Արցախյան պատերազմը ռուս-իրանական հարաբերությունների օրակարգում
4 ր. | 2020-10-05Ս եպտեմբերի 27-ին վերսկսված արցախյան պատերազմն անմիջականորեն առնչվում է տարածաշրջանային երկու տերությունների՝ Ռուսաստանի և Իրանի անվտանգային շահերին։ Էրդողանյան վարչակարգի համաթյուրքականության քաղաքականությունը, որի ծիրում էլ սանձազերծվեց նոր պատերազմը, վերջնարդյունքում հանգեցնելու է այդ երկու տերությունների մասնատմանը։
Հետևաբար, պատահական չէ, որ պաշտոնական Մոսկվան և Թեհրանը ոչ միայն առանձին-առանձին անդրադարձան հակամարտության բռնկմանը, այլև խնդիրը դարձրին երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգային հարց։ Մասնավորապես, խնդիրը հանգամանորեն քննարկվեց հոկտեմբերի 2-ին ՌԴ և ԻԻՀ արտաքին գործերի նախարարներ Ս. Լավրովի և Մ. Ջ. Զարիֆի հեռախոսազրույցի ընթացքում[1]։
Ընդհանուր առմամբ՝ պաշտոնական Մոսկվան և Թեհրանը բռնկված ռազմական գործողությունների առնչությամբ ունեն համահունչ մոտեցում։ Ելնելով ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական հաղորդագրությունից՝ կարելի է առանձնացնել ռուս-իրանական բանակցությունների հետևյալ արդյունքները.
- Երկու կողմն էլ լրջորեն անհանգստացած են շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործություններից, ինչպես նաև Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված կազմավորումների գրոհայինների մասնակցությունից։
- Մոսկվան և Թեհրանը կրակի անհապաղ դադարեցման և լարվածության թուլացման կոչ են անում, անթույլատրելի են համարում սադրիչ և ռազմաշունչ հռետորաբանությունը։
- Մոսկվան և Թեհրանն ընդունում են, որ տարածաշրջանի երկրները, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի հարևանները, կարող են կարևոր դեր խաղալ բանակցային գործընթացին կողմերի շուտափույթ վերադարձին նպաստող պայմանների ստեղծման գործում։
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը թե՛ առանձին, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել՝ քաղաքական-դիվանագիտական ուղիներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստելու համար։
Վերոնշյալ «Հայաստանի և Ադրբեջանի հարևաններ» արտահատության տակ ՌԴ և ԻԻՀ արտգործնախարարները նկատի ունեն պաշտոնական Մոսկվային և Թեհերանին, ինչը նշանակում է, որ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի անփոխարինելությունն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, կողմերը՝ մասնավորապես Ռուսաստանը, չի մերժում նաև Իրանի դրական գործունեությունը եթե ոչ հակամարտության վերջնական լուծման, ապա գոնե ներկա փուլում լարվածության թուլացման և բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ապահովման գործում։
Ինչպես երևում է Մոսկվա-Թեհրան բանակցությունների արդյունքներից, լայնամասշտաբ ռազմական գործողութունների շարունակականության հետ մեկտեղ երկու կողմերին անհանգստացնող կարևորագույն հարց է նաև Սիրիայից և Լիբիայից վարձկան-ահաբեկիչների տեղափոխումը Անդրկովկաս և նրանց մասնակցությունը արցախյան մարտերին։ Զուտ ռազմական առումով, վարձկանների մասնակցությունն Արցախյան պատերազմին առանձնապես մեծ առավելություն չի տալիս Ադրբեջանին։ Դա ապացուցվում է գործնականում՝ մարտական գործողությունների արդյունքներով։
Այս երևույթն ունի իր տրամաբանական հենքը.
