Ադրբեջանական բանակի զինումը
5 ր. | 2020-11-01Ա րցախյան հակամարտության գոտում զենքի վաճառքի առաջին արգելքը սահմանվել է 1992թ.-ին՝ ԵԱՀԿ-ն խնդրում էր անդամ երկրներին սահմանել էմբարգո Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններում ընդգրկված ուժերի վրա: Կամավորական այս էմբարգոն բազմաթիվ խախտումներով գործում է մինչ այժմ: Նույն թվականին ԱՄՆ-ն իր «Ազատության աջակցության ակտում[1]» ավելացրեց 907-րդ բանաձևը, որն արգելում էր ամերիկյան կառավարությանը «ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի տեղեկացրել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար և ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: Նույն տրամաբանությամբ՝ 1993թ.-ին ընդունվեց ՄԱԿ-ի 853-րդ բանաձևը, որտեղ կոչ էր արվում պետություններին զերծ մնալ ցանկացած տեսակի զենքի և զինամթերքի մատակարարումից, որը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը:
Վերոնշյալ էմբարգոների առկայությամբ, սակայն Ադրբեջանը մոտ 30 տարի է, ինչ մեծ ծավալներով զինում է իր բանակը: Որոշ տվյալներով՝ Ադրբեջանի զինամթերքը 3.3 անգամ գերազանցում է Հայաստանի զենքին:
Բաքուն 2015-2019թթ.-ին զենքի գնման ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 30-րդ տեղը՝ ներմուծելով համաշխարհային զենքի 0.8%-ը, որը 2010-14թթ. տվյալներով նվազել է 40%-ով (1.5%): 2009-2018թթ.-ին Ադրբեջանի ռազմական ծախսերը հասել են գրեթե 24 մլրդ դոլարի, նույն ժամանակ Հայաստանի ծախսերը կազմել են 4 մլրդ դոլար: Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք պետական ծախսերի մասնաբաժինը, ապա Հայաստանը ռազմական ծախսերը ավելի մեծ են: SIPRI- ի տվյալներով՝ 2019թ.-ին Հայաստանում պետական ծախսերի 19.8%-ն ուղղվել է ռազմական ոլորտին, իսկ Ադրբեջանում ՝ 11.3%-ը:
Ադրբեջանի հիմնական զինողներն են Իսրայելը՝ 60%, Ռուսաստանը՝ 31% և Թուրքիան՝ 3,2%: Մնացածը բաժինը ընկնում է Բելառուսին, Ուկրաինային և այլ երկրներին, որոնք Բաքուն և զենք վաճառող երկրները թաքցնում են: Բացահայտման դեպքում էլ զենք վաճառող երկրները հավաստիացնում են, որ դրանք չեն օգտագործվի Հայաստանի դեմ: Նմանօրինակ երկրներից է ԱՄՆ-ն, որի վերոնշյալ 907 բանաձևը, կապված սեպտեմբերի 11 ահաբեկչության հետ, 2002թ.-ին Ջորջ Բուշի խնդրանքով չեղարկվեց: ԱՄՆ-ն որոշեց նավթային մեծ պաշարներ ունեցող այս երկրին հակաահաբեկչական պայքարի շրջանակներում օժանդակելու հնարավորություն տալ, որը հարձակողական նպատակներով չի օգտագործվելու Հայաստանի դեմ: Ուսումնասիրությունների արդյունքում Ադրբեջանը շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի օգնություն է ստացել Միացյալ Նահանգներից: Բացի այդ՝ ԱՄՆ-ն հնարավորություն է տալիս ադրբեջանցիներին իր երկրում ռազմական վերապատրաստում ստանալ: Տեղեկություններ կային, որ 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվել են ԱՄՆ-ում վերապատրաստված 2 զինվորականներ: Միևնույն ժամանակ 2014թ.-ին Վաշինգտոնը մերժել է Ադրբեջանին վաճառել Աֆղանստանից դուրս բերած Cougar և HMMWV ամենագնացները՝ հաշվի առնելով Արցախյան հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու արգելքը:
ԱՄՆ-ի զենքի Հարավային Կովկաս հասնելու հարցն ակտիվացավ 2018թ.-ին, երբ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը այցելեց տարածաշրջան: Նա Ադրբեջանին և Հայաստանին առաջարկեց ամերիկյան զենք, քանի որ այն ավելի որակյալ է:
Ակնհայտ է, որ Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարար լինելը նշանակում է տարածաշրջանում մեծացնել ազդեցությունը: Բոլթոնի նպատակն էր այսկերպ ուժեղացնել ԱՄՆ-ի ազդեցություն՝ դուրս մղելով Հարավային Կովկասից Ռուսաստանին, սակայն նրա ծրագրերը չիրագործվեցին՝ աշխատանքից ազատվելու պատճառով:
Նույն տրամաբանությամբ էլ Եվրոպան է Ադրբեջանին զենք վաճառում՝ համարելով, որ դրանք չեն օգտագործվի Արցախի դեմ: Ըստ ԵՄ-ի զենքի արտահանման օնլայն տեղեկատուի, միայն 2019 թվականին Եվրամիության երկրներից Ադրբեջան զենք և սպառազինություն մատակարարելու 18 լիցենզիա է տրվել՝ ընդհանուր €281․27 մլն-ի արժողությամբ, արդեն արտահանվել է €37․98 մլն-ի ռազմական արտադրանք։ Ուսումնասիրելով ցանկը՝ հասկանալի է դառնում, որ դրանք հիմնականում զենքերի սարքավորումներ են: Օրինակ՝ Բուլղարիայից Բաքուն ստացել է ինքնաթիռների, թեթև ավիացիոն միջոցների, անօդաչու թռչող սարքերի, աէրոաշարժիչների և ավիացիոն սարքավորումների համար լիցենզիա: Լիցենզիա է տրվել նաև հարթ փողային տարբեր տրամաչափի զենքերի: Նույն տվյալներով՝ Հայաստանին լիցենզիա է տվել ԵՄ 9 երկիր:
Բացի այդ, Ադրբեջանին զինում են հիմնականում Չեխինան, Սլովակիան, Բուլղարիան, Իսպանիան:
Արցախյան պատերազմի ընթացքում Իսպանիայում քաղաքական գործիչները կոչ արեցին դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառել: 2019թ.-ին Ադրբեջանը Իսպանիայից ձեռք է բերել «Lanza» ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայաններ:
Քիչ չեն դեպքերը, երբ ԵՄ երկրները փորձում են Ադրբեջանին թաքուն զենք վաճառել, սակայն բացահայտվում են: Լավագույն օրինակներից է Չեխիան, որի կառավարությունը 2017-ին հավատացրել էր, թե երբեք թույլ չի տա զենքի վաճառք Ադրբեջանին: Նրանց հավաստմամբ՝ Բաքվին վաճառում են միայն «Tatra» բեռնատարներ, սակայն նույն թվականին ադրբեջանական բանակի գովազդային տեսահոլովակում հայտնվեցին չեխական «Դանա» հաուբիցները և «Վամպիր» հրթիռային կայանքները:
Չեխական արտադրության զրահամեքենաներ Ադրբեջանում
Ու սումնասիրությունների արդյունքում հայտնի դարձավ, որ նախքան բեռնատարներն Ադրբեջան ուղարկելը, չեխերը դրանք ուղարկել են Իսրայել, որտեղ իսրայելցի մասնագետները դրանց վրա տեղադրել են հաղորդակցության և կապի սարքավորումներ, ապա բեռնատարարներն ուղարկվել են Սլովակիա, որտեղ տեղադրել են Dana M-1 տեսակի հաուբիցներ և Vampire RM-70 տեսակի հրթիռային կայանքներ: Այս շրջագայությունից հետո ուղարկվել Բաքու՝ որպես սովորական բեռնատար: Բացահայտումից հետո պաշտոնական Պրահան հայտնեց, որ ոչ մի կապ չունի ադրբեջանցիների տեսանյութում ցուցադրված հաուբիցների և հրթիռների արձակման կայանների հետ:
Զինելով բանակը՝ Բաքուն դրան զուգահեռ մեղադրում է այլ երկրներին Հայաստանի զենք տրամադրելու մեջ: Այդպիսի հետաքրքիր դեպք եղավ ամռանը, երբ Ադրբեջանը մեղադրեց Սերբիային Հայաստանին զենք վաճառելու համար, որին ի պատասխան Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշեց, որ Սերբիան տասնապատիկ ավել զենք է վաճառել են Ադրբեջանին, քան Հայաստանին:
[1] ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ի օգոստոսին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ ընդունեցին «Ազատության աջակցության ակտը», որով նախատեսվում էր օժանդակել Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ստեղծելու դեմոկրատական կառավարման մոդել և ազատական տնտեսություն: