Ռուսաստանի պաշտոնական արձագանքը տավուշյան լարվածությանը
9 ր. | 2020-09-142 020թ. հուլիսին Տավուշի մարզի ուղղությամբ հայ-ադրբեջանական միջպետական սահմանին իրավիճակի սրման և ծավալված մարտական գործողությունների առնչությամբ կարևոր է նաև միջազգային հանրության արձագանքի դիտարկումը։ Այս տեսակետից դժվար է գերագնահատել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և Անդրկովկասում մեծ ազդեցություն ունեցող պետություն, որը մի կողմից ՀԱՊԿ և երկկողմ հարաբերությունների ձևաչափով Հայաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ ջերմ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ։
Առհասարակ՝ Ադրբեջանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևորվում են առաջին հերթին Արցախյան հակամարտության համատեքստում։ Տարբեր բնագավառներում խորացնելով համագործակցությունը Մոսկվայի հետ՝ պաշտոնական Բաքուն այդ կերպ ձգտել և ձգտում է իր կողմը գրավել Ռուսաստանին Արցախյան խնդրում՝ ապահովելով նրա ադրբեջանամետ դիրքորոշումը։
Սակայն Բաքվի այդ հույսերը մինչ օրս չեն արդարացել։ Ռուսաստանը միակողմանի դիրքորոշում չի ունեցել Արցախյան խնդրում։ Պաշտոնական մակարդակով Ռուսաստանը չի պաշտպանել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», չի դատապարտել «հայկական ագրեսիան», չի արել Ադրբեջանի ակնկալիքները բավարարող այլ հայտարարություններ։ Փոխարենը շեշտել է միջազգային իրավունքի, մասնավորապես` ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին համահունչ խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։
Ռուսաստանի հիշյալ դիրքորոշումն արտահայտվեց նաև 2020թ. հուլիսյան հայ-ադրբեջանական սահմանային մարտերի ժամանակ։ Պաշտոնական Մոսկվայի արձագանքում ընդհանրացված կերպով կարելի է մատնանշել հետևյալ բնորոշ գծերը.
- Անհանգստություն իրավիճակի սրման կապակցությամբ,
- Մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ,
- Պատրաստակամություն նպաստելու իրավիճակի լիցքաթափմանը և գործնական քայլեր այդ ուղղությամբ։
Այս մոտեցումները Ռուսաստանի պաշտոնական շրջանակների կողմից արտահայտվել են դիվանագիտական և տեղեկատվական խողովակներով՝ հայկական և ադրբեջանական պաշտոնական շրջանակների հետ շփումներում, մամլո հաղորդագրություններում, ասուլիսներում և այլն։
ԱԳՆ-ի արձագանքը
Լ արվածության առաջացման հենց սկզբում՝ հուլիսի 13-ին, հայտարարություն տարածեց ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, որով մտահոգություն էր հայտնում սահմանային իրավիճակի սրման կապակցությամբ, ցավակցություն հայտնում զոհերի հարազատներին և կողմերին մարտական գործողություններն անհապաղ դադարեցներու, հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու կոչ անում։ Հայտարարության մեջ նշված էր. «Տեղեկություններ կան, որ մարտական գործողությունները շարունակվում են, հրետանի է կիրառվում, զոհեր ու վիրավորներ կան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա սրումը (էսկալացիան)։ Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»[1]։
Հուլիսի 13-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Ս. Լավրովը, առանձին հեռախոսազրույցներ ունենալով Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցներ Զ. Մնացականյանի և Է. Մամեդյարովի հետ, կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, դրսևորել զսպվածություն՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկությունները։ Նախարարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ինչպես առանձին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում[2]։
Հուլիսի 16-ի ասուլիսին ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները աշխատում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով[3]։
Հուլիսի 17-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի ԱԳ նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովի, իսկ հուլիսի 18-ին՝ Պաշտպանության նախարար Ս. Շոյգույի հեռախոսազրույցը Զաքիր Հասանովի հետ։ Երկու հեռախոսազրույցների ընթացքում էլ քննարկվել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին։
Ռուսական հիշյալ գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրությունները խիստ սուղ տեղեկատվություն են տալիս հարցի շուրջ քննարկումների մասին։ Ըստ ԱԳ նախարարության պաշտոնական կայքի՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը, ընթացիկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին[4]։ Իսկ Ռուսատանի պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությունն ավելի ընդհանրական է. «Մտքերի փոխանակման ընթացքում շոշափվեցին անդրկովկասյան տարածաշրջանում ընդհանուր իրադրությանը վերաբերող հարցեր»[5]։
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հուլիսի 17-ին հայտարարեց իր երկրի պատրասակամության և հնարավորությունների մասին՝ նպաստելու սրված իրավիճակի լիցքաթափմանը։ Նա հավաստիացրեց, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ ոչ միայն սահմանային իրավիճակը բարելավելու, այլև Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարված հարաբերությունները մեղմացնելու ուղղությամբ[6]։
Հուլիսի 21-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ քննարկել է Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցերը, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման հեռանկարները[7]։
Նախագահի արձագանքը
Տ ավուշյան մարտերին պաշտոնական Մոսկվան արձագանքել է նաև նախագահի մակարդակով։ Խնդիրը երկու անգամ՝ հուլիսի 17-ին և 24-ին, քննարկվել է ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում[8]։
Հուլիսի 17-ի խորհրդակցության ժամանակ՝ ա) արտահայտվել է խիստ անհանգստություն իրավիճակի շարունակական սրման առնչությամբ, բ) շեշտվել է հրադադարի ռեժիմի պահպանման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև գ) միջնորդական գործողությունների պատրաստակամությունը[9]։
Հուլիսի 24-ի նիստում քննարկվել են նաև Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ՝ ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը, գլխավորապես՝ այդ հանրապետությունների սահմանին իրադրության շարունակական սրման լույսի ներքո[10]։ Ինչպես նշել է նախագահ Պուտինը, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը շատ զգայուն հարց է Ռուսատանի համար։
Հեռավար խորհրդակցություն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, 2020թ. հուլիսի 17:
Հայ-ադրբեջանական բախումները Ռուսաստանում և պետության արձագանքը
Տ ավուշյան սահմանային մարտերն ուղեկցվեցին Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների միջև լարվածությամբ[11], ինչը նույնպես չէր կարող չարժանանալ պետության արձագանքին։ Խնդրի առնչությամբ հուլիսի 20-ին ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի, ինչը թույլ կտա կարգավորել նաև Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների միջև առաջացած հուզական ֆոնը։ Պեսկովը նաև հիշեցրել է պաշտոնական Մոսկվայի՝ զսպվածության, հրադադարի ռեժիմը պահպանելու և բռնությունը դադարեցնելու կոչը[12]։
Հուլիսի 23-ին արտաքին գործերի նախարար Լավրովը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և «Կիևսկայա պլոշադ» (Киевская плошадь) ընկերության նախագահ Գ. Նիսանովի հետ։ Քննարկվել է միջհամայնքային հարաբերություններում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, նաև կարևորվել է ազգային պատկանելության հողի վրա Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման անթույլատրելիությունը[13]։
Հուլիսի 24-ին Անվտագության դաշնային ծառայության Մոսկվայի և Մոսկվայի մարզի վարչությունում տեղի է ունեցել Ռուսաստանի հայերի միության և ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներին երաշխավորվել է, որ նախորդ գիշեր և օրվա ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների բոլոր հրահրիչներն ու իրականացնողները կհայտնաբերվեն և կենթարկվեն խստագույն պատասխանատվության[14]։
Ա րցախյան հարցում Ռուսաստանի բարեհաճ վերաբերմունքը շահելու ադրբեջանական հույսերի խորտակումը երևում է նաև հետևյալ փաստով. մինչ Բաքուն իր դժգոհությունն էր արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբից, պաշտոնական Երևանն ընդհակառակը՝ ամենաբարձր մակարդակով ընդգծում էր եռանախագահ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի դերը իրավիճակի լիցքաթափման հարցում։ Հուլիսի 23-ի կառավարության նիստում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրները: Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի Դաշնության ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես արտաքին գործերի նախարարության, այնպես էլ Զինված ուժերի Գլխավոր շտաբների մակարդակով»[15]։
Հուլիսի 28-ին ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կայունացնող դերը, ընդգծել է, հատկապես, Ռուսաստանի առանցքային և բացառապես կառուցողական դերակատարությունը[16]։
Բացի ադրբեջանական հույսերի խորտակումից, վարչապետի վերոհիշյալ հայտարարությունները ցույց են տալիս նաև լարվածության թոթափման հարցում Ռուսաստանի գործադրած ջանքերի արդյունավետությունը և դրա շոշափելիությունը հայկական կողմի համար։ Ի դեպ, հրադադարի վերականգնման հարցում Ռուսաստանի ջանքերն ուղղակի և էական են եղել նաև ինչպես 2014թ. օգոստոսյան սահմանային լարվածության (նույն Տավուշի հատվածում), այնպես էլ 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։
Հուլիսի 28-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը, ընդգծել է ռուսաստանյան կողմի կառուցողական և կայունացնող դերակատարությունը[17]։ Դեսպան Կոպիրկինն իր հերթին վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները[18]:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, 2020թ. հուլիսի 28։
Ռուսաստանից Բաքվի դժգոհության անուղղակի ապացույց է նաև ադրբեջանական իշխանությունների՝ հարցազրույց վերցնելու ռուսական РБК հեռուստաընկերության հայտն անպատասխան թողնելը, ինչի մասին ուղղակիորեն հայտնում է լրագրող Իլյա Դորոնովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի տեսանյութի սկզբում[19]։
[1] ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերին
[2] О телефонных разговорах Министра иностранных дел России С.В.Лаврова с Министром иностранных дел Армении З.Г.Мнацаканяном и Министром иностранных дел Азербайджана Э.М.Мамедъяровым
[3] Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 16 июля 2020 года
[4] О телефонном разговоре Министра иностранных дел России С.В.Лаврова с Министром иностранных дел Азербайджанской Республики Дж.А.Байрамовым
[5] Министр обороны Российской Федерации генерал армии Сергей Шойгу провел телефонный разговор с министром обороны Республики Азербайджан Закиром Гасановым
[6] Ռուսաստան ազդարարեց Թուրքիան. Թուրքիա զսպուածութիւն պէտք է ցուցաբերէ Ղարապաղեան հարցի շուրջ, Նոր Մարմարա, 18.07.2020:
[7] Լուրեր. Գլխավոր թողարկում, 21.07.2020
[8] Բացի նախագահ Վլ. Պուտինից, ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են վարչապետ Միխաիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, բնապահպանական գործունեության, շրջակա միջավայրի ու տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։
[9] Совещание с постоянными членами Совета Безопасности
[10] Совещание с постоянными членами Совета Безопасности
[11] Այդ օրերին Մոսկվայում մի քանի ադրբեջանցիներ ոտնակոխ էին արել հայկական ծիրանը, իսկ Ռուսաստանի առևտրային կենտրոնների սեփականատեր ադրբեջանցի գործարարներն արգելել էին հայկական ծիրանի և այլ մրգերի իրացումն այդ կենտրոններում։ Այս և այլ սադրիչ գործողությունները բախումների առիթ դարձան ռուսաստանաբնակ հայերի և ադրբեջանցիների միջև։ Տե՛ս Հայ ժողովուրդի բացառիկութեան մասին. «Արեւահամ ծիրանը...», Նոր Մարմարա, 20.07.2020 ; Հայերու վրայ ծանր յարձակումներ՝ Մոսկուայի մէջ, Նոր Մարմարա, 25.07.2020
[12] Լուրեր. Գլխավոր թողարկում, 20.07.2020
[13] Լուրեր. Գլխավոր թողարկում, 23.07.2020
[14] Լուրեր. Գլխավոր թողարկում, 24.07.2020 ; Տե՛ս նաև В управлении ФСБ по Москве и Московской области состоялась встреча руководителей силовых структур с представителями армянской общественности в связи с ночными событиями в Москве
[15] Վարչապետը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը
[16] Никол Пашинян - о конфликте Армении и Азербайджана, турецком вмешательстве и Маргарите Симоньян
[17] Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին
[18] Նույն տեղում։
[19] Տե՛ս Никол Пашинян - о конфликте Армении и Азербайджана, турецком вмешательстве и Маргарите Симоньян