իրականացվել են մարդկային ներուժի միջոցով, ապա այժմ հնարավոր է իրականացնել նաև անօդաչու թռչող սարքերի կամ արբանյակային դիտարկումների ու նկարահանումների միջոցով։
Խաղաղապահ առաքելություններն իրականացվում են լայն միջազգային համագործակցության շնորհիվ, որում ընդգրկվում են.
- Այն միջազգային կազմակերպությունը, որի հովանու ներքո էլ իրականացվում է խաղաղապահ առաքելությունը,
- Այն երկրները, որոնք տալիս են խաղաղապահ ուժեր՝ ոստիկանական և ռազմական,
- Ընդունող երկրները, որոնց տարածքում իրականացվում է խաղաղապահ առաքելությունը։
Ժամանակի ընթացքում խաղաղապահ առաքելությունների թվաքանակը և աշխարհագրությունն էապես ընդլայնվել են։ Ներկայում, օրինակ, ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվում է 15 խաղաղապահ առաքելություն։ Դրանցում մասնակցում է ընդհանուր առմամբ ավելի քան 128 հազար զինվորական, ոստիկան, քաղաքացիական անձ։ Համեմատության համար նշենք, որ 2000-ականներին խաղաղապահ առաքելություններում մասնակցում էր մոտ 34 հազար զինվորական ու ոստիկան։ Խաղաղության պահպանման նպատակով ծախսվում է տարեկան մոտ $10 մլրդ.[1]։
Ներկայում խաղաղապահ առաքելություններ իրականացվում են, օրինակ, Կոսովոյում՝ ՆԱՏՕ-ի հովանավորության ներքո, Լիբանանում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, աֆրիկական երկրներում և այլուր։
Ա րցախյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը գրեթե միշտ էլ օրակարգային է եղել, սակայն խնդիրն առավել հրատապություն ստացավ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Այն, մասնավորապես, հանգում է հրադադարի ռեժիմի ամրապնդման միջազգային մեխանիզմների ներդրմանը։ Դրանք մեծ հաշվով վերահսկման մեխանիզմներն են։ 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններով նախատեսվում էր՝
- Շփման գծի երկայնքով մշտադիտարկման իրականացում,
- Միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրում,
- ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորությունների ընդլայնում, մասնավորապես, նրա անձնակազմի մեծացում։
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանաթուրքական ագրեսիայի համատեքստում միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ուղղված են կայուն հրադադարի հաստատմանը։ Երեք անգամ՝ հոկտեմբերի 10-ին, 17-ին և 25-ին, ձեռք է բերվել մարդասիրական հրադադարի հաստատման պայմանավորվածություն, սակայն ադրբեջանական կողմն այդպես էլ չի գնացել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Եվ ամեն անգամ խախտելով հրադադարը՝ Բաքուն մեղքը բարդել է հայկական կողմի վրա։
Նման իրավիճակից ելքը հրադադարի ռեժիմի վերահսկողության միջազգային մեխանիզմների ներդրումն է, ինչին էլ ձգտում են ՀՀ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Խնդիրը դեռևս չի հաջողվել լուծել ադրբեջանական կողմի ապակառուցողական ջանքերի պատճառով, որը շահագրգռված չէ նման վերահսկողական մեխանիզմների ներդրմամբ։
Արցախյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ առաքելության ներդրումը բարդ գործընթաց է։ Այն կապված է բազմաթիվ հարցերի հետ, ինչպիսիք են.
- Ո՞ր միջազգային կազմակերպության հովանու ներքո պետք է իրականացվի խաղաղապահ առաքելությունը,
- Ինչպիսի՞ քանակակազմով (կոնտինգենտ) պետք է ներգրավվի դրանում,
- Ո՞ր երկրները պետք է տրամադրեն զինված ուժեր,
- Արդյոք Թուրքիան չի՞ փորձի մասնակցել խաղաղապահ առաքելությանը, ինչն անընդունել է հայկական կողմի համար,
- Ի՞նչ մանդատ՝ իրավասությունների շրջանակ, պետք է ունենան խաղաղապահ ուժերը,
- Քանի տարով պետք է իրականացվի խաղաղապահ առաքելությունը և այլն։
Այս հարցերի հստակեցումը տևական ժամանակ և բանակցություններ է պահանջում։ Հետևաբար, Արցախյան հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության ներդրումը կարելի է իրականացնել երկու փուլով։ Առաջին փուլը հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմների ներդրումն է, որով կերաշխավորվի կրակի կայուն դադարեցումը, իսկ երկրորդը՝ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա արդեն խաղաղապահ ուժերի տեղակայումը։
Արցախյան հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության իրականացումը կարող է տեղի ունենալ ԵԱՀԿ հովանու ներքո, որն էլ զբաղվում է հակամարտության կարգավորմամբ։ Հայկական կողմը հավանություն է տվել ռուսական խաղաղապահ քանակակազմի տեղակայմանը։
Խաղաղապահ առաքելության իրականացում հնարավոր է նաև ՀԱՊԿ-ի հովանու ներքո։
[1] Никитин А., Миротворчество ООН: обновление принципов, реформирование практики, Мировая экономика и международные отношения, 2016, том 60, № 3, c. 16.