Արցախյան պատերազմը Ռուսաստանի անվտանգային հարց

3 ր.   |  2020-10-07

Հ ոկտեմբերի 7-ին «Россия 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը, մասնավորապես, ասել է. «Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մենք Հայաստանի առաջ ունենք որոշակի պարտավորություններ այդ պայմանագրի շրջանակներում։ Բայց մարտական գործողությունները, ի մեծ ափսոսանք մեզ, շարունակվում են մինչև այժմ, դրանք տարվում են նաև Հայաստանի տարածքում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից իր պայմանագրային պարտավորությունների կատարամանը այդ պայմանագրի շրջանակներում, ապա մենք միշտ իրականացրել ենք, իրականացնում ենք և կիրականացնենք մեր պարտավորությունները։ Ինչպես գիտեք, ես մշտական աշխույժ աշխատանքային կապի մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ, որևէ հարց Հայաստանի ղեկավարության մոտ Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման առնչությամբ չի առաջանում»[1]։

ՌԴ նախագահի այս հայտարարության պատճառը, կարծում ենք, կապված է վերջին օրերին տարածվող ադրբեջանական կեղծ տեղեկատվության հետ, թե իբրև հայկական զորքերը հարվածներ են հասցրել Մինգեչաուր քաղաքին (ակնարկը Մինգեչաուրի ջրամբարն է) և Բաքու-Ջեյհան նավթամուղին[2]։ Նման ապատեղեկատվության նպատակը հստակ է. թուրք-ադրբեջանական կողմը տեղեկատվական հող է նախապատրաստում ՀՀ տարածքում գտնվող կենսական նշանակության օբյեկտներին ու ենթակառուցվածքներին հարվածելու համար։

Նախագահ Պուտինի վերոհիշյակ հայտարարությունն ունի կանխարգելիչ կամ նախազգուշացնող նշանակություն. այն է՝ Հայաստանի Հանրապետության դեմ հարձակումը կհանգեցնի Ռուսաստանի անմիջական ներգրավմանը զինված հակամարտության մեջ։

Արցախյան հակամարտությունը զուտ տեղային (լոկալ) հայ-ադրբեջանական էթնո-քաղաքական հակամարտություն չէ, այլ՝ աշխարհաքաղաքական, որում ներքաշված են նվազագույնը՝ տարածաշրջանային երեք տերությունները Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Արցախյան հակամարտության աշխարհաքաղաքական մասշտաբների մասին է վկայում նաև այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Ռուսաստանի հետ միասին դրա կարգավորմամբ անմիջականորեն զբաղվում են նաև Ֆրանսիան, որը ներկայացնում է նաև Եվրոպական Միությունը, և ԱՄՆ-ն։

Ռուսաստանի անվտանգային շահերի տեսակետից Արցախյան հակամարտությունը Անդրկովկասում այդ տերության լինել-չլինելու հարցն է։ Համաթյուրքականության գաղափարախոսությամբ թելադրված էրդողանյան վարչակարգի արտաքին քաղաքականությունը նպատակ է հետապնդում ա) Թուրքիայի գերիշխանությունը հաստատել կամ մեծացնել ազդեցությունն Անդրկովկասում՝ այստեղից դուրս մղելով Ռուսաստանին և բ) հնարավորության դեպքում թափանցել Միջին Ասիա, Հյուսիսային Կովկաս, Վոլգյան շրջան, Սիբիր ու Ղրիմ[3]։

Վերոնշյալի մասին խոսում են նաև ռուսական ուղեղային կենտրոնները։ Օրինակ՝ Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի հրապարակումներից մեկում նշվում է. «Կամ Մոսկվան կսկսի ակտիվորեն միջամտել տեղի ունեցողին՝ հստակ դրված նպատակներով և դրանց հասնելու շոշափելի արդյունքներով, կամ անխուսափելիորեն լիովին դուրս կմղվի տարածաշրջանից։ Եվ ոչ այնքան տևական ժամանակ անց այն ամբողջությամբ կդառնա թուրքական՝ դրանից բխող բոլոր քաղաքական և տնտեսական հետևանքներով»[4]։

Ռուսական ուղեղային կենտրոնները նշում են, որ սեպտեմբերի 27-ից վերսկսված պատերազմում թուրք-ադրբեջանական կողմն ի սկզբանե որդեգրել էր կայծակնային պատերազմի՝ այն է բոլոր ուղղություններով շեշտակի գրոհով միանգամից հաղթանակի հասնելու ռազմավարությունը։ Այս սցենարի ձախողումից հետո թուրք-ադրբեջանական կողմն անցել է պլան Բ-ին, այն է՝ երկարատև և հյուծիչ պատերազմով Հայաստանն արյունաքամ անելու և այդ կերպ հաղթելու ռազմավարությանը։ Այս հարցում Ադրբեջանն ապավինում է այն հանգամանքին, որ իր ռեսուրսները (մարդկային, դրամական, նյութատեխնիկական և այլն) մի քանի անգամ գերազանցում են Հայաստանի ռեսուրսներին։ Բացի այդ, նա վայելում է նաև Թուրքիայի անվերապահ աջակցությունը։

Կարծում ենք՝ նման պայմաններում ուժերի հավասարակշռության պահպանման հիմնական միջոցը հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունն է։ Ճիշտ է, ռազմական գործողություններն ընթանում են հիմնականում Արցախի տարածքում, սակայն ՀՀ-ի և Արցախի Հանրապետության անվտանգային շահերը նույնական են։ Արցախյան ճակատում ձախողումը անխուսափելիորեն ծանր հարված կլինի ՀՀ համար, քանի որ Նախիջևանով և Ադրբեջանով շրջափակված Սյունիքն այլևս անկարող կլինի դիմակայել թուրք-ադրբեջանական ճնշմանը։ Իսկ այն, որ Արցախը զավթելուց հետո թուրք-ադրբեջանական բանակը կանգ չի առնի և ձեռնամուխ կլինի նաև ՀՀ տարածքների նվաճմանը, վեր է կասկածից։ Այդ դեպքում իրականություն կդառնա համաթյուրքական երազանքը՝ Անդրկովկասը վերջնականապես դուրս բերելով ռուսական ազդեցության գոտուց։


[1] Интервью телеканалу «Россия»

[2] Հայաստանն ու Արցախը հերքում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի նկատմամբ գործողության մասին ապատեղեկատվությունը

[3] Кто сделал ставку на Эрдогана?

[4] Уроки армяно-азербайджанской войны 2020 года