Իսրայելի հայ համայնքի արձագանքը Արցախյան պատերազմին

3 ր.   |  2020-10-06

Ա րցախյան պատերազմի հետ առնչություն ունեցող միջազգային կարևոր դերակատարներից է Իսրայել պետությունը։ Այդ կապն առաջին հերթին Ադրբեջանին ժամանակակից սպառազինությունների (անօդաչու թռչող սարքեր, հեռահար հրետանի և այլն) մատակարարման մեջ է։

Ցավալիորեն Ադրբեջանին իսրայելական սպառազինությունների մատակարարում տեղի է ունեցել ոչ միայն համեմատաբար խաղաղ ժամանակներում՝ հրադադարի պայմաններում, այլև սեպտեմբերի 27-ից բռնկված նոր պատերազմի ընթացքում։ Լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ հոկտեմբերի 1-ին Իսրայելից երկու բեռնատար օդանավ է վայրէջք կատարել Բաքու՝ մատակարարելով զենք։ Այդ առիթով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին[1]։

Ներկա փուլում հայկական պետության և Սփյուռքի խնդիրներից մեկն է աշխատանքներ տանել արտերկրում՝ Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը դադարեցնելու համար։ Թերևս այս ուղղությամբ ջանքերն ավելի ակտիվացնելու նպատակով էր, որ Հայաստանն ավելի վաղ Իսրայելում դեսպանություն բացելու որոշում կայացրեց։

Իսրայելական զենքի մատակարարումը դադարեցնելու նպատակով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 5-ին նամակ է հղել Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլինին և հեռախոսազրույց ունեցել վերջինիս հետ[2]։

Իսրայելի հայ համայնքի թիվ մեկ կազմակերպչական կառույցը Երուսաղեմի հայոց պատրիարքություն է։ Այն Հայ Առաքելական Եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Կ. Պոլսի հայոց պատրիարքության հետ միասին։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը բնականաբար չէր կարող չմտահոգվել Ադրբեջանին մատակարարվող իսրայելական սպառազինությունների խնդրով և անմասն մնալ դրանք դադարեցնելու համար գործադրվող ջանքերին։ Այդ նպատակով նախքան ՀՀ դեսպանի հետ կանչումը՝ սեպտեմբերի 30-ին, պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակով դիմել է Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլինին՝ կոչ անելով դադարեցնել իսրայելական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին։ Պատրիարքը ուշադրություն է հրավիրել երկու հանգամանքի վրա՝

  • Ադրբեջանի ռազմամոլությունը, որի դրսևորումը ոչ միայն ռազմաշունչ հռետորոբանությունն է, այլև նախահարձակ լինելը[3]
  • Ադրբեջանը սպառազինությունները կիրառում է խաղաղ բնակչության դեմ՝ թիրախ դարձնելով քաղաքացիական կառույցները։

«Ադրբեջանական նախահարձակման հետևանքով արձանագրվել են հարյուրավոր զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության և զինծառայողների շրջանում»,- նշել է Նուրհան պատրիարքը՝ ավելացնելով. «Իսրայելից ուղարկվող սպառազինությունը, անօդաչու թռչող սարքերն ու հրետանին օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ»[4]։

Պատրիարքը նշել է, որ ցավալի է տեղեկանալ իսրայելական մամուլից, որ Ադրբեջանի օգտագործած անօդաչու թռչող սարքերը մատակարարվում են Իսրայելից։ Նման գործելաոճը նշանակում է, որ Իսրայելը, որին անհրաժեշտ է ավելի շատ խաղաղություն, օգնում է Ադրբեջանին վերակենդանացնելու իր թշնամանքը հայերի դեմ։

Պատրիարքը նամակում հայցել է նախագահի միջնորդությունը՝ դադարեցնելու Ադրբեջանին զենքի մատակարարումները։ «Դուք խաղաղասեր անձ եք, որը քաջածանոթ է ողջակիզման և ջարդերի հետևանքով իր ժողովրդի տառապանքներին, հետևաբար, ապավինում ենք Ձեր խղճին և դատողությանը՝ անելու հնարավորը, որպեսզի Իսրայելը դադարեցնի նախահարձակ թշնամի Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը»,- ամփոփել է պատրիարքը[5]։


[1] Հարցի առնչությամբ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը տե՛ս Հայաստանի ԱԳՆ-ն որոշած է խորհրդակցութիւններու նպատակով յետ կանչել Իսրայէլի մօտ ՀՀ դեսպանը, Պայքար, 4.10.2020։

[2] Տե՛ս Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ

[3] Ադրբեջանը նախահարձակ եղավ նաև 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։

[4] Երուսաղէմի հայոց պատրիարքը դիմած է Իսրայէլի նախագահին. դադրեցնելու Ասրպէյճանին զէնքի մատակարարումը, Պայքար, 4.10.2020։

[5] Նույն տեղում։