Արցախյան պատերազմի վերսկսումը. նոր արձագանքներ պաշտոնական Մոսկվայից
4 ր. | 2020-10-02Վ երսկսված արցախյան պատերազմը շարունակում է իր վրա հրավիրել միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի պաշտոնական շրջանակների ուշադրությունը։ Հոկտեմբերի 1-ին խնդիրը քննարկվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում, ինչպես նաև ՌԴ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Լավրովի ու Չավուշօղլուի հեռախոսազրույցի ընթացքում։ Վերսկսված ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Դ. Թրամփը, Վլ. Պուտինը և Է. Մակրոնը։ Խնդրին անդրադարձ է եղել նաև ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ Հոկտեմբերի 2-ին երրորդ հեռախոսազրույցն է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլ. Պուտինի միջև։
Բովանդակային առումով Մոսկվայի անձագանքը կարելի է բաժանել երկու մասի. ա) մտահոգություն շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ և կրակի անհապաղ դադարեցման կոչ և բ) անդրադարձ Սիրիայից և Լիբիայից տեղափոխված և ռազմական գործողություններին մասնակցող վարձկանների խնդրին։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ նախագահ Պուտինի առցանց խորհրդակցության[1] ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին, կրկին ծայրահեղ անհանգստություն է արտահայտվել շարունակվող մարտերի կապակցությամբ։ Մատնանշվել է տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակը՝ պայմանավորված Սիրիայից և Լիբիայից այնտեղ գրոհայինների տեղափոխման հանգամանքով[2]։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նրանք ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող բռնության ահագնացումը, ցավակցություն հայտնում զոհերի ու վիրավորների ընտանիքներին, կոչ անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։ Համանախագահ երկրների նախագահները նաև կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություն ստանձնել բարեխղճորեն և առանց նախապայմանների վերսկսելու ըստ էության կարգավորման բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ[3]։
Վարձկանների, ինչպես նաև այլ երկրների (նկատի ունենք Թուրքիան) ապակառուցողական գործողությունների խնդիրը քննարկվել է ՌԴ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հերթական հեռախոսազրույցի ընթացքում։ Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը։ Նախարարները լուրջ մտահոգություն են արտահայտել շարունակվող զինված առճակատմամբ, հանդես եկել մարտական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին։ Ընդգծվել է հակամարտության մեջ այլ տարածաշրջաններից անօրինական զինված կազմավորումների գրոհայինների ներգարվման անթույլատրելիությունը։ Նշվել է Բաքվին և Երևանին քաղաքական-դիվանագիտական աջակցություն ցուցաբերելիս առավելագույնս հավասարակշռված քայլերի անհրաժեշտությունը[4]։
Բանակցություններում կողմերը նաև հաստատել են իրավիճակի կայունացման ուղղությամբ գործողությունների սերտ համակարգման պատրաստակամությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ բանակցային հուն շուտափույթ վերադարձնելու նպատակով։
Լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Արցախյան պատերազմի վերսկսման խնդրին անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան։ Վերջինս ներկայացրել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը և ձեռնարկած միջոցառումները, որոնց վրա չենք ծանրանում՝ կրկնություններից խուսափելու նպատակով։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, մամլո խոսնակը նշել է. «Այդ դրամատիկ իրադարձությունների ետնապատկերին անարդյունավետ և անպատասխանատու ենք համարում երրորդ կողմերի ցանկացած ռազմաշունչ հայտարարություն և գործողություն, որոնք կարող են հետագա սրում հրահրել՝ հղի Անդրկովկասում իրավիճակի ապակայունացմամբ, ինչը կարող է ունենալ ամենաանկանխատեսելի հետևանքներ»[5]։ Վարձկանների խնդրի մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Զախարովան նշել է, որ պաշտոնական Մոսկվան հակամարտության գոտում նրանց հայտնվելու մասին տեղեկացել է ոչ թե սոցիալական ցանցերի և մամուլի հրապարակումներից, այլ սեփական աղբյուրներից։
Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը։ Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ երկուստեք խորը մտահոգություն է արտահայտվել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների ներգրավման մասին ստացվող տեղեկատվության առնչությամբ[6]։ Նախագահ Պուտինը կրկին ընդգծել է մարտերի անհապաղ դադարեցման և ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության ոգով հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը։
Վարձկան-ահաբեկիչների և երրորդ երկրների ապակառուցողական քաղաքականության վերաբերյալ ռուսական պաշտոնական շրջանակների արտահայտած դիրքորոշումները հուշում են.
- Այդ խնդիրները Ռուսաստանի համար աստիճանաբար առաջնահերթություն են ձեռք բերում ստեղծված իրավիճակի համատեքստում։
- Պաշտոնական Մոսկվան դրանք չի դիտում որպես տեղական նշանակության խնդիրներ, որոնք առնչվում են զուտ Արցախյան հակամարտությանը և հայերի անվտանգությանը։ Ռուսաստանի համար այդ խնդիրներն ունեն տարածաշրջանային նշանակություն, որոնք լուրջ սպառնալիք են միջազգային անվտանգությանը։
[1] Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխաիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, բնապահպանական գործունեության, շրջակա միջավայրի և տրամսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։
[2] Совещание с постоянными членами Совета Безопасности
[3] Заявление президентов России, США и Франции по Нагорному Карабаху
[4] О телефонном разговоре Министра иностранных дел Российской Федерации С.В Лаврова с Министром иностранных дел Турецкой Республики М.Чавушоглу
[5] Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 1 октября 2020 года
[6] Телефонный разговор с Премьер-министром Армении Николом Пашиняном