Արցախյան խնդիրը ռուս-թուրքական օրակարգում

6 ր.   |  2020-10-29

Ս եպտեմբերի 27-ից վերսկսված Արցախյան պատերազմը աստիճանաբար դարձավ ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգային կարևոր հարցերից մեկը, որը առարկայական պատճառներ ունի։ Թուրքիան ամեն կերպ ձգտել ու ձգտում է ակտիվ դերակատարություն ունենալ Արցախյան հարցում՝ ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ոլորտում, իսկ Ռուսաստանին էլ անհանգստացնում են Անկարայի նկարտումները, մասնավորապես, թուրքական ռազմական ներկայությունը Արցախյան հակամարտության գոտում, ինչպես նաև Թուրքիայի հովանավորությամբ վարձկան ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից և Լիբիայից և նրանց մասնակցությունը ռազմական գործողություններին։

Ռուս-թուրքական օրակարգում Արցախյան պատերազմի թեման քննարկվում է երկու եղանակով. ա) դիվանագիտական հաղորդակցության ժամանակ և բ) հեռակա բանավեճի միջոցով, երբ կողմերը փորձում են հայտարարությունների, մամլո ասուլիսների և այլ ձևերով իրենց ասելիքը հասցնել միմյանց։

Արցախյան հակամարտության նկատմամբ Ռուսաստանն ու Թուրքիան ընդհանուր առմամբ ունեն ներհակ դիրքորոշումներ։ Առաջինը՝ եթե Անկարան գտնում է, որ Արցախյան խնդիրը կարելի է և պետք է լուծվի ռազմական ճանապարհով, ապա Մոսկվան գտնում է, որ պատերազմը չի հանգեցնի հակամարտության կարգավորմանը, դրան պետք է հասնել բանակցությունների միջոցով։

Երկրորդ՝ եթե Անկարայի համոզմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը մինչ օրս ոչինչ չի արել Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ, ապա Մոսկվան գտնում է, որ տարիների ընթացքում Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն հսկայական ջանքերն են գործադրել և քայլ առ քայլ մոտեցրել հակամարտության վերջնական կարգավորումը։ Հետևաբար, հարկավոր է շարունակել արդեն իսկ կատարված հսկայական աշխատանքը։ Ավելին, ինչպես նշել է ՌԴ նախագահ Պուտինը «Վալդայ» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ, եթե 30 տարի չի հաջողվել հասնել հարցի կարգավորմանը, դա չի նշանակում, որ պետք է կրակել[1]։

Երրորդ՝ եթե Թուրքիան ձգտում է ներգրավվել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում՝ որպես միջնորդ երկիր, ապա Մոսկվան դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ներկա ձևաչափի փոփոխությանը։ Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիան կարող է որպես միջնորդ ներգրավվել բանակցություններում, եթե դրան համաձայն լինեն հակամարտող կողմերը։ Սա դիվանագիտական լեզվով պարզ մերժում էր, քանի որ ակնհայտորեն հայկական կողմը երբեք համաձայն չի եղել և չի լինի միջնորդի կարգավիճակով Թուրքիայի ներգրավվածությանը արցախյան բանակցություններում։ Ռուսաստանի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի անփոխարինելիությունն արտացոլված է նաև հոկտենբերի 9-10-ին մարդասիրական հրադադարի մասին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ։

Թուրքիան փորձում է նաև այլ ձևաչափերով ընդլայնել իր մասնակցությունը արցախյան կարգավորման գործընթացում։ Սեպտեմբերի 30-ին արտգործնախարար Մ. Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աշխատանքներ է տանում համոզելու ՌԴ իշխանություններին Սիրիայի օրինակով համագործակցել նաև Արցախի հարցում[2]։ Սակայն ռուսական կողմը, ինչպես ցույց է տալիս ներկա իրավիճակը, չի ընդառաջել Անկարայի ձգտումներին։

Վերջապես, եթե Թուրքիան ի սկզբանե պաշտապանել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» և պնդել, որ խնդիրը պետք է լուծվի այդ ոգով, ապա Ռուսաստանի համար Արցախյան հակամարտության հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվեն բանակցությունների ընթացքում ձեռքբերված համաձայնությունների արդյունքում։ Այլ կերպ ասած՝ եթե Թուրքիան բանակցություններից առաջ նախօրոք տալիս է օրակարգային հարցերի պատասխանը, ապա Մոսկվան դա թողնում է բանակցային գործընթացին։ Իսկ առհասարակ՝ Ռուսաստանը շարունակաբար պահպանել է հավասարակշռված մոտեցում, այն է՝ խնդրի լուծում խաղաղ բանակցությունների միջոցով և փոխզիջումների հիման վրա։

Արցախյան պատերազմի համատեքստում Ռուսաստանին մտահոգող հարցերից մեկն էլ Սիրիայից և Իրաքից վարձկան ահաբեկիչների տեղափոխումն է Ադրբեջան և մասնակցությունը պատերազմական գործողություններին։ Այս հարցին միշտ անդրադարձ կատարվում է ռուս-թուրքական պաշտոնական հաղորդակցությունների ժամանակ։

Հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահների Վլ. Պուտինի և Ռ. Էրդողանի միջև, որի ընթացքում սիրիական և լիբիական խնդիրների հետ միասին քննարկվել է նաև իրադարձությունների զարգացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը[3], ռուսական կողմը խորը մտահոգություն է արտահայտել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ահաբեկիչների՝ ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ մարտական գործողություններում։ Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և զինադադարի ու ճգնաժամի լիցքաթափմանը շուտափույթ հասնելու նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։

Դիվանագիտական լեզվով վերոհիշյալը նշանակում է, որ Ռուսաստանը խիստ անհանգստացած է Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությամբ, որի հետևանքով ձգձգվում է հրադադարի հաստատման գործը։ Նշենք, որ արդեն երեք անգամ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը համաձայնության են եկել մարդասիրական հրադադարի հասնելու շուրջ, սակայն այդ համաձայնությունները կյանքի չեն կոչվել։ Բացի այդ, Ռուսաստանն անհանգստացած է նաև Թուրքիայի կողմից Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների շարունակական տեղափոխմամբ Անդրկովկաս։

Քանի որ փորձագիտական շրջանակներում գնալով ավելի ու ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ Սիրիայում և Արցախում տեղի ունեցող գործընթացները փոխկապակցված են, ապա արժե անդրադառնալ նաև Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի՝ սիրիական խնդրին վերաբերող հատվածին։ Մասնավորապես, ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության, նշվել է Իդլիբում և Անդրեփրատում կայունացման վերաբերյալ առկա պայմանավորվածությունների կատարման նպատակով համատեղ ջանքերի կարևորությունը։ Սա նշանակում է, որ ժամանակին ձեռքբերված պայմանավորվածությունները (2018թ. սեպտեմբերի 17-ին և 2020թ. մարտի 5-ին) մինչ օրս չեն իրականացվում, ինչը նույնպես չի կարող չհարուցել Ռուսաստանի դժգոհությունը։ Իսկ այդ պայմանավորվածություններից գլխավորը ահաբեկչական խմբավորումների չեզոքացումն էր, որը ստանձնել է Թուրքիան։

Այս տեսակետից պատահական չէ, որ վերջին շրջանում ռուսական օդատիեզերական ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայի, մասնավորապես՝ Իդլիբի տարածքում գտնվող ահաբեկիչների ճամբարները ոչնչացնելու համար։ Նման ռազմական գործողություն տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ին։ Համաձայն մամուլում հրապարակված լուրերի՝ ռուսական ռազմական օդանավերը ռմբակոծել են Իդլիբում գտնվող ռազմական ճամբարը, ուր մարզվում էին Թուրքիայի հովանավորությունը վայելող վարձկան գրոհայիններ։ Արդյունքում մահացել է 70-100 մարդ, 100-ն էլ՝ վիրավորվել։ Ճամբարում մարզվողները Սիրիական ազատ բանակի գրոհայիններ էին, որոնք առաջիկա օրերին պետք է ավարտեին մարզումները։ Կ. Պոլսի հայկական «Նոր Մարմարա» օրաթերթը, հղում անելով հայկական աղբյուրներին, գրում է, որ ռմբակոծված ճամբարի վարձկանները պետք է ուղարկվեին Արցախյան պատերազմի ճակատ[4]։

Հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև արտգործնախարարներ Ս. Լավրովի և Մ. Չավուշօղլուի միջև, որի ընթացքում նույնպես քննարկվել է Արցախի հարցը։ Ըստ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական հաղորդագրության[5]՝ շեշտվել է կրակի կայուն դադարեցման անհրաժեշտությունը։ Նախարարներն ընդգծել են խնդրի խաղաղ կարգավորման անայլընտրանքայնությունը, հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման և ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած մեխանիզմների շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։

Կարծում ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած մեխանիզմների հիշատակումը պատահական չէ։ Դրանով ցույց է տրվում արցախյան կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխության, մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու և բանակցությունների տրամաբանությունն արմատապես փոխելու անթույլատրելիությունը։ Բաներ, որոնց ամեն կերպ ձգտում է թուրք-ադրբեջանական դաշինքը։

Առավել ուշագրավ է հեռախոսազրույցի մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության հետևյալ հատվածը. «Հատուկ նշվել է օտարերկրյա գրոհայինների ներգրավման հաշվին ճգնաժամի միջազգայնացման (ինտերնացիոնալիզացիայի) անթույլատրելիությունը»։ Դիվանագիտական լեզվով սա նշանակում է, որ ըստ պաշտոնական Մոսկվայի՝ Արցախյան պատերազմում վարձկան ահաբեկիչների ներգրավման շարունակականությունը հանգեցնում է հակամարտության ընդլայնմանը՝ դրանում ներքաշված կողմերի քանակի մեծացմանը, ինչն էլ ավելի է բարդացնում խնդրի հանգուցալուծման առանց այդ էլ բարդ գործընթացը։


[1] Заседание дискуссионного клуба «Валдай»

[2] Պուտինին առաջարկել ենք Սիրիական տարբերակը Ղարաբաղում. Չավուշօղլու

[3] Телефонный разговор с Президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом

[4] Ռուսաստան ռմբակոծեց Իտլիպի մէջ ռազմական ճամբար մը, Նոր Մարմարա, 27.10.2020։

[5] О телефонном разговоре Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова с Министром иностранных дел Турецкой Республики М.Чавушоглу