Արցախյան պատերազմ. ռուսական արձագանքներ

5 ր.   |  2020-10-14

Ս եպտեմբերի 27-ից վերսկսված Արցախյան պատերազմն իսկույն հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Ինչպես միջազգային կազմակերպությունները, այնպես էլ առանձին պետություններ անմիջապես արձագանքեցին դրան։

Ռուսաստանի առանձնահատկությունն այս համատեքստում այն է, որ Արցախյան պատերազմին արձագանքեցին ոչ միայն այդ երկրի քաղաքական-դիվանագիտական շրջանակները, մտավորականությունը, անգամ՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցին, այլև ռազմական կառույցները։ Դա պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

  1. Հայաստանը և Ռուսաստանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական դաշնակիցներ են։
  2. Հակամարտության գոտում վարձկան-ահաբեկիչների հայտնվելը հղի է ահաբեկչության և իսլամական ծայրահեղականության ներթափանցմամբ բուն ՌԴ տարածք։
  3. Արցախյան հակամարտությունը ոչ թե տեղական բնույթի էթնիկ խնդիր է, այլև տարածաշրջանային և անգամ միջազգային հարց, որտեղ շոշոփվում են Ռուսաստանի անվտանգային շահերը։

Ռուսաստանի ռազմական կառույցների արձագանքն առավելապես կենտրոնանում է Մերձավոր Արևելքից՝ Սիրիայից և Լիբիայից, վարձկան ահաբեկիչների Անդրկովկաս տեղափոխման և Արցախյան պատերազմի ռազմական գործողություններում նրանց ներգրավվման վրա։ Անդրադարձ կա նաև հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև մարդասիրական հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածության կյանքի կոչմանը։

Դեռևս հոկտեմբերի 6-ին հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Իրավիճակի ներկա սրումը առաջացնում է մեծ անհանգստություն ոչ միայն իր մասշտաբով, այլ արտաքին գործոնների՝ սկզբունքորեն նոր ազդեցությամբ։ Ադրբեջանի կողմից առաջին անգամ այդքան բաց և միանշանակ հանդես է գալիս Թուրքիան։ Բացի այդ, բորբոքվող զինված դիմակայությունը Ղարաբաղում մագնիսի նման իր կողմն է ձգում տարատեսակ միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայիններին»[1]։ ԱՀԾ տվյալներով՝ ակտիվորեն հակամարտության գոտի են տեղափոխվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես, «Ջաբհաթ ան-Նուսրայի», «Ֆիրկաթ Հազմայի», «Սուլթան Մուրադի» և այլ խմբավորումների վարձկաններ։ Հատուկ ծառայությանը չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է դառնալ նոր հարթակ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից ահաբեկչները կարող են թափանցել սահմանակից երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան։

Այս հայտարարության առանձնահատկությունն առավել հասցեականությունն է։ Եթե քաղաքական-դիվանագիտական շրջանակների հայտարարությունները արտաքին գործոններին անդրադառնալիս կիրառում են «երրորդ երկրներ», «արտաքին ուժեր» և նման կարգի այլ վերացական հասկացություններ՝ նկատի ունենալով, անշուշտ, Թուրքիային, ապա ԱՀԾ-ի հայտարարության մեջ հստակ նշվում է հենց այդ երկիրը։

Հոկտեմբերի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Հուլուսի Աքարի միջև, որի ընթացքում քննարկվել է իրադրությունը Արցախյան հակամարտության գոտում։ Ռուսական կողմը թուրքականին է հաղորդել իր հատուկ մտահոգությունը Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների՝ Արցախյան հակամարտության գոտի տեղափոխման հետ։ Համաձայն Կ. Պոլսում լույս տեսնող հայկական Նոր Մարմարա օրաթերթի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ «Ադրբեջանը չի կարող ևս երեսուն տարի սպասել» և որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին[2]։ Սա նշանակում է, որ Թուրքիան տրամադրված է շարունակել ռազմական գործողությունները։

