Հեռավար կրթությունը Հայաստանում

17 ր.   |  2020-08-21

Մարտահրավերներ ու հնարավորություններ

Հեղինակ՝ Անի Ավետիսյան
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, տ.գ.թ.

Հոդվածը հրապարակվում է Օրբելի կենտրոնի անցկացրած մրցույթի շրջանակներում։

Ներածություն

Թ վային տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված` աշխատուժի նկատմամբ պահանջարկի փոփոխությունն առաջացնում է մշտական կատարելագործման և հարատև կրթության (lifelong learning) անհրաժեշտություն, ինչով և պայմանավորված է այն, որ մեծ պահանջարկ է վայելում և լայն տարածում է ստանում հեռավար կրթությունը։ Ժամանակակից կրթության ոլորտում հայտնվեց ուսուցման մի նոր ձևաչափ՝ զանգվածային բաց առցանց դասընթացներ։ Հեռավար կրթության հոմանիշներ են համարվում նաև այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «առցանց ուսուցում», «թվային ուսուցում», «վիրտուալ ուսուցում»՝ բոլոր դեպքերում կրթական ծառայություն մատուցողը և այդ ծառայությունը սպառողը գտնվում են տարբեր վայրերում և կապ են հաստատում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգնությամբ։[1] Այս առավելությունը թույլ տվեց ապահովել կրթական պրոցեսի անընդհատությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Հեռավար կրթության անհրաժեշտությունը ստեղծված իրավիճակում և դրա շարունակությունն ապագայում ստիպում են վերանայել այս ձևաչափի թերություններն ու առավելությունները՝ հաշվի առնելով, որ Հայաստանի բոլոր կրթական հաստատությունները մեծ հավանականությամբ գալիք ուսումնական տարին ևս կանցկացնեն հեռավար ձևաչափով։

Այսպիսով՝ տվյալ հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանում հեռավար կրթության հասանելիության ցուցանիշները և կրթության արդյունավետությունն ուսումնառողների և դասավանդողների տեսանկյունից։

Հետազոտության նպատակին հասնելու համար անհրաժեշտ է կատարել․

  • հեռավար կրթության առավելությունների և թերությունների վերաբերյալ առկա գրականության վերլուծություն,
  • հեռավար կրթության հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալների ամփոփում, առկա վիճակագրության հավաքագրում և վերլուծություն,
  • ուսումնառողների և դասավանդողների խմբի հետ անկետավորման անցկացում՝ հեռավար կրթության արդյունավետության գնահատման նպատակով։

Հետազոտության մեթոդաբանությունը

Հ ետազոտության հիմքում են ընկած թե՛ քանակական, թե՛ որակական մեթոդները։ Քանակական վերլուծությունը հիմնվել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի, Համաշխարհային բանկի, Համաշխարհային տնտեսական ֆորումի Գլոբալ մրցունակության զեկույցի և մի շարք այլ աղբյուրների տվյալների վրա։ Հավաքագրվել են նաև համացանցի հասանելիության, թվային գրագիտության և թվային ենթակառուցվածքը բնութագրող այլ ցուցանիշների վերաբերյալ տվյալներ։ Առաջնային տվյալները ստանալու համար անցկացվել է անկետավորում։ Հեռավար կրթության արդյունավետությունը գնահատելու նպատակով հեղինակը  անկետավորում է անցկացրել աշակերտների, ուսանողների, դասատուների և դասախոսների հետ։  Անկետավորումն ու հեռավար կրթության առավելությունների և թերությունների վերաբերյալ առկա գրականության վերլուծությունը հիմք են հանդիսացել որակական վերլուծության համար։