- Մերձավոր Արևելքից տեղափոխված վարձկանները հիմնականում «մասնագիտացած» են ահաբեկչական գործողություններում կամ, ինչպես ընդունված է ասել, հիբրիդային պատերազմներում և դասական պատերազմում, մեղմ ասած, արդյունավետ չեն։ Ինչպես նշում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, ներկա Արցախյան պատերազմը հինգերորդ սերնդի դասական պատերազմ է։ Այստեղ վարձկան-ահաբեկիչները կարող են իրականացնել լավագույն դեպքում օժանդակ դեր։
- Հայկական բանակը վարձկանների դեմ պատերազմելու փորձ ունի։ Դեռևս 1990-ականների առաջին Արցախյան պատերազմին մասնակցել են չեչեն գրոհայիններ, աֆղանական մոջահեդներ և պարտություն կրել։ Չեչեն դաշտային հրամանատարներից Շամիլ Բասաևն իր առաջին պարտությունը կրել է Արցախում։
- Վարձկանների պատերազմելու շարժառիթը համեմատելի չէ հայ զինվորականների շարժառիթի հետ։ Եթե հայկական բանակի համար Արցախյան պատերազմը կենաց ու մահու կռիվ է, ապա վարձկանների համար ինչ-որ գումար (ըստ մամուլում հրապարակվող տեղեկությունների՝ $1500-2000) «վաստակելու» միջոց։
Արդ, ինչո՞վ է պայմանավորված տարածաշրջանային տերությունների՝ Ռուսաստանի և Իրանի անհանգստությունը Արցախյան պատերազմին վարձկանների մասնակցությամբ։ Կարծում ենք, նրանց առաջին հերթին մտահոգում է ահաբեկչության տարածումը Մերձավոր Արևելքից Անդրկովկաս, որտեղից էլ այն կարող է թափանցել Իրան և Ռուսաստան՝ հիմք դառնալով այդ երկրներում իսլամական արմատականության վերելքին։ ՌԴ նախագահ Պուտինը մեկ անգամ չէ նշել, որ Սիրիայում կռվող ռուս զինվորները պաշտպանում են իրենց հայրենիքը՝ նկատի ունենալով, որ դրանով կանխվում է ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը Ռուսաստան։
Ներկայում ահաբեկչական խմբավորումները փաստորեն ներթափանցել են Անդրկովկաս՝ Ադրբեջան։ Ի՞նչ հետևանք կունենա դա ադրբեջանական պետության համար, այլ հարց է։ Սակայն միանշանակ է, որ դա սպառնալիք է տարածաշրջանային մյուս պետությունների ազգային անվտանգությանը։ Ահաբեկչական խմբավորումների թափանցմամբ արմատական իսլամի վերելքը հղի է այդ երկրները ներսից «պայթեցնելու», դրանք տարածքի վերածելու վտանգով, ինչպես եղավ Սիրիայի[2] և Լիբիայի պարագայում։
Պատահական չէ խնդրի առնչությամբ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Սայիդ Խաթիբզադեի հայտարարությունը։ Ըստ նրա՝ Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջաններն իր ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն։ Մամլո խոսնակը նաև ավելացրել է, որ բախումների տեղափոխումը Կովկաս կհանգեցնի շատ ավելի մեծ աղետի տարածաշրջանի համար, քան ղարաբաղյան հակամարտությունը[3]։ Պաշտոնական մակարդակով նման հայտարարությունը վկայում է Թեհրանի համար սպառնալիքի լրջության մասին։
Չմոռանանք նաև, որ Ռուսաստանի բնակչության մեջ մուսուլմանները զգալի տեսակարար կշիռ ունեն և շատ հատվածներում բնակվում են համախումբ։
Նման խնդրի առաջ է կանգնած նաև Հայաստանի և Ադրբեջանի մեկ այլ հարևան երկիր՝ Վրաստանը, որտեղ նույնպես առկա է մեծաքանակ մուսուլման բնակչություն և իսլամական արմատականության վերելքի վտանգ[4]։
[1] О телефонном разговоре Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова с Министром иностранных дел Ирана М.Д.Зарифом
[2] Սիրիայի պարագայում վերապահում անենք, քանի 2015թ. սեպտեմբերի 30-ից սկսված ռուսական ռազմական միջամտությամբ երկրի տարածքի 70-80%-ը ազատագրվեց ահաբեկիչներից և ներկայում գտնվում է սիրիական իշխանությունների վերահսկողության ներքո։
[3] Իրան Թոյլ Պիտի Չտայ, Որ Ահաբեկիչները Տեղակայուին Հիւսիսային Սահմանին Յարակից Տարածքներուն Մէջ. ԱԳՆ Խօսնակ, Զարթօնք, 02.10.2020։
[4] Տե՛ս Fljyan A., The Impact of Sunni Projects on Georgia: The Case of ISIS, Yerevan State University, Center for Civilization and Cultural Studies, Analytical Bulletin, № 8, 2015, pp. 55-66.