Իրանը վերադառնում է զինամթերքի համաշխարհային շուկա

3 ր.   |  2020-10-20

Ի րանը հոկտեմբերի 18-ին հայտարարեց ՄԱԿ-ի կողմից կիրառվող էմբարգոյի ավարտի մասին, ինչի առթիվ երկրի ղեկավար Հասան Ռոհանին շնորհավորեց Իրանի ժողովրդին՝ շեշտելով, որ այսուհետ նրանք կկարողան զենք վաճառել կամ գնել նրանից, ումից կցանկան:

Իրանի դեմ զենքի էմբարգոն ուժի մեջ է մտել ավելի քան 13 տարի առաջ, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ի հետ «միջուկային փաթեթի» շուրջ բանակցությունները ձախողվեցին, որի  արդյունքում 2006-2007թթ. Անվտանգության խորհուրդը Իրանի դեմ կիրառեց էմբարգո, որը 2008թ.-ին և 2010թ.-ին խստացվեց: Բազմաթիվ բանակցություններից հետո՝ա  2015թ.-ին, Թեհրանի և վեց միջազգային բանակցողների՝ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի միջև կնքվեց հանրահայտ միջուկային պայմանագիրը, որը կարևոր ձեռքբերում էր Իրանի համար: Ըստ այս պայմանագրի՝  ՄԱԿ-ի տեսուչները ստացան Իրանի ռազմական և գիտական կենտրոններ տեսչական այցեր կատարելու իրավունք, սակայն իրանական կողմը չէր պարտավորվում անմիջապես թույլատրել այցերը և կարող էր լրացուցիչ պարզաբանումներ պահանջել, որի դեպքում հարցը պետք է քննարկեր վեց գերտերությունների և Իրանի փորձագետներից կազմված միացյալ հանձնաժողովը։ Բացի այդ՝ Թեհրանը պարտավորվում էր 15 տարի պահպանել ուրանի հարստացման մակարդակը 3,67% մակարդակում: Պայմանագրի լիակատար իրականացման դեպքում Իրանի միջմայրցամաքային հրթիռների ստեղծման ծրագիրը զսպող պատժամիջոցներն ուժի մեջ կմնան 8 տարի (2023թ), իսկ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զենքի մատակարարման արգելքը՝ 5 տարի (2020թ.)։ Ստանձնած պարտավորություններից որևէ մեկը չկատարելու դեպքում ՄԱԿ-ը 65 օրում կվերականգնի չեղյալ հայտարարած պատժամիջոցները։

Գործարքից հետո, սակայն, 2017թ.-ի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այս համագործակցությունը չի համապատասխանում իր երկրի շահերին, իսկ արդեն 2018թ-ին Վաշինգտոնը որոշ տվյալներով Իրանի հեռահար բալիստիկ հրթիռների ծրագրի պատճառով  դուրս եկավ գործարքից և սպառնաց կիրառել պատժամիջոցներ բոլոր այն երկրների դեմ, որոնք կփորձեն օգնել Իրանի միջուկային զենք ստանալու հարցում: Դրան ի պատասխան՝ 2019թ.-ին Իրանը մեղադրեց գործարքի անդամներին ԱՄՆ-ի դուրս գալու և պատժամիջոցների  կիրառման մեջ և դադարեցրեց պահպանել ուրանի հարստացման առավելագույն մակարդակը:

Չնայած գործարքի սցենարը նման դեպքերով զարգացավ, սակայն, այնուամենայնիվ, հոկտեմբերի 18-ին էմբարգոն կասեցվեց: Օգոստոսին ԱՄՆ-ն վերջին ճիգը գործադրեց, այն երկարաձգելու համար: Վաշինգտոնը ՄԱԿ-ում ներկայացրեց Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու մասին բանաձև, սակայն Անվտանգության խորհուրդի անդամները մերժեցին այն: Արդյունքի չհասնելով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարեց, որ այսկերպ ԱԽ-ն հրաժարվեց տեր կանգնել «խաղաղությանը և անվտանգությանը» և «ահաբեկչության հովանավորող  աշխարհի խոշորագույն երկրի համար զենք վաճառելու և գնելու համար ճանապարհ բացեց»:

 ԱՄՆ-ին հատկապես անհանգստացում է  այն փաստը, որ Իրանը կկարողանա ձեռք բերել այնպիսի կործանիչներ, ինչպիսին է  ռուսական «Սու-30»-ը և չինական «J-10»-ը:  Ռուսաստանն ու Չինաստանը չէին թաքցնում, որ պատրաստվում են Իրանի հետ զենքի վաճառքի բանակցություններ վարել: Օգոստոսին Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին այցելեց Մոսկվա, որտեղ հանդիպեց իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուին, ինչպես նաև մասնակցեց «Բանակ -2020» ֆորումին, որտեղ ծանոթացավ ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի վերջին մոդելներին: Հանդիպումից հետո Խաթամին նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ իրանական օդուժի զարգացման գործում համագործակցության վերաբերյալ:

Էմբարգոյի ավարտից հետո Իրանը շեշտել է, որ իր պաշտպանության համակարգում տեղ չունեն ոչ ավանդական և զանգվածային ոչնչացման զենքեր, սակայն սա չի հանգստացրել ԱՄՆ-ին: Պետքարտուղար Մայք Պոմպեոն  չի ընդունել էմբարգոյի ավարտը, ավելին՝ նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի կամ որևէ սուբյեկտի հանդեպ, որը կնպաստի Իրանից կամ դեպի Իրան սովորական զենքի մատակարարմանը, վաճառքին կամ փոխանցմանը, ինչպես նաև նրանց, ովքեր տրամադրում են տեխնիկական գիտելիքներ, ֆինանսական աջակցություն և ծառայություններ, և այդ զենքի հետ կապված այլ տեսակի օգնություն: