Սիրիա. Ռուսաստանի մտահոգությունները

8 ր.   |  2020-10-26

Ս ույն թվականի մարտի 5-ին նախագահների մակարդակով ձեռքբերված ռուս-թուրքական համաձայնությունից[1] հետո Սիրիայում իրադրությունը ցուցաբերում է զարգացման հակադիր միտումներ։ Մի կողմից՝ տեղի է ունեցել նկատելի կայունացում։ Ինչպես հաղորդում է Ռուսատանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան, ըստ պայմանավորվածության` թուրքական զինված ուժերը սկսել են իրենց ստորաբաժանումների դուրսբերումը մի շարք վերահսկիչ-դիտարկման կետերից, մասնավորապես, Համա նահանգի արևմուտքում գտնվող Մորեկ բնակավայրից[2]։

Այնուամենայնիվ, ահաբեկչության, արմատականության և ընդհանուր առմամբ  ապակայունացման վտանգը հաղթահարված չէ։ Ավելին, այդ երևութները երբեմն-երբեմն դրսևորում են ակտիվացման միտումներ։ Երկրի տարածքն ամբողջությամբ չի անցել սիրիական իշխանությունների վերահսկողության տակ. վերջիններս վերահսկում են Սիրիայի տարածքի 70-80%-ը։ Ահաբեկչական խմբավորումները վերջնականապես չեզոքացված չեն և բարենպաստ պայմանների առաջացման դեպքում անմիջապես զգացնել են տալիս իրենց գոյությունը։ Այս առումով հատկանշական է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հայտարարությունն այն մասին, որ պատերազմն իր երկրում դեռևս շարունակվում է։ «Քանի ահաբեկիչները զբաղեցնում են մեր երկրի որոշ շրջաններ և իրականացնում տարատեսակ հանցագործություններ ու սպանություններ, պատերազմն ավարտված չէ։ Եվ ես կարծում եմ, որ նրանց ղեկավարները մտադիր են այնպես անել, որ այն շարունակվի դեռ երկար ժամանակ»[3]։

Սիրիական ճգնաժամի համատեքստում ներկայում կարելի է առանձնացնել երեք հիմնական հարց, որոնք առավել են անհանգստացնում Մոսկվային։ Դրանք են՝ ահաբեկչության աշխուժացումը, քրդական խնդիրը հյուսիս-արևելքում և փախստականների վերադարձը։

Ահաբեկչության աշխուժացումը

Սիրիական իշխանությունների վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում ահաբեկչական խմբավորումների գոյության և գործունեության համար ավելի բարենպաստ պայմաններ կան։ Այդպիսի տարածքներից է Իդլիբը։

Այստեղ արմատականները շարունակում են դիմադրություն ցույց տալ ռուս (նաև՝ թուրք[4]) զինվորականներին։ Ավելացել են հրաձգությունները սիրիական կառավարական զորքերի դիրքերի և մոտակա բնակավայրերի ուղղությամբ, չեն դադարում սադրանքները M-4 ավտոմայրուղու երկայնքով ձևավորված անվտանգության միջանցքում։ Դրա հետևանքով մայրուղու ռուս-թուրքական համատեղ պարեկումը ժամանակավորապես դադարեցվել էր և վերականգնվել է օգոստոսի 12-ին։ Հատուկ անհանգստություն են առաջացնում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի վրա հարձակման շարունակական փորձերը։ Օգոստոսի 10-ին երեք անօդաչու սարքերով հարձակման փորձ է եղել, որը ետ է մղվել։ Խնդրի վրա էականորեն լույս կսփռեր այն հարցի պատասխանը, թե որ երկրի արտադրության են եղել այդ անօդաչուները։ «Ակնհայտ է, որ Իդլիբի ապաէսկալացիոն գոտում հաստատուն կայունության ձեռքբերումը հնարավոր է միայն այնտեղ ահաբեկչական օջախի չեզոքացմամբ»,- նշում է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը[5]։

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Ալեքսանդր Գրինկևիչը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ Իդլիբի ապաէսկալացիոն գոտում արձանագրվել է Ջաբհաթ ան Նուսրա ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից հրաձգության 33 դեպք[6]։

Սիրիական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող շրջաններում, մասնավորապես՝ Իդլիբում, արմատականները ոչ միայն ծավալում են իրենց ահաբեկչական գործունեությունը, այլև այն տարածում են ինչպես ողջ Սիրիայի տարածքում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում։ Բերենք մի քանի օրինակ։ Հոկտեմբերի 22-ին ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից մահացել է Դամասկոսի և նրա շրջակայքի մուֆթի շեյխ Մուհամմեդ Ադնան ալ Աֆյունին[7]։ Հոկտեմբերի 7-8-ի գիշերը Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Դերաա քաղաքում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով վիրավորվել է նվազագույնը երկու մարդ։ Դեռևս հունիս ամսին նույն Դերաայի մերձակայքում ականի վրա պայթել էր ավտոբուս, որում գտնվում էր սիրիական բանակի 40 զինծառայող։ 7 մարդ զոհվել էր, 23-ը՝ վիրավորվել։ Իշխանությունները ահաբեկչության համար պատասխանատու էին նկատել Ջաբհաթ ան Նուսրա ծայրահեղական խմբավորման հետ կապված գրոհայիններին[8]։

Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան և նրանց մասնակցությունը սեպտեմբերի 27-ից վերսկսված Արցախյան պատերազմին նույնպես հիշյալ երևույթի վառ ապացույցն է։ Ասվածը թույլ է տալիս անել հետևյալ դատողությունները.

  • Անդրկովկասը դարձել է Մեծ Մերձավոր Արևելքի մի մասը
  • Այդ մեծ տարածաշրջանի տարբեր հատվածներում տեղի ունեցող գործընթացները փոխկապակցված են
  • Ահաբեկչական ցանկացած օջախի առկայությունը իրենից մեծ վտանգ է ներկայացնում ահաբեկչության և արմատականության տարածման առումով
  • Ահաբեկչական օջախներից արմատականությունն ու ահաբեկչությունը չի կարող ինքնին տարածվել այլ վայրեր և սպառնալիք լինել տարածաշրջանային անվտանգությանը, եթե ահաբեկչական կազմակերպությունների հետևում կանգնած չլինի որևէ տերություն, չզինի ու չմարզի ահաբեկիչներին, չտեղափոխի այլ վայրեր

Հաշվի առնելով այն իրողությունը, որ Իդլիբի շրջանում ահաբեկիչների չեզոքացման խնդիրը ստանձնել է Թուրքիան, կարող ենք ասել, որ վերջինս կամ չի կարողանում, կամ, որ ավելի մոտ է իրականությանը, չի ցանկանում իրականացնել իր պարտականությունը։ Հետևաբար, ռուսական կողմի արտահայտած անհանգստությունները Իդլիբում ահաբեկչական խմբավորումների ծավալած գործունեության մասին ուղղակի կամ անուղղակի քննադատություն են Թուրքիայի հասցեին։ Վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը, որ ռուսական Օդատիեզերական ուժերը Սիրիայում հարվածներ են հասցնում ահաբեկիչների ճամբարներին վկայում է այն մասին, որ պաշտոնական Մոսկվան, Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելու հույսերը այլևս չկապելով Թուրքիայի հետ, ինքն է իրականացնում այդ խնդիրը։ Ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվում են նաև ցամաքային գործողություններ[9]։

Քրդական խնդիրը

Ս իրիական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումներից մեկն էլ այդ երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումն է՝ միաժամանակ պահպանելով երկրի էթնիկ և կրոնական բազմազանությունը, որտեղ յուրաքանչյուր ազգային և կրոնական խմբի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված կլինեն։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը կողմնակից է բազմաէթնիկ և բազմակրոն միասնական Սիրիային։

Այս տեսակետից Ռուսաստանին անհանգստացնում է Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակը։ Պաշտոնական Մոսկվան չի ողջունում քրդական անկախական կամ անջատողական շարժումները։ Հատկապես այն դեպքում, որ դրանք առիթ են տալիս արտաքին ուժերի ռազմական ներգրավմանը սիրիական ճգնաժամում, ինչն իր հերթին էլ ավելի է բարդացնում առանց այդ էլ լարված իրավիճակը։ Հիշենք Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունները Սիրիային սահմանակից շրջաններում, որոնց հետևանքով մի շարք սահմանային շրջաններ հայտնվել են թուրքական բանակի ռազմակալման տակ։ Իսկ Թուրքիան ոչ միայն զուտ ռազմակալել է այդ շրջանները, այլև վարում է թուրքացման քաղաքականություն։

Միևնույն ժամանակ, քրդերին խոստումներ տված ուժերը վճռական պահին լքում են նրանց՝ անպաշտպան թողնելով Թուրքիայի դեմ, ինչը պատճառ է դառնում մարդկային ողբերգությունների։

Բացի այդ, անդրեփրատյան շրջանի՝ սիրիական իշխանությունների վերահսկողությունից դուրս լինելը պատճառ է դարձել տեղի քուրդ և արաբ բնակչության միջև լարվածության ու բախումների։ Տեղական բնակչության դժգոհությունը հարուցում է առաջին հերթին սիրիական նավթի անօրինական արդյունահանումը և մաքսանենգ վաճառքը։ Դա ընկալվում է ոչ միայն որպես ազգային հարստութան կողոպուտ, այլև երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարում։

Սիրիայի հյուսիս-արևելքում իշխանությունը փաստացի իր ձեռքը վերցրած «Սիրիայի ժողովրդավարական խորհրդի» գործադիր խորհրդի համանախագահ Ի. Ահմեդը օրերս հայտարարել է, որ Ռուսաստանը ձախողել է «Ռոժավայի»[10] և սիրիական կառավարության միջև բանակցությունների «երաշխավորի առաքելությունը»։ Միաժամանակ, անցյալ շաբաթ ԻՊ շուրջ 600 ահաբեկիչներ ազատ էին արձակվել բանտից, ինչը հանգեցրել է իսլամական արմատականների աշխուժացմանը, որոնք թափանցում են սիրիական իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող տարածքներ, մարտերի բռնվում կառավարական բանակի ուժերի հետ։

Այս համատեքստում, կարծում ենք, պատահական չէր այն, որ Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչների՝ Ադրբեջան տեղափոխման և Արցախյան պատերազմին նրանց մասնակցության մասին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ հիշատակվում էին նաև քրդական ծայրահեղական խմբավորումների անդամները։

Այնուամենայնիվ, Ռուսաստանը կողմնակից չէ զենքի ուժով քրդական շարժումները ճնշելուն։ Պաշտոնական Մոսկվան ձգտում է քրդերի և սիրիական իշխանությունների երկխոսության միջոցով կյանքի կոչել ապագա Սիրիայի իր տեսլականը։

Փախստականների վերադարձի խնդիրը

Ս իրիական ճգնաժամի համատեքստում կարևոր հարցերից է նաև փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը։ Ռուսաստանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Դամասկոսի ձեռնարկած քայլերը, ինչպիսիք են.

  • Նախագահ Ասադի կողմից մի քանի անգամ համաներման մասին հրամանագրերի ստորագրումը
  • պատերազմի պատճառով երկիրը հարկադրաբար լքած քաղաքացիների իրավական կարգավիճակի որոշման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները

Պաշտոնական Մոսկվան միաժամանակ աշխուժորեն աջակցում է սիրիացիների հայրենադարձության գործընթացին։ Նրա ջանքերով սիրիական ճգնաժամի հաղթահարման նպատակով ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևում ներառվել են փախստականների և ներքին տեղահանվածների՝ իրենց բնակավայրերը անվտանգ ու կամավոր վերադարձի և տուժած շրջանների վերականգնման համար պայմանների ստեղծման դրույթներ։

Փախստականների վերադարձին միտված միջոցառումները տվել են որոշակի արդյունք։ Մասնավորապես, նկատվում է Լիբանանից սիրիացիների վերադարձի աշխուժացում։ Օգոստոսի առաջին երկու շաբաթներին այդ երկրից Սիրիա է վերադարձել շուրջ 2000 փախստական։ Կարծում ենք, այս երևույթի հիմքում ընկած է նաև Լիբանանում տիրող անկայուն և վտանգավոր իրավիճակը։ Սոցիալ-տնտեսական ճգնաժամը, քաղաքական անկայունությունն ու անորոշությունը, օգոստոսի սկզբին տեղի ունեցած հուժկու պայթյունը Բեյրութի նավահանգստում[11] Լիբանանի ողջ բնակչության հետ միասին ծանր պայմաններ են ստեղծել նաև սիրիացի փախստականների համար։ Այդ իսկ պատճառով վերջիններս նախընտրում են  վերադառնալ խաղաղությունը ոչ ամբողջությամբ և վերջնական վերագտած, բայց համեմատաբար ավելի կայուն Սիրիա։

Ռուսաստանը և Սիրիան ծրագրում են նոյեմբերի 11-12-ը Դամասկոսում կազմակերպել միջազգային համաժողով՝ սիրիացի փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձին նպաստելու համար։ Պաշտոնական Դամասկոսը այդ միջոցառմանը մասնակցության հրավեր է ուղարկել պետությունների և միջազգային կազմակերպությունների լայն շրջանակի։ Ռուսաստանն այդ համաժողովը համարում է լուրջ հարթակ, որում տեղի կունենա իրենց տները վերադառնալու, սիրիացի ժողովրդի միասնականությունը վերականգնելու հարցում սիրիացիներին աջակցություն ցույց տալու հետ կապված բոլոր հարցերի առարկայական քննարկում։


[1] Իդլիբի ապաէսկալացիոն գոտում իրավիճակի կայունացաման մասին 2018թ. սեպտեմբերի 17-ի ռուս-թուրքական հուշագրի լրացուցիչ արձանագրությունը

[2] Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 22 октября 2020 года

[3] Асад: война в Сирии не закончена

[4] Թուրք զինվորականների պահով վերապահում ենք անում, քանի որ հարց է, թե որքանով է Թուրքիայի պայքարը ահաբեկիչների դեմ անկեղծ։

[5] Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 13 августа 2020 года

[6] Террористы совершили 33 обстрела в идлибской зоне деэскалации в Сирии

[7] В Сирии заявили о гибели муфтия Дамаска в результате взрыва

[8] Мощный взрыв прогремел в сирийском городе Дераа

[9] Տե՛ս, օրինակ, Военные РФ и Сирии взорвали бывшее подземное убежище террористов

[10] Քրդերն այդպես են կոչում Սիրիայի հյուսիս-արևելքում իրենց հռչակած ինքնավարությունը։

[11] Տե՛ս Взрыв в Бейруте: больше 100 погибших и чрезвычайное положение