Գրականության ուսումնասիրություն

Թ վային ուսուցման ձևաչափը, իհարկե, տալիս է կրթական ծրագրերի ընտրության լայն հնարավորություններ՝ քանակի, բովանդակության և որակի առումով, ընդ որում՝ Կանադայում, ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում հեռավար կրթության արդյունքում որակավորում ստանալու մասին փաստաթուղթն իրավական կարգավիճակով հավասարեցված է ստացիոնար կրթությանը։[2] Ստացիոնար կրթության այս այլընտրանքի հիմնական առավելությունը ճկունությունն է՝ աշխարհագրական դիրքի, ժամանակի և բովանդակության տեսանկյունից։ Դա թույլ է տալիս ապահովել ողջ կյանքի ընթացքում կրթություն ստանալու և մասնագիտական հմտությունները կատարելագործելու հնարավորություն։ Դասընթացները կարելի է լսել ցանկացած պահի, ցանկացած վայրում, կրթական հաստատության և ուսումնասիրվող առարկայի սեփական ընտրությամբ։ Դա թույլ է տալիս համատեղել ուսումն աշխատանքի հետ, ինչը շատ կարևոր է աշխատուժի մրցունակությունն ապահովելու տեսանկյունից։[3] Բացի ճկունությունից, հեռավար կրթությունն ունի ևս մեկ առավելություն՝ այն թույլ է տալիս կրճատել ժամանակային և ֆինանսական ծախսերը (ճանապարհածախսը և կացարանային ծախսերը)։ Ուսման վայր հասնելու խնդրի բացակայությունը շատ կարևոր է սահմանափակ կարողություններով անձանց և այն բնակավայրերի բնակիչների համար, ուր հասանելի չեն մի շարք մասնագիտություններով ուսումնական ծրագրեր (օր․՝ Գազայի հատվածի  բնակիչների համար)։[4] Բացի այդ, հեռավար կրթությունը, որպես կանոն, ֆինանսական տեսանկյունից շատ ավելի մատչելի է, քան ստացիոնարը։[5]

Սակայն, հեռավար կրթությունը զուրկ չէ նաև որոշակի թերություններից, որոնցից ամենաէականն է հետադարձ կապի հնարավորության բացակայությունը, ինչն արդիական է զանգվածային բաց առցանց դասընթացների դեպքում։ Հաղորդակցման, անմիջապես դասի ընթացքում հարցուպատասխանի հնարավորությունը էապես նպաստում են կրթական պրոցեսի արդյունավետությանը։ Մասնագետներից շատերն են նշում, որ դասընթացն ինքն իրենով հաղորդակցութուն է՝ ուսուցչի ձայնը, դեմքի արտահայտությունը, շարժումներն ու ընդհանուր ստեղծարարությունն ազդեցություն ունեն աշակերտների վրա։ Հետադարձ կապի առկայությունն ազդում է նաև ուսուցչի վրա՝ ստիպելով անընդհատ կատարելագործել մասնագիտական և հաղորդակցման ունակությունները։[6]  Հեռավար կրթության մեկ այլ թերություններից է համարվում կրթական գործընթացի խիստ կանոնակարգման բացակայությունը։ Ներքին մոտիվացիայի և ժամանակի կառավարման հմտությունների բացակայության դեպքում ուսանողների մեծամասնությունը ավարտին չի հասցնում հեռավար կրթության շրջանակներում ուսումնասիրվող դասընթացը։ [7]

Հեռավար կրթության նկատմամբ աճող պահանջարկին ի պատասխան զարգանում են թվային ուսուցման բազմաթիվ հարթակներ և գործիքներ, որոնք, ֆունկցիոնալ նշանակությունից ելնելով, կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ հեռավար կրթության կառավարման համակարգեր /ինչպիսիք են, օրինակ՝ Google Classroom և Moodle/, բջջային հեռախոսներով ուսուցման համար նախատեսված համակարգեր, բաց առցանց դասընթացների հարթակներ / EdX, Coursera, Udemy/, ինքնուսուցման միտված համակարգեր և այլն։[8]

Սակայն, չնայած հեռավար կրթության բազմաթիվ թվային լուծումներին, այն հասանելի չէ աշխարհի աշակերտների և ուսանողների մեծամասնությանը։ Համաձայն ՅՈՒՆԵՍԿՈ-ի վիճակագրությանը՝ 2020թ․ մարտի 24 դրությամբ՝ համաճարակի հետևանքով կրթական հաստատությունները փակելու պահին, աշխարհի 183 երկրներում միջինում չորսից աշակերտից երեք և մոտավորապես 60,2 մլն ուսուցիչ և դասախոս հայտնվել են հեռավար կրթության համակարգից դուրս։[9] Վիրտուալ կրթություն ստանալու համար պարտադիր նախապայման է համապատասխան տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների առկայությունը և հասանելիությունը։ Թվային ուսուցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին՝ համացանցի և որևէ սարքավորման (սմարտֆոնի, պլանշետի կամ համակարգչի) առկայություն։ Սա է այն հիմնական խնդիրներից մեկը, որը խոչընդոտում է հեռավար կրթության հասանելիությանը Հայաստանում։ Համավարակի տարածումը կանխելուն միտված միջոցառումների շրջանակներում հայաստանյան բոլոր կրթական հաստատությունները ստիպված էին ևս անցնել առցանց ուսուցման (այնուամենայնիվ, հարկ է նշել, որ կրթական գործընթացն ապահովելու ներկայիս լուծումը դեռ հեռավար կրթություն չէ, քանի որ չունի վերջինիս բովանդակային և ժամանակային ճկունությունը)։ Սակայն բազմաթիվ աշակերտներ և ուսուցիչներ ապահոված չէին անհրաժեշտ պայմաններով։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների հետ համագործակցության արդյունքում Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությանը (ԿԳՄՍՆ) հաջողվել է հավաքագրել շուրջ 3500 տեխնիկական միջոց, սակայն, համաձայն ԿԳՄՍՆ տվյալների, 2019-2020 ուս. տարվա ավարտին համացանցի և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների բացակայության պատճառով կրթության գործընթացից դուրս են մնացել սովորողների 15-20%-ը։

