Իսրայելական զենքն Ադրբեջանում
5 ր. | 2020-10-12Հ այկական կողմը քանիցս հայտնել է իր խորին մտահոգությունը Ադրբեջանին իսրայելական արտադրության գերժամանակակից և հարձակողական սպառազինության մատակարարման վերաբերյալ։ Իսրայելական կողմի հիմնավորումները, թե դա առևտրային գործարք է՝ «նավթ զենքի դիմաց», մեղմ ասած, բավարար չեն թե՛ հարցի քաղաքական, թե՛ անվտանգային տեսանկյունից մի քանի հիմնական պատճառներով։ Նախ, դժվար է հիշել գեթ մի դեպք, երբ տվյալ պետությունն իր արտադրության սպառազինությունն ու ռազմական տեխնիկան վաճառում է մեկ այլ պետության՝ ելնելով միմիայն եկամուտ ստանալու առևտրային պարզ հաշվարկից ու տրամաբանությունից։ Իհարկե, սպառազինության վաճառքը կարևոր նշանակություն ունի համաշխարհային ռազմարդյունաբերական հսկաների համար իրենց տնտեսությունների զարգացման տեսանկյունից։ Երկրորդ՝ սպառազինության մատակարարումը ռազմատեխնիկական կախվածություն է առաջացնում արտահանող երկրից այն ներկրող պետության համար։ Սակայն սպառազինության առևտրում ամենակարևորը թերևս քաղաքական, ռազմաքաղաքական ու անվտանգային հարցերն են, որոնք պայմանավորում են զենքի վաճառքի ամբողջ տրամաբանությունը։
«Նավթ զենքի դիմաց» գործարքը, ըստ էության, ենթադրում է շատ ավելի հեռահար, բազմաշերտ ու խորքային գործընթացներ։ Վերջին տարիներին Իսրայելը դարձել է գործոն հարավկովկասյան տարածաշրջանում, ինչը, առաջին հերթին, ուղղակիորեն պայմանավորված է Իսրայել-Իրան հակամարտությամբ։ Իսրայելը ձգտում է թուլացնել Իրանի ազդեցությունը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ մարտահրավեր նետել Թեհրանին՝ իր իսկ անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանից։ Այս իրավիճակում մեր տարածաշրջանում Թել Ավիվին անհրաժեշտ էր Իրանի դեմ հակազդման տարաբնույթ գործողությունների իրականացման համար հարթակ, որի դերը ստանձնեց Ադրբեջանը։
Բացի Իրանից, Իսրայելում վերջին տասնամյակում մտահոգությունը խորանում է Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում Թուրքիայի ազդեցության ընդլայնման միտումներից։ Իսկ վերջին շրջանում, Իսրայելի ռազմական ու արտաքին հետախուզության շրջանում հիմնավորվում է այն տեսակետը, որ մերձավորարևելյան այդ պետության համար գլխավոր մրցակիցը արդեն ոչ այնքան Իրանն է, որքան Թուրքիան։
Իսրայելը դիմակայում է Թուրքիային Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրածովում, սակայն, առաջին հայացքից, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, ոչ հարավկովկասյան տարածաշրջանում։ Այստեղ ուշագրավն այն է, որ չնայած Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածությանը և երկկողմ դիմակայությանը, Թել Ավիվում նախընտրում են գերժամանակակից հարձակողական սպառազինություն մատակարարել Թուրքիայի կրտսեր եղբայր և դաշնակից Ադրբեջանին։
Իրապես, կարող ենք փաստել, որ գործ ունենք երկակի ստանդարտների հետ․ մի կողմից Իսրայելը հակազդում է Թուրքիային Մերձավոր Արևելքում ու Արևելյան Միջերկրածովում, սակայն զարգացնելով Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունները և զենք վաճառելով, ստացվում է, որ անուղղակիորեն աջակցում է նաև իր մրցակցին՝ Թուրքիային։ Եվ սա այն դեպքում, երբ Էրդողանը շարունակում է հայտարարել, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային։ Իսրայելի վարած դիրքորոշման մեջ հակաթուրքական տրամաբանությունը թերևս կարելի է հիմնավորել միայն նրանով, որ զինելով Ադրբեջանին, Իսրայելը փորձում է թուլացնել Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից՝ թուլացնելով վերջինիս ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում։
Մյուս կողմից, շատ լավ հասկանալով, որ այդ նույն գերժամանակակից հարձակողական սպառազինությունն օգտագործվելու է Արցախի և Հայաստանի դեմ, հասկանալի է դառնում, որ Իսրայելը ձգտում է այդ կերպ թուլացնել նաև Իրանի ու Ռուսաստանի դիրքերը։ Պարզ է, որ նման ծավալի ու տեսակի սպառազինության մատակարարումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ուժային հավասարակշռության պահպանման հետագա գործընթացի վրա։ Անշուշտ, Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումն ունի հակահայկական համատեքստ, քանի որ դա զգալի վնաս է հասցնում Հայաստանի տարածաշրջանային անվտանգությանն ու Արցախին։