Թերևս սրանով էր պայմանավորված ՌԴ պաշտպանության նախարարության հոկտեմբերի 13-ի հայտարարությունը, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ Ռուսաստանի նախաձեռնությունների կյանքի կոչմանը»[3]։ Ըստ հայտարարության՝ տարբեր երկրների գործընկերների հետ տարվող աշխատանքի գլխավոր խնդիրը մարտական գործողությունների շուտափույթ դադարեցումն է և բանակցային գործընթացի վերսկսումը։

Նույն օրը պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախյան հակամարտությունը քննարկել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ[4]։

Հոկտեմբերի 13-ին ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որ Չեչնիայում ներքին գործերի նախարարության Հատուկ նշանակության ջոկատը հատուկ գործողությամբ ոչնչացրել է չորս ահաբեկիչ, որոնք ՌԴ տարածք էին թափանցել արտասահմանից և պատրաստվում էին իրականացնել մի շարք ահաբեկչական գործողություններ։ Թեև իրականացված գործողութունը հաջող է ավարտվել, սակայն ռուսական ուժային կառույցը նույնպես ունի կորուստներ։ Ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով զոհվել է Ռոսգվարդիայի երկու աշխատակից, մեկը՝ վիրավորվել[5]։ Միայն այս փաստը խոսուն ցուցիչ է Ռուսաստանի համար ավաբեկչության և ծայրահեղության վտանգի մասին։

 Եթե այս փաստը համադրենք ռուսական Օդատիեզերական զորքերի կողմից Իդլիբում (Սիրիա) ահաբեկիչների պատրաստման ճամբարներին հասցվող օդային հարվածների մասին տեղեկատվության, ինչպես նաև Արցախյան հակամարտության գոտում ադրբեջանական բանակի կողքին վարձկան-ահաբեկիչների կռվելու փաստի հետ, ապա կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

  1. Անդրկովկասն արդեն դարձել է Մեծ Մերձավոր Արևելքի մի մասը, որտեղ տեղի ունեցող գործընթացները փոխկապակցված են։ Եթե նախկինում նման դրույթները տեսական դատողությունների մակարդակում էին, ապա Արցախյան պատերազմի բռնկումից հետո դա ակնհայտ երևում է գործնականում։
  2. Ահաբեկչության և արմատականության տարածումը սպառնալիք է անխտիր բոլոր երկրների ազգային անվտանգությանը։
  3. Արցախյան պատերազմը հայկական կողմի դեպքում նաև հակաահաբեկչական պայքար է։

Հոկտեմբերի 14-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, որի ընթացքում կողմերին կոչ է արել ամբողջությամբ պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը[6]։ Իսկ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում տեղակայված ռազմական տեխնիկային հասցված հարվածի առնչությամբ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դ. Պեսկովը հայտարարել է, որ իր երկրի պաշտպանական գերատեսչությունում ստուգում և վերլուծում են այդ մասին տեղեկատվությունը[7]։

Նույն օրը ԱԳ նախարար Ս. Լավրովը հայտարարել է, որ հրադադարի պահպանման արդյունավետ ուղի կարող է լինել շփման գծում ռազմական դիտորդների տեղակայումը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի համար նախընտրելի կլիներ, որ նրանք լինեին ռուս դիտորդներ[8]։


[1] О ситуации вокруг Нагорного Карабаха

[2] Հուլուսի Աքար ու իր ռուս պաշտօնակիցը քննարկեցին ռազմական վիճակը, Նոր Մարմարա, 13.10.2020:

[3] Шойгу "довел" до турецкого коллеги обеспокоенность переброской в Карабах боевиков

[4] Տե՛ս ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ

[5] Вести в 20:00 от 13.10.20

[6] Շոյգուն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել կատարել Ղարաբաղի վերաբերյալ մոսկովյան պարտավորությունները

[7] Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու տեղեկությունները. Պեսկով

[8] Լուծումներից մեկը՝ ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում․Սերգեյ Լավրով