Բացի այդ, խնդիրը բնութագրող հիմնական ցուցանիշներից են համարվում համացանցից օգտվող բնակչության տեսակարար կշիռը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ընկալումը, թվային տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները և այլն։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ համացանցից օգտվողների քանակը Հայաստանում կտրուկ աճել է վերջին 10 տարում (տես՝ գծ․1)․ եթե 2008թ․ այդ ցուցանիշը կազմում էր 6․21%, ապա 2017թ․ այն աճել է մինչև 65%։


Գծապատկեր 1․ Ինտերնետից օգտվողների քանակը (% բնակչության ընդհանուր թվաքանակից)[10]

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ իրավիճակն ավելի դրական է․ 2018թ․ դրությամբ համացանցից օգտվող բաժանորդների քանակը կազմել է բնակչության 98%-ը (տես՝ գծ․ 2)։


Գծապատկեր 2․ Համացանցից օգտվող բաժանորդների քանակը, 1000 մարդ[11]

Թվային տեխնոլոգիաների տարածման և ընկալման աստիճանը կարելի է գնահատել՝ հիմնվելով Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակվող Մրցունակության գլոբալ զեկույցի տվյալների վրա։ 2019թ․ դրությամբ Հայաստանում արձանագրվել է հետևյալ պատկերը․[12]

  • Բջջային հեռախոսների բաժանորդագրության քանակ (100 հոգու հաշվով)՝ 121,3 (62-րդ հորիզոնականը 141 երկրների ցանկում),
  • Ֆիքսված ինտերնետ ծառայության բաժանորդների քանակ (100 հոգու հաշվով)՝ 11,8 (71-րդ հորիզոնականը 141 երկրների ցանկում),
  • օպտիկական մալուխի միջոցով ինտերնետ ծառայության բաժանորդների քանակ (100 հոգու հաշվով)՝ 5,5 (40 րդ հորիզոնականը 141 երկրների ցանկում)։

Ինչ վերաբերում է թվային տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններին, ապա նույն զեկույցի տվյալների համաձայն՝ Հայաստանում ցուցանիշը գնահատված է 4,5 միավորով (առավելագույնը՝ 7). այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը 141 երկրների ցանկում։

Այս թվերը փաստում են, որ Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները բավականին տարածված են։ Բայց հասանելի՞ են արդյոք բոլոր այն տնային տնտեսություններին, որոնք ունեն աշակերտ կամ ուսանող։

Հեռավար կրթության ոլորտում հայաստանյան մարտահրավերներին անդրադարձել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ նշելով․[13]

  • Խոցելի խմբերում գտնվող երեխաների համար ԿԳՄՍՆ կազմակերպեց համակարգիչների հավաքագրում, սակայն դեռ հազարավոր աշակերտներ և ուսուցիչներ մնում են հեռավար կրթության համակարգից դուրս։ Այդ խնդրի լուծմանը փոքր-ինչ նպաստում է դասընթացների հեռարձակումը որոշ հեռուստաալիքներով,
  • Հեռավար կրթության համակարգից դուրս շարունակում են մնալ հատուկ պայմանների կարիք կամ հաշմանդամություն ունեցող երեխաները,
  • Առկա է թվային տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների զարգացման խնդիր՝ թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների մոտ,
  • Ավելի արդիական է դառնում կիբերանվտանգության խնդիրը։

Հարկ է նշել, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում ստացիոնարից թվային ուսուցմանն անցնելը դեռ հեռավար կրթություն չէ՝ իր դասական իմաստով։ Ներկա պահին կիրառվող ձևաչափը զուրկ է հեռավար կրթությանը բնորոշ ճկունությունից՝ դասընթացներն ընթանում են հստակ սահմանված դասացուցակով, առարկաների ցանկով և առանց ուսուցիչ կամ ուսումնական հաստատություն ընտրելու հնարավորության։ Դասական առումով հեռավար կրթության հարթակ Հայաստանում ստեղծվել է դեռ 2011թ․՝ այն գործում է Moodle առցանց միջավայրի հիման վրա և տրամադրում է հեռավար կրթության համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ու գործիքները /կայքը՝ http://elearning.armedu.am/։[14]

Հեռավար ձևաչափին անցած ստացիոնար կրթության համար գործում է մեկ այլ կայք, որտեղ հավաքված են առկա բոլոր ռեսուրսները կրթական գործընթացն ապահովելու համար՝ https://heravar.armedu.am/։ Նշված կայքերը հիմնականում ապահովում են դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար բովանդակության հասանելիությունը։ Բուհերը հեռավար կրթությունն իրականացնում են իրենց կողմից հաստատված ուսումնական պլանների շրջանակներում՝ որպես հարթակ օգտագործելով բավականին լայն տարածում ստացած թվային լուծումներից մի քանիսը՝ ZOOM, Google Meet, Microsoft teams և այլն։

Այսպիսով՝ հավաքագրված վիճակագրության և փաստերի վրա հիմնվելով՝ կարելի է պնդել, որ սովորողների և դասավանդողների մեծամասնությանը հասանելի էր առցանց կրթությունը, այն էլ բազմաթիվ բովանդակային լուծումներով։ Բայց արդյո՞ք այն հաջողվել է։ Չորս ամսվա ընթացքում փորձարկված (մարտ-հունիս) առցանց կրթության արդյունավետությունը գնահատելու միակ հնարավոր տարբերակը թիրախային խմբի կարծիքներին անդրադառնալն է։

Հեռավար կրթության մասին թիրախային խմբի արձագանքն իմանալու նպատակով անցկացվել է անկետավորում։ Հիմք ընդունելով Վիսկոնսինի համալսարանի “Distance-Learning in the time of COVID-19”[15] հեռավար կրթության որակը գնահատելու նպատակով մշակած հարցաշարը` անցկացվել է անկետավորում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների հետ (ընդհանուր՝ 25 պատասխան), կրտսեր դասարանների աշակերտների ընտանիքի անդամների հետ (ընդհանուր՝ 10 պատասխան),   դասախոսների և դասատուների հետ (ընդհանուր՝ 15 պատասխան)։

Անկետավորման արդյունքների ամփոփում

Թիրախային խումբ․ «Ուսանող/աշակերտ»

1․ Արդյո՞ք Ձեր ուսումնական ծանրաբեռնվածությունը նույնն է, ինչ մինչ առցանց ուսուցմանն անցնելը։ Եթե ոչ՝ ինչու՞։

Հ արցվածների մեծամասնությունը գտնում է, որ ծանրաբեռնվածությունը չի փոխվել։ Սակայն որոշ ուսումնառողներ նշում են, որ առցանց ավելի դժվար է տեղեկատվությունն ընկալել, բացի այդ, բացակայում է սովորելու մոտիվացիան։

2․ Արդյո՞ք դասախոսի հետ հետադարձ կապի արդյունավետությունը մնացել է նույնը, ինչ մինչ առցանց ուսուցմանն անցնելը։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։

Հարցվածների գրեթե կեսը կարծում է, որ արդյունավետությունը մնացել է նույնը, սակայն մյուս կեսը համաձայն չէ՝ նշելով․

  • առցանց հաղորդակցվելիս առաջանում են ընկալման հետ կապված խնդիրներ,
  • տարբեր տեխնիկական պատճառները խանգարում են դասի բնականոն ընթացքին,
  • կապի որակի պատճառով արդյունավետությունը կտրուկ նվազել է։ 

«Ոչ, դեմ առ դեմ շփումը միշտ եղել է ու կա ավելի արդյունավետ»

Ավագ դպրոցի աշակերտ

3․Կցանկանա՞յիք արդյոք շարունակել ուսուցումն առցանց ձևաչափով։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։

Հարցվածների 100%-ը տվել է բացասական պատասխան՝ որպես պատճառ բերելով հիմնականում հետևյալը․

  • նյութի ընկալման և դասի ընթացքում կենտրոնանալու խնդիրներ,
  • մոտիվացնող մթնոլորտի բացակայություն,
  • վիզուալ կոնտակտի բացակայություն և կենդանի շփման պակաս,
  • տեխնիկական խնդիրներ։

«Ոչ։ Նյութը լավ չի ընկալվում վիզուալ կոնտակտի բացակայության պատճառով, տեղի է ունենում ուշադրության շեղում, բացակայում է մոտիվացնող մթնոլորտը»
«Ոչ, որովհետև դժվար է տանից կենտրոնանալ դասերի վրա, և ռեալ շփումը, ռեալ դասը ավելի շատ բան է տալիս, քան օնլայնը»

Ուսանողներ

4․ Ինչպիսի՞ դժվարություններ ունեք առցանց ուսուցման հետ կապված։ 

Այս հարցի պատասխանները մեծամասամբ արտացոլում են մնացած հարցերի պատասխաններում հնչեցված դժգոհությունները։ Առցանց ուսուցման ընթացքում ծագած հիմնական խնդիրների շարքում են կենդանի շփման և մոտիվացիայի բացակայությունը, ընկալման, դասի վրա կենտրոնանալու, հետադարձ կապի և տեխնիկական խնդիրները։ Հարցվածներից շատերը նշել են նաև երկար ժամանակ համակարգչի առջև գտնվելու դժվարությունը։

5․ Որո՞նք են առցանց ուսուցման դրական կողմերը։

Այս հարցում բոլոր հարցվածները համակարծիք էին՝ որպես միակ դրական կողմ նշել էին ժամանակ խնայելը։

Թիրախային խումբ․ «Դասախոս/ուսուցիչ»

1․Արդյո՞ք Ձեր աշխատանքի արդյունավետությունն առցանց ուսուցման պայմաններում մնացել է նույնը։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։

Հ արցի միանշանակ պատասխանը բացասական է, պատճառը՝ կենդանի շփման բացակայությունը, որը կտրուկ նվազեցնում է դասընթացի արդյունավետությունը։ Բացի այդ, դա խոչընդոտ է հանդիսանում թե՛ ուսումնառողներին վերահսկելու, և թե՛ որևէ փորձեր և գործնական աշխատանք անելու համար (մասնավորապես՝ բնագիտական ոլորտի առարկաների դեպքում)։

2․Արդյո՞ք Ձեր ուսանողների/աշակերտների ուսումնական ծանրաբեռնվածությունը նույնն է, ինչ մինչ առցանց ուսուցմանն անցնելը։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։

Այս հարցի շուրջ դասախոս/ուսուցիչների և ուսումնառողների կարծիքները համընկնում են։ Դասախոսների և ուսուցիչների բացարձակ մեծամասնությունը գտնում է, որ ծանրաբեռնվածությունը մեծամասնության համար չի փոխվել, սակայն որոշ ուսումնառողներ ունենում են ընկալման խնդիրներ, ինչի պատճառով ստիպված են ավելի շատ ժամանակ տրամադրել ուսմանը։

3․Արդյո՞ք համալսարանի/դպրոցի անձնակազմն ապահովել է ձեզ անհրաժեշտ տեխնիկական աջակցությամբ առցանց աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար։

Այդ հարցի պատասխաններից ելնելով՝ ոչ բոլոր ուսումնական հաստատություններն են տրամադրել համապատասխան տեխնիկական աջակցություն իրենց դասախոս/ուսուցիչներին։

4․ Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել առցանց ուսուցման ընթացքում։

Հիմնական դժվարությունը կապված է եղել տեխնիկական խնդիրների հետ, սակայն զգացվել է նաև ուսումնառողների ակտիվության և կենդանի շփման պակասը։

«Ուսանողների ակտիվության պակաս, ուսումնական նյութը պրակտիկ կերպով փոխանցելու խնդիրներ․․․»

Բուհի դասախոս

5․Արդյո՞ք առցանց ուսուցումն ունի առավելություններ։ Եթե այո՝ որո՞նք են։

Առցանց ուսուցման դրական կողմերի ցանկում նշվել են ավելի ազատ և ճկուն գրաֆիկը, ուսումնական նյութեր տալու ավելի լայն հնարավորությունները (այդ թվում՝ ինտերակտիվ), արտասահմանյան մասնագետներ ներգրավելու հնարավորությունը։

«Առցանց ուսուցումը մարդուն տալիս է ազատություն և լրացուցիչ ճկունություն օրը կազմակերպելու հարցում»

Դպրոցի ուսուցիչ

Թիրախային խումբ․ «Աշակերտների ընտանիքի անդամներ»

1․Արդյո՞ք դպրոցը փորձել է Ձեզ օգնել առցանց ուսուցման հետ կապված հարցերում։ Եթե այո՝ ինչպե՞ս։

Ծ նողների մեծամասնությունը փաստում է, որ դպրոցի կողմից տրամադրվել է համապատասխան տեխնիկական աջակցություն, սակայն որոշ դեպքերում ծնողներն իրենք են ստիպված եղել լուծումներ փնտրել։

2․Արդյո՞ք աշակերտի ուսումնական ծանրաբեռնվածությունը նույնն է, ինչ մինչ առցանց ուսուցմանն անցնելը։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։

Ծնողները նշում են, որ ծանրաբեռնվածությունը կամ մնացել է նույնը, կամ ավելացել է, քանի որ շատ հանձնարարություններ են տրվում, իսկ առցանց նյութը երեխաները լավ չեն ընկալում։ Նշվում է նաև, որ ավելացել է ծնողների ծանրաբեռնվածությունը, քանի որ դպրոցի/ուսուցչի օբյեկտիվ բացը ծնողն էր լրացնում:

3․ Կցանկանա՞յիք արդյոք, որ աշակերտը շարունակի իր ուսուցումն առցանց ձևաչափով։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։

Կրտսեր դասարանների աշակերտների ծնողները միանշանակ դեմ են առցանց ուսուցման շարունակությանը, մեծամասամբ նշելով հետևյալը․

  • Երեխաները այլ երեխաների հետ շփման և ուսուցչի հետ անմիջական կապի կարիքն ունեն, դա ազդում է նրանց հետագա սոցիալական ինտեգրման վրա,
  • Երեխաներից շատերի մոտ առաջանում են առողջական խնդիրներ /տեսողական խնդիր, գլխացավ/ համակարգչի առջև երկար գտնվելու հետևանքով,
  • Ցածր դասարանի երեխաների համար անսովոր և անհասկանալի է առցանց ձևաչափը, նրանք շեղվում են, դժվար են կենտրոնանում,
  • Նյութը երեխաների կողմից ավելի դժվար է ընկալվում, լիարժեք չի հասկացվում, ընդհանուր առմամբ նվազում է ուսման արդյունավետությունը։

«Ոչ։ Երեխաները շփման կարիք ունեն։ Էկրանից այս կողմ լրիվ ուրիշ է ամեն ինչ։ Երեխաները թեև սովորում են, բայց պետք է ուսուցչի հետ կապը լինի անմիջական։ Դա ազդում է նրանց հետագա սոցիալական ինտեգրմանը։ Էլ չեմ ասում առողջական խնդիրների մասին։ Իմ երեխան 2 շաբաթ գլխացավ ուներ։ Մյուս աշակերտները աչքերի հետ խնդիր ունեցան և այլն։ Շատ խնդիրներ կարելի է նշել։»

Կրտսեր դասարանի աշակերտի ծնող

4․Ինչպիսի՞ դժվարություններ ունեք առցանց ուսուցման հետ կապված։ 

Այս հարցի պատասխանների մեջ՝ նախորդ հարցում ներկայացված խնդիրներից բացի, ծնողները նշում են, որ ուսուցիչներից շատերը պատրաստ չեն նման ձևաչափի, բացակայում է անհատական մոտեցումը, երեխաների առանձնահատկություններով պայմանավորված՝ ավելանում է ծնողների զբաղվածությունը, այնինչ երեխան չի ընկալում ծնողին ուսուցչի դերում և կորցնում է սովորելու մոտիվացիան։

Ծնողներից ոմանք կարծում են, որ առցանց ձևաչափի պահպանման դեպքում կտրուկ փոփոխություններ ու համակարգված լուրջ մոտեցումներ են անհրաժեշտ, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից։

5․Որո՞նք են առցանց ուսուցման դրական կողմերը։

Ծնողների մեծամասնությունը որևէ դրական կողմ առցանց ուսուցման մեջ չի գտնում։ Փոքրամասնություն կազմող մի քանի ծնող որպես դրական կողմ նշել են ժամանակ խնայելը և ուսուցիչներին ավելի լավ ճանաչելու հնարավորությունը։

Ամփոփում

Ա ռցանց կրթության փորձարկումն ամբողջ աշխարհում թույլ տվեց ապահովել կրթության գործընթացի անընդհատությունը համավարակի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակներում։ Ստեղծված պայմաններում դա այլընտրանք չունեցող տարբերակն էր՝ անկախ իր արդյունավետությունից։ Սակայն, դա նաև փորձ էր․ առցանց ուսուցման այս ձևաչափի կիրառումը թույլ տվեց հայտնաբերել բոլոր խնդիրներն ու թերությունները, ինչպես նաև ընդգծել ստացիոնար ուսուցման առավելությունները։ Հայաստանում և ամբողջ աշխարհում գործող այս ձևաչափը դեռ հեռավար կրթություն չէ․ այն զուրկ է հեռավար կրթությանը բնորոշ բովանդակային և տեխնիկական ճկունությունից։ Ներկա իր տեսքով առցանց ուսուցումն առաջացրեց որոշ դժգոհություններ, որոնց հիմքում ընկած է ուսման արդյունավետության նվազումը։

Հիմնվելով վիճակագրական տվյալների և  անկետավորման արդյունքների վրա՝ կարելի է ամփոփել Հայաստանում առցանց կրթության՝ 4 ամիսների (մարտ – հունիս) փորձը։ Ուսումնառողների և ծնողների արձագանքից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ հեռավար ձևաչափի շրջանակներում ուսումնական գործընթացի արդյունավետությունը նվազել է։ Պատճառները մի քանիսն են, և առաջինը հենց կենդանի շփման և անմիջապես տեղում հարցուպատասխանի հնարավորության բացակայությունն է, ինչը փաստում են նաև որոշ գիտական հետազոտություններ։ Երեխաների համար դժվար է կենտրոնանալ, դժվար է ընկալել և դժվար է մոտիվացիա գտնել՝ շատերն են խոստովանում, որ դասերին ներկա են միայն «տեխնիկապես»։ Դժվար է նաև դասախոսին․ մեծ թվով լսարան ունենալու դեպքում անհնար է դեմքեր տեսնել, հետադարձ կապ ստանալ, ունենալ ընկալման աստիճանի մասին որևէ պատկերացում։ Խանգարող լուրջ հանգամանքներից մեկն է հենց ինքը՝ ուսման միջոցը՝ իսկապես, դժվար է 5-6 ժամ գտնվել համակարգչի/պլանշետի/հեռախոսի առջև, այն էլ կենտրոնանալ և որևէ նյութ ընկալել։ Շատ ավելի դժվար է կրտսեր դասարանների աշակերտների համար։ Ամփոփելով ընդհանուր կարծիքները՝ կարելի է փաստել, որ ուսման արդյունավետությանը խոչընդոտել է կենդանի շփման և հետադարձ կապի բացակայությունը և բազմաթիվ տեխնիկական խնդիրները, ինչը ևս համապատասխանում է մի շարք գիտական հետազոտությունների արդյունքներին։ Բացի այդ, կարելի է ենթադրել, որ առցանց կրթության ձևաչափը պահպանելու և հետագայում զարգացնելու համար անհրաժեշտ է մշակել անհատական մոտեցման լուծումներ՝ դարձնելով առցանց կրթությունը ավելի ճկուն՝ նաև ֆիզիկական առողջությունն ապահովելու համար։ Սակայն՝ ներկա դրությամբ առկա խնդիրներից ելնելով, առցանց կրթությունը չի կարող դառնալ ստացիոնար ուսման լիարժեք այլընտրանք։ Բացի այդ, քննարկումների, բանավեճերի, անմիջական հարցուպատասխանի անհրաժեշտությունը բազմիցս շեշտվել է որպես կրթական գործընթացի արդյունավետությունն ապահովելու կարևոր բաղադրիչներից մեկը։

Հարցաշար

Ուսուցիչ/դասախոս

  1. Արդյո՞ք Ձեր աշխատանքի արդյունավետությունը առցանց ուսուցման պայմաններում մնացել է նույնը։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։
  2. Արդյո՞ք Ձեր ուսանողների/աշակերտների ուսումնական ծանրաբեռնվածությունը նունն է, ինչ մինչ առցանց ուսուցմանն անցնելը։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։
  3. Արդյո՞ք համալսարանի/դպրոցի անձնակազմն ապահովել է ձեզ անհրաժեշտ տեխնիկական աջակցությամբ առցանց աշխատանքի արդյունավետությունը ապահովելու համար։
  4. Արդյո՞ք առցանց ուսուցումն ունի առավելություններ։ Եթե այո՝ որո՞նք են դրանք։
  5. Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել առցանց ուսուցման ընթացքում։

Ուսանող/աշակերտ

  1. Արդյո՞ք Ձեր ուսումնական ծանրաբեռնվածությունը նույնն է, ինչ մինչ առցանց ուսուցմանն անցնելը։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։
  2. Արդյո՞ք ուսուցչի հետ հետադարձ կապի արդյունավետությունը մնացել է նույնը, ինչ մինչ առցանց ուսուցմանն անցնելը։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։
  3. Կցանկանա՞յիք արդյոք շարունակել ուսուցումն առցանց ձևաչափով։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։
  4. Որո՞նք են առցանց ուսուցման դրական կողմերը։
  5. Ինչպիսի՞ դժվարություններ ունեք առցանց ուսուցման հետ կապված։

Աշակերտի ընտանիքի անդամներին

  1. Արդյո՞ք համալսրանը/դպրոցը փորձել է Ձեզ օգնել առցանց ուսուցման հետ կապված հարցերում։ Եթե այո՝ ինչպե՞ս։
  2. Արդյո՞ք աշակերտի/ուսանողի ուսումնական ծանրաբեռնվածությունը նույնն է, ինչ մինչ առցանց ուսուցմանն անցնելը։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։
  3. Կցանկանա՞յիք արդյոք, որ աշակերտը/ուսանողը շարունակի իր ուսուցումն առցանց ձևաչափով։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։
  4. Որո՞նք են առցանց ուսուցման դրական կողմերը։
  5. Ինչպիսի՞ դժվարություններ ունեք առցանց ուսուցման հետ կապված։

[1] Traxler D. (2018) Distance Learning—Predictions and Possibilities. Educ. Sci., 8(1), 35, p.2, https://doi.org/10.3390/educsci8010035, https://www.mdpi.com/2227-7102/8/1/35/htm

[2] Qayyum A., Zawacki-Richter O. (2019) The State of Open and Distance Education. In: Zawacki-Richter O., Qayyum A. (eds) Open and Distance Education in Asia, Africa and the Middle East. Springer Briefs in Education. Springer, Singapore. https://doi.org/10.1007/978-981-13-5787-9_14, https://link.springer.com/chapter/10.1007/978-981-13-5787-9_14

[3] Petsuwan S., Pimdee P.,  Pupat P. (2019 Strategies for Using the Satellite Distance Education System in Thailand that Affect Student Quality of Marginal Schools in the Lower North Region. Revista Espacios. Vol. 40 (Number 41)

[4] Abuhassna H., Yahaya N. (2018) Students’ Utilization of Distance Learning through an
Interventional Online Module Based on Moore Transactional Distance Theory. EURASIA Journal of Mathematics, Science and Technology Education. Vol. 4(7), 3043-3052, p. 3046

[5] Sadeghi M. (2019) A Shift From Classroom to Distance Learning: Advantages and Limitations. International Journal of Research in English Education. Vol 4:1, p.83

[6] Navickienė V., Sederevičiūtė-Pačiauskienė Z., Valantinaitė I., Zilinskaite V. (2019) The relationship between communication and education through the creative personality of the teacher. Creativity Studies. 12. 49-60. 10.3846/cs.2019.6472.

[7] Fojtik R. (2018) Problems of Distance Education. International Journal of Information and Communication Technologies in Education. 7. 14-23. 10.2478/ijicte-2018-0002

[8] UNESCO. Distance learning solutions. URL:  (Accessed at 17 May 2020)
World Bank. Remote learning, distance education and online learning during the COVID19 pandemic: A Resource List by the World Bank’s EdTech Team. URL: (Accessed at 17 May 2020)

[9] UNESCO 1.37 billion students now home as COVID-19 school closures expand, ministers scale up multimedia approaches to ensure learning continuity. URL: (Accessed at 28 May 2020)

[10] World Bank Database. (Accessed at 15 June 2020)

[11] ՀՀ Վիճակագրական կոմիտե։ Հայաստանի վիճակագրական տարեգիրք – 2019, էջ 367

[12] World Economic Forum. Global Competitiveness Report 2019, p. 64.

[13] ՅՈՒՆԻՍԵՖ. Հայաստանում հեռավար ուսուցման առկա իրավիճակն և ինչպես է ՅՈՒՆԻՍԵՖ-ն արձագանքում ՔՈՎԻԴ-19-ին։

[14] Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

[15] University of Wiskonsin. Evaluation in Education. Distance-Learning in the time of COVID-19. (Accessed at 10 July 2020)