Թուրքիայի ահաբեկչական ձեռագիրը. ամերիկյան արձագանքներ
4 ր. | 2020-10-05Ա րցախի դեմ ռազմական գործողություններին Թուրքիայի ներքաշման ու ուղիղ միջամտության խնդիրն արդիական դարձավ արևմտյան ու մասնավորապես ամերիկյան մեդիա, փորձագիտական ու քաղաքական շրջանակներում։ Արձագանքների բնույթն ու բովանդակությունը թույլ են տալիս ասել, որ Վաշինգտոնում մտահոգություն կա ռազմական գործողություններին Անկարայի ներքաշման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխման Թուրքիայի փորձերի շուրջ։ ԶԼՄ-ներում և փորձագիտական դաշտում հատկապես ընդգծվում է մտահոգությունը՝ կապված Թուրքիայի կողմից Ադրբեջան գրոհայինների ու ահաբեկիչների տեղափոխման հարցի հետ։
Հետաքրքիր է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի օրերին արևմտյան մամուլում ու Սպիտակ Տանը կրկին ակտուալացավ Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից ամերիկյան ռազմական սպառազինությունը Հունաստան տեղափոխելու հարցը։ Հնչում են փորձագիտական գնահատականներ, որ դա կարող է պայմանավորված լինել Արցախի դեմ ռազմական գործողություններին Անկարայի ուղիղ միջամտությամբ։ Հիշեցնենք, որ վերջերս թեման ակտուալացել էր Արևելյան Միջերկրածովում Հունաստանի դեմ Թուրքիայի ագրեսիայի արդյունքում։ Սակայն միջազգային ու տարածաշրջանային ճնշումների ներքո Թուրքիան ստիպված էր առժամանակ զսպել հակաիրավական գործողություններն Արևելյան Միջերկրածովում։
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 28-ին Սալոնիկում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ընդունեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Ուշագրավ է, որ Պոմպեո-Դենդիաս հանդիպումից օրեր անց հայտնի դարձավ Հունաստանի ԱԳ նախարար Ն. Դենդիասի՝ Հայաստան առաջիկա այցելության մտադրության մասին[1]։
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձավ ռազմական գործողություններին․ «կոչ ենք անում դադարեցնել կրակը․․․։ Արտաքին ուժերը պետք է մի կողմ քաշվեն»[2]։ Կարծում ենք, որ Պոմպեոյի հնչեցրած «արտաքին ուժեր» ձևակերպման հասցեատերը Թուրքիան է․ նկատի է առնվում այն հանգամանքը, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի համանախագահող պետություն չէ, հետևաբար չի կարող ներքաշվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ գործընթացներին։
2020-ի հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ: ՀՀ վարչապետի մամլո հաղորդագրությունում մասնավորապես նշվում է. «Դեսպան Օբրայենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա վերահաստատել է շուտափույթ հրադադար և կայունություն հաստատելու հարցում ԱՄՆ շահագրգռվածությունը և Հայաստանի ու տարածաշրջանի համար օգտակար լինելու պատրաստակամությունը: Դեսպան Օբրայենը շեշտել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և կարգավորման առումով վերահաստատել է ԱՄՆ նախագահի՝ նախագահներ Պուտինի և Մակրոնի հետ այսօրվա համատեղ հայտարարությամբ արտահայտած տեսակետը: Վարչապետը հանգամանալից կերպով անդրադարձել է ներկայիս իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության և Ադրբեջանում Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ու ահաբեկիչների տեղակայման փաստը: Վարչապետը շեշտել է տարածաշրջանից վարձկանների և ահաբեկիչների դուրս մղման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է հրադադարի հաստատումը»[3]:
Նախ նշենք, որ հեռախոսազրույցի կազմակերպման փաստն ինքնին արդեն կարծեք թե հասցեական ուղերձ է։ Ուշադրության է արժանի դեսպան Օբրայենի հնչեցրած հետևյալ միտքը․ «Դեսպան Օբրայենը վերահաստատել է շուտափույթ հրադադար և կայունություն հաստատելու հարցում ԱՄՆ շահագրգռվածությունը և Հայաստանի ու տարածաշրջանի համար օգտակար լինելու պատրաստակամությունը»: Նկատենք, որ տեքստում չի հիշատակվում «Ադրբեջան»-ը, փոխարենը նշվում է «Հայաստան և տարածաշրջան» ձևակերպումը։
Սիրիայից, Լիբիայից Թուրքիայի կողմից հավաքագրման ու Ադրբեջան տեղափոխման հարցին անդրադարձավ հեղինակավոր ամերիկյան CNN-ի խմբագրականը։ CNN-ը զրուցել է ոմն սիրիացու հետ, ով նույնպես Սիրիայից տեղափոխվել է Ադրբեջան՝ Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։ Վերջինս սիրիական Աֆրինից է, և հարում է «Սիրական ազգային բանակ» ահաբեկչական խմբավորմանը, անդամագրվել է՝ Ադրբեջան տեղափոխվելու համար. «Ես կամավոր եմ մեկնում, և իմ ստորաբաժանման 90%-ը նույնպես անդամագրվել են մեկնելու նպատակով. նրանք խոստացել են վճարել ամսական $1.500։ Մեր պայմանագրերը ստորագրվում են երեք ամսով»[4]։
Հոկտեմբերի 1-ին հեղինակավոր New York Times պարբերականում հոդված հրապարակվեց, որտեղ խոսվում էր տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի ապակայունացնող գործելաոճի մասին․ «Երբ Հարավային Կովկասում հակամարտությունը վերածվեց լայնածավալ գործողությունների, Էրդողանն առաջին միջազգային առաջնորդն էր, ով ներքաշվեց կռվում։ Նրա առաքելությունը պատերազմող կողմերի՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածության թուլացումը չէր․ փոխարենը նա իր իր անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանին՝ մեղադրելով Հայաստանին հակամարտության կարգավորման բանակցային ջանքերը անտեսելու մեջ»[5]։
Օրերս ռազմական գործողությունների վերաբերյալ կարծիք հայտնեց նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը․ «ՆԱՏՕ-ում աշխատելու իմ չորս տարիների ընթացքում ադրբեջանցիները ձեռնարկել են ռազմական հարձակումներ, որոնք հայերը հեշտությամբ են կասեցրել: Մեր հետախուզական գնահատականով, եթե գործը հասնի լուրջ բախումների, հայերը ամենայն հավանականությամբ կհաղթեն»[6]։
Կ արող ենք ասել, հայկական կողմերի քաղաքական-դիվանագիտական ու տեղեկատվական օպերատիվ և արդյունավետ աշխատանքի արդյունքում, փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 3 պետություններն էլ իրենց արձագանքներով վերահաստատեցին ռազմական գործողություններին Թուրքիայի ուղիղ ներքաշման իրողությունը։
Ֆրանսիան և Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեցին Թուրքիայի կողմից Ադրբեջան ահաբեկչական խմբերի տեղափոխման փաստը․ հոկտեմբերի 2-ին պետքարտուղար Պոմպեոն հարցազրույցներից մեկում նշեց․ «Տեղյակ եմ Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին։ Մենք տեսել ենք՝ ինչպես են սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա․ դա ստեղծում է անկայունություն, թեժացնում հակամարտությունը․․․: Կարծում եմ՝ նույնը կպատահի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ուստի, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»[7]։
[1] https://orbeli.am/hy/post/590/2020-10-01/Թուրքիայից ԱՄՆ բազայի տեղափոխման հարցն ակտիվացել է
[2] https://www.foxnews.com/politics/mike-pompeo
[3] https://www.primeminister.am/hy/press-release
[4] https://edition.cnn.com/2020/10/01/middleeast
[5] https://www.nytimes.com/2020/10/01/world/
[6] https://www.bloomberg.com/opinion/articles
[7] https://www.state.gov/secretary-michael-r-pompeo