Թուրքիայի հայության արձագանքը Արցախյան նոր պատերազմին
4 ր. | 2020-09-30Ա րցախյան պատերազմի վերսկսմանն արձագանքեցին հայկական սփյուռքի բոլոր համայնքները։ Այս համատեքստում որոշակի յուրահատկություն ունի Թուրքիայի՝ Կ. Պոլսի հայ համայնքը։ Յուրահատկությունը պայմանավորված է նրանով, որ պոլսահայությունը երկակի դրության մեջ է։ Մի կողմից՝ նրանք Թուրքիայի քաղաքացիներ են, որը ինքն իրեն անթաքույց հռչակել է Արցախյան հակամարտության կողմ։ Նրանք ամեն օր ունկնդրում են Թուրքիայի պաշտոնական շրջանակների և վերլուծական հանրության՝ Հայաստանին ամենախիստ կերպով դատապարտող և Ադրբեջանին անվերապահ աջակցություն արտահայտող հայտարարությունները։ Հաշվի առնելով թուրքական պետության բնույթը՝ կարելի է ասել, որ նրանք պատանդի կարգավիճակում են։ Մյուս կողմից, սակայն, նրանք ազգությամբ հայ են, որոնց հայրենիքի՝ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ է պատերազմ սանձազերծել Թուրքիան։
Նման իրավիճակը նոր երևույթ չէ։ Ամեն անգամ, երբ լարվածություն է առաջանում Հայաստան-Թուրքիա, Սփյուռք-Թուրքիա հարաբերություններում, պոլսահայությունը կարծես հայտնվում է երկու կրակի միջև։
Այնուամենայնիվ, արձագանքից լիովին խուսափել հնարավոր չէ, առավել ևս այն պայմաններում, որ վերսկսված Արցախյան պատերազմը ստացել է համաշխարհային մեծ հնչեղություն։
Ինչպես հայտնի է, դեռևս օսմանյան ժամանակներից Պոլսո հայոց պատրիարքությունը եղել է Թուրքիայի հայության ղեկավար մարմինը և նրա ներկայացուցիչը պետության մոտ։ Այդ կարգավիճակը պատրիարքությունը պահպանում է մինչ օրս։ Այն ավանդաբար հավատարիմ (լոյալ) վերաբերմունք է ունեցել պետության նկատմամբ։ Պատրիարքության շուրջն են համախմբված նաև իշխանամետ համայնքային գործիչները, մտավորական շրջանակները։
Գիտակցելով իր պատասխանատվությունը հայ համայնքի անվտանգության համար, ինչպես նաև ձգտելով չթեժացնել առանց այդ էլ պայթյունավտանգ իրավիճակը՝ պատրիարքությունը խաղաղասիրական կոչով արձագանքեց Արցախում ռազմական գործողությունների բռնկմանը։ Տարածված հաղորդագրության մեջ պատրիարքարանը մաղթում էր, որ ժամ առաջ զենքերը լռեն, հաստատվի խաղաղություն և հաշտություն։ Այդ գործում պատրիարքարանը շատ կարևոր է համարում Թուրքիայի դերը։ Պատրիարքության խաղաղասիրությունն այն աստիճանի է հասնում, որ հաղորդագրության մեջ հիշվում են խորհրդային ժամանակները։ «Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ կողք կողքի ապրելու փորձառություն ունեն, մաղթելի է, որ ժամ առաջ հայերն ու ազերիները կարողանան գործածել «հայ և ազերի եղբայր ժողովուրդներ» արտահայտությունը, ինչպես գործածում էին ժամանակին»,-նշվում է հաղորդագրության մեջ[1]։ Պատրիարքությունը նաև ցավ է հայտնում զոհերի համար։
Սակայն Թուրքիայում առկա է նաև «այլախոհ» հայ գործիչների ու մտավորականների շրջանակ, որոնք ընդդիմադիր կեցվածք ունեն Էրդողանի վարչակարգի նկատմամբ, քննադատում են նրա ներքին և արտաքին քաղաքականութունը։ Նրանցից ամենաակտիվը խորհրդարանի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն է։
Վերսկսված արցախյան պատերազմի առնչությամբ նրա մոտեցումները տարբերվում են ինչպես թուրքական պաշտոնական շրջանակների, այնպես էլ Պոլսո հայոց պատրիարքության մոտեցումներից։ Նա իրավիճակի պատասխանատու է համարում Թուրքիային և Ադրբեջանին։ Ի դեպ, Կարո Փայլանի տեսակետները զուտ անձնական տեսակետներ չեն։ Նման մոտեցում ունի նաև իր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։
Նախորդ հոդվածում[2] նշել էինք, որ Կարո Փայլանը կոչ է արել Թուրքիային զերծ մնալ Արցախյան հակամարտության գոտում իրավիճակը սրելու քայլերից։ Հայազգի պատգամավորը և իր կուսակցությունը շարունակում են պաշտպանել իրենց դիրքորոշումը։ Սեպտեմբերի 28-ին Թուրքիայի չորս գլխավոր կուսակցությունները՝ Արդարություն և զարգացում, Ժողովրդահանրապետական, Ազգային ճակատ և Իյի կուսակցությունները, միասնական հաղորդագրություն էին տարածել, որով դատապարտում էին Հայաստանին և աջակցություն հայտնում Ադրբեջանին։ Դրա համար նրանք արժանացան նախագահ Ռ. Էրդողանի երախտագիտության խոսքին։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հրաժարվեց միանալ վերոհիշյալ հայտարարությանը և բացեիբաց հայտարարեց, որ աջակցում է Հայաստանին։ Իսկ Կարո Փայլանը, անտեսելով ընկերային (սոցիալական) ցանցերում իր դեմ իրականացվող կատաղի հարձակումները, սկսված ռազմական գործողությունների պատասխանատու համարեց Թուրքիային ու Ադրբեջանին՝ դատապարտելով նրանց գործողությունները։ Ըստ հայազգի քաղաքական գործչի՝ այդ երկու պետություններն են, որ ցանկանում են փոխել իրավիճակը Արցախում[3]։
Ամեն անգամ Հայաստանի և Սփյուռքի հետ հարաբերությունների լարման ժամանակ Թուրքիայում որոշ անձինք և կազմակերպություններ թիրախավորում են այդ երկրի հայությանը՝ ինչպես ավանդական համայնքին, այնպես էլ աշխատանքի նպատակով այնտեղ գտնվող հայ գաղթականներին։ Նկատենք, որ վերջին շրջանում այս հարցում բավական ակտիվ է Թուրքիայի ադրբեջանական համայնքը։ Վերջինիս հակահայ գործողություններն ակնհայտ էին հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային լարվածության շրջանում։ Այս անգամ էլ բացառություն չեղավ։
Նկատենք նաև, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մամլո խոսնակ Յոմեր Չէլիքը դատապարտել է Թուրքիայի հայության հանդեպ սպառնալիքներն ու մեղադրանքները՝ դրանք համարելով հարված Թուրքիային[4]։
[1] Պատրիարքարանը մաղթեց, որ ժամ առաջ հաստատուի խաղաղութիւնը, Նոր Մարմարա, 29.09.2020։
[2] Հովյան Վ., Սփյուռքի արձագանքը արցախյան նոր պատերազմին
[3] Պատերազմ՝ Արցախի սահմաններուն վրայ, Նոր Մարմարա, 29.09.2020։
[4] Ա-ԳԷ-ՓԷի բանբեր Էօմէր Չէլիքի յայտարարութիւնը, Նոր Մարմարա, 29.09.2020։