Ռուսաստանի պաշտոնական արձագանքը արցախյան պատերազմի վերսկսմանը

5 ր.   |  2020-09-29

Ս եպտեմբերի 27-ի վաղ առավոտյան վերսկսված Արցախյան պատերազմն անմիջապես իր վրա հրավիրեց միջազգային հանրության ուշադրությունը։ Տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ շտապեցին հանդես գալ համապատասխան հայտարարություններով։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվում է Ռուսաստանի պաշտոնական արձագանքը՝ պայմանավորված հետևյալ հանգամանքների համադրությամբ.

  1. Ռուսաստանը ՀԱՊԿ ձևաչափով Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և միաժամանակ ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ
  2. Արցախյան հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է (Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին)
  3. Անվիճելի ազդեցություն ունի Անդրկովկասում

Պատահական չէ, որ բախումնային իրավիճակների առաջացման դեպքում (2014թ. հուլիս-օգոստոսյան լարվածություն տավուշյան հատվածում, 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմ, 2020թ. հուլիսյան մարտեր կրկին տավուշյան հատվածում) Ռուսաստանը գործուն միջամտություն է ցուցաբերում՝ զուտ հայտարարություններից բացի, գործնական կապի մեջ մտնելով հակամարտող կողմերի հետ։ Ռուսաստանի անվիճելի ազդեցությունն ընդունում են նաև հակամարտող կողմերը, որոնք անմիջապես կապ են հաստատում պաշտոնական Մոսկվայի հետ։

Ռուսաստանի արձագանքը հակամարտության բռնկմանը դրսևորվեց ա) արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, բ) նախագահ Պուտինի և ԱԳ նախարար Լավրովի պաշտոնական հեռախոսազրույցներով։

Ինչպես Տավուշի հատվածում հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային լարվածության օրերին, այս անգամ էլ Ռուսաստանի արձագանքն ունի դրսևորման երկու հարթություն. ա) պաշտոնական վերաբերմունք առկա իրավիճակին և բանակցություններ հակամարտող կողմերի հետ, բ) խնդրի քննարկում Թուրքիայի հետ

Բանակցություններ հակամարտող կողմերի հետ

Ի նչպես հուլիսյան լարվածության ժամանակ, այս անգամ էլ Ռուսաստանի պաշտոնական վերաբերմունքը իրավիճակի սրմանը կարելի է ներկայացնել հետևյալ ամփոփ կետերով.

  1. Մտահոգություն իրավիճակի սրման կապակցությամբ
  2. Մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ
  3. Պատրաստակամություն նպաստելու լարվածության թուլացմանը և գործնական ջանքեր այդ ուղղությամբ

Այսպես, սեպտեմբերի 27-ի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է. «Ըստ առկա տեղեկատվության՝ կտրուկ սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Շփման գծի երկայնքով տեղի է ունենում երկկողմանի խիտ (ինտենսիվ) հրաձգություն։ Տեղեկություններ են հասնում կորուստների մասին։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և անցնել բանակցությունների՝ իրավիճակի կայունացման նպատակով»[1]։

Նույն օրը տեղի է ունեցել ՌԴ նախագահի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակի կտրուկ սրումը Արցախյան հակամարտության գոտում։ Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը. «Ռուսական կողմից լուրջ անհանգստություն է արտահայտվել լայնամասշտաբ ռազմական բախումների վերսկսման կապակցությամբ։ Նշվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը դիմակայության հետագա սրումը թույլ չտալու համար, իսկ գլխավորը՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները»[2]։

Նույն օրը ԱԳ նախարար Ս. Լավրովը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Զ. Մնացականյանի և Ջ. Բայրամովի հետ և քննարկել դրությունն Արցախյան հակամարտության գոտում։ Ինչպես հայտնում է նախարարության պաշտոնական կայքը, Ս. Լավրովը լուրջ մտահոգություն է արտահայտել շփման գծում շարունակվող լայնամասշտաբ մարտական գործողությունների, զոհերի և սպանվածների մասին ստացվող լուրերի առնչությամբ։ Ընդգծվել է կրակի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը։ Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը[3]։

Խնդիրը ռուս-թուրքական օրակարգում

Ի նչպես տավուշյան լարվածության օրերին, ներկայում էլ Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, որ անվերապահ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Այդ աջակցությունը չի սահմանափակվում միայն դիվանագիտական և տեղեկատվական ասպարեզներում։ Այն բացահայտ դրսևորվում է նաև ռազմական ոլորտում՝ ադրբեջանական բանակին թուրքական սպառազինությունների մատակարարմամբ, այդ սպառազինությունները կիրառող թուրք մասնագետների գործուղմամբ Ադրբեջան, ինչպես նաև Միջին Արևելքից վարձկան գրոհայինների տեղափոխմամբ և ներգրավմամբ պատերազմական գործողություններում։

Վերոհիշյալ գործողությունների համադրութունը թույլ է տալիս Թուրքիային դիտել Արցախյան հակամարտության կողմ։ Նման ընկալումը գնալով ավելի ու ավելի է արմատավորվում թե՛ հայկական կողմի, թե՛ միջազգային հանրության մոտ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ի և 28-ի երեկոյան մամլո ասուլիսներում հստակ արտահայտվել է այդ մասին։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն ոչ միայն չի թաքցնում, այլև բացահայտ հայտարարում է, որ Արցախյան հակամարտության կողմ է։

Այդ է պատճառը, որ ցանկացած սահմանային սրում դառնում է ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգի հարց։ Սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ս. Լավրովի և Մ. Չավուշօղլու միջև, որի ընթացքում, ըստ ռուսական պաշտոնական հաղորդագրության, ընդգծվել է կրակի շուտափույթ դադարեցման և շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը։ Ցավակցություն է հայտնվել զոհվածների հարազատներին ու մերձավորներին[4]։

Ինչպես երևում է, ռուսական կողմն այս անգամ, ի տարբերություն տավուշյան լարվածության, զերծ է մնացել հակամարտության մեջ ցանկացած արտաքին միջամտության անթույլատրելիության մասին պնդումներից։ Միայն Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի[5] նախագահ Վալենտինա Մատվիենկոն է կոչ արել բոլոր պատասխանատու միջազգային ուժերին զերծ մնալ իրավիճակին միջամտելուց[6]։

Պատճառն այն է, որ թուրքական միջամտությունը Արցախյան հակամարտությանը այլևս կատարված իրողություն է։ Եթե նախկինում համապատասխան հայտարարություններն ունեին կանխարգելիչ նշանակություն, ապա այսօր դրանք այլևս իմաստազուրկ են։ Հետևաբար, մնում է արդյունավետ հակազդեցությունը թուրքական ապակառուցողական գործողություններին։


[1] Заявление МИД России относительно обострения ситуации в зоне нагорно-карабахского конфликта

[2] Телефонный разговор с Премьер-министром Армении Николом Пашиняном

[3] О телефонном разговоре Министра иностранных дел России С.В. Лаврова с Министром иностранных дел Армении З.Г.Мнацаканяном ; О телефонном разговоре Министра иностранных дел России С.В.Лаврова с Министром иностранных дел Азербайджана Д.А.Байрамовым

[4] О телефонном разговоре Министра иностранных дел России С.В. Лаврова с Министром иностранных дел Турции М.Чавушоглу

[5] Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը

[6] Вести в 20:00 от 28.09.20