Ակնկալիքներ միջազգային հանրությունից

4 ր.   |  2020-10-21

Մ եր հասարակությունում միջազգային հանրության կամ այդ հանրության առանձին ներկայացուցիչների դերը շատ հաճախ դուրս է գալիս օբյեկտիվ գնահատման տիրույթից՝ միահյուսվելով իռացիոնալ տարրերով։ Իհարկե, այստեղ կան որոշ օբյեկտիվ պատճառներ, որոնք ինչ-որ առումով պայմանավորված են փոքր ազգերի ու պետությունների հանրային, ազգային-հոգեբանական ընկալումներով։ Մեծամասամբ, սակայն, նման ընկալումներն ունեն խիստ սուբյեկտիվ և իրականությունից ինչ-որ չափով կտրված դրսևորումներ։ Ընդ որում, որոշ դեպքերում այդ ընկալումներն արտահայտվում են նաև մասնագիտական տեսանկյունից ոլորտին մոտ կանգնած հասարակական-քաղաքական շրջանակներում։  

Միջազգային հանրությունից համարժեք արձագանքման, «արդարության» վերհանման մեր ակնկալիքները սրվում են ճգնաժամային իրավիճակներում, տվյալ դեպքում՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի այս օրերին։  

Ռազմական գործողություների բերումով միջազգային հանրությունից մեր սպասելիքները, որպես կանոն, հանրային կարծիքը բաժանում են երկու՝ իրարից խիստ ընդգծված հակադիր բևեռների։ Հանրության մի զգալի հատվածը մեծ ակնկալիքներ ունի միջազգային հանրությունից կամ դրա առանձին դերակատարներից՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ահաբեկչական գործողությունների դատապարտման և «արդարության» վերականգնման հարցում։ Մյուս մասը ընդհանրապես լուրջ չի մոտենում ռազմական գործողությունների համատեքստում Արցախի ու նրա ժողովրդի շահերի պաշտպանության ու պայքարի հարցում միջազգային հանության կարևորությանը։ Կարծում ենք, որ ըստ էության, այս երկու ընկալումներն էլ չափազանցված են և կտրված են իրական քաղաքականությունից։  

Կարևոր է հասկանալ մի քանի սկզբունքային դիտարկում․

1․ Մեր օրերում զգալիորեն նվազել է միջազգային հանրության անվտանգային զսպող մեխանիզմների գործունակությունն ու կիրառական արդյունավետությունը,

2․ Միջազգային հանրության այս կամ այն հարթակում, ինչպես, օրինակ՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը կամ ՀԱՊԿ-ը, կոնսոլիդացված շահերի խմբում ինքին առկա են լուրջ քաղաքական, տնտեսական ու գաղափարական հակասություններ,

3․ Եվ վերջապես, լուրջ գաղափարական ու իրավական ճգնաժամի առաջ է կանգնած միջազգային իրավունքը, որը մեծամասամբ ստիպված է համակերպվել ուժի դիրքերից պարտադրված իրողություններին։

Ավելին, մեր հանրությունում հանդիպում են այնպիսի ընկալումներ, թե ողջ միջազգային հանրությունը շարունակում է հակադրվել հայերիս արդար պայքարին։ Չենք կարող չնշել, որ անշուշտ այստեղ կա տրամաբանություն, որը ելնում է այն պարզ ճշմարտությունից, որ միջազգային հանրությունը հաշվի է նստում ուժի դիրքերից խոսող ու ներկայացող կողմի հետ։ Ուստի, մեզ անհարաժեշտ է բոլոր դեպքերում, ներկայանալ օրակարգ թելադրողի դիրքերից։  

Մ իջազգային հանրության «անարդարացի» արձագանքների ու «անտարբերության» մասին կարելի է խոսել անվերջ։ Օրերս ԵՄ-ում տապալվեց Եվրամիության անդամ-պետություն հանդիսացող Հունաստանի առաջարկը՝ արգելք սահմանել ԵՄ անդամ չհանդիսացող Թուրքիային զենքի մատակարարումների վրա։ Առաջարկին դեմ արտահայտվեցին Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան ու Մալթան՝ տնտեսական ու քաղաքական պատճառներից ելնելով։ Հունաստանի առաջարկին հավանություն էին տվել Ֆրանսիան, Ավստրիան ու Սլովենիան․ ԵՄ անդամ մյուս պետությունները մնացին ձեռնպահ։

Ինչպես տեսնում ենք, նույն ԵՄ-ի ներսում կան հստակ հակասություններ անդամ-պետությունների միջև, որոնք դրսևորվում են ելնելով Թուրքիայի հետ նրանց երկկողմ հարաբերությունների ողջ տրամաբանությունից։ ԵՄ և ՆԱՏՕ անդամ-պետություն հանդիսացող Հունաստանի առաջարկն այդպես էլ չի ընդունվում այն դեպքում, երբ Թուրքիան այսօր լուրջ սպառնալիք է ներկայացնում Արևելյան Միջերկրածովում, ԵՄ-ին ու միջազգային հանրությանն՝ առհասարակ։

Հ ոկտեմբերի 19-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը փակ նիստում քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտության հարցը: 

Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշեց, որ «անհրաժեշտ է ապահովել կրակի դադարեցման իրականացումը, դա ամենահրատապ հարցն է, քանի որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել»[1]։ Դիվանագետը պարզաբանեց, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը․ «դա արագ գործընթաց չէ։ Նեբենզյան չի բացառել, որ դիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ առաքելությունը, առավել ևս, որ այդ կազմակերպությունն է ղեկավարում կարգավորման գործընթացը․ «ով կլինի, ինչ դերակատարությամբ՝ դեռ մնում է հարց, որը քննարկվում է»։

Ավելացնենք, որ վերջին տարիներին էապես նվազել է ՄԱԿ անվտանգային ու իրավաքաղաքական առաքելության արդյունավետությունը։ Ելնելով նրանից, որ թեև Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի հարցում ընդհանուր առմամբ միջազգային հանրության արձագանքները բավական թիրախային են ու կոշտ, այդուհանդերձ, ՄԱԿ-ը որևէ հասցեական հայտարարարությամբ հանդես չեկավ, որտեղ կնշվեր, թե ով է մշակել ու նախաձեռնել ռազմական գործողությունները, երկրորդ՝ կվերահաստատվեր Թուրքիայի կողմից Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխման փաստը և որն ամենասկզբունքային հարցն է՝ կկիրառվեին այդ ուղղությամբ հստակ իրավաքաղաքական պատժիչ մեխանիզմներ։

Իհարկե, դրական ենք գնահատում միջազգային հանրության ցանկացած փորձ, որը կնպաստի ռազմական գործողությունների դադարեցմանը, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ նիստի անցկացումը, սակայն այստեղ անհամեմատ ավելի սկզբունքային է հարցը, թե հայտարարություններից հետո ինչ հստակ քայլեր են նախատեսվում իրականացնել։ Կարծեք, թե այս հարցում նույնպես չպետք է ունենանք մեծ սպասումներ։

Միաժամանակ, սակայն, չենք կարող չասել, որ ճգնաժամային-պատերազմական իրավիճակներում որոշ դեպքերում կարող են տեղի ունենալ չնախատեսված, ֆորս-մաժորային զարգացումներ կամ կայացվեն որոշումներ, որոնք կարող են փոխել ճգնաժամի հանգուցալուծման ողջ տրամաբանությունն ու ելքը։ Այս համատեքստում, սակայն, սկզբունքային է այն, որ նման որոշումներ կայացնելու համար առնվազն լինի միջազգային կոնսոլիդացված շահերի խմբի առկայությունը, որը կարող է փոխել իրադրությունը ուժի դիրքերից։


[1] https://armenpress.am/arm/news/1032149/