Ռուսաստանի պաշտոնական արձագանքը արցախյան նոր պատերազմին

7 ր.   |  2020-10-01

Ա րցախյան պատերազմում ռազմական գործողությունների շարունակմանը զուգընթաց ակտիվանում են նաև միջազգային արձագանքները։ Ռուսական պաշտոնական արձագանքն էլ բացառություն չէ։ Ավելին, եթե նախկինում Ռուսաստանը խնդիրը քննարկում էր Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի հետ, ապա այժմ քննարկում է նաև եվրոպական երկրների ու կառույցների հետ։ Այսինքն՝ խնդիրն իսկապես ձեռք է բերել միջազգայանորեն հրատապ հարցի կարգավիճակ։

Փոխվել է նաև արձագանքի բովանդակությունը։ Եթե նախկինում հիմնականում մտահոգություն էր արտահայտվում ծավալվող ռազմական գործողությունների առնչությամբ, կոչ էր արվում դադարեցնել դրանք և պատրաստակամություն կար աջակցելու այդ գործընթացին, ապա այժմ խոսվում է նաև կրակի դադարեցումից հետո բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտության և այդ համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի անփոխարինելության մասին։ Որոշակիորեն փոխվել է նաև հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ արձագանքը։

Արձագանքը ծավալվող իրադարձություններին

Սեպտեմբերի 29-ին երկրորդ հեռախոսազրույցն է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլ. Պուտինի միջև, որի ընթացքում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը։ Պաշտոնական Մոսկվան լուրջ անհանգստություն է արտահայտել շարունակվող մարտական գործողությունների առնչությամբ, ընդգծել կրակի դադարեցման և ճգնաժամի լիցքաթափման նպատակով քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը[1]։

Ռազմական գործողությունների վերսկսման հարցը սեպտեմբերի 29-ին քննարկվել է նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցի ընթացքում, որում ռուս բարձրաստաիճան պաշտոնյան խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի և զարգացումների առնչությամբ՝ ընդգծելով հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը[2]:

Սեպտեմբերի 29-ին հայտարարությամբ է հանդես եկել նաև Պետական Դուման։ ՌԴ խորհրդարանի ստորին պալատը կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցային գործընթացին՝ միաժամանակ առաջարկելով իր միջնորդական ծառայությունները խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։

Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ քննարկում է Արցախյան պատերազմի վերսկսման հարցը մյուս համանախագահների հետ։ Մասնավորապես, սեպտեմբերի 30-ի երեկոյան տեղի է ունեցել նախագահ Վլ. Պուտինի հեռախոսազրույցը Ֆրանսիայի իր գործընկեր Է. Մակրոնի հետ, որի ընթացքում, համաձայն Կրեմլի պաշտոնական հաղորդագրության, մանրամասն քննարկվել է իրավիճակի կտրուկ սրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Նախագահները լուրջ անհանգստություն են արտահայտել շարունակվող լայնամասշտաբ մարտական գործողությունների առնչությամբ, շուտափույթ և լիակատար կրակի դադարեցման, լարվածության թուլացման և առավելագույն զսպվածության կոչ արել հակամարտող կողմերին։ Նախագահներն ընդգծել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորելու անհրաժեշտությունը, այդ համատեքստում քննարկել առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հետագա փոխգործակցության հստակ չափորոշիչները, պատրաստակամություն հայտնել, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների անունից հայտարարություն արվի զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման օգտին[3]։

Սեպտեմբերի 30-ին Զ. Մնացականյանի և Ջ. Բայրամովի հետ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը, որոնց ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը։ Նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ռուսական կողմը լուրջ անհանգստություն է արտահայտել շարունակվող լայնամասշտաբ մարտական գործողությունների կապակցությամբ, կրակի անհապաղ դադարեցման և լարվածության թուլացման կոչ արել, ինչպես նաև անթույլատրելի համարել սադրիչ և ռազմաշունչ հռետորաբանությունը։ Շեշտվել է կողմերի՝ անհապաղ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հրամայականը։

Ս. Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի թե՛ առանձին, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված քաղաքական-դիվանագիտական ուղիներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանը։ ՌԴ ԱԳ նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել տրամադրել մոսկովյան հարթակը համապատասխան շփումների կազմակերպման համար՝ ներառյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպման անցկացումը[4]։

Սեպտեմբերի 30-ին ԵՄ նախաձեռնությամբ Ռուսաստանի ԱԳ նախարար Ս. Լավրովը հեռախոսով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը քննարկել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժ. Բորելի հետ։ Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ և լիակատար դադարեցման անհրաժեշտությունը։ Աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սեպտեմբերի 27-ի հատուկ հայտարարությանը, որում հակամարտող կողմերին հետագա սրումը դադարեցնելու կոչ էր արվում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մշտական խորհրդի[5] սեպտեմբերի 29-ի հատուկ նիստերում տեղի ունեցած քննարկումների ոգով ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը արցախյան կարգավորման բանակցային գործընթացում[6]։

Արձագանքը թուրքական ներգրավվածությանը

Ա րցախյան հակամարտության գոտում նոր լարվածության բնույթը հուշում է, որ առավել կարևոր է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի արձագանքը Թուրքիայի ներգրավվածությանը, քանի որ այն վճռորոշ գործոն է։ Պաշտոնական Մոսկվան սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցից հետո Արցախում իրավիճակի սրման հարցն այլևս չի քննարկել Անկարայի հետ։ Փոխարենը Թուրքիայի ներգրավվածության մասին Ռուսաստանի դիրքորոշումն արտահայտվել է այլ երկրների ու միջազգային հաստատությունների հետ բանակցությունների, ինչպես նաև պաշտոնական հայտարարությունների միջոցով։

Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի սեպտեմբերի 30-ի հեռախոսազրույցի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրությունը հայտնում է, որ երկուստեք անընդունելի են գնահատվել արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը[7]:

Իսկ Ժ. Բորելի հետ ՌԴ արտգործնախարարի վերոհիշյալ հեռախոսազրույցի ժամանակ երկուստեք ընդգծվել է լարված իրավիճակի կապակցությամբ այլ երկրների կողմից առավելագույն զսպվածության դրսևորման անհրաժեշտությունը[8]։

Սեպտեմբերի 30-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ արցախյան հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման մասին։ «Ստացվող տեղեկությունների համաձայն՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցության նպատակով տեղի է ունենում անօրինական զինված խմբավորումների գրոհայինների տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, մասնավորապես, Սիրիայից և Լիբիայից»,- նշվում է հաղորդագրության մեջ[9]։ Նախարարությունը խորը անհանգստություն է արտահայտում այդ գործընթացների առնչությամբ, որոնք հանգեցնում են ոչ միայն լարվածության էլ ավելի աճին, այլև ստեղծում են երկարաժամկետ սպառնալիքներ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար։ Ապա կոչ է անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին գործուն քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը հակամարտության մեջ և նրանց անհապաղ դուրս բերելու տարածաշրջանից։

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին։ Ռուսաստանում ուշադիր հետևում և վերլուծում են նաև աշխարհի տարբեր երկրներից ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները։ Պեսկովի խոսքով՝ պաշտոնական Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասին Անկարայի հայատարարություններին։ «Մենք նախկինի պես տարածաշրջանի բոլոր երկրներին զսպվածության կոչ ենք անում»,- հավելել է ՌԴ նախագահի մամլո խոսնակը[10]։

Նախօրեին խնդրի առնչությամբ Դ. Պեսկովը հայտարարել էր, որ ցանկացած հայտարարություն ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության վերաբերյալ միանշանակ «յուղ է լցնում կրակին»[11]։

Թեև հիմնականում Թուրքիայի անունը բառացիորեն չի արտաբերվում, այնուամենայնիվ, ենթատեքստից, ինչպես նաև հակամարտության գոտում ծավալվող իրադարձությունների բնույթից պարզ է, որ «արտատարածաշրջանային երկրներ», «այլ երկրներ», «շահագրգիռ պետություններ», «տարածաշրջանի բոլոր երկրներ» հասկացությունների տակ նկատի է առնվում հենց պաշտոնական Անկարան։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը (այլ տերությունները նույնպես) մտահոգված է Անդրկովկասում Թուրքիայի ապակառուցողական գործողություններով։ Իսկ այդ անհանգստությունը առավել քան հիմնավոր է, քանի որ համաթյուրքականության գաղափարախոսությամբ թելադրված Անկարայի նկրտումները երկարաժամկետ հեռանկարում ուղղված են ՌԴ մասնատմանը։


[1] Телефонный разговор с Премьер-министром Армении Николом Пашиняном

[2] Հեռախոսազրույց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի միջև

[3] Телефонный разговор с Президентом Франции Эммануэлем Макроном

[4] О телефонных разговорах Министра иностранных дел России С.В.Лаврова с Министром иностранных дел Азербайджана Д.А.Байрамовым и Министром иностранных дел Армении З.Г.Мнацаканяном

[5] Տե՛ս ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ

[6] О телефонном разговоре Министра иностранных дел России С.В.Лаврова с Высоким представителем EС по иностранным делам и политике безопасности Ж.Боррелем

[7] Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ

[8] О телефонном разговоре Министра иностранных дел России С.В.Лаврова с Высоким представителем EС по иностранным делам и политике безопасности Ж.Боррелем

[9] Комментарий Департамента информации и печати МИД России относительно переброски иностранных наемников в зону нагорно-карабахского конфликта

[10] ՌԴ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը. Պեսկով

[11] Кремль призывает страны не подливать масло в огонь конфликта в Карабахе – Песков