Հունաստան-Թուրքիա հարաբերությունների նոր սրացումը
6 ր. | 2020-10-15Ս եպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած Արցախյան պատերազմի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքներում առանձնացավ Հունաստանը, որն ակնհայտ աջակցությունն ցույց տվեց Հայաստանին: Աթենքի նման պահվածքը տրամաբանական է, այն էլ հիմա, երբ նա ևս սրված հակամարտության մեջ է այս պատերազմը հրահրող Թուրքիայի հետ:
Աթենքի և Անկարայի թշնամական հարաբերությունները ևս պատմական արմատներ ունեն: Երկու պետությունները իրար դեմ պատերազմել են առնվազն 4 անգամ: Վերջին լայնածավալ պատերազմից՝ 1922թ.-ից հետո երկկողմ հարաբերություններում սկսեց նկատվել «ջերմացում»: Տնտեսական և այլ շահերով պայմանավորված՝ այս երկրները հաճախ են կարճատև բարիդրացիական հարաբերություններ ստեղծում, որոնք միշտ տարբեր պատճառներով խաթարվում են:
1960-ականներին առաջնային պլան մղվեց Կիպրոսի հիմնախնդիրը, որը կրկին բորբոքեց երկկողմ հարաբերությունները: 1960թ.-ին Մեծ Բրիտանիայի կողմից գաղութացված Կիպրոսն անկախացավ՝ դառնալով էթնիկ հակամարտության գոտի: Պետության հիմնական փաստաթղթերում նշված էթնիկական քվոտաները դժգոհություն առաջացրին թուրքական համայնքում, քանի որ նրան տրված իրավունքներն ավելի սահմանափակ էին, քան հունականը: Սրված հարաբերությունները կարգավորելու համար 1964թ.-ին կղզում տեղակայվեց ՄԱԿ-ի խաղաղապահ զորքը, սակայն ամեն ինչ փոխվեց 1974թ.-ին, երբ տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, որի արդյունքում տապալեց Կիպրոսի նախագահ արքեպիսկոպոս Մակարիոս III-ի իշխանությունը: Նոր ուժերը փորձում էին Կիպրոսը միացնել Հունաստանին. Թուրքիան սա չէր կարող թույլ տալ: Նույն թվականին Անկարան 30,000 հոգանոց բանակով գրավեց կղզու մոտ 37%-ը: Կիպրոսը բաժանվեց երկու մասի՝ հյուսիսի, որտեղ թուրքական բանակն է և հարավի, որտեղ Կիպրոսի հույներն են: Երկու հատվածների միջև ձևավորվեց բուֆերային գոտի, որը պաշտպանվում է ՄԱԿ-ի կողմից: Կղզու հյուսիսում 1983թ. հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը, որը ճանաչեց միայն Թուրքիան: ՄԱԿ-ը բազմիցս փորձել է միավորել կղզին, որի ամենահայտնի փորձն արվել է 2004թ., երբ երկու հատվածներում քվեարկության է դրվել ՄԱԿ գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պլանը: Ըստ այս պլանի՝ Կիպրոսի երկու հատվածները պետք է միավորվեին երկհամայնք պետության կազմում, իսկ Թուրքիան թույլտվություն էր ստանում զորքերը պահել Հյուսիսային Կիպրոսում։ Հունական համայնքը դեմ է քվեարկում այս ծրագրին: Արդյունքում՝ Կիպրոսի Հանրապետությունը անդամակցեց ԵՄ-ին որպես անկախ պետություն առանց հյուսիսային հատվածի, որը շարունակում է մնալ չճանաչված պետություն: Այն խոչընդոտ է նաև Թուրքիայի ԵՄ-ի անդամակցման համար:
