Աշխարհասփյուռ հայության միասնականությունը
10 ր. | 2020-10-16Ա րցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. ահա թե ինչը պիտի լինի մեր ջանքերի կիզակետը թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում»,- այսպիսի խոսքերով է ամփոփում հոկտեմբերի 14-ին ժողովրդին ուղղված ուղերձը վարչապետ Նիկոլ Փաշինյանը[1]: Նույն օրը Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ն իր ուղերձում կոչ արեց հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայությանը միասնական ջանքերով տեր կանգնել Արցախի արդար դատին[2]։
Ադրբեջանական հարձակումով բռնկված Արցախյան նոր հերոսամարտը դարձավ Հայրենիք-Սփյուռք միասնության նոր խորհրդանիշը։ Աշխարհի տարբեր երկրների հայ համայնքները նեցուկ կանգնեցին վտանգի մեջ հայտնված հայրենիքին։ Սփյուռքի հարյուրավոր համայնքներում այս օրերին մեր հայրենակիցները համերաշխության, բողոքի ու աջակցության բազմահազարանոց խաղաղ հավաքներ են անում՝ օրակարգում ունենալով երկու կոնկրետ հարց՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում, թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայի դատապարտում[3]:
Սփյուռքի ներդրումն Արցախյան հերոսամարտում ունի տարբեր հարթություններ։ Առաջինը մարդասիրական օգնությունն է։ Համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ արդեն 700 տոննա մարդասիրական նշանակության ապրանք է Սփյուռքից ուղարկվել Հայաստան։ Հոկտեմբերի 15-ին 10 տոննա մարդասիրական օգնությամբ նոր ինքնաթիռ Ֆրանսիայից վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Ներկա պահին ամերիկահայ համայնքի 100 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնավորված ինքնաթիռը պատրաստ է թռչելու Երևան, սակայն Թուրքիան չի տրամադրում օդային տարածք։ Այնուամենայնիվ, վստահ ենք, որ այդ օգնությունն էլ տեղ կհասնի, եթե ոչ Թուրքիայի, ապա այլ երկրի օդային տարածքով։
Հաջորդ հարթությունը դրամական օժանդակությունն է։ Այդ նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը բացել է հատուկ հաշվեհամար։ Հոկտեմբերի 15-ի դրությամբ, այդ հաշվեհամարին փոխանցված գումարը հասնում էր $124 մլն.-ի։
Այս օրերին Սփյուռքի տարբեր համայնքներից հայեր են գալիս Հայաստան՝ ծանր պայմաններում հայտնված հայրենիքին օգտակար լինելու նպատակով։ Նրանց մեջ կան նույնիսկ կամավորականներ, ովքեր մեկնում են ռազմաճակատ։ Այնուամենայնիվ, Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների հիմնական մասը բուժաշխատողներ են, որոնք գալիս են օգնելու պատերազմական պայմաններում գտնվող հայրենի առողջապահական համակարգին։ Հատկապես, նշանավոր է Ֆրանսիայից ժամանած հայ բժիշկների խումբը, որն իր հետ բերել է նաև դեղորայք, բժշկական սարքավորումներ և այլ պարագաներ։
Պատերազմական պայմաններում հայտնված Հայաստանին և Արցախի Հանրապետությանը Սփյուռքը զորակցում է նաև քաղաքական և տեղեկատվական ասպարեզներում։ Տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայկական լոբբիստական խմբերը, նշանավոր հայ անհատները ձգտում են ճշմարտությունը ներկայացնել իրենց երկրների առաջնորդներին ու միջազգային հանրությանը։
Ա րտերկրի նշանավոր հայերը՝ հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ և այլն, փորձում են իրենց հեղինակության շնորհիվ միջազգային հանրությանը, առաջին հերթին՝ իրենց երկրների հասարակությանն ու քաղաքական վերնախավին ներկայացնել արցախահայության դատը։ Նրանց առաջադրած թեզերն են՝
- Պատերազմը նախաձեռնել է Ադրբեջանը
- Նրան անվերապահորեն աջակցում է Թուրքիան, բացի տեղեկատվական, քաղաքական և դիվանագիտական ոլորտներից, նաև ռազմական ոլորտում
- Ադրբեջանական բանակի կողքին կռվում են Մերձավոր Արևելքից Անդրկովկաս տեղափոխված վարձկան-ահաբեկիչներ
- Ադրբեջանական նպատակը միայն Արցախի նվաճումը չէ, այլ՝ ցեղասպանության իրականացումը
- Այդ պատճառով էլ թուրք-ադրբեջանական զինուժը թիրախավորում է խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական (այդ թվում՝ հոգևոր-մշակութային) օբյեկտները, հիվանդանոցները, եկեղեցիները և այլ ենթակառուցվածքները
- Թուրք-ադրբեջանական գործողությունները հղի են ողջ տարածաշրջանի ապակայունացման, մասնավորապես՝ ահաբեկչության և իսլամական արմատականության տարածման վտանգով
- Բռնկված պատերազմը քաղաքակրթական է, որտեղ ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը կանգնած են քաղաքակրության դիրքերում և հակաահաբեկչական պայքար են մղում
- Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ա) իրերը կոչել իրենց անուններով՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան և հայաջինջ քաղաքականությունը, բ) դադարեցնել ցանկացած ռազմական մատակարարում Ադրբեջանին՝ լինի դա վաճառքի կամ օգնության տեսքով, գ) կիրառել տնտեսական և այլ պատժամիջոցներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, Թուրքիայի դեպքում՝ ընդհուպ մինչև հեռացնել Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպությունից, դ) ճանաչել Արցախի անկախությունը՝ որպես արցախահայության անվտանգության միակ երաշխիք։
Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին է նամակով[4] դիմել Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։ Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հայ ժողովրդին դարձյալ վտանգ է սպառնում, և, ինչպես 1915-ին[5], այսօր էլ նա ստիպված է պայքար մղել իր գոյության համար»։ Անվանելով Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի հավատարիմ աջակից և դրվատելով նրա՝ իրերն իրենց անուններով կոչելու սկզբունքայնությունը՝ Ազնավուրը շարունակում է. «Այս հակամարտության ընթացքում սիրիացի ջիհադիստների՝ վարձկան-ահաբեկիչների ներգրավումը ևս մեկ անգամ ցույց է տալիս այդ կառավարությունների (Թուրքիայի և Ադրբեջանի) անբարո ձեռագիրը և գուժում ահաբեկչական սպառնալիքի մասին, որը Թուրքիայի ձեռամբ հասնում է Եվրոպայի և Ռուսաստանի մատույցներին: Բաքուն թիրախավորում է խաղաղ բնակիչներին և լրագրողներին՝ օգտագործելով արգելված զինամթերք, խախտելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները»։ Նամակում հանուն հայ ժողովրդի փրկության Նիկոլա Ազնավուրը կոչ է անում Է. Մակրոնին. ա) ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, որը կկարողանա օգտվել միջազգային իրավունքի դրույթներից, բ) տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, գ) ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա՝ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու մեխանիզմներ գործի դնելու նպատակով։ «Հայաստանը քաղաքակրթության բերդամրոցն է, որը պետք է պաշտպանել»,- ամփոփում է Նիկոլա Ազնավուրը։
Արցախյան նոր հերոսամարտին անդրադարձել են նաև ռուսաստանաբնակ հայազգի քաղաքագետներ, լրագրողներ, մտավորականներ, ինչպիսիք են Կարեն Շահնազարովը, Սեմյոն Բաղդասարովը, Սերգեյ Կուրղինյանը և այլոք։ Նրանք Արցախյան պատերազմը կապում են Ռուսաստանի անվտանգության՝ Անդրկովկասում նրա լինել-չլինելու, հնարավոր մասնատման և անգամ կործանման հեռանկարների հետ։ Ըստ նրանց՝ Արցախյան պատերազմը ոչ թե սոսկ տեղական հայ-ադրբեջանական հակամարտություն է, այլ ռուս-թուրքական խնդիր, քանի որ ադրբեջանական ագրեսիայի հետևում կանգնած է Անկարան՝ իր համաթյուրքական նկրտումներով։
