Պատերազմի տեղեկատվական բաղադրիչը. սփյուռքի ավանդը
4 ր. | 2020-10-20Բ ոլոր ժամանակներում էլ պատերազմներն ուղեկցվել են տեղեկատվական-քարոզչական գործողություններով։ 21-րդ դարում, պայմանավորված հեռահաղորդակցության միջոցների աննախադեպ զարգացմամբ, ինչպես նաև տեղեկատվական հոսքերի մեծացմամբ՝ պատերազմների տեղեկատվական բաղադրիչն ավելի ու ավելի է մեծանում, և այդ ոլորտի դերը, մեղմ ասած, դժվար է գերագնահատել։ Բացառություն չէ նաև սեպտեմբերի 27-ից վերսկսված Արցախյան գոյամարտը։
Տեղեկատվական գործողություններն առհասարակ ունենում են երեք թիրախ։ Առաջինը սեփական հանրությունն է՝ ներքին լասրանը։ Երկրոդը հակառակորդ երկրի հասարակությունն է, երբ տարբեր հնարքներով փորձ է արվում բարոյալքել նրան, կոտրել նրա մեջ պայքարի կամքն ու ոգին։ Երրորդ թիրախը միջազգային հանրությունն է։ Այս ասպարեզում փորձ է կատարվում չեզոք կողմերին ցույց տալ սեփական պայքարի արդարացիությունը, վարկաբեկել հակառակորդին և այդ կերպ շահել արտաքին ուժերի համակրանքն ու օժանդակությունը։
Սփյուռքի ավանդը տեղեկատվական պատերազմում կարևորվում է հատկապես երրորդ ուղղությամբ։ Ռազմական գործողություններին զուգընթաց թուրք-ադրբեջանական կողմը ակտիվ հակահայկական քարոզչություն է ծավալում, որին նույնպես անհրաժեշտ է դիմակայել։ Խնդիրն այս հարցում միջազգային լայն շրջանակներին, հիմնականում՝ միջազգային հարբերություններում վճռորոշ դերակատարություն ունեցող պետությունների հասարակություններին արցախահայության դատի արդարացիության ներկայացումն է և թուրք-ադրբեջանական կողմի «դիմակի պատռումը»։
Տեղեկատվական ասպարեզում Սփյուռքի ավանդը Արցախյան գոյամարտին ունի դրսևորման տարբեր ձևեր։ Դրանցից են, օրինակ, բողոքի գործողությունները միջազգային այն լրատվամիջոցների դեմ, որոնք միակողմանի և ադրբեջանամետ դիրքերից են լուսաբանում Արցախյան պատերազմը։
Կարևոր են նաև Սփյուռքի նշանավոր անհատների կարծիքները։ Խոսքն այն անհատների մասին է, որոնք մեծ ճանաչման ու հեղինակության են հասել արտերկրում և, հետևաբար, որոնց խոսքն ունի մեծ արժեք ինչպես տարբեր երկրների հասարակությունների, այնպես էլ միջազգային լայն շրջանակների համար։ Նրանց դիրքորոշումների արտահայտումն ու տարածումը միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներով կարող է էական նպաստ բերել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ տարվող տեղեկատվական պատերազմում։
Հոկտեմբերի կեսին ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք թայմս» թերթին հարցազրույց[1] է տվել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը։ Նշենք, որ Կարո Փայլանը քաղաքական դեմք է ոչ միայն Թուրքիայի, այլև միջազգային մասշտաբներով։ Ունի մեծ հեղինակություն՝ որպես էրդողանյան վարչակարգի արատների դեմ պայքարող, ողջ աշխարհում արդարության ու մարդասիրության համար մարտնչող գործիչ։
Հարցազրուցում հայազգի գործիչն անդրադառնում է Արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության խնդրին։ Նրա մտքերը կարելի է ներկայացնել հետևյալ թեզերի տեսքով.
- Թուրքիան էթնիկ ընդհանրության հիման վրա միակողմանիորեն և ամենաակտիվ կերպով աջակցում է Ադրբեջանին։
- Այդ համատեքստում պետական քարոզչամեքենան զարկ է տալիս Հայաստանի դեմ ուղղված ռազմաշունչ հռետորաբանությանը։
- Դա ոգևորությամբ է ընդունվում ազգայնամոլ շրջանակների կողմից և սահմանափակում խաղաղության համար պայքարողների գործունեության հնարավորությունները։
- Թուրքիայի նման պահվածքը վախի ու անվստահության մթնոլորտ է ստեղծել փոքրամասնությունների, մասնավորապես, Կ. Պոլսի 60 հազարանոց հայ համայնքի համար[2]։ Ի պաշտպանություն Ադրբեջանի տեղի են ունենում զանգվածային գործողություններ, որոնք անցկացվում են հայաշատ թաղամասերում։ Դրանցից ամենանշանավորը սեպտեմբերի 28-ին Գում Գափուի[3] ավտոերթն էր՝ ադրբեջանական դրոշներով ու հակահայ կարգախոսներով։
- Փոքրամասնության վախի զգացումը հիմնազուրկ չէ՝ նկատի ունենալով 2007թ. Հրանտ Դինքի սպանութունը, որը տեղի ունեցավ նմանատիպ ազգայնամոլական մթնոլորտում։
- Իր խաղաղասիրական գործունեության համար ինքը (Կարո Փայլանը) դարձել է ազգայնամոլ շրջանակների կատաղի հարձակումների թիրախ։
- Այսպիսի իրավիճակի պատճառը Թուրքիայի անձնիշխանական քաղաքական համակարգն է (նկատի ունի նախագահ Ռ. Էրդողանի միանձնյա անսահմանափակ իշխանությունը), որը դաշնակցում է ազգայնամոլ շրջանակների հետ։
- Էրդողանյան վարչակարգը ձգտում է բռնաճնշումների միջոցով թուլացնել ընդդիմությանը, մասնավորապես, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։ Դրա ապացույցն է այն, որ կուսակցության հազարավոր անդամներ՝ ներառյալ նախկին համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշը, ներկայում բանտում են։ Կուսակցության յոթ պատգամավորներ, որոնց թվում՝ Կարո Փայլանը, մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ։ Դատախազությունը միջնորդություն է պատրաստում՝ պատգամավորական անձեռնմխելիությունից նրանց զրկելու համար։
- Ռազմատենչությունը, ազգայնամոլությունը և անձնիշխանությունը չեն նպաստում ո՛չ երկրի ներքին խնդիրների լուծմանը, ո՛չ էլ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը։
- Թուրքիան պետք է ձգտի բարելավել հարաբերությունները հարևանների հետ։ Այդ համատեքստում հարկավոր է ոչ թե հրահրել ռազմական գործողություններ, այլ հաշտության կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին։
Հոկտեմբերի 19-ին «Նյու Յորք թայմս» թերթին բաց նամակով[4] է դիմել ամերիկահայ համայնքի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ գիտնական, գործարար, բարերար, հասարակական գործիչ Նուբար Աֆեյանը։ Նա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնդիրն է և «Մոդերնա» ընկերության նախագահը։ Ընկերությունը ներկայում զբաղվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծմամբ և նշանակալի հաջողության է հասել այդ ասպարեզում։
Նուբար Աֆեյանը նախ նշում է, որ հայաբնակ Արցախի դեմ ահագնացող հարձակումների մասին թերթի հրապարակումը սարսափով է լցրել իրեն։ Ստեղծված իրավիճակը համարելով գոյութենական սպառնալիք հայերի համար՝ հայազգի հեղինակավոր գործիչը այն կապում է Ցեղասպանության հետ։ «Հայոց ցեղասպանությունից ի վեր առաջին անգամ հայ ժողովուրդը բախվում է գոյութենական սպառնալիքի»,- գրում է Նուբար Աֆեյանը։
Նամակում, ըստ էության, միջամտութան կոչ է արվում մեծ տերություններին, մասնավորապես, ԱՄՆ-ին և Ռուսաստանին։ Ինչպես նշում է հայազգի գործիչը, երբ համաշխարհային տերությունները միջամտում են կանգնեցնելու վայրագությունները, դա ազդանշան է ագրեսորին առ այն, որ տարածքի բռնակցումը կամ ժողովրդի և մշակույթի ոչնչացումն անթույլատրելի են։
[1] Կարօ Փայլանի հարցազրոյցը՝ «Նիւ Եորք Թայմս» թերթին, Նոր Մարմարա, 16.10.2020
[2] Բացի ավանդական հայկական համայնքից, Կ. Պոլսում են գտնվում նաև հազարավոր աշխատանքային գաղթականներ Հայաստանից, որոնք չունեն քաղաքացիություն, հետևաբար, պաշտպանված չեն պետության կողմից։
[3] Գում Գափու հայաշատ թաղամասում է գտնվում Պոլսո հայոց պատրիարքությունը։
[4] Նամակը տեղադրվել է լրատվամիջոցի կայքէջում։ Armenians Under Fire: Who Will Help?