Ավելի լայն առումով, այն տպավորությունն է, որ այսօր թեժ պայքար է ընթանում Թուրքիայի ու Իսրայելի միջև՝ Ադրբեջանին ավելի կախյալ ու կառավարելի դարձնելու հարցում։ Հիշենք, որ հայկական կողմը քանիցս հայտարարեց, որ Ադրբեջանի օդուժի գործողությունների զգալի մասը, եթե չասենք՝ գրեթե ամբողջությամբ, մշակվում, կառավարվում ու իրականացնում են ուղղակիորեն Թուրքիայի զինված ուժերը։
Ուստի, տրամաբանական հարց պետք է առաջանա, թե որքանո՞վ են կոորդինացվում կամ առհասարակ կոորդինացվո՞ւմ են արդյոք իսրայելական ու թուրքական արտադրության օդուժի միջոցների գործողությունները․ ավելի շուտ հակված ենք կարծելու, որ Ադրբեջանի տարածքից այդ երկու երկրների արտադրության օդուժի միջոցների գործողությունների կառավարման հարցում կողմերը կարող են ունենալ հակասություններ։
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի առաջին իսկ օրից հաստատվեցին Իսրայելից գերժամանակակից սպառազինության նոր խմբաքանակի մատակարարման մասին լուրերը։ Սա թույլ է տալիս հիմնավորել այդ միտքը, որ մեր տարածաշրջանում Իսրայելի քաղաքականության ռազմավարությունը խորքային է ու բազմաշերտ․ այն է՝ չնայած թուրք-իսրայելական հակասություններին, Արցախի դեմ տարվող ռազմական գործողություններում Թել Ավիվն ու Անկարան հանդես են գալիս որպես անուղղակի դաշնակիցներ, համենայն դեպս դա այդպես է ընդգծվում հայկական կողմի համար։ Ռազմական գործողությունների օրերին հարձակողական սպառազինության մատակարարումը Ադրբեջանին, այն գիտակցությամբ, որ հենց օդուժն է առավել կորուստներ պատճառում հայկական զինված ուժերին, թույլ է տալիս հիմնավորել այն տեսակետը, որ Իսրայելը ձգտում է փոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային հավասարակշռությունը։ Հասկանալի է, որ սա առաջին հերթին ուղղակիորեն բացասաբար է ազդելու տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի վրա։ Գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացում զգալի է Մոսկվայի ազդեցությունը։
Հայկական կողմի համար, անշուշտ, անթույլատրելի է Արցախի դեմ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների ընթացքում իսրայելական սպառազինության նոր խմբաքանակի մատակարարման փաստը, առավել ևս, որ հայկական կողմը հավաստիացնում է, որ Ադրբեջանն այն կիրառում է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերն ու գյուղերը։ Հարցի առնչությամբ Իսրայելի ռազմաքաղաքաղաքական ղեկավարության անտարբերությունն ու լռությունը նախ կասկածի տակ են դնում այդ երկրի ղեկավարության պնդումները՝ Մերձավոր Արևելքում Իսրայելի ժողովրդավարության կղզի լինելու մասին, երկրորդ՝ հաստատում են մեր տարածաշրջանում մերձավորարևելյան այդ երկրի վերը հիշատակված քաղաքականության հեռահարությունը։
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայում ուղիղ ներքաշումից ետ չի պահում անգամ այն փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական գործողություններում ներգրավել են ահաբեկչական խմբեր Սիրիայից ու այլ երկրներից։ Եվ դա այն դեպքում, երբ Իսրայելը տարիներ շարունակ հակաահաբեկչական պատերազմ է վարում թե՛ երկրի սահմաններից դուրս, թե՛ երկրի ներսում։
Այս ամենից հետո, իհարկե, կարելի է արդեն չանդրադառնալ հարցի հումանիստական կողմին․ ցեղասպանություն վերապրած ժողովուրդը ներկայացնող երկրի ղեկավարությունն առաջինը պետք է դատապարտեր Արցախի ու նրա խաղաղ բնակչության նկատմամբ Թուրքիայի ու Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները։
Հարցի լուծման ամենաարդյունավետ ճանապարհը թերևս այն է, որ մենք հասնենք ռազմատեխնիկական ու տեխնոլոգիական որակական առավելության թշնամիների նկատմամբ և այլևս վերջնականապես փակենք Ադրջբեջանին զենք վաճառելու հարցում այս կամ այն պետությանը դիմելու էջը։