Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ. ռուսական արձագանքները

4 ր.   |  2020-09-30

Ա րցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի շուրջ չուշացան նաև քաղաքական, փորձագիտական արձագանքները Ռուսաստանից։ Արձագանքներում  ընդհանուր առմամբ արտահայտվում է մտահոգություն՝ կապված ռազմական գործողությունների ընդլայնման դեպքում ողջ տարածաշրջանի ապակայունացմամբ։ Բավական շատ են գնահատականները ստեղծված իրավիճակում Թուրքիայի ներգրավվածության մասին։

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտիտ Զատուլինը հայտարարեց, որ թեև արցախա-ադրբեջանական պատերազմական գործողությունների նախաձեռնող կողմն Ադրբեջանն է, սակայն Բաքվին նման քայլին հրահրել է Թուրքիան։ Պատգամավորի խոսքով, Բաքուն կարող է օգտագործել Թուրքիայի ռազմական տեխնիկան. «Վերջերս Ադրբեջանում անցկացվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, ուստի չի բացառվում, որ զորավարժանքներից հետո Ադրբեջանում մնացած ռազմական տեխնիկան, այդ թվում՝ F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները, կարող են կիրառվել հայկական բանակի դեմ մղվող ռազմական գործողություններում»[1]։

Զատուլինը նաև անթույլատրելի համարեց Արցախի խիտ բնակեցված բնակավայրերի թիրախավորումը. «Ռուսաստանը պետք է հասկանա, որ եթե մենք չենք հասցեագրում հակամարտության նախաձեռնող կողմին, ապա դրանով քաջալերում ենք վերջինիս հետագա գործողությունները. արդյունքում նա դառնում է անպատիժ։ Նման իրավիճակում ակնհայտ է, որ Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական գործողությունները, որին պատասխանել է Հայաստանը»[2]։

Սեպտեմբերի 29-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ Լազարյան ակումբը։ Հայտարարությունում առանձնակի նշվում էր, որ ռազմական գործողություններում ներգրավված է նաև Անկարան. «Այսպիսով, Ադրբեջանն ու տվյալ դեպքում Թուրքիան ընտրել են պատերազմի ուղին, որպեսզի իրենց օգտին լուծեն Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ 20-րդ դարի սկզբին իր հայ բնակչության նկատմամբ զանգվածային ցեղասպանության իրականացման համար ամբողջ աշխարհի կողմից դատապարտված երկիրը հարյուր տարի անց զինում ու աջակցում է նախկին խորհրդային հանրապետությունը՝ նպատակ ունենալով «չթույլատրել այսպես կոչվող երկրորդ հայկական պետականության հետագա գոյությունը», «հայաթափել գրավյալ տարածքները»։... Լազարյան ակումբը տեղի ունեցածը որակում է հանցագործություն»[3]։

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովի խոսքով, «վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ելնելով իրենց շահերից ու ներգրավվածությունից այլ տարածաշրջաններում, որոշակիորեն թուլացրել են ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ. Միացյալ Նահանգներում կենտրոնացած են ընտրությունների շուրջ, իսկ արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում հայտնվել են Բալկանները, Մերձավոր Արևելքը։ Ֆրանսիայի օրակարգը եվրոպականն ու Արևելյան Միջերկրածովն է, Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Բելառուսում զարգացումների շուրջ, բարդ հարաբերություններ են արևմուտքի հետ։ Եվ այդ իրավիճակում վերջին երկու ամիսներին նկատում ենք Թուրքիայի դիրքերի բավական ուժեղացման միտում»[4]։

Մարկեդոնովը նաև ընդգծեց, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր չէ, սակայն Մինսկի խմբի միակ անդամ-երկիրն է, որն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին. «Հիշեցնեմ, որ հուլիսին անցկացվեցին թուրք-ադրբեջանական խոշոր զորավարժություններ, Թուրքիայի պաշտոնյաների կողմից հնչեցին բազմաթիվ հայտարարություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի անարդյունավետության վերաբերյալ, հնչեց Էրդողանի՝ Հայաստանին ուղղված կոշտ հայտարարությունը ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանում։ Ցանկանում եմ նշել, որ Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումը նորություն չէ, սակայն նման ծավալի աջակցությունն ու ռեսուրսների կենտրոնացումը թերևս նոր իրավիճակ է»[5]։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ՌԴ Պետդումայում կազմակերպված լսումների ընթացքում պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին նշեց. «Թուրքերը սպանում են Ռուսաստանի դեսպանին, ռուս օդաչուին, հետո ներխուժում են Ադրբեջան, և դուք այլևս որևէ բան չեք կարող անել»[6]։

Ռուսաստանյան առաջին հեռուստատեսության «60 րոպե» հաղորդման շրջանակում ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրացիայի և ՇՀԿ զարգացման բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևն ընդգծեց Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող զարգացումներում. «Թուրքիան այսօր խառնվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցերին, այլև այն գրավում է Սիրիայի տարածքները, խառնվում է Լիբիայի, Իրաքի ներքին գործերին։ Ռուսական կողմը կարող է պայմանավորվել Թուրքիայի հետ, որպեսզի վերջինս քիչ աջակցություն ցուցաբերի ու չհրահրի Ադրբեջանին հակամարտության սրացման ուղղությամբ»[7]։

Gazeta.ru-ի ռազմական փորձագետ, նախկին փոխգնդապետ Միխայիլ Խոդարենոկի գնահատականով, «ռազմական գործողությունները սկսել են Ադրբեջանի զինված ուժերը. ըստ երևույթին ծրագրվում էր հարձակողական օպերացիա։ Չնայած Թուրքիայի ձեռնարկած մեծ ջանքերին, Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի որակական հատկանիշները կասկածի տեղիք են տալիս. դա է խանգարում Ադրբեջանին հասնել հաջողության»[8]։

Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական Ելենա Սուպոնինան գտնում է, որ չնայած Էրդողանի կոշտ հռետորաբանությանը, որը չի թաքցնում այս հակամարտությունում իր աջակցությունն Ադրբեջանին, այդուհանդերձ, Էրդողանը չի հատի կարմիր գիծը. «Թուրքիան ՆԱՏՕ անդամ-պետություն է, իսկ այդ կազմակերպության անդամ-պետություններից շատերը չեն ցանկանում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրվի։ Մյուս կողմից, Թուրքիան շատ լավ հասկանում է, որ կարող է վնասել տարածաշրջանում Ռուսաստանի շահերին»[9]։

Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինի խոսքով, Թուրքիան բացահայտ չի պատերազմելու. «Ռազմական գոծողությունները կարող են երկարել, այդ դեպքում Թուրքիայի հանրությունն անպայման հարց կտա՝ իսկ ի՞նչ ենք մենք անում այնտեղ։ Խոսք կարող է լինել միայն, այսպես կոչվող, պրոքսի գործողությունների մասին։ Բացի այդ, Թուրքիայում բավական ուժեղ է ընդդիմությունը, որը հաստատապես հանդես կգա հակամարտությունում ներքաշվելու դեմ»[10]։


[1] https://zatulin.ru/v-gosdume-nazvali-turciyu

[2] https://zatulin.ru/v-gosdume-nazvali-turciyu

[3] https://lazarevsky.club/novosti/proiskhodya

[4] https://www.youtube.com/watch?v=pT5dnH

[5] https://www.youtube.com/watch?v=pT5dnH

[6] https://www.youtube.com/watch?v=qkGQth

[7] https://www.youtube.com/watch?v=Zdemm

[8] https://www.youtube.com/watch?v=Yp0ZFD

[9] https://www.mk.ru/politics/2020/09/29/politol

[10] https://www.mk.ru/politics/2020/09/28/eksp