1988թ.-ին տեղի ունեցան մերձեցման փորձեր վարչապետ Պապանդրեուի և Օզալի կողմից, որը հայտնի են Դավոսյան գործընթաց անվամբ: Լարված իրավիճակը վերջնականապես թուլացավ 1999թ.-ին: «Երկրաշարժային դիվանագիտությունը» հիմք դրեց Աթնեքի և Անկարայի միջև նոր «բարեկամական» հարաբերությունների: (1999 թ.-ի երկրորդ կեսին երկու երկրներում՝ մասնավորապես՝ Թուրքիայի Իզմիտում և որոշ ժամանակ անց` Աթենքում երկրաշարժեր:) Հունաստանը, ի զարմանս շատերի, սկսեց օգնել Թուրքիային ԵՄ անդամակցելու հարցում: Այս փխրուն բարիդրացիական հարաբերությունները ևս երկար չտևեցին:
Ներկայումս կռվախնձորը Միջերկրական ծովում հայտնաբերված ածխաջրածնային պահուստներն են, որոնց հանդեպ Թուրքիան իր հավակնությունները ունի: Միջերկրյան ծովը համարվում է գազային մեծ պաշար ունեցող տարածաշրջան: 2011թ.-ին ամերիկյան «Noble Energy» ընկերությունը Կիպրոսի Հանրապետության տնտեսական գոտում հայտնաբերեց «Աֆրոդիտե» գազի հանքավայրը, որի պաշարները գնահատվում են 140-170մլրդ մ3: Դրա բացահայտումից անմիջապես հետո Թուրքիան հայտարարեց, որ Միջերկրական ծովում գազի օգտագործումը առանց իր և Կիպրոսի թուրք համայնքի հետ հաշվի նստելու հակասում է միջազգային իրավունքին: Անկարան առաջարկեց Կիպրոսի ծովային տարածքում գործողությունների երկկողմ կասեցում կամ երկու համայնքների միջև համագործակցություն՝ շահույթի բաշխմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետությունը մերժեց՝ նշելով, որ այդ որոշումը խախտում է իր ինքնիշխանությունը: Ինչպես հայտնի է՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում արդեն իսկ առկա հանքավայրերը գտնվում են հիմնականում Կիպրոսի, Հունաստանի, Իսրայելի ու Եգիպտոսի ջրային տարածքներում:
Հարաբերությունները կրկնակի սրվեցին 2019թ.-ին, երբ ամերիկյան «ExxonMobil» ընկերությունը Արևելյան Միջերկրականում կրկին հայտնաբերեց գազի խոշոր հանքավայր: Այստեղ պաշարների ծավալը կազմում է մոտավորապես 120 մլրդ մ3, որը գնահատվում է 30-40 մլրդ դոլար: Սա դարձավ բացահայտ պայքարի պատճառ Հունաստանի և Թուրքիայի միջև: Այժմ այս հարցի շուրջ կրքերը այնքան են թեժացել, որ հնարավոր են անգամ ռազմական բախումները:
Թուրքիային հատկապես գրգռեց այն փաստը, որ ֆրանսիական «Total» և իտալական «Eni» ընկերությունները, աշխատելով Միջերկրական ծովում, իրենց նախագծից որևէ մասնաբաժին չեն տրամադրում Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը: Սրան գումարվեց 2020թ.-ի հունվարին Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը միացնող գազատարի կառուցման ստորագրված համաձայնագիրը, որը կարող է ծածկել եվրոպական շուկայում գազի պահանջարկի 4%-ը: Անկարայի համար սա մեծ «վիրավորանք էր», քանի որ նա նորից դուրս մնաց Միջերկրական էներգետիկ ծրագրերից: Սակայն այս անգամ ագրեսիվ պատասխան տվեց՝ կնքելով Լիբիայի հետ Միջերկրական ծովի արևելյան ջրերում բացառիկ տնտեսական գոտի հիմնելու մասին համաձայնագիր, որը աննախադեպ լարվածության մտցրեց Հունաստանի ու Լիբիայի միջև:
Բանն այն է, որ Թուրքիայի ու Լիբիայի միջև Միջերկրական ծովում փաստացի սահմաններ գծող համաձայնագիրը խախտում է Արևելյան Միջերկրականում մինչ այժմ եղած հավասարակշռությունը (ջրային գոտին, որը 2 երկրները բաժանում են իրար մեջ, հարում է անմիջապես հունական կղզիներին): Հունաստանը շեշտեց, որ այս պայմանագիրը հակասում է ՄԱԿ-ի ծովային իրավունքին, սակայն Անկարան պնդում էր, որ հունական պահանջն իր կղզիների շրջակա ջրերի վերաբերյալ, անվավեր են, քանի որ դրանք չեն ճանաչվել Անկարայի կողմից: Այս պայմանագրից հետո Աթենքը արտաքսեց Լիբիայի դեսպանին իր երկրից և ի պատասխան թուրք-լիբիական համաձայնագրի՝ գաղտնի ռազմածովային դաշնագիր կնքեց Եգիպտոսի հետ: Սա զայրացրեց Անկարային, որը պաշտոնապես հայտարարեց Հունաստանի Կարպատոս, Ռոդոս և Կաստելորիզո կղզիների վիճելի ջրերում հետազոտություններ կատարելու մտադրության մասին:
Ամռանն արդեն այս հայտարարությունները և պայմանագրերը վերածվեցին հստակ գործողությունների: Միջերկրական ծովում սկսվեց զորավարժությունների շքերթ: Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Իտալիայի զինված ուժերի սկսեցին «Եվնոմիա» համատեղ զորավարժություններ: Սրան ի պատասխան՝ Թուրքիան հայտարարեց ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ զորավարժությունների մասին: Իսկ արդեն օգոստոսի սկզբին թուրքական «Oruk Reis» հետախուզական նավը հինգ ռազմանավերի ուղեկցությամբ մեկնեց վիճելի տարածքներ: Կաստելորիզոյի կղզու մոտ երկու երկրների նավերը փոքր բախում ունեցան, որը զայրացրեց Էրդողանին՝ նա խոստացավ պատասխանել դրան: Ակնհայտ է, որ այս բախումները կարող էին շատ արագ վերաճել ռազմական գործողությունների, եթե չխառնվեին այլ դերակատարներ: Եվրամիությունը կոչ արեց Թուրքիային դադարեցնել հետախուզական աշխատանքները վիճելի տարածքներում և սպառնաց պատժամիջոցներով: Իր հերթին Ֆրանսիան իր աջակցությունը ցույց տվեց Հունաստանին: Էմանուել Մակրոնը Աթենքին տրամադրեց «Ռաֆալ» կործանիչներ և «Լաֆայետ» ֆրեգատը: Չնայած սա շատ փորձագետներ կապեցին նրա հետ, որ Ֆրանսիան ցանկանում է իր զենքերը, նավերն ու կործանիչները վաճառել Հունաստանին և Կիպրոսին: Բացի այդ, ֆրանսիական «Total» ընկերությունը մասնակցում է կիպրական ավանդների մշակմանը:
Երկու կողմերին կարողացավ բանակցությունների սեղանի շուրջ բերել ՆԱՏՕ-ն, որին անդամակցում են թե՛ Հունաստանը, թե՛ Թուրքիան: Նրա շնորհիվ Անկարան սեպտեմբերին դուրս բերեց իր «Oruç Reis» հետազոտական նավը, իսկ հոկտեմբերի 1-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Հունաստանի և Թուրքիայի ռազմական ներկայացուցիչների միջև մի շարք տեխնիկական հանդիպումներից հետո ստեղծվեց ռազմական հակամարտությունների կարգավորման երկկողմ մեխանիզմ, սակայն ինչքան այն կիրագործվի, հայտնի չէ: Արդեն որոշվել է, որ թուրքական «Oruc Reis» նավը հոկտեմբերի 12-ից 22-ը նորից կլինի Արևելյան Միջերկրական ծովում ՝ այս անգամ սեյսմիկ հետազոտությունների անվան տակ: