Ինչ է հեղափոխությունը

11 ր.   |  2020-09-16
Արդյո՞ք «գունավոր հեղափոխությունը» համապատասխանում է սահմանմանը 

Վ երջին տասնամյակներին տարբեր երկրներում իրականացվող քաղաքական կտրուկ փոփոխությունները հանրության մեջ ընկալվում են որպես հեղափոխություն։ Ակնհայտ է, որ հեղափոխություն կոչվող քաղաքական գործընթացն ի սկզբանե այլ դրսևորումներ է ունեցել, սակայն իր վրա կրելով տվյալ ժամանակահատվածի քաղաքական առանձնահատկությունները, որոշակի փոփոխությունների է ենթարկվել։

Առաջին անգամ «հեղափոխություն» բառը, որպես հասարակական-քաղաքական իրադարձություն օգտագործել է անգլիացի փիլիսոփա Բեկոնը։ Այն ունի հիմնականում դրական իմաստ, սակայն հեղափոխության տեսություններում միշտ վիճահարույց է եղել նրա «լավ կամ վատ» լինելը։ Տարբեր պատճառներով քաղաքական համակարգում օրենքը և հեղափոխությունը հակառակ դիրքերում են. օրենքը սոցիալական կարգի հիմնասյուներից է, իսկ հեղափոխությամբ  հիմնականում փորձ է արվում խաթարել գոյություն ունեցող սոցիալական կարգը: Այլ տեսանկյունից հեղափոխությունը դառնում է մարդու բնական իրավունքների երաշխավոր։

Ընդհանրապես քաղաքական փոփոխություններն իրականացվում են տարբեր եղանակներով՝ խռովություն, ապստամբություն, պետական հեղաշրջում, հեղափոխություն։ Հասարակական գիտություններում փորձ է արվում կոնկրետ սահմանումներով ու առանձնահատկություններով տարանջատել հեղափոխությունը մնացած գործընթացներից։

Քաղաքական բառարաններում հեղափոխությունը կառավարման համակարգում քաղաքական, իրավական կամ տնտեսական բաղադրիչների հանկարծակի, հիմնականում քաոսային և արմատական փոխակերպումն է։ Շատ դեպքերում այն իր  հետ բերում է մշակութային, տնտեսական, կրոնական և օրենսդրական կյանքի հիմնարար փոփոխությունների:

Մինչև այժմ չկա հեղափոխություն հասկացության կոնկրետ սահմանում, որն ընդունված է մեծամասնության կողմից։ Տարբեր են նաև հեղափոխության դասակարգման մոտեցումները։


Ֆրանսիական հեղափոխություն.1789թ.

Հեղափոխությանն առաջինը անդրադարձել է Արիստոտելը «Քաղաքականություն» գրքում, որտեղ այն բաժանում է երկու խմբի. մի դեպքում հեղափոխությունը ենթադրում է սահմանադրական ցանկացած փոփոխություն, մյուս դեպքում՝ իշխող ուժի փոփոխություն, որը կարող է լինել առանց կառավարության կամ սահմանադրության փոփոխության: Արիստոտելը հեղափոխության պատճառ է համարում «հարաբերական հավասարության» սխալ ընկալումները։ Ըստ նրա՝ օլիգարխիան փորձում է ավելի շատ իրավունքներ խլել, իսկ ժողովուրդը պետական կառավարման մեջ չի ստանում իր մասնաբաժինը, որն էլ ծնում է անկարգություններ։

Հեղափոխության  վերաբերյալ առաջին համապարփակ ուսումնասիրությունն արել է Թոմաս Բեյլը իր «Մտորումներ քաղաքական հեղափոխության պատճառների մասին» գրքույկում, որը տպագրվել է 1830թ.-ին։ Նրա աշխատությունը վերաբերում է Անգլիայի, Ամերիկայի, Ֆրանսիայի հեղափոխություններին, որոնք տապալել են ֆեոդալական կարգը, և երկար ժամանակ եղել հեղափոխության տեսության հիմնական ուսումնասիրությունների թեման։ Ֆրանսիական մեծ հեղափոխական գործիչներից մեկը՝ Ա. Բարնավը գրում է, որ «կառավարության հեղափոխությունը» կախված է մարդու կրքերից և կամքից» և չի կարող ենթարկվել ճշգրիտ հաշվարկված սահմանումների։ Ի հակադրություն նրա՝ Ժ. դե Մեստրը կարծում էր, որ մարդկանց հեղափոխությունն է վերահսկում, ոչ թե հակառակը. նրանք գործում են կանխորոշված և նույնիսկ «չարագործները», որոնք կարծես հեղափոխության առաջնորդներ են, դրան մասնակցում են որպես պարզ գործիքներ, որոնք հետագայում արհամարհանքով տապալվում են։ Ըստ Մեստրի՝ հեղափոխությունները կանխորոշված և անխուսափելի են, դրանք հնարավոր չէ և պետք չէ կանխել։ Նկարագրելով 18-րդ դարի ավարտը՝ տեսաբան Կարլեյը նշում էր, որ «անհավատների դարաշրջանին» փոխարինելու է գալիս «հեղափոխության դարաշրջանը»։  Հատկապես ուշագրավ է Թոքվելի այն դիտարկումը, որ հեղափոխությունը, որի նպատակը միջնադարյան հաստատությունների համատարած ոչնչացումն էր, բռնկվեց ոչ թե այն երկրներում, որտեղ դրանք լավագույնս պահպանվել էին՝ ստիպելով մարդկանց  ավելի շատ զգալ իրենց ծանրությունն, այլ այն երկրներում, որտեղ ժողովուրդը ավելի լավ էր ապրում: Այսինքն, լուծն առավել անտանելի էր, հենց այն վայրում, որտեղ այն թեթև էր թվում։

Հեղափոխության տեսության խոշորագույն հետազոտողներից են Կ. Մարքսը և Ֆ.Էնգելսը։ Ընդհանրապես շատ տեսաբանների կարծիքով Մարքսը հեղափոխության ժամանակակից հասկացության սկիզբնավորողն է։  Սոցիալական հեղափոխության տեսությունը մարքսիստական փիլիսոփայության կենտրոնական թեմաներից է։ Ըստ նրանց՝ սոցիալական հեղափոխությունը հասարակության մեջ կտրուկ, ժամանակի մեջ ստեղծված արմատական փոփոխություն է, որի ընթացքում հին կարգը մերժվում է նորով: Մարքսը կարծում էր, որ սոցիալական հեղափոխությունները հասարակության զարգացման բնական-պատմական գործընթացի արտահայտություն են և անխուսափելի են։  

20-րդ դարի մարքսիստական տեսության մեջ հեղափոխությունը բաժանվում է 5 տեսակի՝ բուրժուական, բուրժուադեմոկրատական, ազգային ժողովրդավարական, սոցիալիստական (պրոլետարական, կոմունիստական) և ազգային-ազատագրական: Բուրժուական հեղափոխությունն ուղղված է ֆեոդալական համակարգի տապալմանը, իսկ սոցիալիստականը (պրոլետարական)՝ կապիտալիզմի վերացմանը և կոմունիստական հասարակության կառուցմանը։

Բուրժուադեմոկրատական հեղափոխությունները տեղի են ունենում  ճնշված և շահագործված բանվորների ու գյուղացիների կողմից  քաղաքական և տնտեսական պահանջների բարձրաձայնման արդյունքում։ Ազգային դեմոկրատականը, իր հերթին, կրում է բուրժուա-դեմոկրատական և սոցիալիստական բնույթ, որը առաջնորդվում է պրոլետարիատի կողմից՝ հիմնվելով աշխատողների և գյուղացիների դաշինքի վրա՝ ճանապարհ հարթելով դեպի սոցիալիզմ։ Ազգային ազատագրական հեղափոխությունները ծնվում են ազգային-ազատագրական շարժումներից և ուղղված են արտաքին գերիշխանության ոչնչացմանը և ազգային անկախության նվաճմանը։

Հետագայում մարքսիստական ուսմունքի վրա հիմնվեցին շատ ուսումնասիրություններ։ Դրանցից առավել հայտնին Վ. Լենինի աշխատություններն են, որոնցում հեղափոխությունը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով՝ իշխող դասն այլևս չի կարողանում շարժվել իր կանոններով, ճնշված դասի թշվառությունն ավելի է ծանրանում, այսինքն` « ցածր դասերն» այլևս չեն ցանկանում ապրել այնպես, ինչպես նախկինում, զանգվածների գործունեությունը զգալիորեն աճում է, որը  հանգեցնում է տվյալ դասի անկախ գործունեությանը։

1920-ականներից մինչ այժմ ակտիվ ուսումնասիրվում է հեղափոխության պատճառները, գործիքներն ու տեսակները։ Գիտական շրջանակներում առավել ընդունելի է ամերկացի քաղաքագետ Ջեկ Գոլդսթոունի մոտեցումը. նա հեղափոխության տեսության հեղինակներին բաժանել է 4 սերնդի։

Առաջին սերունդը «հեղափոխության բնական պատմության սերունդն» է, որի ներկայացուցիչներն են Էդվարդսը, Բրինթոն և Պետտին(1920-1930թթ)։

Նրանք հիմնականում ուսումնասիրել են պատմության դասական հեղափոխությունները, նախահեղափոխական հասարակության առանձնահատկությունները։   Հեղափոխության պատճառը, ըստ այս սերնդի ներկայացուցիչների, խմբակային հիասթափությունն է, երբ բնակչության գերակշիռ մասը գալիս է այն գիտակցմանը, որ բարգավաճման հասնելու իրենց կարողությունները ապօրինաբար սահմանափակվում են։ Էդվարդսը նշում է, որ հեղափոխության անհրաժեշտ բաղադրիչներից մեկը «մտավոր հավատարմության տեղահանումն է, այսինքն՝ նախահեղափոխական հասարակությունների մտավոր համայնքի մեծ մասը շրջվում է կառավարության դեմ։

Բրիթոնը իր աշխատություններում հեղափոխությունները բաժանում է ժողովրդական (Անգլիա, Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան), աջակողմյան կամ ֆաշիստական (Իտալիա և Գերմանիա), ազգային-տարածքային (Ամերիկա, Ալժիր), ընդհատված (Ամերիկյան քաղաքացիական պատերազմ), սոցիալ-տնտեսական (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) հեղափոխություններ։

Երկրորդ սերնդից են Թեդա Գարին, Չ. Ջոնսոնին, Սամուել Հանթիգթոնը, Չարլզ Թիլլի։ Ըստ Ջոնսոնի՝ սոցիալական համակարգում կան ընդհանուր արժեքներ, որոնց անջատումը կարող է փոխվել մուտքային ազդակների պատճառով։ Նորմալ վիճակում սոցիալական համակարգը ունի այդ ազդակներին հարմարվելու մեխանիզմներ: Երբեմն այդ մեխանիզմները դադարում են աշխատել և համակարգը դուրս է մնում հավասարակշռությունից, առաջին հերթին՝ սոցիալականացման ճգնաժամի պատճառով։

Առավել ուշագրավ է Չարլզ Թիլլի մոտեցումը, որը հեղափոխությունը նկարագրելու համար օգտագործում է «բազմիշխանությունը», որը ենթադրում է պետական համակարգի վերահսկողության իրականացում մի քանի իշխանական ուժերի կողմից և հասարակության կողմից ընկալվում է օրինական և ինքնիշխան։

Արդյունքում, ըստ Թիլլիի, հեղափոխական իրավիճակ է սկսվում, երբ պետությունը վերահսկող երկու կամ ավելի ինքնուրույն, մրցակցային ուժերի միջև սկսվում է պայքար։ Հեղափոխական իրավիճակն ավարտվում է այն ժամանակ, երբ որևէ քաղաքական համակարգ վերականգնում է պետական վերահսկողության մենաշնորհը։

Ժամանակակից վերլուծաբանների կողմից առավել ընդունելի է  երկրորդ սերնդի ներկայացուցիչներից Հանթինգթոնի բաժանումը արևմտյան և արևելյան մոդելների։

Արևմտյան մոդելում առաջին հերթին փլուզվում են քաղաքական ինստիտուտները և հին ռեժիմը, որին հաջորդում է նոր խմբերի մոբիլիզացումը քաղաքականություն հանգեցնելով նոր քաղաքական ինստիտուտների ստեղծման: Ի հակադրություն սրան՝ արևելյան հեղափոխությունը սկսվում է քաղաքականության մեջ նոր խմբերի մոբիլիզացմամբ և ինստիտուտների ստեղծմամբ և ավարտվում է հին համակարգի և քաղաքական ինստիտուտների բռնի տապալմամբ:

Երրորդ սերնդի ներկայացուցիչներն են՝ Հարի Էքշտեյնը, Էնթնի Օբերշալը, Էդվարդ Միլլերը, Բարբարա Սալերթը և  Թեդ Սքոքփոլը՝ երրորդ սերնդի  «հայրը»։ Ըստ Սքոքփոլի՝ հեղափոխություն կարող է իրականանալ միայն ագրո-բյուրոկրատական հասարակություններում, որոնք բնութագրվում են գյուղատնտեսության մեջ ազդեցիկ մարդկանց առաջնորդմամբ։ Սքոքփոլը հեղափոխության պատճառ էր համարում գյուղացիների դժգոհության աճը, որը պայմանավորված էր միջպետական խնդիրների պատճառով ռեսուրսների նվազմամբ, ինչն էլ հանգեցնում էր ռեսուրսների համար պայքարի։

 Չորրորդ սերնդի ուսումնասիրությունները համարվում են նախորդ երեք սերունդների վերլուծությունների ընդհանրացում, այստեղ գրեթե բացակայում է գիտական նորույթը։

Թվում էր, թե հինգերորդ սերունդը ևս պետք է հիմնվի նախկինների ուսումնասիրությունների վրա, սակայն նոր աշխարհակարգը և քաղաքական գործընթացների կտրուկ փոփոխությունները այլ բան ցույց տվեցին։ Առավել լայն ուսումնասիրությունների թեմա դարձան «գունավոր հեղափոխությունները», որն առաջին անգամ օգտագործել է Ջ. Շարպը՝ անվանելով անարյուն իշխանափոխությունը։ Այս գործընթացը տեղի ունեցավ հետխորհրդային երկրներում, ոմանք «գունավոր հեղափոխությունների» շարքին դասեցին նաև «արաբական գարունը»:

«Գունավոր հեղափոխությունը» նոր աշխարհակարգի յուրահատկություն

«Գունավոր հեղափոխությունը» ժամանակակից աշխարհին բնորոշ քաղաքական երևույթ է, որը տարբերվում է դասական հեղափոխություններից: Այն համեմատաբար նոր է և գիտականորեն հստակ սահմանումներ ու բաժանումներ չունի: Այժմ տեսաբանների հիմնական խնդիրն է որոշել, թե արդյոք այս գործընթացը համարվում է հեղափոխություն:

 «Գունավոր հեղափոխությունը» ավելի շատ ունի աշխարհաքաղաքական բնույթ, ուստի բազմակենտրոն աշխարհն այն տարբեր կերպ է մեկնաբանում. ռուսական կողմը գտնում է, որ «գունավոր հեղափոխությունը» սառը պատերազմի գործիքներից է, որն ԱՄՆ-ն և Արևմուտքը կիրառում են իր դեմ, իսկ ամերիկյան կողմը համարում է այն ժողովրդավարության հասցնող ճանապարհներից:

«Գունավոր հեղափոխությանն» առաջինն անդրադարձել է Ջին Շարփը, ում անվանում են «ոչ բռնի պայքարի Մաքիավելի», իսկ ավելի ծայրահեղականները՝ «ԽՍՀՄ-ի փլուզման մեղավոր»:  1973թ.-ին հրատարակված նրա «Ոչ բռնի պայքարի 198 կետերը» աշխատությունը համարվում է «գունավոր հեղափոխությունների» «աստվածաշունչը»: Գրքույկում ներկայացվում են մեթոդներ, որոնցով կարելի է առանց ուժի կիրառման տապալել իշխանությունը: Հրատարակումից մեկ տարի անց Պորտուգալիայում տեղի է ունենում առաջին «գունավոր հեղափոխությունը»: Այն հայտնի է «Կարմիր մեխակների հեղափոխություն» անունով: 1974թ.-ի ապրիլի 25-ին Պորտուգալիայում «Կապիտանների շարժում» կազմակերպությունը խաղաղ ապստամբությամբ տապալում է բռնապետ Սալազարին փոխարինելու եկած «Նոր պետություն» կուսակցության ռեժիմը:  «Կարմիր մեխակների հեղափոխությունը» սկիզբ է դնում «գունավոր հեղափոխությունների» երկար շարքին: Վերջին 30 տարում հետխորհրդային երկրներում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում իրականացվել է մոտ 30 գունավոր հեղափոխություն: Դրանց «գունավոր» լինելը շատ դեպքերում վիճահարույց է և միանշանակ չի ընդունվում:


Կարմիր մեխակների հեղափոխություն. 1974թ. Պորտուգալիա

«Գունավոր հեղափոխության» սահմանումները տարբեր են և կախված են աշխարհաքաղաքական խնդիրներից: Ռուսական մոտեցման ներկայացուցիչները «գունավոր հեղափոխությունը» սահմանում են «իշխող ռեժիմներին փողոցային զանգվածային բողոքներով և օտարերկրյա կազմակերպությունների ֆինանսավորմամբ տապալելու գործընթաց: Նրանք «գունավոր հեղափոխություն» են համարում քաղաքական, մշակութային և սոցիալ-հոգեբանական հակամարտությունների հրահրմամբ պետական իշխանության զավթումը, որն առաջանում և զարգանում է «փափուկ ուժի» ռազմավարության շրջանակներում: Ընդհանուր առմամբ ռուսական գիտական շրջանակը այն համարում է ավելի շատ հեղաշրջում, քան հեղափոխություն:

Երևույթի հանդեպ Մոսկվան առավել զգայուն է, քանի որ այն տեղի է ունենում իր «եղբայր» երկրներում, որի արդյունքում էլ փոխվում է այդ երկրների վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: ՌԴ-ի համար «գունավոր հեղափոխությունը» անհանգստության պատճառ է, ոչ միայն նրա համար, որ իրականացվում է «բարեկամ» երկրներում, այլ նաև նրանով, որ նման գործողություններ սպառնալիք են հենց իր համար: Ի դեպ, Ռուսաստանում 2011թ.-ին արդեն եղել է «Գունավոր հեղափոխության» չհաջողված փորձ, որը հայտնի «Ճահիճային հեղափոխություն» անվամբ: Ցուցարարները բողոքում էին Պետդումայի կեղծված ընտրությունների և այն իշխանությունների դեմ, որոնք մինչ այժմ ղեկավարում են երկիրը: Ուստի հավանականությունը, որ նման գործողություններ նորից կկրկնվեն՝ մեծ է, հատկապես, որ շուտով ՌԴ-ում Պետդումայի ընտրություններ են: Պաշտոնական Մոսկվան ևս անդրադարձել է «գունավոր հեղափոխություններին»՝ համարելով դրանք ծայրահեղություն, որոնք հանգեցնում են ողբերգական հետևանքների: ՌԴ նախագահը մեկ անգամ չէ, որ մեղադրել է Արևմուտքին՝ նշելով, որ կազմակերպելով «գունավոր հեղափոխություններ» մի շարք երկրներում՝ Արևմուտքը պարտադրում է իր չափանիշները, որոնք ոչ մի կերպ չէին համապատասխանում այդ ժողովուրդների կյանքի ձևին, ավանդույթներին կամ մշակույթին: Արդյունքում, ժողովրդավարության և ազատության փոխարեն սկսվում է քաոս և բռնություններ:

Արևմտյան գրականության մեջ և մամուլում շատ քիչ է օգտագործվում «գունավոր» տերմինը՝ իր բացասական երանգավորման պատճառով, և «գունավոր հեղափոխությունը» սահմանում է ավտորիտար ռեժիմի դեմ ոչ բռնի պայքար և ժողովրդավարական գաղափարների տարածման միջոց:  Նշվում է, որ «գունավոր հեղափոխությունների» նպատակն է ոչ այդքան քաղաքական և սոցիալ-տնտեսական փոփոխությունները, որքան էլիտայի նորացումը և ոչ լեգիտիմ իշխանության տապալումը: Արևմուտքը «գունավոր հեղափոխության» հիմնական հատկանիշ շեշտում է  նրա  «ոչ բռնի» լինելը: Չնայած դրան՝ այն «չարիք» համարողները հաճախ են նշում, որ ոչ բռնի պայքարը գրեթե միշտ վերաճում է բռնությունների: Օրինակ է բերվում  «Արաբական գարունը», որը սկսվել էր որպես խաղաղ ցույց, սակայն ավարտվել Մերձավոր Արևելքում խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամով և արյամբ: Հետաքրքական է, որ «գունավոր հեղափոխությունների հայր» Ջ. Շարփը  ևս շեշտում է, որ գործողությունները կարող են վերաճել բռնությունների:

Արևմուտքի նման դրական վերաբերմունքը արտացոլվում է նաև «գունավոր հեղափոխության» ֆինանսավորմամբ: Հատկանշական է  սոցիոլոգ Ջոն Լաֆլենդի «Պետական հեղաշրջման գործիքներ» աշխատությունը, որտեղ նա, ուսումնասիրելով տարբեր «գունավոր հեղափոխությունները», շեշտում է, որ բոլորում կա Ամերիկայի ազդեցությունը, քանի որ «ԱՄՆ-ում ժողովրդավարության խթանումը դիտվում է որպես ազգային անվտանգության ընդհանուր ռազմավարության կարևոր տարր:

Ռուսաստանում նշում են, որ ԱՄՆ-ն մեծացնում է իր ազդեցությունը տվյալ երկրներում՝ հարվածելով հենց Ռուսաստանին: «Գունավոր հեղափոխությունների» ֆինանսավորումը հատկապես կապվում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության հետ (USAID), որն իր հերթին ֆինանսավորում է ամերիկյան և միջազգային այնպիսի կառույցներ, ինչպիսին են Միջազգային հարաբերություններ ազգայինը ժողովրդավարական ինստիտուտը, ԱՄՆ ժողովրդավարության աջակցման ազգային ֆոնդը, Միջազգային հանրապետական ինստիտուտը: Շատ աղբյուրներ նշում են, որ  «գունավոր հեղափոխությունների» ֆինանսավորմամբ են զբաղվում «Freedom House»-կազմակերպությունը և Ջ. Սորոսի  «Բաց հասարակություն» հիմնադրամը:

Այս ամենից զատ, գիտական շրջանակներում ամենաքննարկվող հարցը  «գունավոր հեղափոխությունների» հեղափոխություն լինել-չլինելն է:

Այն հեղափոխություն չհամարողները նշում են «գունավոր հեղափոխությունները» գլոբալիզացիայի դարաշրջանի բարձր տեխնոլոգիական «արտադրանք» են և հասարակական-քաղաքական հեղափոխության  կրկնօրինակում, այսինքն՝ հեղափոխության սիմուլյատոր: Ի տարբերություն դասական հեղափոխությունների՝ այն ունի զուտ տնտեսաքաղաքական պատճառները, բացակայում են հոգևոր, բարոյական գաղափարներ: Բացի այդ՝ դասական հեղափոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ այդպես անհնար է շարունակել, այսինքն՝ կա խոշոր պատճառ, իսկ «գունավորում» դրանք բացակայում են՝ այն շատ կտրուկ է լինում:  Առանձնացվում է նաև այն փաստը, որ բոլոր «գունավոր հեղափոխությունները» տեղի են ունենում հետընտրական կամ նախընտրական շրջաններում: Հեղափոխություն չհամարելու մեկ այլ պատճառ է արտաքին ուժերի ազդեցությունը:

Երբեմն «գունավորի» փոխարեն օգտագործվում է «թավշյա հեղափոխություն» անվանումը: «Թավշյա հեղափոխություն» են կոչվում 1989-1990թթ.-ին Արեւելյան Եվրոպայում քաղաքական ռեժիմների անարյուն փոփոխությունները, որտեղ պայքարը ուղղված էր կոմունիստական համակարգի դեմ: Այս իմաստով, «թավշյա հեղափոխությունը», իրոք, հեղափոխություն կարելի է համարել, որն ինքնին ենթադրում է հիմնարար փոփոխություններ՝ անցում մեկ համակարգից՝ մյուսին: Այժմ այս երկու երևույթները հաճախ են նույնականացվում, սակայն «թավշյան» ավելի մոտ է հեղափոխությանը և չի կապվում արտաքին ազդեցության հետ:

Այս ամենով հանդերձ ակնհայտ է, որ «գունավոր հեղափոխությունները» իրականանում են տնտեսական և քաղաքական ճգնաժամի առջև կանգնած երկրներում, ուր ավտորիտարիզմը  օր-օրի ավելի է մեծանում: Այլ հարց է, թե դա ինչի է հանգեցնում. օրինակները տարբեր են, արդյունքները՝ նույնպես:

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր բնորոշումները, և այս իմաստով դասական հեղափոխությունների ժամանակը գուցե ավարտվել է, իսկ 21-րդ դարին բնորոշ են ավելի «մեղմ» հեղափոխությունները, որտեղ հիմնական գործիքները սոցցանցերն ու տեղեկատվական տեխնոլոգիաներն են, որոնք աշխատում են հասարակության զգայական-հոգեբանական դաշտի վրա: