Կոսովոյի ինքնորոշումը Արցախյան պատերազմի համատեքստում

4 ր.   |  2020-10-27

Ա րցախյան պատերազմի վերսկսումից հետո փորձագիտական շրջանակները  ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան հարցի խաղաղ լուծման տարբերակները՝ դիտարկելով այլ հակամարտությունների օրինակները, որտեղ բախվում են  «ժողովուրդների ինքնորոշման» և «տարածքային ամբողջականության» իրավական սկզբունքները:

Ակնհայտ է՝ միջազգային իրավական նորմերն ու օրենքները ի զորու չեն լիովին լուծելու այս հարցերը, սակայն դրանց և քաղաքական գործիքների համադրությամբ հնարավոր եղավ գոնե տևական ժամանակով լուծել մի շարք հակամարտություններ:

Նման ամենահայտնի օրինակը Կոսովոն է, որի նախատիպը շատ է քննարկվում ղարաբաղյան հարցի համատեքստում: Առաջարկներ կան Կոսովոյի  «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառել Արցախի դեպքում, սակայն այստեղ հակասություն է առաջանում, քանի որ Արցախը 1991թ.-ին ընդունել է անկախության հռչակագիր և չի եղել Ադրբեջանի կազմում, և տեսականորեն այստեղ անջատման խնդիր չկա դրված: Հակամարտությունները տարբերվում են նաև նրանով, որ դեռ 1991թ.-ին Ալբանիան ճանաչել է Կոսովոյի անկախությունը, ի տարբերություն Հայաստանի, որը մինչ այժմ չի ճանաչել Արցախի անկախությունը:

2008թ.-ին Կոսովոյի անկախացման շատ կարևոր նախապայման էր 1999թ.-ից այնտեղ գտնվող  ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը, որոնք իրենց վրա էին վերցրել խաղաղության երաշխիքները և պարարտ հող էին ստեղծել տարածքի անկախացման համար:  Հնարավոր է, որ Կոսովոյի օրինակը Արցախի  համար կենսունակ լինի որոշակի հստակեցված փուլերից հետո:

Կոսովոյի հակամարտությունը

Կոսովոն Սերբիայի տիրապետության տակ է հայտնվել 1913թ.-ի Բալկանյան պատերազմից հետո, երբ անկախություն ձեռք բերեց նաև Ալբանիան: Սրա արդյունքում ալբանացիների մեծ մասը մնաց իր երկրից դուրս, որն էլ հանգեցրեց էթնիկ միգրացիայի ՝ սերբերը հաստատվեցին Կոսովոյում, իսկ ալբանացիները լքեցին այն:

1946թ.-ին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության սահմանադրությամբ Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար մարզերը դարձան Սերբիայի մի մասը՝ ստանալով բավականաչափ ներքին անկախություն: Որոշ տվյալներով՝ այս ժամանակահատվածում ալբանացիները և սերբերը Կոսվոյում տեղակայված էին 9:1 հարաբերակցությամբ: Չնայած տրված լիազորություններին՝ ալբանացիների մոտ ակտիվացավ անկախացման ձգտումները, որոնք 1981-ին հանգեցրեցին Կոսովոյի ուսանողների և դաշնային զորքերի միջև արյունալի բախումների: Իրավիճակը ավելի սրվեց ալբանացիների համար, երբ 1988 թ.-ին Սերբիայի նախագահ դարձավ Սլոբոդան Միլոշևիչը, որը լուծարեց Կոսովոյի խորհրդարանը, դադարեցրեց ալբաներեն լեզվով պետական ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակումները, կրճատվեց լեզվի ուսուցումը, ալբանացիները հեռացվեցին պետական կառույցներից: Արդեն 1991թ.-ին Կոսովոն անցկացրեց չարտոնված ընտրություններ և ընդունեց անկախության հռչակագիր, որից անմիջապես հետո Ալբանիան ճանաչեց  Կոսովոյի անկախությունը:

Սա հանգեցրեց պատերազմի, որտեղ Կոսվոյի բանակը և պարտիզանական-ահաբեկչական խմբավորումները մարտնչում էին հարավսլավական բանակի դեմ: Կողմերի միջև արյունահեղ պատերազմը 1999թ.-ին կանգնեցրեց ՆԱՏՕ-ն, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Կոսովոյում տեղակայել ՆԱՏՕ-ի ուժերը, իսկ տարածքի վերահսկողությունը տալ ՄԱԿ-ին՝ ըստ 1999 թ. հունիսի 10-ի ԱԽ-ի կողմից ընդունված թիվ 1244 բանաձևի:

Սա ինչ-որ չափով հանգստացրեց Սերբիա-Կոսովո արյունալի հակամարտությունը՝ այն տեղափոխելով բանակցությունների դաշտ: Սկզբնական շրջանում  փորձ արվեց  կիրառել «ստանդարտներ կարգավիճակից առաջ» բանաձևը, ըստ որի, պետք է  բոլոր քաղաքական ուժերի և էթնիկ խմբերի միջև համաձայնության ստեղծվեր, որից հետո որոշվեր Կոսովոյի կարգավիճակը, սակայն այս տարբերակը չաշխատեց:

2006թ.-ին հունվարին Կոսովոյի գծով արտգործնախարարների մակարդակով շփման խումբը և ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն հայտարարեցին, որ պարտավորվում են ամեն գնով Կոսովոյի հարցում որոշակի լուծման հասնել: Առաջադրվեց բանակցությունների երկու հիմնարար սկզբունքներ՝ Կոսովոն չի կարող վերադառնալ Սերբիայի վերահսկողության տակ և չի կարող բաժանվել և կցվել այլ պետության:

Վիեննայում արդեն 2006թ. փետրվարի 20-ին սկսվեցին ՄԱԿ-ի միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցություններ: Ըստ ալբանական դիրքորոշման՝ Կոսովոյին պետք է լիարժեք և անվերապահ անկախություն տրամադրել, իսկ Սերբիան հույս ուներ Կոսովոյի վրա գոնե պաշտոնական վերահսկողություն պահպանել: Բելգրադը  պահանջում էր նաև Կոսովոյի սերբերին տրամադրել ինքնակառավարման իրավունք: 2008թ.-ի փետրվարի 17-ին, ըստ Մարտի Ախտիսաարի «վերահսկվող անկախություն» պլանի, ԵՄ ներկայացուցիչ 2000 քաղաքացիական և իրավապահ անձինք ուղարկվեցին Կոսովո՝  նախնական պայմանավորվածությամբ այնտեղ  մինչև 2014թ.-ը իրավիճակը վերահսկելու համար: Հաջորդ օրը՝ փետրվարի 18-ին, Կոսովոյի խորհրդարանը միակողմանիորեն հռչակեց տարածքի անկախությունը:

Ճանաչումից անմիջապես հետո՝ փետրվարի 18-ին, Կոսովոյի անկախությունը ճանաչեցին Աֆղանստանը, Թայվանը և եվրոպական մի շարք երկրներ՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ն: 2014թ.-ի տվյալներով Կոսովոյի անկախութունը ճանաչել են 109 երկրներ: Կոսովոյի անկախությունը չեն ճանաչել տարածքային հակամարտության մեջ գտնվող երկրները, ինչպիսինք են՝ Իսպանիան, Բուլղարիան, Սլովակիան, Հունաստանը, Կիպրոսը, Հայաստանը: Ռուսաստանը և Չինաստանը իրենց համերաշխությունն են հայտնել Բելգրադին: Սերբիայի սահմանադրությամբ Կոսովոն համարվում է իր տարածքը: Ավելին՝ 2009թ. դեկտեմբերին Սերբիան դիմեց ՄԱԿ-ի Միջազգային դատարան` Կոսովոյի անկախության հռչակման իրավական համապատասխանության հարցը քննելու հայցով, որին ի պատասխան 2010թ. հուլիսի 22-ին Միջազգային դատարանը որոշում կայացրեց, որ Կոսովոյի անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին:

2011թ.-ի մարտի 8-ին Բրյուսելում երկու կողմերի միջև տեղի ունեցավ պատմական առաջին հանդիպումը, որի ընթացքում Կոսովոյի քաղաքական կարգավիճակը չքննարկվեց: Բանակցությունները ավելի խորացան, երբ Սերբիայի իշխանության եկավ Ալեքսանդր Վուչիչը: Արդեն վերջերս՝ սեպտեմբերի 4-ին, Վաշինգտոնում Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին Դոնալդ Թրամփի ներկայությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին, ըստ որի, երկու կողմերը փորձ կանեն բարելավել  հարաբերությունները: