Իրանի ենթակառուցվածքներում վերջին միջադեպերի շուրջ
7 ր. | 2020-08-10Վ երջին ամիսներին հաճախակի են դարձել պայթյունները Իրանի միջուկային և այլ ենթակառուցվածքներում. խոսվում է շուրջ մեկ տասնյակ միջադեպերի մասին։ Իրանական կողմը դրանք պայմանավորում է հիմնականում տեխնիկական պատճառներով և փորձում է, համենայն դեպս հրապարակայնորեն, քաղաքական դրդապատճառ չտեսնել։ Մինչդեռ փորձագիտական շրջանակներում հնչող գնահատականներով միջադեպերը կարող են լինել արտաքին ուժերի դիվերսիոն-հետախուզական գործողությունների հետևանք։
Այսպես, 2020-ի հունիսի 26-ին Թեհրանից 30 կմ հեռավորությամբ գտնվող Փարչինի ռազմական համալիրում պայթյուն տեղի ունեցավ․ պաշտոնական տեղեկատվությամբ, միջադեպը տեղի էր ունեցել գազի արտահոսքի պատճառով։ Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա, պայթյունը տեղի է ունեցել ոչ թե ռազմական համալիրում, այլ հարևանության գտնվող Խոջիրի հրթիռների արտադրության օբյեկտում (Khojir missile production facility): Այդ միջադեպից ընդամենը օրեր անց` հունիսի 30-ին պայթյուն տեղի ունեցավ Թեհրանի հյուսիսում գտնվող հիվանդանոցներից մեկում, որի հետևանքով զոհվեց 19 մարդ[1]։ Պաշտոնական հաղորդագրությամբ, պայթյունը կրկին կարող էր պայմանավորված լիներ գազի արտահոսքով։
2020-ի հուլիսի սկզբին Իրանի Խուզեստան (Khuzestan) նահանգի Ահվազ քաղաքի էլեկտրակայանում (Zargan power plant) պայթյունի պատճառ դարձավ տրանսֆորմատորի անսարքությունը։ Կրկին Խուզեստանի նավթաքիմիական կենտրոնում (Karun petrochemical centre) գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունի հետևանքով շուրջ 70 աշխատակից մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ[2]։ Հուլիսի 18-ին պայթյունի հետևանքով վնասվեց Իրանի նավթատարի խողովակը՝ Ահվազի շրջանում[3]։
Վերջին շրջանում Իրանի ենթակառուցվածքներում տեղի ունեցած ամենախոշոր միջադեպը կապված էր Իրանի Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի (Natanz nuclear enrichment facility) հետ․ ամենախոշորը, թերևս, այն պատճառով, որ դեպքը տեղի էր ունենում Իրանի միջուկային ծրագրի զարգացման ոլորտում ռազմավարական նշանակության կարևորագույն ենթակառուցվածքներից մեկում։
Հիշեցնենք, որ Նաթանզի միջուկային օբյեկտի շինարարությունը կսկսվել էր դեռևս 2012-ին[4]․ այն նախատեսված է նոր տեսակի ցենտրիֆուգների վերջնական հավաքման համար։ Իրանական տարբեր լրատվական աղբյուրներ չհապաղեցին դա հարձակում որակել, որի ետևում կարող են կանգնած լինել Թեհրանին թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը։ Պայթյունի առիթով New York times պարբերականում 2020-ի հուլիսի 5-ին հոդված հրապարակվեց, որի համաձայն Իսրայելը ռումբ է տեղադրել Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի շինությունում, որտեղ հավաքվում են ցենտրիֆուգներ[5]։ Ըստ աղբյուրի, հրապարակման տեղեկատվությունը հիմնվում է Մերձավոր Արևելքի երկրներից մեկի հատուկ ծառայությունների սպայից ստացած տվյալների վրա։
Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը՝ միջադեպից հետո
Աղբյուրը՝ https://www.nytimes.com/2020/07/05/world
New York Times-ի հրապարակած հոդվածում նշվող Մերձավոր Արևելքի հետախուզության սպան, ըստ Times of Israel պարբերականի, կարող է լինել Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Յոսի Քոհենը (Yossi Cohen)[6]։ Մասնավորապես, Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը մեղադրեց Մոսադի ղեկավար Քոհենին՝ Նաթանզի միջուկային վառելիքի համալիրի միջադեպում Իսրայելի ենթադրյալ ներգրավվածության շուրջ տեղեկատվության արտահոսքի համար․ «հետախուզության սպան հայտնում է, որ Իսրայելն է պատասխանատու Իրանում պայթյունի համար․ երկրի անվտանգության ողջ վերնախավն է տեղյակ, թե ով է այդ սպան»[7]։ Հրապարակման համաձայն, ռումբի գործարկման մասին տեղեկատվությունը հաստատում էր նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներից մեկը․ խոսվում էր նաև Իսրայելի ու Միացյալ Նահանգների կողմից անցյալում Իրանի միջուկային ծրագրի տապալման նպատակով ձեռնարկած կիբերհարձակումների մասին։
Հոդվածում նշվում էր, որ թեև Իրանի կառավարությունը մշտապես հայտարարել է, որ պայթյունի հետևանքով առաջացած վնասը մեծ չէ, այդուհանդերձ, իրականում Իրանի հիմնական միջուկային վառելիքի հարստացման օբյեկտում տեղի ունեցած միջադեպը էական վնաս հասցրեց երկրի միջուկային ծրագրին՝ հետաձգելով այն մի քանի ամսով:
Ըստ էության, Իսրայելում ո՛չ հերքեցին, և ո՛չ էլ հաստատեցին Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած պատահարում Իսրայելի հավանական մասնակցության մասին լուրը։ Հարցազրույցներից մեկում Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը նշում էր․ «Յուրաքանչյուրը կարող է մեզ կասկածել ամեն ինչում և բոլոր ժամանակներում, սակայն չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է․ Իրանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն չէ, որ անհրաժեշտաբար պետք է մեզ հետ առնչություն ունենա»[8]։
Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունի բացասական հետևանքների մասին հայտարարեց նաև Իրանի Միջուկային էներգետիկ կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին (Behrouz Kamalvandi)․ «Հնարավոր է, այդ պատահարը դանդաղեցնի ցենտրիֆուգների զարգացումն ու ընդլայնումը․ այդ օբյեկտում տեղադրված էին ժամանակակից սարքավորումներ ու գերճշգրիտ չափման ապարատներ, որոնք ոչնչացվել կամ վնասվել են»[9]։ Բեհրուզ Քամալվանդին նաև նշեց, որ Իրանի իշխանությունները մտադիր չեն վերականգնել Նաթանզի միջուկային շինությունը, այլ կփոխարինեն այն ավելի խոշոր ու ժամանակակից կառույցով[10]։
Նաթանզի միջուկային օբյեկտում պայթյունի առիթով Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը մեկնաբանություն հրապարակեց արտաքին ուժերի և մասնավորապես, Իսրայելի ու ԱՄՆ-ի հնարավոր դիվերսիայի վերաբերյալ․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը մինչ այժմ փորձել է կանխել աճող ճգնաժամերը և անկանխատեսելի հանգամանքներն ու իրավիճակները, սակայն թշնամի երկրների՝ հատկապես սիոնիստական վարչակարգի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի կարմիր գծերի հատումը նշանակում է, որ ռազմավարությունը․․․ պետք է վերանայվի»[11]։
Փորձագետների մի մասը չի բացառում արտաքին ուժերի միջամտությունը՝ ելնելով վերջին տարիներին Իրանի ուղղությամբ իսրայելի արտաքին հետախուզության որոշ հաջողություններից․ հատկապես խոսվում է, որ 2018-ին Թեհրանում Իսրայելի հետախուզությունը կարողացավ ձեռք բերել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կես տոննա կշռող գաղտնի փաստաթղթեր։ Տարբեր աղբյուրների համաձայն, քննարկվում էր նաև Նաթանզի միջուկային օբյեկտի ուղղությամբ կիբերհարձակման կամ անօդաչու սարքով խոցման հնարավորությունը։
ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնեցին, որ Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչպես է Իրանի վարչակարգը շարունակում գերակայություն համարել իր մոլորեցված միջուկային ծրագիրը՝ ի վնաս Իրանի ժողովրդի կարիքների»[12]։
