Պաշտոնական Մոսկվայի ուղերձները Բաքվին

4 ր.   |  2020-11-04

Հ ոկտեմբերի 22-ին «Վալդայ» ակումբի քննարկումների ընթացքում և հոկտեմբերի 29-ին «Ռուսաստանն է կանչում» համաժողովի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ծավալուն անդրադարձ կատարեց նաև Արցախյան հակամարտությանը։

Իհարկե, առաջին անգամ չէ, որ ՌԴ իշխանությունները բարձրագույն մակարդակով անդրադառնում են այդ խնդրին, սակայն նախագահ Պուտինի հիշյալ երկու արձագանքն ունի որոշակի առանձնահատկություն, որի վրա արժե ուշադրություն դարձնել։ ՌԴ նախագահի հնչեցրած կարծիքում գլխավոր առանձնահատկությունը անդրադարձն է հակամարտության ծագմանը, մի բան, որը գրեթե երբեք տեղի չի ունեցել խնդրով զբողվող ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից։

Նախկինում խնդիրը դիտարկվել է միայն իրավական հարթության մեջ՝ կտրված իր պատմական ենթատեքստից։ Այդ դեպքում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը գործադրվել են հիմնականում ինքնորշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի համադրության հիման վրա ինչ-որ փոխզիջումային տարբերակներ գտնելու ուղղությամբ։

Մինչդեռ անդրադարձը հակամարտության ծագումնաբանությանը փոխում է մոտեցումը խնդրի լուծման նկատմամբ։ Այս դեպքում առաջ է մղվում «ախտորոշում» և «բուժում» մոտեցումը, այն է՝ նախ պետք է հասկանալ խնդրի պատճառը, ապա ըստ այդմ, ձեռնամուխ լինել կարգավորմանը։

Անդրադառնալով խնդրի ծագումնաբանությանը՝ «Վալդայ» ակումբի նիստում նախագահ Պուտինն ասաց. «Այդ հակամարտությունը սկսվել է ոչ թե պարզապես որպես միջպետական հակամարտություն և պայքար տարածքի համար, այն սկսվել է էթնիկ հակամարտությունից։ Դա նույնպես, ցավոք, փաստ է, երբ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվել են դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ»։ «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովի ժամանակ նախագահ Պուտինը նշեց, որ հակամարտությունը սկսվել է էթնիկ բախումներից՝ սկզբում Սումգայիթ քաղաքում, Ադրբեջանում, այնուհետև՝ բուն Լեռնային Ղարաբաղում։

Այսպիսով, ՌԴ նախագահի ուղերձն այն է, որ Արցախյան հակամարտությունը տարածքային վեճ չէ պետությունների միջև։ Հետևաբար, խոսք լինել չի կարող ագրեսիայի մասին։ Եվ խնդրի լուծումն էլ չի կարող հիմնված լինել միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Որպես էթնիկ հակամարտություն՝ դրա լուծումը պետք է հիմնված լինի նաև ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։ 

Ուշագրավ է հակամարտության ծագումնաբանության առնչությամբ ՌԴ  նախագահի ևս մեկ դիտարկում. «Եվ Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը չձեռնարկեց որևէ գործուն միջոց՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Հայերը զենք վերցրին և իրենք արեցին դա։ ...Ինչի՞ հանգեցրեց դա։ Նրան, որ բուն Լեռնային Ղարաբանղը և ևս Ադրբեջանի յոթ շրջաններ հայտնվեցին Հայաստանի վերահսկողության ներքո»։ Սա ոչ այլ ինչ է, քան ինքնապաշտպանության իրավունքի շեշտադրում, որը նույնպես իրավունքի նորմ է՝ թե՛ ներպետական և թե՛ միջազգային իրավունքի։ Ընդ որում, ինքնապաշտպանության իրավունքը վերաբերում է ինչպես անհատին, այնպես էլ խմբին։ Տվյալ պարագայում՝ արցախահայությունը, որպես վտանգված խումբ, իրականացրել է իր ինքնապաշտպանության իրավունքը, իսկ ՀՀ-ն իրականացրել է արցախահայության անվտանգության երաշխավորի իր գործառույթը, որը նույնպես նախատեսված է միջազգային իրավունքով։ Սրանով նույնպես ժխտվում է «հայկական ագրեսիայի» մասին ադրբեջանական կեղծ թեզը։

Այս համատեքստում ուշագրավ է նաև, որ, ինչպես երևում է տեսանյութում, ՌԴ առաջնորդը որոշակի տարակուսանքով է խոսում ադրբեջանական այն թեզի մասին, որ 1990-ականների Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական վերահսկողության տակ անցած յոթ շրջանները՝ ազատագրված տարածքները, իբրև թե որևէ կապ չունեն էթնիկ հակամարտության և Հայաստանի հետ։

Անդրադառնալով խնդրի կարգավորմանը՝ Պուտինը նշում է, որ յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, և այստեղ չկան պարզ լուծումներ։ Հակամարտության երկարաժամկետ կարգավորումը երկու կողմին էլ բավարարող շահերի հավասարակշռություն գտնելու մեջ է։ Սա ուղերձ է Բաքվին, որ հակամարտությունը չի կարող կարգավորվել միակողմանիորեն՝ միայն ադրբեջանական պատկերացումների շրջանակներում։

Խոսելով հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ նա անհրաժեշտ է համարում ռազմական գործողությունների դադարեցումը։ Սա էլ պաշտոնական Մոսկվայի ուղերձն է Բաքվին, որ ռազմական գործողությունների պայմաններում վերջնագրերով խոսելու և այդ կերպ միակողմանիորեն խնդրի լուծմանը հասնելու Բաքվի քաղաքականությունն անընդունելի է և ձախողված։

Վերջապես, ուշագրավ է նախագահ Պուտինի դիտարկումը, թե արդեն 30 տարի ձգվող հակամարտությունն արդյունավետ զարգացման հնարավորություն չի տալիս երկու հակամարտող կողմերին էլ։ Սա ավելի շուտ կարելի է դիտել որպես փորձագիտական գնահատական։ Բաքուն և Անկարան արցախյան հարցում առաջնորդվել են այն մոտեցմամբ, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին։ Տարիների ընթացքում Ադրբեջանը նավթադոլարների հաշվին կհարստանա և կհզորանա, մինչդեռ շրջափակման պայմաններում գտնվող Հայաստանը կթուլանա։ Հետևաբար, կարիք չկա շտապելու և փոխզիջումների հիման վրա լուծելու Արցախյան հակամարտությունը։ Թող հիշյալ միտումները շարունակվեն, և երբ կգա վճռորոշ պահը, ռազմական ճանապարհով Ադրբեջանն իր օգտին կլուծի խնդիրը։ Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը միանշանակ տեղավորվում է այդ մոտեցման ծիրում, սակայն նախագահ Պուտինի գնահատմամբ՝ Արցախյան հակամարտության չկարգավորվածությունը խոչընդոտ է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի զարգացմանը։ Հետևաբար, ժամանակին ապավինելու թուրք-ադրբեջանական հույսերն էլ սին են։

Այսպիսով, ՌԴ նախագահի ուղերձները կարելի է ներկայացնել հետևյալ համառոտ թեզերի տեսքով.

  • Արցախյան հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ է, այլ ազգային (էթնիկ) խնդիր,
  • Հայ ժողովրդի դեմ իրականացվել են ծանրագույն հանցագործություններ,
  • Հակամարտությունը պետք է կարգավորվի շահերի հավասարակշռության հիման վրա՝ փոխադարձ ընդունելի տարբերակով,
  • Կարգավորման գործընթացի առաջին փուլը կրակի դադարեցումն է, այսինքն՝ անհնար է պատերազմական պայմաններում ծավալել բովանդակային բանակցություններ։