Հոկտեմբերի 6-ին պաշտոնական Մոսկվային ուղղված ուղերձներով են հանդես եկել ռուսաստանցի հայազգի նշանավոր գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը։ Արցախյան հակամարտությունը դիտելով որպես միջազգային անվտանգային խնդիր, որը լրջորեն շոշափում է նաև Ռուսատանի շահերը, բարձր գնահատելով Ռուսատանի վճռորոշ դերը տարածաշրջանային խաղաղության և կայունության գործում, ընդգծելով հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության կարևորությունը երկու երկրների անվտագության ապահովման գործում՝ հայազգի նշանավոր գործարարները կոչ են արել Կրեմլին ավելի ակտիվորեն միջամտել Արցախյան խնդրին[6]։ Հայազգի գործարարների ուղերձները նույնպես արժանացել են Կրեմլի պաշտոնական արձագանքին[7]։ Իսկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ռուսաստանաբնակ հայերին կոչ է արել ավելի ակտիվ աջակցել հայրենիքին[8]։
Պատերազմի բռնկման օրից Թուրքիայում իր հայանպաստ գործունեությունն է իրականացնում խորհրդարանի հայազգի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը։ Իր հրապարակային խոսքում (թվիթերյան գրառումներ և այլն) նա քննադատում է ադրբեջանական ագրեսիան, կոչ անում Թուրքիային զերծ մնալ իրավիճակը սրելուց, փնտրել խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ։ Չնայած սոցիալական ցանցերում կատաղի հարձակումներին, այնուամենայնիվ, հայազգի պատգամավորի ձայնը չի լռում։ Նշենք, որ իր պայքարում Կարո Փայլանը միայնակ չէ։ Նրա կողքին է նաև իր կուսակցությունը։
Բացի հրապարակային խոսքից, ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման նպատակով Կ. Փայլանն օգտագործում է նաև խորհրդարանի պատգամավորի իր կարգավիճակը։ Նա հոկտեմբերի 9-ին պաշտոնական դիմում[9] է հղել Թուրքիայի խորհրդարանի նախագահությանը՝ կոչ անելով միջամտել՝ կասեցնելու հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար կործանարար արյունահեղությունը։ Այդ նպատակով Կ. Փայլանը կոչ է անում անցկացնել խորհրդարանական հետաքննություն։ Ստորև թեզերի տեսքով ներկայացնում ենք դիմումում արտացոլված հիմնական դրույթները.
- Պատերազմը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը
- Թուրքիայի խորհրդարանը պետք է պատասխանատվություն ստանձնի այն կասեցնելու համար
- Ատելության խոսքը խոչընդոտ է բանակցային գործընթացի արդյունավետությանը
- Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, բավարար ջանքեր չի գործադրել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, այլ վերածել է այն տարածաշրջանում գերիշխանության հասնելու գործիքի
- Թուրքիան ունի կողմնակալ պահվածք Արցախյան խնդրում, ինչի վկայություններն են հայ-թուրքական սահմանի փակ լինելը և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություների բացակայութնունը
- Թուրքիան միակ երկիրն է, որ պատերազմը շարունակելու կոչ է անում՝ հակառակ բոլոր երկրների՝ այն անմիջապես դադարեցնելու հորդորներին, որով ավելի է բորբոքում հակամարտությունը
- Ատելության խոսքը, ռասիստական արտահայտությունները, ինչպես նաև ռազմաշունչ հռետորաբանությունը վախի մթնոլորտ են ստեղծում Թուրքիայի հայերի շրջանում, որոնք այդ երկրի լիիրավ քաղաքացիներ են
- Թուրքիայի կառուցողական մոտեցումը լուրջ նախադրյալ կլինի ինչպես հակամարտության խաղաղ կարգավորման, այնպես էլ տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդման համար՝ նպաստելով նաև հարակից խնդիրներին լուծմանը
«Ղարաբաղյան հարցը հանգամանորեն քննարկելու, հրադադարի և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ մեր երկրի անհրաժեշտ անելիքները որոշելու, հարցի լուծման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մեր երկրի հնարավոր ձեռնարկումները ճշտելու, իշխանությունների՝ պատերազմին նեցուկ կանգնող քաղաքականության՝ տարածաշրջանային և ներքին խաղաղության վրա ունեցած ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով և խորհրդարանի պատասխանատվությունը ստանձնելու համար պահանջում ենք անցկացնել խորհրդարանկան հետաքննություն»,- ամփոփում է դիմումը հայազգի պատգամավորը։
Ներկա պատերազմական իրավաիճակի առնչությամբ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, առաջին հերթին՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության տրամադրությունները լավատեսություն չեն ներշնչում, որ Կ. Փայլանի դիմումը կստանա դրական արձագանք։ Եթե անգամ անցկացվի էլ խորհրդարանական հետաքննություն, դժվար չէ կռահել, թե ինչպիսին կլինեն դրա արդյունքները։ Այնուամենայնիվ, հայազգի պատգամավորի սույն նախաձեռնությունը դրական քայլ է հասարակական կարծիքի վրա ազդեցութան տեսանկյունից։
Ի նչ վերաբերում է Սփյուռքի համայնքների հավաքական ջանքերին, ապա սեպտեմբերի 27-ից սկսած աշխարհի ամենատարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լիբանանում և այլուր, հայերը բողոքի ակտիվ գործողություններ են իրականացնում՝ ցույցեր, երթեր, ուղեփակումներ, դիմումներ (այդ թվում՝ առցանց) իշխանական մարմիններին և այլն, որպեսզի իրենց բողոքի ձայնը բարձրացնեն ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի։ Այս ջանքերը տալիս են իրենց արդյունքը՝ ի դեմս աշխարհի տարբեր երկրների քաղաքական և պետական գործիչների, իշխանական մարմինների, մտավորականների կողմից ադրբեջանական ագրեսիան դատապարտող և Հայաստանին ու Արցախի Հանրապետությանը զորակցող հայտարարությունների։
Ֆրանսիայի հայ համայնքն անգամ պատրաստել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև և պահանջում է, որ խորհրդարանն ընդունի այն։ Արցախի անկախության ճանաչման հրամայականը, ըստ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ թուրք-ադրբեջանական կողմը մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները[10]։
Հոկտեմբերի 15-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախաձեռնությամբ Անթիլիասի մայրավանքում տեղի է ունեցել Արցախյան պատերազմի վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են համասփյուռքյան գործունեություն ծավալող եկեղեցական, ազգային, կուսակցական և միութենական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Համաձայն կաթողիկոսության պաշտոնական հաղորդագրության[11]՝ Վեհափառ Հայրապետը զեկուցել է Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, հայկական սահմանների պաշտպանության համար մղվող մարտերի և դրանց զուգահեռ տարվող քաղաքական աշխատանքների մասին։ Պատերազմի բռնկման առաջին օրվանից Արամ Ա-ն մշտական կապի մեջ է պետական և եկեղեցական գործիչների հետ՝ իրադարձություններին հետևելու և, հատկապես, միջազգային հանրության առջև թուրք-ադրբեջանական հարձակումը դատապարտելու նպատակով։
Զեկուցմանը հաջորդած քննարկման արդյունքում ընդգծվել են հետևյալ դրույթները.
- Պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի հրահրումով և անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ
- Թշնամին հարվածում է ոչ միայն զինվորական կենտրոններին, այլև գյուղերին, քաղաքներին, եկեղեցիներին, դպրոցներին, հիվանդանոցներին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին
- Հայոց բանակը բարձրագույն նվիրումով և անսահման զոհողություններով շարունակում է դիմակայել թշնամուն, ինչի շնորհիվ անառիկ է պահում հայրենի միջնաբերդը
- Հայոց բանակը մարտնչում է նաև Թուրքիայի տարածքով Ադրբեջան հասած ահաբեկչական ուժերի դեմ՝ կանխելով հայ ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ զտման և ամբողջ տարածաշրջանի համար սպառնալիք հանդիսացող համաթուրանական ծրագիրը
- Այս իրականության դիմաց անհետաձգելի հրամայական է դառնում Արցախի միջազգային ճանաչումը, ինչի համար բոլոր իրավաքաղաքական պատճառներն ամբողջացած են
Այսպիսով, Արցախի անկախության միջազգային ճանաչումը դառնում է համազգային օրակարգի առաջնային հարց։ Սփյուռքյան բոլոր կառույցներն անխտիր (եկեղեցական թեմեր, կուսակցություններ, միություններ և հասարակական կազմակերպություններ) միասնաբար պետք է աշխատեն հայկական երկու պետությունների դիվանագիտական անձնակազմերի հետ՝ իրականացնելու կարևորագույն այս առաջադրանքը։ «Համահայկական մեր պահանջատիրական աշխատանքներուն մէջ կը բացուի նոր հանգրուան։ Բոլորս կ՚ուղղուինք դէպի Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչում»,- ամփոփում է կաթողիկոսության հաղորդագրությունը։
«Ներկայ իրականութիւնը պէտք է Արցախը, Հայաստանը, ինչպէս նաեւ միջազգային համայնքը մղէ մտածելու ու գործելու մէկ ուղղութեամբ՝ Արցախի Հանրապետութեան ճանաչում, այլ ընտրանք չկայ»,- նշվում է նաև Արցախյան խնդրի վերաբերյալ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հոկտեմբերի 13-ի ծավալուն գրությունում[12]։
Հ ամահայկական ջանքերի շնորհիվ՝ Արցախյան թեմայով միջազգային խոսույթում գնալով ավելի ու ավելի մեծ տեղ է տրվում Արցախի անկախության միջազգային ճանաչման խնդրին։ Նախկինում նույնպես այդ խնդիրը շրջանառվել է տարբեր երկրների հասարակական-քաղաքական շրջանակներում, սակայն ոչ ներկա ուժգնությամբ և ծավալներով։ Այն ժամանակ Արցախի միջազգային ճանաչման հարցը հիմնականում երկրորդական նշանակություն է ունեցել արտերկրում՝ դիտարկվելով հիմնականում ընտրական գործընթացների համատեքստում, երբ որոշ քաղաքական ուժեր հայ համայնքի համակրանքը գրավելու նկատառումներով անդրադառնում էին հարցին։
Ներկայում վիճակն այլ է։ Խնդիրը դիտվում է Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում՝ որպես արցախահայության անվտանգության միակ երաշխիք։ Սա դեռ չի նշանակում, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն արդեն մոտ է։ Պարզապես բացվում է համազգային ջանքերի մի նոր ասպարեզ, որտեղ պետք է շարունակել եռանդուն աշխատանքը։
[1] Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
[2] Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի ուղերձը
[3] Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
[4] Նիկոլա Ազնավուրը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
[5] Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր։
[6] Ռուսաստանը տրամադրություններ է շոշափում
[7] Պուտինը գիտի Ռուբեն Վարդանյանի եւ Սամվել Կարապետյանի ուղերձների մասին
[8] Ռուսաստանը տրամադրություններ է շոշափում
[9] Կարօ Փայլան Թուրքիոյ խորհրդարան դիմեց՝ պահանջելով, որ խորհրդարանը միջամտէ, որպէսզի կասեցնէ ղարապաղեան քանդիչ պատերազմը, Նոր Մարմարա, 10.10.2020
[10] Տե՛ս Մուրադ Փափազյանի հարցազրույցը Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը, 14.10.2020
[11] Բոլորս դէպի Արցախի միջազգային ճանաչում
[12] Դէպի Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչում՝ այլ ընտրանք չկայ