Արցախյան գոյամարտ. Ֆրանսիայի հայ համայնքի ներդրումը

4 ր.   |  2020-10-21

Ֆ րանսիայի հայ համայնքը Սփյուռքի ամենախոշոր և կազմակերպված գաղթօջախներից է։ Եվրոպայում այն քանակապես ամենամեծն է։ Հայերի թիվը Ֆրանսիայում մոտ կես միլիոն է։

Ֆրանսիայի հայ համայնքն ունի բարձր կազմակերպվածություն, և գործում են հայկական տարբեր հաստատություններ։ Նրանց գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու, համագործակցությունը խթանելու նպատակով ստեղծվել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը։

Սեպտեմբերի 27-ին բռնկված Արցախյան նորօրյա գոյամարտը զորաշարժի ենթարկեց նաև Ֆրանսիայի հայ համայնքը։ Վերջինիս հայանպաստ գործունեության զինանոցը բազմազան է։ Դրանցից մեկն էլ աշխատանքն է երկրի քաղաքական և պետական ընտրանին կազմող գործիչների հետ. անհատներ, որոնք ինչպես ունեն բարձր քաղաքական հեղինակություն, այնպես էլ պետական-իշխանական համակարգում զբաղեցրած պաշտոնների շնորհիվ անմիջականորեն ազդում են ընդունվող որոշումների վրա։

Այս ուղղությամբ Ֆրանսիայի հայ համայնքի կատարած աշխատանքների արդյունքում այդ երկրում ձևավորվել է հայամետ գործիչների փաղանգ, որոնց ձայնն ու գործողությունները կարևորվում են հատկապես ճգնաժամային պայմաններում։

Ներկա պատերազմական իրավիճակում Ֆրանսիայի հայամետ գործիչները խոսում ու գործում են հիմնականում երկու ուղղությամբ. ա) թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտում և բ) զորակցություն Հայաստանին և Արցախի Հանրապետությանը։ Երկրորդ ուղղությամբ իրականացվող գործունեության համատեքստում առանձնահատուկ տեղ ունեն Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ կատարվող քայլերը և դրա համար քաղաքական-տեղեկատվական հող նախապատրաստելը։

Հայ համայնքի ծավալած գործունեության շնորհիվ Ֆրանսիայի քաղաքական ընտրանու շրջանում ձևավորվում է այն մտայնությունը, որ Արցախյան խնդիրը զուտ տեղային խնդիր չէ, որը հեռու է Ֆրանսիայի սահմաններից, հետևաբար, չի վտանգում նրան։ Հոկտեմբերի 16-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թե՛ ֆրանսիական հասարակությունը, թե՛ նրա քաղաքական, մտավորական վերնախավը գալիս են այն գիտակցության, որ ահաբեկչության տարածումը, որով հղի է մերօրյա արցախյան պատերազմը, սպառնալիք է բոլոր երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային։

Ֆրանսիայի հայամետ գործիչներից է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Նա Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ է[1]։ Մասնակցում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա հավաքույթներին, հանդես գալիս հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացնելու դիրքերից։

Այս տարվա հունիսի 28-ին Ան Իդալգոն վերընտրվեց Փարիզի քաղաքապետ՝ հաղթելով ադրբեջանամետ թեկնածու Ռաշիդա Դատիին։ Վերջինիս առաջադրումից հետո Ֆրանսիայի հայ համայնքն ահազանգում էր նրա և բռնապետական Ադրբեջանի իշխանությունների սերտ կապերի մասին։ Նշվում էր, որ նա եղել է Ֆրանսիայում «խավիարային դիվանագիտության» գլխավոր գործիք համարվող Ադրբեջանի բարեկամների ասոցիացիայի անդամ, բազմիցս գովերգել Հեյդար Ալիևի հիմնադրամն ու Մեհրիբան Ալիևային[2]։

Հարցազրույց տալով հայկական «Նուվել դ’Արմենի» պարբերականին՝ Ան Իդալգոն նշել է, որ, ինչպես միշտ, այս պատերազմում էլ նախահարձակ կողմը (այն է՝ ագրեսորը) Ադրբեջանն է, որին աջակցում է Թուրքիան։ Իր հարցազրույցը Ան Իդալգոն ամփոփել է՝ նշելով, որ եթե Ղարաբաղյան հարցի լուծումը Արցախի անկախությունն է, ապա անհապաղ պետք է լծվել այդ գործին և ճանաչել Արցախը՝ որպես անկախ պետություն[3]։

Մեկ այլ հայամետ գործիչ է Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն։ Դեռևս սեպտեմբերի 29-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում նա հայտարարել էր, որ հայաբնակ Արցախն ավելի քան 30 տարի է պայքարում է անկախության համար, իսկ Թուրքիան և Ադրբեջանը չեն հրաժարվում իրենց նպատակից՝ բնաջնջել հայ ժողովրդին։ Ըստ հայամետ պատգամավորի՝ Թուրքիայի «արբանյակ» Ադրբեջանը և՛ այս տարվա հուլիսին՝ տավուշյան լարվածության ժամանակ, և՛ այժմ սկսել է մարտական գործողություններ և թիրախավորել հայկական բնակավայրերը։ Վալերի Բուայեն պահանջել է Ֆրանսիայի միջամտությունը՝ նշելով, որ իր երկիրը չպետք է չեզոք մնա Թուրքիայի նախագահ Էրդողանի գործողությունների նկատմամբ, երբ հարձակվում են քաղաքացիական բնակչության վրա, սպանում կանանց և երեխաներին[4]։

Օրերս իր պաշտոնական էջում կատարած գրառմամբ Վալերի Բուայեն տեղեկացրել է, որ պատրաստվում է այս շաբաթ օրենքի նախագիծ ներկայացնել Սենատ, որով պահանջվում է դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ և ճանաչել Արցախի անկախությունը։ Ֆրանսիացի գործիչն իր օրենսդրական նախաձեռնությունը հիմնավորում է հետևյալ հրամայականով՝ արգելք լինել ադրբեջանական բանակի առաջխաղացմանը նշանակում է արգելք լինել թուրքական իսլամի տարածմանը Եվրոպայում[5]։

Ֆրանսիացի հայամետ գործիչների հայտարարություններից ու գործողություններից հետևում է, որ նրանց համոզմամբ.

  • Արցախում ընթացող ներկա պատերազմի հետևում իրականում կանգնած է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ Թուրքիան, որն ունի Եվրոպայի անվտանգությանը սպառնացող հեռահար աշխարհաքաղաքական ծրագրեր։
  • Ներկա պատերազմը կապված է Հայոց ցեղասպանության հետ, այն է՝ թուրք-ադրբեջանական հայաջինջ քաղաքականության շարունակությունն է կամ նորօրյա դրսևորումը։
  • Ֆրանսիան պետք է միջամտի ստեղծված իրավիճակին։

[1] Սոցիալիստական կուսակցությունը պատերազմի բռնկումից անմիջապես հետո հանդես եկավ Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ։

[2] Անն Իդալգոն վերընտրվեց Փարիզի քաղաքապետ

[3] Փարիզի քաղաքապետի ուշագրաւ պնդումը, Նոր Մարմարա, 20.10.2020:

[4] Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախագիծը կուղարկվի Ֆրանսիայի Սենատ. Վալերի Բուայե

[5] Վալէրի Պուայէ պիտի առաջարկէ ճանչնալ Արցախի անկախութիւնը, Նոր Մարմարա, 20.10.2020: