Լուկաշենկոն ցույցերի ֆոնին վերընտրվեց նախագահ
4 ր. | 2020-08-11Բ ելառուսի ընտրություններն ընթացան նախկինների սցենարով. ցույցերի ֆոնին Լուկաշենկոն 6-րդ անգամ վերընտրվեց նախագահ, ինչը նշանակում է, որ նա երկիրը կղեկավարի մինչև 2025թ.։
ԿԸՀ-ի տվյալներով՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.09%-ը։ Մնացած 3 թեկնածուները չեն հաղթահարել անգամ 2%-ի շեմը՝ Աննա Կանոպացկայան հավաքել է ձայների 1.68%-ը, Անդրեյ Դմիտրիևը՝ 1.21%-ը, Սերգեյ Չերեչենը՝ 1.15%-ը։ Ընտրողների 4.6%-ը դեմ է քվեարկել բոլոր թեկնածուներին։ Ընտրություններին մասնակցել է ընտրողների 84.23%-ը, որը 2002թ.-ից հետո ամենացածր ցուցանիշն է։
Նախքան արդյունքների հրապարակումը՝ Լուկաշենկոն հայտարարել էր, որ սա իր ամենաբարդ ընտրարշավներից մեկն է, սակայն նա կանխատեսում էր, որ իրական պայքարը սկսվելու է արդյունքների հայտնի դառնալուց հետո։ ԿԸՀ-ի տվյալների հրապարակումից հետո Սվետլանա Տիխանովսկայան չընդունեց արդյունքները՝ հայտարարելով, որ իրենց այլընտրանքային հաշվարկների արդյունքում ինքն է հաղթողը և կոչ արեց Լուկաշենկոյին խաղաղ հանձնել իշխանությունը։
Այս հայտարարությունից հետո Բելառուսի 32 քաղաքներում, այդ թվում՝ Մինսկում, սկսվեցին բողոքի ակցիաներ։ Ցուցարաների թվի մասին հստակ տեղեկություններ չկան. տարբեր տվյաներով այն հասել է տասնյակ հազարների։
Ցույցերն ընթացել են կոշտ բախումներով։ Չնայած Տիխանովսկայան իր խոսքում ուժայիներին հիշեցրել է, որ նրանք ևս ժողովրդի մի մասնիկն են և կոչ արել դադարեցնել բռնությունները, սակայն հատուկ ստորաբաժանման ջոկատներին ոչինչ հետ չի պահել։ Նրանք աղբամաններով բարիկադներ կառուցած ցուցարաների դեմ կիրառել են ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ, որին ի պատասխան ցուցարարները օգտագործել են դյուրավառ հեղուկով շշեր, քարեր։ Ցույցերը հնարավոր է եղել ցրել միայն գիշերը 3-ին։ Պաշտոնական տվյալներով Բելառուսում ավելի քան 50 ցուցարար և անվտանգության 39 աշխատակից վիրավորվել են: Ամբողջ Բելառուսում ձերբակալվել է մոտ 3000 մարդ։ Խոսվում էր նաև մեկ զոհի մասին, սակայն հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա ողջ է։
Բելառուսի քննչական կոմիտեն հայտարարել է, որ Մինսկում և երկրի այլ քաղաքներում քրեական գործեր են հարուցվել «զանգվածային անկարգությունների և ներքին գործերի մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնության» փաստերով։ Նման գործողությունների համար նախատեսված է 8-ից 15 տարի ազատազրկում։
Հաջորդ օրը Լուկաշենկոն անդրադարձավ ընտրություններին և ցույցերին՝ նշելով, որ այն տոն էր, սակայն ոմանք փորձեցին փչացնել այն։ Նա նշեց, որ ցուցարաները ղեկավարվում են դրսից։ «Զանգեր կային Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից, նրանք վերահսկում էին մեր, կներեք ինձ, ոչխարներին. նրանք չեն հասկանում, թե ինչ են անում, և նրանց վերահսկում են»,- նշել էր նորընտիր նախագահը՝ հավելելով, որ ցուցարաներ կային նաև Ուկրաինայից և Ռուսաստանից։
Օգոստոսի 10-ի կեսօրին երկրում հարաբերական անդորր էր։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ Սվետլանա Տիխանովսկայան անհետացել է և նրան 5 ժամից ավելի ոչ ոք չի տեսել։ Նախքան այդ՝ ՊԱԿ-ը հայտարարել էր նրա դեմ մահափորձի կանխման մասին։ Նա գնացել էր ԿՀՎ կեղծված ընտրությունների վերաբերյալ հայց ներկայացնելու։ Մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ նա փախել է Լիտվա։ Այնտեղից նա տեսագրությունով դիմել է բելառուսի ժողովրդին՝ նշելով որ մնացել է նույն թույլ կինը։ Տեսանյութի վերջում Տիխանովսկայան ասում է, որ «երեխաներն ամենակարևորն են և ոչ մի կյանք չարժե այս ամենը»։
Օգոստոսի 10-ի երեկոյան ցուցարաներն ավելի քիչ էին, սակայն բողոքի ակցիան կրկին անցել է բախումներով։
Օգոստոսի 9-ի առավոտից մինչ այժմ երկրում ինտերնետային հասանելիության խնդիրներ կան։ Բելառուսները չեն կարողացել միանալ ինտերնետին` առանց հատուկ ծրագրերի եւ հավելվածների: Նախօրեին «Բելտելեկոմ»-ում հայտարարել էին, որ խնդիրներն առաջացել են դրսից կիբերհարձակումների հետեւանքով:
Ցույցերի ընթացքում վիրավորվել են նաև բազմաթիվ լրագրողներ։ Անհետացել են են «Россия сегодня» գործակալության ֆոտոլրագրող Իլյա Պիտալևը, ինչպես նաև «Meduza»-ի լրագրող Մաքսիմ Սոլոպովը։ Ավելի քան 30 ժամ է, ինչ նա կապի դուրս չի եկել: Նրան ձերբակալեն են Մինսկում, և ըստ գործընկերների՝ դաժանորեն ծեծել։ Սոլոպովի մասին Բելառուսի իրավապահ մարմիններից տեղեկատվություն չկա:
Ձերբակալված լրագրողներից ազատ է արձակվել Անտոն Ստարկովը, Դմիտրի Լասենկոն, ինչպես նաև WarGonzo նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովը: Այս մասին հայտարարել է Բելառուսում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Մեզենցևը:
Միջազգային անդրադարձ
Բ ելառուսում տիրող իրավիճակին առաջինն անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Նա կոչ է արել Բելառուսին ապահովել իր ժողովրդի ազատությունները, որոնք ճգնաժամից դուրս գալու միակ միջոցն են։ Առաջին շնորհավորանքները Լուկաշենոկն ստացել է Չինաստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ղազախտանից։ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջիմ Ռիշը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հորդորել է հրաժարական տալ, եթե նրա վերընտրվելը ոչ ժողովրդավարական է: Եվրամիությունը ևս դատապարտել է Բելառուսում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ «անհամաչափ և անընդունելի պետական բռնությունը»: ԵՄ-ն նաև կոչ է արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:
Եվրամիությունը կարող է քննարկել Մինսկի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, սա չեն բացառում Լեհաստանի արտգործնախարարությունում։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին առաջարկել է Եվրամիության արտակարգ գագաթնաժողով անցկացնել՝ Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տիրող իրավիճակի կապակցությամբ։
Ամենայն հավանականությամբ ցույցերը կընթնան մի քանի օր ևս։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն դժվար թե կոշտ պատժամիջոցներ կիրառեն Բելառուսի դեմ, որի հետ նոր-նոր են հարաբերությունները լավանում։ Կոշտ պատժամիջոցները ավելի կմեծացնեն Բելառուսի վրա Ռուսաստանի ազդեցությունը։