Ռուս-ադրբեջանական հարաբերությունները

28 ր.   |  2020-11-04

Հոդվածը պատրաստվել է 2020թ. սեպտեմբերին

Ներածություն

Խ որհրդային Միության անկումից հետո առաջին մի քանի տարիներին ռուս-ադրբեջանական հարաբերությունները բնորոշվում էին լարվածությամբ։ Հատկապես Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության իշխանության շրջանում հռետորաբանությունը հաճախ դուրս էր գալիս ոչ միայն դիվանագիտական, այլև քաղաքական էթիկայի շրջանակներից։ Իրավիճակը կայունացավ Հ. Ալիևի իշխանության գալուց հետո։

Կարծում ենք, վերջինիս իշխանության պահպանման գաղտնիքը, ի տարբերություն նախորդ երկու նախագահներ Այազ Մութալիբովի և Աբուլֆազ Էլչիբեյի, հետևյալ երկու հիմնական գործոնների մեջ էր.

  • Ալիևը կարողացավ կայուն զինադադարի հասնել Արցախյան պատերազմում, չնայած նրա նախագահության օրոք էլ ընթացել են թեժ մարտեր, որոնց արդյունքում հայկական զինուժն ազատագրել է 4 շրջան։ Մինչ 1994թ. մայիսի 12-ը եղել են մի քանի զինադադար, որոնք սակայն տևական չեն եղել։
  • Ալիևն իշխանության գալուց կարճ ժամանակ անց կարողացավ կարգավորել և կայունացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ադրբեջանը դարձավ ԱՊՀ անդամ։ Կնքվեցին մի շարք երկկողմ պայմանագրեր, որոնց թվում՝ 1997թ. պայմանագիրը «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին», որի դրույթները հետագա զարգացում ստացան Բաքվի (2001թ.) և Մոսկվայի (2004թ.) հռչակագրերում։ Նման պայմանագիր ստորագրվել էր դեռևս 1992թ.՝ Ա. Էլչիբեյի նախագահության օրոք, սակայն չէր վավերացվել կողմերի սուր հակասությունների պատճառով։

Հիշյալ երկու գործոնները[1] փոխկապակցված են. Արցախյան հարցում զինադադարը կնքվեց Ռուսաստանի գործուն դիվանագիտական ջանքերի շնորհիվ, իսկ Հ. Ալիևը, մեղմ ասած, շահագրգռություն է ցուցաբերել Ռուսաստանի այդ ջանքերի գործադրման համար։

Չնայած Ադրբեջանը չի անդամակցում հետխորհրդային տարածքում ստեղծված տնտեսական և ռազմաքաղաքական այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), սակայն դա չի խանգարում Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն մակարդակի ղեկավարներին՝ նախագահներին և արտաքին գործերի նախարարներին և այլն, երկու երկրների հարաբերությունները բնորոշելիս օգտագործել «ռազմավարական» մակդիրը։

Բերենք ամենաթարմ օրինակները։ 2020թ. հուլիսի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի և իր ադրբեջանցի նորանշանակ գործընկեր Ջ. Բայրամովի հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման երկուստեք պատրաստակամությունը[2]։

2020թ. օգոստոսի 26-ին Մոսկվայում Ջ. Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Ս. Լավրովը կրկին Ադրբեջանը համարել է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր՝ նշելով, որ բանակցությունների ժամանակ ռազմավարական գործընկերության դիրքերից քննարկվել են երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների և բազմակողմ ձևաչափով համագործակցության շուրջ[3]։

Ադրբեջանը, չմասնակցելով հետխորհրդային տարածքի ռազմաքաղաքական և տնտեսական խորը համարկման ծրագրերին, միաժամանակ չունի նաև ընդգծված արևմտամետ քաղաքականություն։ Այն իր առջև չի դնում այնպիսի հավակնոտ խնդիրներ, ինչպիսիք են անդամակցությունը Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպությանը (ՆԱՏՕ) և Եվրոպական Միությանը (ԵՄ)։ Ադրբեջանը հրաժարվեց անգամ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից։ Ժամանակ առ ժամանակ սրվում են այդ երկրի հարաբերությունները եվրոպական այնպիսի կառույցների հետ, ինչպիսին է, օրինակ, Եվրոպայի Խորհուրդը (ԵԽ)։

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Ադրբեջանը վարում է չեզոք արտաքին քաղաքականություն, որը բնորոշվում է դեպի այս կամ այն աշխարհաքաղաքական ուժի կենտրոնը հստակ կողմնորոշման բացակայությամբ։ Նման քաղաքականությունը բնորոշվում է նաև բազմակողմ (բազմավեկտոր) կամ հավասարակշռված (բալանսավորված) մակդիրներով, քանի որ խնդիր է դրվում զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ բոլոր աշխարհաքաղաքական ուժի կենտրոնների հետ (Ռուսաստան, ԵՄ, Չինաստան և այլն)։ Ադրբեջանը նաև «Չմիացման շարժման» անդամ է[4] և չի խորշում անգամ այս հարթակն օգտագործել Արցախյան հարցում[5]։

Միակ երկիրը, որի նկատմամբ Ադրբեջանն ունի հստակ արտահայտված քաղաքական կողմնորոշում, Թուրքիան է։ Սակայն վերջինս աշխարհաքաղաքական ուժի կենտրոն չէ, այլ տարածաշրջանային տերություն, չնայած ունի նաև աշխարհաքաղաքական կենտրոնի վերածվելու անթաքույց հավակնություններ[6]։

Ասել, թե Թուրքիայի միջոցով Ադրբեջանը ձգտում է զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, ճիշտ չի լինի, քանի որ.

  • Այն ՆԱՏՕ-ին անդամակցության խնդիր չի դրել,
  • Նման խնդրի առկայության դեպքում Թուրքիայի աջակցությունը կարող է լինել զուտ երկրորդական գործոն, քանի որ բազմաթիվ երկրներ ձգտել և հասել են Հյուսիս-ատլանտյան կազմակերպությանն անդամակցության, որոշներն էլ ներկայում են ձգտում (Ուկրաինա, Վրաստան) անմիջականորեն՝ առանց երրորդ կողմի միջամտության, որքան էլ այդ երրորդ կողմը լինի դաշինքի անդամ։

Թուրքիայի հետ Ադրբեջանի զարգացող հարաբերությունների հիմքում ընկած են երկու պետությունների բնակչության մեծամասնության էթնո-լեզվական ընդհանրությունը (թյուրքալեզու ժողովուրդներ) և Թուրքիայի համաթյուրքականության նկրտումները։ Այսպիսով, Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ ընդգծված արևմտամետ գծի բացակայությունը հնարավորություն է տալիս արդյունավետ և կառուցողական երկխոսություն ծավալել Ռուսաստանի հետ։

Տնտեսական հարաբերություններ

Ա նկախ քաղաքական հարթության մեջ հարբերությունների վայրիվերումներից՝ հետխորհրդային շրջանում ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունները զգալիորեն զարգացել են։ Դրա հիմքում ընկած գործոնների թվում նշանակալի են.

  1. Աշխարհագրությունը՝ ա) ընդհանուր ցամաքային սահմանը և բ) ծովային հաղորդակցության հնարավորությունը. Ադրբեջանը և Ռուսաստանը Կասպից ծովի ափին գտնվող երկրներ են,
  2. Խորհրդայի շրջանից մնացած ժառանգությունը՝ էներգետիկ, տրանսպորտային ընդհանուր ենթակառուցվածքները, նախկին տնտեսական կապերը և այլն։

Հիշյալ գործոններով է պայմանավորված այն, որ նույնիսկ Ադրբեջանում Ա. Էլչիբեյի նախագահության օրոք (Ադրբեջանի ժողովրդական ճակատի կուսակցության կառավարման շրջան) բարդ քաղաքական հարաբերությունները չեն ազդել ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների վրա[7]։

Ներկայումս Անդրկովկասում Ադրբեջանը Ռուսաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է՝ հակառակ այն իրողության, որ Հայաստանն է ԵԱՏՄ անդամ։ Թեև Վրաստանը նույնպես ունի անմիջական ցամաքային սահման Ռուսաստանի հետ, ինչպես նաև ծովային հաղորդակցության հնարավորություն (Սև ծովով), այնուամենայնիվ, երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա իր բացասական ազդեցությունն է թողնում քաղաքական հարաբերությունների ցածր մակարդակը, որի դրսևորումներն են դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը[8], Վրաստանի ընդգծված եվրատլանտյան արտաքին քաղաքականությունը, որը նախկինում հաճախ դրսևորվել է հակառուսականությամբ[9], աբխազական և հարավօսական հակամարտության լուծված չլինելը, աբխազական երկաթուղու անգործությունը և այլն։

Մոսկվա-Բաքու տնտեսական հարաբերությունների բովանդակությունն են առևտուրը, ներդրումները և այլն։ Էներգակիրների և զենքի առևտուրը կարևոր տեղ ունի երկկողմ ապրանքաշրջանառության մեջ։ Սկզբնական շրջանում Ռուսաստանն էր բնական գազ մատակարարում Ադրբեջանին։ Հետագայում, սակայն, իր գազի հանքերի շահագործմամբ Ադրբեջանն ինքը սկսեց արտահանել երկնագույն վառելիք, այդ թվում՝ Ռուսաստան (2007թ.-ից)։ Ռուս-ադրբեջանական համատեղ խոշոր էներգետիկ նախագիծ կարող է լինել ադրբեջանական ատոմակայանը, որը, սակայն, մինչ այս պահը գաղափարի մակարդակում է և առկա է միայն խոսույթում։

Արևմուտք-Ռուսաստան քաղաքական հակասությունները և փոխադարձ տնտեսական պատժամիջոցների սահմանումը նոր հեռանկարներ ընձեռեցին Բաքվին՝ զարգացնելու տնտեսական կապերը Մոսկվայի հետ։ Ստեղծված իրավիճակը Ադրբեջանում գնահատեցին որպես Ռուսաստան գյուղմթերքի արտահանումը մեծացնելու հնարավորություն։ Դրանով էր պայմանավորված Բաքվի հրաժարումը Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին միանալուց, չնայած դա հիմնավորվում էր քաղաքական նկատառումներով՝ Արցախյան հակամարտության շահարկմամբ, իբր թե, Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները միակողմանի և անարդար են, քանի որ հաշվի չեն առնում հետխորհրդային տարածքի այլ հակամարտությունները[10]։

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2019թ. նախորդ տարվա համեմատ ռուս-ադրբեջանական առևտրաշրջանառությունն էական աճ է արձանագրել (27.5%)։ Ընդ որում, աճել է երկուստեք արտահանումը։ Եթե 2018թ. երկու երկրների առևտրաշրջանառությունը եղել է մոտ $2.5 մլրդ. (Ռուսաստանի արտահանումը՝ ավելի քան $1.7 մլրդ., Ադրբեջանինը՝ $773.5 մլն.), ապա 2019թ. այն եղել է մոտ $3.2 մլրդ. (Ռուսաստանի արտահանումը՝ ավելի քան $2.3 մլրդ., Ադրբեջանինը՝ $856.9 մլն.)։ Չնայած արտահանման երկուստեք աճին, այնուամենայնիվ, Ռուսատանի արտահանման ծավալների աճն անհամեմատ ավելի մեծ է եղել (35%), քան Ադրբեջանինը (10.8%)[11]։

Աղյուսակ 1. Ռուսաստանի և Ադրբեջանի առևտրաշրջանառության ծավալները 2018-2019թթ. ($մլն.)

 

Թվական

Առևտրա-շրջանառության ծավալը

Ռուսաստանի արտահանման ծավալը

Ադրբեջանի արտահանման ծավալը

2019թ.

$3.2մլրդ.

$2.3 մլրդ.

$856.9 մլն.

2018թ.

$2.5 մլրդ.

$1.7 մլրդ.

$773.5 մլն.

2018-2019թթ. Ռուսաստանից Ադրբեջան արտահանման կառուցվածքն էական փոփոխության չի ենթարկվել։ Այն ներկայացված է ստորև բերվող աղյուսակում։

Աղյուսակ 2. Ռուսաստանից Ադրբեջան արտահանման կառուցվածքը (2018-2019թթ.)[12]

Ապրանքատեսակը

2018թ.

2019թ.

Պարենային ապրանքներ և գյուղատնտեսական հումք

24.94%

26.78%

Մեքենաներ, սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ

18.89%

18.02%

Մետաղներ և մետաղական իրեր

18.44%

13.89%

Քիմիական արդյունաբերության ապրանքներ

11.55%

12.24%

Փայտանյութ և ցելյուլոզային-թղթային իրեր

13.90%

11.05%

Հանքամթերք

4.86%

10.31%

2018-2019թթ. Ադրբեջանից Ռուսաստան արտահանումը նույնպես էական փոփոխություն չի կրել։ Այն ներկայացված է ստորև բերվող աղյուսակում։

Աղյուսակ 3. Ադրբեջանից Ռուսաստան արտահանման կառուցվածքը (2018-2019թթ.)[13]

Ապրանքատեսակը

2018թ.

2019թ.

Պարենային ապրանքներ և գյուղատնտեսական հումք

68.04%

66.99%

Հանքամթերք

13.40%

13.31%

Քիմիական արդյունաբերության ապրանքներ

1.73%

4.16%

Հյուսվածքեղեն և կոշիկ

4.64%

3.75%

Մետաղներ և մետաղական իրեր

4.31%

3.18%

Մեքենաներ, սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ

1.17%

1.01%



2020թ. առաջին ամիսներին, հակառակ համավարակին, երկկողմ առևտրաշրջանառությունը ոչ միայն չի նվազել, այլև փոքր-ինչ ավելացել է։ Տնտեսական հարաբերությունների համակարգման նպատակով գործում է միջկառավարական հանձնաժողովը, որի համանախագահներն են երկու երկրների փոխվարչապետերը՝ Ա.Լ. Օվերչուկը (Ռուսաստան) և Շ.Ա. Մուստաֆաևը (Ադրբեջան)։

Ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունները զարգանում են ոչ միայն համապետական, այլև տարածաշրջանային մակարդակով։ Ռուսաստանի մի քանի տասնյակ տարածաշրջաններ, մասնավորապես, Աստրախանի մարզը, համագործակցում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ նրա առանձին շրջանների հետ։ Տարածաշրջանային մակարդակով հարաբերությունների զարգացման նպատակով պարբերաբար անցկացվում են միջտարածաշրջանային համաժողովներ։ Հերթականը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանում մինչև 2020թ. ավարտը։

Չնայած խորհրդային ժամանակներից մնացած բավարար ժառանգությանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն այժմ էլ ձգտում են զարգացնել երկու երկրները միմյանց կապող տրանսպորտային, էներգետիկ և այլ ենթակառուցվածքները, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափով։ Ներկայում Ադրբեջանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերը համատեղ են՝ միաժամանակյա (սինքրոն)։ Երկու երկրները շահագրգիռ են նաև Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էներգակամրջի (միասնական էներգետիկ ցանցի) ստեղծման հարցում։

Այս տարի շահագործման է հանձնվել Ռուսաստանը և Ադրբեջանը միմյանց կապող ևս մեկ ենթակառուցվածք՝ Սամուր գետի կամուրջը։

Ինչ վերաբերում է բազմակողմ տրանսպորտային նախագծերին, ապա Ռուսաստանը և Ադրբեջանն իրականացնում են «Հյուսիս-Հարավ» (Իրանի մասնակցությամբ) և «Արևելք-Արևմուտք» (Թուրքիայի մասնակցությամբ) ծրագրերը։ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը բաղկացած է երկու հանգուցային հատվածից՝ ա) Ռեշտ-Աստարա, որը Իրանը կկապի Ադրբեջանի հետ և բ) Աստարա-Բաքու-Աստրախան, որը Ադրբեջանը կկապի Ռուսաստանի հետ։

Ադրբեջանի համար «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» երկաթուղային նախագծերն ունեն ոչ միայն և ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նշանակություն։ Դա առաջին հերթին Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը խորացնելու թուրք-ադրբեջանական նկրտումների մեջ է։ Բաքվի շտապողականությունը Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման և գործարկման հարցում բացատրվում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը կանխելու ձգտումով։ Համաձայն Բաքվի ռազմավարների (ստրատեգ)՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու գործարկումը Իրանի համար ավելորդ կդարձնի Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։

Նույն նկատառումներով ժամանակին Բաքուն և Անկարան գնացին Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու[14] կառուցմանը։ Հատկապես երկաթուղու կառուցումը նպատակ էր հետապնդում Վրաստանի համար ստեղծել աբխազական երկաթուղու այլընտրանք։ Վերջինս Վրաստանի տարածքով Ռուսաստանը կապում է Հայաստանին։ Հետևաբար դրա հնարավոր վերագործարկումը էական նշանակություն ունի Հայաստանի համար՝ թուրք-ադրբեջանական շրջափակման հետևանքների հաղթահարման տեսանկյունից։ Այն միաժամանակ մեծացնում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հավանականությունը, քանի որ դրանով ստեղծվում է Հայաստանի և Վրաստանի միջով Ռուսաստանն Իրանին կապող մեծ ենթակառուցվածք՝ հետագա զարգացման հնարավորություններով և դրանից Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի համար բխող տնտեսական ու քաղաքական շահաբաժիններով։ Մինչդեռ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին, ըստ Բաքվի ռազմավարական ծրագրավորողների, նվազեցնում է Վրաստանի համար աբխազական երկաթուղու՝ որպես տարանցիկ տրանսպորտային ենթակառուցվածքի նշանակությունը և դրա վերագործարկումը դարձնում վերջինիս համար ավելորդ կամ ոչ առաջնային։

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հիմնական խոչընդոտ է համարվում Ռեշտ-Աստարա երկաթուղու իրանական հատվածի կառուցման ձգձգումը։ Արևմտյան պատժամիջոցների հետևանքով ծանր տնտեսական պայմաններում գտնվող Իրանի համար այդ նախագիծը ներկա պահին առաջնահերթություն չէ։

Սակայն տնտեսական դժվարությունների առաջ են կանգնած նաև Ռուսաստանը և Ադրբեջանը։ Ռուսաստանը նույնպես գտնվում է արևմտյան պատժամիջոցների ներքո։ Նավթի գների պարբերական տատանումները ազդում են երկու երկրների եկամուտների վրա։ Վերջապես, համավարակը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը, որից զերծ չեն նաև Ռուսաստանն ու Ադրբեջանը։

Եվ եթե Ադրբեջանի համար «Հյուսիս-Հարավ», ինչպես նաև «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքներն առաջնահերթություն են քաղաքական նկատառումներով, ապա նույնը չի կարելի ասել Ռուսաստանի առնչությամբ, քանի որ այդ նախագծերի տնտեսական արդյունավետությունը միանշանակ չէ. արդյոք կա՞ դրանց հրամայական անհրաժեշտությունը։ Այնպես որ, չնայած հիշյալ տրանսպորտային նախագծերը գտնվում են երկկողմ և եռակողմ հարաբերությունների օրակարգում, այնուամենայնիվ, դրանց մոտալուտ իրականացման հեռանկարները դեռևս հստակ չեն։

Վերոնշյալ բազմակողմ էներգետիկ և տրանսպորտային նախագծերը նաև ունեն իրենց այլընտրանքային կամ մրցակից գաղափար-նախագծերը։ Օրինակ՝ առկա է նաև Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան միասնական էներգետիկ համակարգի ստեղծման գաղափարը։ Վերջին շրջանում ռուս-վրացական հարաբերություններում նկատվող թեկուզ թույլ, բայց և այնպես դրական միտումները մեծացնում են այդ գաղափարի իրականացման հնարավորությունները։ Այս համատեքստում նշենք, որ վրացական քաղաքական վերնախավը սկսել է գիտակցել իր երկրի թուրք-ադրբեջանական կախվածությունից բխող վտանգները և փորձում է քայլեր կատարել այն թուլացնելու ուղղությամբ։ Իսկ դրա թերևս միակ ճանապարհը հարաբերությունների բարելավումն ու խորացումն է երկու մյուս հարևանների՝ Ռուսաստանի և Հայաստանի հետ, նրանց հետ համարկման քաղաքականությունը[15]։

Ինչ վերաբերում է տրանսպորտային նախագծերին, ապա վերոհիշյալ նախագծին զուգահեռ առկա է նաև Պարսից ծոցը Հայաստանի և Վրաստանի միջոցով Եվրոպային կապող երկաթուղու գաղափարը, որը, պայմանավորված թե՛ Իրանի և թե՛ Հայաստանի տնտեսական դժվարություններով՝ դեռևս նախագծի չի վերածվել ու իրականացվել։ Այնուամենայնիվ, այդ գաղափարից որևէ մեկը չի հրաժարվել։ Ի դեպ, Հայաստանը ամենակարճ և, հետևաբար, տնտեսական առումով ամենահարմար ճանապարհն է Պարսից ծոցը Սև ծովին կապելու համար։

Ռազմատեխնիկական կապեր

Ռ ազմատեխնիկական բնագավառում երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերը, բացի զենքի վաճառքից, ներառում են նաև ադրբեջանական սպայական կադրերի պատրաստում Ռուսաստանում, զենքի սպասարկում, վերանորոգում և այլն։

Ադրբեջանին Ռուսաստանը սկսեց զենք մատակարարել 2003թ.-ից։ Հետագայում կնքվեց համաձայնագիր $5 մլրդ.-ի սպառազինության մատակարարման մասին։

Ռուս-ադրբեջանական զենքի առևտուրն ունի թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական համատեքստ։ Ռուսաստանի համար այն կարևոր է հետևյալ հիմնական նկատառումներով.

  1. Դրանով ապահովվում են եկամուտներ պետական բյուջեի համար,
  2. Միաժամանակ ապահովվում է «թթվածին» ռազմարդյունաբերական համալիրի գործունեության, այն է՝ երկրի գիտատար արդյունաբերության և արտահանման համար։
  3. Կանխվում է ադրբեջանական շուկայի յուրացումը այլ զենք արտահանող երկրներից[16]։
  4. Ադրբեջանը հայտնվում է Ռուսաստանից ռազմատեխնիկական կախվածության մեջ։

Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանի ռազմականացման խնդրին՝ դրանից բխող հետևանքներով, ապա, ինչպես բազմիցս նշել են ռուսական կողմի ներկայացուցիչները, միևնույն է, եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, ապա վերջինս այն կգնի այլ երկրներից։ 2020թ. հուլիսյան հայ-ադրբեջանական սահմանային բախումների օրերին մամուլում տարածվում էին լուրեր, ըստ որոնց՝ Ադրբեջանը $5 մլրդ. ռազմական գործարք է իրականացրել Իսրայելի հետ։ Այս թիվը հավասար է Ռուսաստանի հետ կատարված զենքի առևտրի ծավալներին։ Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա դրանով ենթադրությունից իրականության է վերածվում այն միտքը, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը դադարեցնելու դեպքում Բաքուն այն ձեռք կբերի այլ երկրներից։

Տավուշյան լարվածության օրերին թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համգործակցությունն էապես համալրում է վերոհիշյալ տեսակետի ապացուցողական հենքը։ Դրա կռվաններն են.

  1. Թուրքական Բայրաքթար մակնիշի անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ադրբեջանին[17]
  2. Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Իսմայիլ Դամիրի հայտարարությունը, թե Թուրքիայի ողջ ռազմարդյունաբերական համալիրը Ադրբեջանի տրամադրության տակ է[18]
  3. Հուլիսի 29-ից մինչև օգոստոսի կեսը իրականացված թուրք-ադրբեջանական համատեղ մասշտաբային զորավարժությունները

Նշյալ զորավարժությունների նպատակով Ադրբեջան բերված թուրքական սպառազինությունը, այդ թվում՝ ռազմական օդուժը (F16 կործանիչներ) մնացել է այնտեղ[19]։ Ստացվում է, որ Անկարան զորավարժություններն օգտագործում է նաև դրանց ծխածածկույթի ներքո Բաքվին զենք մատակարարելու համար։ Ներկայում ավելի ու ավելի ակտիվ են դառնում խոսակցություններն Ադրբեջանում թուրքական ռազմական բազա(ներ) հիմնելու վերաբերյալ։

Ադրբեջանի համար զենքի առևտուրը Ռուսաստանի հետ ունի երկու նշանակություն.

  1. Այդ կերպ այն զինում է իր բանակը նորագույն սպառազինություններով։
  2. Փորձում է ռազմատեխնիկական համագործակցության խորացման միջոցով ապահովել Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի և Անդրկովկասում գերակայություն ունեցող գերտերության ադրբեջանամետ դիրքորոշումը Արցախյան հարցում։ Պարզ ասած՝ Ադրբեջանն այդ կերպ ձգտում է իր կողմը գրավել Ռուսաստանին Արցախյան հարցում։

Հումանիտար-մշակութային կապեր կամ «փափուկ ուժ»

Ա դրբեջանի հետ հարաբերություններում Մոսկվան կարևոր տեղ է հատկացնում նաև «փափուկ ուժի» քաղաքականությանը։ Այն միտված է ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի և քաղաքակրթության տարածմանն ու քարոզչությանն ադրբեջանական հասարակության շրջանում՝ Ռուսաստանի գրավչությունն ապահովելու նպատակով։ Այս ծիրում Ռուսաստանը զարգացնում է հումանիտար համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ իրականացնելով մշակութային, կրթական և այլ ծրագրեր։ Հումանիտար-մշակութային կապերը, առհասարակ, երկու երկրների համագործակցության համար բարենպաստ միջավայր ապահովող, վստահությունն ու փոխըմբռնումն ամրապնդող կարևորագույն գործոն են։

Այդ ասպարեզում կարևոր են ռուսական և ադրբեջանական մշակութային օրերի փոխադարձ անցկացումները երկու երկրներում, որոնք ունեն պարբերական բնույթ։ 2019թ. անցկացվել են Ադրբեջանում Ռուսաստանի մշակությաին օրեր։ Ռուսաստանում Ադրբեջանի մշակութային օրերի անցկացումը նախատեսված է 2020թ.։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով դրանք թեև չեն իրականացվել, սակայն մնում են օրակարգում, և համավարակային իրավիճակով պայմանավորված՝ կհստակեցվեն դրանց անցկացման ժամկետները։

Փափուկ ուժի կարևոր բաղադրիչ է կրթությունը։ Ադրբեջանում գործում են հարյուրավոր ռուսական դպրոցներ, ինչի արդյունքում, համաձայն փորձագիտական գնահատականների՝ ռուսերենի տարածումն Ադրբեջանում հիմնականում պատշաճ մակարդակի վրա է։ Ռուսաստանում առհասարակ գնահատում են ռուսաց լեզվի և մշակույթի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների և հասարակության հոգատար վերաբերմունքը։

Դրա հետ մեկտող Ռուսատանը մեծ նշանակություն է տալիս նաև բարձրագույն կրթության ոլորտին։ Տասնյակ հազարավոր երիտասարդներ Ադրբեջանից կրթություն են ստանում Ռուսաստանում, նրանց մեծ մասը՝ ռուսական պետական ֆինանսավորմամբ։ Ադրբեջանում բացվել և գործում են ռուսական մի շարք առաջատար բուհերի մասնաճյուղեր։

Ադրբեջանում ստեղծված առաջին ռուսական բուհը Բաքվի սլավոնական համալսարանն է։ Այս հաստատությունը նախագահ Հ. Ալիևի հրամանագրով հիմնվել է 2000թ. հունիսի 13-ին՝ Մ.Խ. Ախունդովի անվան Ռուսաց լեզվի և գրականության ադրբեջանական մանկավարժական ինստիտուտի հենքի վրա։ Իսկ ծագումնաբանորեն գնում է դեպի 1946թ., երբ նախ՝ ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի հրամանագրով (փետրվարի 2), ապա՝ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ (մայիսի 15) հիմնվեց Մ.Խ. Ախունդովի անվան ուսուցիչների ադրբեջանական պետական ինստիտուտը՝ երկամյա ուսուցմամբ[20]։

2009թ. բացվել է Մոսկվայի պետական համալսարանի, իսկ 2015թ.՝ Ի. Մ. Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի Բաքվի մասնաճյուղը։

Բարձր մակարդակի վրա է նաև երկու երկրների միջբուհական համագործակցությունը։ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանը և Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան շրջանավարտներին շնորհում են երկակի ավարտական վկայականներ (դիպլոմ), որոնք ճանաչվում են Ռուսաստանում և Ադրբեջանում։

Բարձրագույն կրթության ոլորտում կարևոր դեր է կատարում 2015թ. Բաքվում հիմնված Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միությունը։ Վերջինս ներառում է 44 համալսարան, որից 32-ը՝ ռուսական և 12-ը՝ ադրբեջանական։ Միության նպատակն է զարգացնել համագործակցությունը երկու երկրների համալսարանների միջև, իրականացնել համատեղ գիտահետազոտական նախագծեր[21]։

Երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստող գործոն է նաև Ադրբեջանի ռուսական համայնքը[22], որն ամենամեծ ռուսական սփյուռքն է Անդրկովկասում։ Այս տարի աշխարհին պատուհասած համավարակը համագործակցության նոր ասպարեզ է բացել Ռուսաստանի և Ադրբեջանի համար։ Համավարակի դեմ միասնական պայքարի հնարավորությունները քննարկվել և քննարկվում են ամենաբարձր մակարդակով։ Բաքվի խնդրանքով Մոսկվան տրամադրել է 12 հազար ախտորոշիչ համակարգ (թեսթ), Ռուսաստանից բժիշկներ են գործուղվել Ադրբեջան։ Ռուսական պատվաստանյութի՝ արդյունաբերական ծավալներով արտադրության դեպքում Մոսկվան պատրաստակամ է այն մատակարարել նաև Ադրբեջանին։

Քաղաքական կապեր. Արցախյան հիմնահարց

Ռ ուսաստանի և Ադրբեջանի քաղաքական հարաբերություններն ընդհանուր առմամբ աչքի են ընկնում երկխոսության բարձր մակարդակով։ Երկու երկրները փորձում են համակարգել իրենց գործունեությունը նաև միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում և այլն։ Ադրբեջանը ձգտում է դիտորդի կարգավիճակ ձեռք բերել Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ)։ Ռուսաստանը խոստացել է աջակցել նրան այդ հարցում[23]։

Երկու երկրները բազմակողմ ձևաչափով համագործակցում են նաև կասպյան ուղղությամբ։ Այս ասպարեզում առկա են այնպիսի հաստատութենական միջոցներ, ինչպիսիք են Կասպյան գագաթնաժողովները և Կասպյան պետությունների տնտեսական համաժողովները։ Ռուսաստանն ու Ադրբեջանը մասնակցում են դրանց։ Մինչ օրս անցկացվել է Կասպյան 5 գագաթնաժողով, որոնց որոշումները հաջողությամբ իրականացվում են։ Առայժմ անցկացվել է մեկ Կասպյան պետությունների տնտեսական համաժողով։ Երկրորդը տեղի է ունենալու 2021թ. Ռուսաստանում։

Այնուամենայնիվ, ռուս-ադրբեջանական հարաբերությունները զերծ չեն եղել նաև խնդիրներից։ Որպես այդպիսիք, կարելի է մատնանշել.

ա) Բաքվի՝ Ռուսաստանը շրջանցող էներգակիրների փոխադրման համակարգերի կառուցումը կամ մասնակցությունը դրանց։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը դրա ապացույցն է։ Նախկինում ադրբեջանական նավթը արտահանվում էր Ռուսաստանի տարածքով (Նովոռոսիյսկով), որի արդյունքում Ադրբեջանը որոշակի կախվածության մեջ էր Ռուսաստանից։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցմամբ, չնայած Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը շարունակում է գործել[24], այնուամենայնիվ, Մոսկվան կորցրեց Բաքվի նկատմամբ վերահսկողության շատ կարևոր մի գործիք։

բ) Անդրկովկասից Ռուսաստանի դուրս մղման (այդ թվում՝ ռազմական առումով) քաղաքականությանը մասնակցություն։ Դրա վկայությունն էր Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի փակումը, որն ապահովում էր Ռուսաստանի օդային վերահսկողության հարավային ուղղությունը։ 6000 կմ շառավղով հասանելիությամբ կայանի անմիջական տեսանելիության ծիրում էին Իրանի, Թուրքիայի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Իրաքի, Ավստրալիայի ցամաքային և օդային տարածքները, ինչպես նաև Աֆրիկայի երկրների, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների կղզիների մեծ մասը[25]։ Նախ՝ ադրբեջանական իշխանությունները վարձակալության աստղաբաշխական գումար պահանջեցին Մոսկվայից՝ այն $7 մլն.-ից հասցնելով $300 մլն.-ի։ Ի վերջո, նոր և ավելի արդիական ռադիոտեղորոշիչ կայանի կառուցմամբ և շահագործմամբ Ռուսաստանի համար Գաբալայի կայանը կորցրեց իր արժեքը, և վերջինս հրաժարվեց դրանից (2012թ. դեկտեմբեր)[26]։

գ) Բաքվի սերտ համագործակցությունը Անկարայի հետ, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ «Մեկ ազգ, երկու պետություն»[27] կարգախոսի ներքո Ադրբեջանը ներգրավված է Թուրքիայի համաթյուրքականության քաղաքականության ծիրում։ Իսկ համաթյուրքականությունն իր էությամբ ուղղված է Ռուսաստանի դեմ և սպառնալիք է վերջինիս անվտանգությանը։

Հիշյալ երեք գործոններից առաջին երկուսը կորցրել են այժմեականությունը, քանի որ դրանք այլևս կատարված իրողություններ են։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը կառուցված է և շահագործվում է, իսկ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը՝ փակված։ Դրանք անցյալի խնդիրներ են։ Երրորդ խնդիրը, սակայն, ի տարբերություն առաջին երկուսի, ոչ միայն շարունակում է պահպանել իր այժմեականությունը,  այլև ավելի է խորանում։

Ադրբեջանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են Արցախյան հիմնահարցի լուծման տեսանկյունից։ Այն ձգտում է Մոսկվայի միջոցով Արցախյան հարցում հասնել իր համար ցանկալի լուծման։ Նման մոտեցումն առկա է թե՛ փորձագիտական շրջանակներում և թե՛ պաշտոնական մակարդակում։ Փորձագիտական շրջանակներում, օրինակ, դեռևս 2011թ. Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Էլհան Նուրիևը գրում է. «Ռուսաստանի Դաշնության վրա է ընկած Կովկաս-կասպյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովման գործում ջանքերի միավորման համար պատմական պատասխանատվությունը»[28]։ Տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովման տակ քաղաքագետը բնականաբար առաջին հերթին հասկանում է Արցախյան հակամարտության կարգավորումը՝ ադրբեջանական պատկերացումներով։

Ադրբեջանական փորձագիտական շրջանակներում առկա է Ռուսաստանի համար Բաքվի ռազմավարական դերի և նշանակության գերագնահատում։ Ըստ այդ շրջանակների՝ Բաքուն այնքան կարևոր դեր ունի Մոսկվայի համար, որ վերջինս հանուն այդ երկրի հետ լավ հարաբերությունների և գործընկերության պետք է պատրաստ լինի Արցախյան հարցում վարել ադրբեջանամետ քաղաքականություն։

Երբեմն Ռուսաստանի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակության գերագնահատման հարցում ադրբեջանցի փորձագետներն ընկնում են պատրանքների գիրկը։ Այսպես, նույն էլհան Նուրիևը, թվարկելով Մոսկվայի համար Բաքվի ռազմավարական նշանակությունը պայմանավորող գործոնները, դրանց թվում նշում է հետևյալ երկուսը[29].

  1. Ադրբեջանն, ունենալով կրոնական և քաղաքակրթական ազդեցություն Կովկասի ժողովուրդների վրա, կարող է զսպել անջատականությունն այդ տարածաշրջանում
  2. Ադրբեջանը կարող է միջնորդական առաքելություն ստանձնել մի կողմից Ռուսաստանի և մյուս կողմից Թուրքիայի, Իրանի և Միջին Ասիայի երկրների միջև հարաբերությունների բարելավման գործում։

Մի կողմ թողնենք այն հարցը, թե որքանով են Կովկասի ժողովուրդների վրա Ադրբեջանի կրոնական և քաղաքակրթական ազդեցության մասին պնդումները համապատասխանում իրականությանը։ Ինչպես ցույց է տվել ոչ վաղ անցյալի պատմությունը, Ադրբեջանը այնքան էլ հուսալի դաշնակից չէ Կովկասի անջատականությունը զսպելու հարցում։ 1990-ականներին, երբ այդ տարածաշրջանում մոլեգնում էր անջատականությունը (չեչենական), Ադրբեջանը ոչ միայն չէր օգտագործում տեղի ժողովուրդների վրա իր քաղաքակրթական և կրոնական ազդեցությունը, այլև աջակցում էր նրանց։

Ակնհայտ է մեկ բան։ Կովկասյան անջատականությունն անմիջական աղերսներ ունի Թուրքիայի համաթյուրքականության ծրագրերի հետ, որոնց իրականացման գործում իր ծանրակշիռ տեղն ունի Ադրբեջանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի, Իրանի և Միջին Ասիայի երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների բարելավման հարցում Ադրբեջանի միջնորդական առաքելությանը, ապա Իրանի և Միջին Ասիայի երկրների պահով կարելի է ասել, որ Ռուսաստանը հետխորհրդային շրջանում ունեցել և ներկայում էլ ունի բնականոն զարգացող հարաբերություններ այդ երկրների հետ։ Հետևաբար, Ադրբեջանի միջնորդական առաքելության անհրաժեշտությունը չկա։

Թուրքիայի հետ Մոսկվայի հարաբերությունների պահով՝ Ռուսաստանը վերջինիս հետ հետխորհրդային շրջանում ունեցել է և ունի թե՛ տարբեր ոլորտներում համագործակցության փորձ[30], թե՛ խնդիրներ ու հակասություններ, ինչպես, օրինակ, սիրիական, մասնավորապես, Իդլիբի հարցում, Լիբիական խնդրում և այլն։ Սակայն բոլոր դեպքերում էլ Ռուսաստանը և Թուրքիան որպես մեծ տերություններ կարողացել են անմիջական շփումների արդյունքում քննարկել խնդիրները և գալ համաձայնության։ Մինչ այժմ Ադրբեջանի միջնորդական առաքելության կարիքը չի զգացվել և ապագայում էլ դժվար թե զգացվի։

Հակառակ Ադրբեջանի ակնկալիքներին, Ռուսաստանն Արցախյան խնդրում երբեք չի վարել ադրբեջանամետ քաղաքականություն։ Նրա մոտեցումը եղել է հավասարակշռված և միտված խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում կողմերի համար փոխընդունելի լուծման վերհանմանը։ Ինչպես բազմիցս նշել են Ռուսաստանի ղեկավարները, Մոսկվան չի գնում խնդրի որևէ լուծման պարտադրման ճանապարհով, այլ նպաստում է որպեսզի կողմերն իրենք գան համաձայնության։

ՌԴ պաշտոնական այս մոտեցումը 2020թ. հունիսի 4-ին հերթական անգամ բարձրաձայնեց ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան։ Լրագրողի այն հարցին, թե «Ինչպե՞ս կարող եք գնահատել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման Ռուսաստանի ջանքերը, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում», նա պատասխանել է. «Մենք հանդես ենք գալիս բանակցությունների ճանապարհով այդ արդեն երկարաձգված ճգնաժամի քաղաքական կարգավորման օգտին։ Անում ենք հնարավոր ամեն բան որպես հարևան երկիր, որպես երկիր, որին այդ երկրների (Հայաստանի և Ադրբեջանի – Վ.Հ.), ինքնիշխան պետությունների հետ կապում է բարեկամության, փոխգործակցության և համագործակցության տևական պատմությունը, որպեսզի մեր կառուցողական ավանդը ներդնենք ոչ միայն որպես պետություն, այլև որպես համապատասխան խմբի աշխատանքին մասնակցող միջնորդ»[31]։

Արցախյան խնդրի առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը հանգամանալի արտահայտել է արտաքին գործերի նախարար Լավրովը 2020թ. օգոստոսի 26-ին ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում[32] և սեպտեմբերի 1-ին Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման[33] ժամանակ։ Այդ դիրքորոշումը կարելի է ներկայացնել հետևյալ ընդհանրական կետերով.

  1. Խնդրի կարգավորում միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա,
  2. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ոչ թե հակամարտության կարգավորման որևէ տարբերակի պարտադրում, այլ դրա համար նպաստավոր պայմանների ապահովում,
  3. Բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ձևավորում,
  4. ԵԱՀԿ Մինսկի ձևաչափի և բանակցողների կազմի անփոփոխելիություն,
  5. Կարգավորման շարունակականություն, այն է՝ հետագա բանակցությունների շարունակում արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների և մշակված փաստաթղթերի հիման վրա։

Ինչպես տեսնում ենք, որևէ խոսք չկա «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու», «հայկական հարձակողականությունը (ագրեսիան) դատապարտելու» և Արցախյան խնդրի առնչությամբ ադրբեջանական այլ ակնկալիքների մասին։ Ավելին՝ Ռուսաստանն ընդգծում է բովանդակային բանակցային գործընթաց սկսելու համար անհրաժեշտ միջավայր, այն է՝ վստահության մթնոլորտ ձևավորելու կարևորությունը։ Մի բան, որը պնդում է հայկական կողմը և որը ամեն կերպ ձգտում է խափանել Ադրբեջանը։

Ադրբեջանական կողմի համար Արցախյան կարգավորման համատեքստում մշտական շահարկման առարկա են եղել 1993թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերը, որոնք Բաքուն մեկնաբանում է կամայականորեն։ Ընդունելով, որ պետք է ղեկավարվել միջազգային հանրության ընդունած որոշումներով՝ ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, ՌԴ արտաքին գործերի նախարարը շեշտադրում է դրանցում ամփոփված պատերազմի անհապաղ դադարեցման դրույթը (որը ժամանակին անտեսվել է հենց Ադրբեջանի կողմից – Վ.Հ) և խաղաղ կարգավորման նպատակով հետագա փուլերի համար մշակված բանակցային գործընթացի չափորոշիչները։

Առհասարակ, Ռուսաստանն էլ է գիտակցում, որ Ադրբեջանի համար Մոսկվա-Բաքու հարաբերությունների զարգացումը կարևորվում է առաջին հերթին Արցախյան հակամարտության համատեքստում։ Հետևաբար, ադրբեջանական սցենարով խնդրի կարգավորման դեպքում Ադրբեջանը կարճ ժամանակում կդադարի լինել Ռուսաստանի «բարեկամը» և ամբողջությամբ կնետվի Թուրքիայի գիրկը։ Այդ է պատճառը, որ Մոսկվան, զարգացնելով առևտրատնտեսական կապերն Ադրբեջանի հետ, խորացնելով հարաբերություններն այլ ոլորտներում, Արցախյան հարցում վարում է զուսպ և հավասարակշռված քաղաքականություն։

Ադրբեջանի շարունակական քննադատությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին առ այն, որ վերջինս ունի կրավորական կեցվածք և իրականում չի զբաղվում Արցախյան հակամարտության կարգավորմամբ, ուղղակի կամ անուղղակի դժգոհություն է նաև Ռուսաստանից՝ նկատի ունենալով, որ Մոսկվան ունի համանախագահի կարգավիճակ այդ ձևաչափում։ Մինչդեռ Հայաստանը երբեք դժգոհություն չի արտահայտել ԵԱՀԿ-ից, առավել ևս՝ չի մեղադրել նրան Արցախյան հակամարտության մինչ օրս կարգավորված չլինելու համար, այլ հակառակը՝ միշտ խոսել է բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի անփոխարինելիության մասին։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ սիրաշահելու միջոցով Արցախյան հարցում Ռուսաստանի ադրբեջանամետ դիրքորոշման և վարքագծի ապահովման Բաքվի ջանքերն ապարդյուն են անցել։

Թեև ռուս-ադրբեջանական հարաբերությունները բնորոշելիս պաշտոնապես կիրառվում է ռազմավարական մակդիրը, սակայն կարևոր է ուշադրություն դարձնել նաև այդ մակդիրին հաջորդող գոյականի վրա։ Մոսկվա-Բաքու հարաբերությունները բնորոշելիս կիրառվում է «ռազմավարական գործընկեր», այլ ոչ «ռազմավարական դաշնակից» արտահայտությունը։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ դրանք համարժեք արտահայտություններ են։ Դիվանագիտության մեջ, սակայն, յուրաքանչյուր բառ իր արժեքն ունի, և «գործընկեր» հասկացության կիրառումը՝ «դաշնակից» հասկացության փոխարեն, պատահական չէ։ Դա նշանակում է հարաբերությունների ավելի ցածր մակարդակ։

Մինչդեռ հայ-ռուսական հարաբերությունները բնութագրելիս կիրառվում է հենց «ռազմավարական դաշնակից» կամ պարզապես՝ «դաշնակից» արտահայտությունը, որն ինքնին նշանակում է ռազմավարական մակարդակի հարաբերություններ։ 2020թ. սեպտեմբերի 5-ին հայ գործընկերոջ՝ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Հայաստանը համարել է Ռուսաստանի դաշնակիցը և առանցքային գործընկերը Անդրկովկասում։ Իր հերթին, Օնիկ Գասպարյանն ընդգծել է, որ Հայաստանում հատուկ կարևորություն են տալիս Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների զարգացմանը[34]։ Իսկ 2020թ. սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրած շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահ Վլ. Պուտինը նշում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և դաշնակցային կապերի, բազմակողմանի համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին ու կնպաստի Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը[35]։

Այսպիսով, չնայած Ադրբեջանը Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների առումով առաջին տեղում է Անդրկովկասում, սակայն Մոսկվայի դաշնակիցը և առանցքային գործընկերը Հայաստանն է։ Ադրբեջանն ու Ռուսաստանը, թեկուզ ռազմավարական, սակայն դաշնակիցներ չեն, այլ միայն գործընկերներ։ Բովանդակային առումով սա նշանակում է, որ շեշտը դրվում է ավելի շատ տնտեսական, քան ռազմաքաղաքական համագործակցության վրա։ Զենքի առևտուրը դեռևս ռազմատեխնիկական համագործակցություն չէ։ Մոսկվան, կողմնակից լինելով Ադրբեջանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմանը, համատեղ տրանսպորտային, էներգետիկ և այլ ենթակառուցվածքների ձևավորմանը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, բնապահպանական, առողջապահական ոլորտներում համագործակցությանը, նրա հետ, այնուամենայնիվ, չունի ռազմաքաղաքական հարաբերությունների նույնքան բարձր մակարդակ։ Օրինակ՝ նրա անվտանգության երաշխավորը չէ, քաղաքական հարցերում պարտավոր չէ մշտապես աջակցել նրան և այլն։

Մոսկվայից Բաքվի հիասթափության հերթական՝ ամենաթարմ առիթը եղավ ՌԴ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովայի՝ 2020թ. սեպտեմբերի 17-ի ամենշաբաթյա ասուլիսը։ Ադրբեջանցի լրագրողի երկարաշունչ հարց-ելույթին, թե ինչպես է Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանում այն փաստը, որ Հայաստանը վերջին օրերին իրականացնում է Լիբանանից հայերի վերաբնակեցում «Ադրբեջանի օկուպացված տարածքներում», տիկին Զախարովան պատասխանել է. «Մենք լսել ենք Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների՝ Լիբանանը լքած հայերին իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքներում բնակեցնելու մտադրության մասին։ Կարդացել ենք հաղորդագրությունն այն մասին, որ երկու լիբանանյան (հայ - Վ.Հ.) ընտանիք Լեռնային Ղարաբաղում բնակվելու ցանկություն է հայտնել։ Ստուգված տվյալներ Լեռնային Ղարաբաղ և նրա շուրջը գտնվող տարածքներ լիբանանցի փախստականների իրական հոսքի մասին չունենք»[36]։ Պատասխանի շարունակությունը մամուլի խոսնակը նվիրել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությանը։

Ինչպես տեսնում ենք, հայկական կողմին դատապարտող որևէ խոսք չկա։ Սակայն այստեղ գլխավորը լիբանանահայերի Արցախում բնակվել-չբնակվելու հարցը չէ։ Փորձագիտական հայացքը կնկատի, որ Մարիա Զախարովայի պատասխանում կարմիր թելի պես ընդգծվում է Արցախի ենթակայականությունը (սուբյեկտայնությունը), քանի որ խնդրի պատասխանատու է համարվում ոչ թե ՀՀ-ն, այլ Արցախի Հանրապետությունը, որի իշխանությունները փաստացի (դե-ֆակտո) ճանաչվում են պաշտոնական Մոսկվայի կողմից։ Իսկ ազատագրված տարածքների մասին հիշատակելիս ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակը կիրառում է ոչ թե ադրբեջանցիների համար ականջահաճո «օկուպացված տարածքներ», այլ «Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող տարածքներ» կամ «Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» արտահայտությունը։


[1] Հ. Ալիևին նախորդած երկու նախագաները՝ ի տարբերություն նրա, իշխանությունից զրկվեցին Ռուսաստանի, նաև Իրանի (հատկապես՝ Ա. Էլչիբեյի պարագայում) հետ բարդ հարաբերությունների և Արցախյան պատերազմում կրած պարտությունների արդյունքում։

[2] О телефонном разговоре Министра иностранных дел России С.В.Лаврова с Министром иностранных дел Азербайджанской Республики Дж.А.Байрамовым

[3] Выступление и ответы на вопросы СМИ Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова в ходе совместной пресс-конференции по итогам переговоров с Министром иностранных дел Азербайджанской Республики Д.А.Байрамовым, Москва, 26 августа 2020 года

[4] Տե՛ս Участники саммита Движения неприсоединения в Баку подписали декларацию

[5] Տե՛ս В Движении неприсоединения осудили военную провокацию Армении на границе с Азербайджаном

[6] Տե՛ս Ազգային արժեհամակարգից հեռու սերունդը խոցելի է թուրքական սպառնալիքի դեմ. Ռուբեն Մելքոնյան

[7] Нуриев Э., Российско-азербайджанские отношения в современных геополитических реалиях, Проблемы национальной стратегии, № 1 (6), 2011, с. 97.

[8] Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ 2008թ. օգոստոսյան վրաց-օսական կամ որ նույնն է՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո։

[9] Դրա դրսևորումներից էր Վրաստանի պահանջով երկրից ռուսական ռազմակայանների դուրսբերումը։

[10]  Ակնարկն այն է, որ Արցախյան հակամարտության համատեքստում որևէ երկիր, բացի Թուրքիայից և Ադրբեջանից, տնտեսական պատժամիջոցներ չի կիրառել Հայաստանի նկատմամբ։

[11] Итоги внешней торговли с основными странами

[12] Торговля между Россией и Азербайджаном в 2019 г.

[13] Նույն տեղում։

[14] Տե՛ս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հանձնվեց շահագործման

[15] Որքան էլ Վրաստանը որդեգրել է եվրատլանտյան արտաքին քաղաքական կողմնորոշում և ձգտում է համարկվել ԵՄ-ին, այնուամենայնիվ, աշխարհագրական գործոնը հնարավոր չէ անտեսել։ Առանց Ռուսաստանի և Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Վրաստանի համար խիստ դժվար կլինի լիարժեք ապահովել իր անվտանգությունն ու բարգավաճումը։

[16] Հիշենք ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը Երևանում, որը կոչ էր անում Հայաստանին և Ադրբեջանին ռուսականի փոխարեն գնել ամերիկյան զենք։

[17] Տե՛ս Bayraktar: турецкие БПЛА для Азербайджанской Армии

[18] Военпром Турции весь в распоряжении Азербайджана – министр

[19] Տե՛ս Հայաստանի պետական ձայնասփիւռի լուրը. «Թուրքիա ռազմասաւառնակնե՞ր թողուց Ատրպէյճանի մէջ», Նոր Մարմարա, 11.09.2020

[20] Մանրամասն տե՛ս https://bsu-uni.edu.az/ru/history

[21] http://bsu.edu.az/az/content/associacia_azerbaydjanarossii

[22] Տե՛ս https://russkiymir.ru/en/publications/139486/

[23] Выступление и ответы на вопросы СМИ Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова в ходе совместной пресс-конференции по итогам переговоров с Министром иностранных дел Азербайджанской Республики Д.А.Байрамовым, Москва, 26 августа 2020 года

[24] SOCAR возобновляет экспорт нефти по нефтепроводу Баку-Новороссийск

[25] Габалинская радиолокационная станция "Дарьял"

[26] Նույն տեղում։

[27] Կարգախոսի հեղինակը Ադրբեջանի նախկին նախագահ Հ. Ալիևն է։

[28] Нуриев Э., Российско-азербайджанские отношения в современных геополитических реалиях, Проблемы национальной стратегии, № 1 (6), 2011, с. 96.

[29] Նույն տեղում, էջ 116, 117-118։

[30] «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» գազատարեր, Աքկույու ատոմակայան, հակաօդային պաշտպանության С400 համակարգերի մատակարարում, Աստանայի եռակողմ ձևաչափով (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) համագործակցություն սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ (երեք երկրները Աստանայի գործընթացի երաշխավորներն են) և այլն։

[31] Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 4 июня 2020 года

[32] Выступление и ответы на вопросы СМИ Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова в ходе совместной пресс-конференции по итогам переговоров с Министром иностранных дел Азербайджанской Республики Д.А.Байрамовым, Москва, 26 августа 2020 года

[33] Выступление и ответы на вопросы Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова перед студентами и профессорско-преподавательским составом МГИМО по случаю начала учебного года, Москва, 1 сентября 2020 года

[34] Начальники Генеральных штабов Вооруженных Сил России и Армении В.Герасимов и О.Гаспарян обсудили сотрудничество в военной сфере

[35] Поздравления руководству Армении с Днём независимости республики

[36] Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 17 сентября 2020 года