Ի սրայելի ազգային անվտանգության ինստիտուտի (Israel’s institute for national security) ավագ փորձագետ Յոել Գուզանսկին (Yoel Guzansky) նշում էր, որ Իրանում տեղի ունեցած պայթյունների շարքն ավելին է, քան զուգադիպությունը։ Նրա խոսքով, տեսականորեն Իսրայելն ու Միացյալ Նահանգները և այլ ուժեր շահագրգռված են կանգնեցնելու Իրանի միջուկային ժամացույցը կամ առնվազն ցույց տալու Իրանին, որ այդ ճանապարհով գնալու դիմաց պետք է գին վճարել․ «Եթե Իրանը կանգ չառնի, մենք կարող ենք տեսնել ավելի շատ պատահարներ Իրանում»[13]։
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի վերլուծաբան Ադլան Մարգոևի խոսքով, նման միջադեպեր նախկինում նույնպես արձանագրվել են․ 2009-2010թթ․ ուրանի հարստացման համար գազային ցենտրիֆուգների արտադրության հետ առնչություն ունեցող թվով 5 իրանական ընկերությունների դեմ գործարկվեց Stuxnet կոչվող կիբերվիրուսը։ Արդյունքում, վնասվեց Նաթանզի ուրանի հարստացման համալիրում շուրջ 1000 ցենտրիֆուգ[14]։
Որոշ փորձագետներ գտնում են, որ Իրանի միջուկային ու այլ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վրա ենթադրյալ հարձակումները կարող են տեղավորվել Իսրայելի՝ Իրանին ուղիղ հարվածելու դոկտրինի տրամաբանությունում։ Octopus կոչվող դոկտրինը մշակել է Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը (Naftali Bennet), որի «ռազմավարությունը ներառում է ուղիղ հարվածներ Սիրիայում ու Իրաքում Իրանի զինվորական անձնակազմի ուղղությամբ և ոչ թե զուտ միայն թիրախավորելով Իրանի հովանու ներքո գործող խմբավորումները, ինչպես օրինակ Հեզբոլլահն է»[15]։
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր սկսել է առավել անկաշկանդ ընդունել, որ Իսրայելն այսուհետ պետք է ստանձնի Իրանի ուղղությամբ հարձակումների համար պատասխանատվությունը՝ դարձնելով Իրանի հետ ստվերային պատերազմը բացահայտ և ուղիղ հակամարտություն[16]։
Դոկտրինի էությունն այն է, որ Իրանի դեմ միջնորդավորված պատերազմն այնքան էլ արդյունավետ չէ, անհրաժեշտ է ուղիղ հարվածներ հասցնել Իրանին, այդտեղից էլ գալիս է դոկտրինի «ութոտնուկ» անվանումը․ դոկտրինի պատասխանատուները գտնում են, որ «պետք է չեզոքացնել ութոտնուկի գլուխը, այլ՝ ոչ թե վերջույթները՝ Իրանի հովանու ներքո գործող խմբավորումները»[17]։
Իսրայելի քաղաքականության պատասխանատուները, ինչպես և փորձագետները հավատացած են, որ Իրանը շատ ավելի խոցելի է հատկապես այսօր․ ԱՄՆ առավելագույն ճնշումների ու պատժամիջոցների, համավարակի հետևանքով Իրանն է՛լ ավելի է թուլացել։ Այդ ուղղությամբ սկզբունքային հաջողություն են համարում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի չեզոքացումը։
Կ արող ենք ասել, որ մեծ հաշվով այս միջադեպերը տեղավորվում են 2018-ի մայիսին Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալուց հետո Իրանի և մյուս կողմից Միացյալ Նահանգների ու Իսրայելի միջև հակամարտության կոշտացման ողջ տրամաբանությունում։ Արդյունքում, կողմերի միջև միջնորդավորված գործողություններին սկսում է փոխարինել ուղիղ դիմակայությունը։
Փորձագետներիը համակարծիք են, որ ըստ էության, Վաշինգտոնը մեղմ ասած դեմ չէ Իրանի դեմ Իսրայելի գաղտնի հնարավոր հարձակումներին։ Խոսվում է նաև այն մասին, որ այդ գործողությունները կարող են նախապես համակարգվել Միացյալ Նահանգների հետ․ Իսրայելում կա վստահություն, որ կանաչ լույս է տրված[18]։
[1] https://apnews.com/28a86641f0ad884f42b
[2] https://www.ctvnews.ca/world/chlorine-gas
[3] https://www.timesofisrael.com/in-latest-in
[4] https://isis-online.org/uploads/isis-reports
[5] https://www.nytimes.com/2020/07/05/world
[6] https://www.rand.org/blog/2020/07/an-israel
[7] https://www.timesofisrael.com/liberman
[8] https://www.nytimes.com/2020/07/05/world
[9] https://www.nytimes.com/2020/07/05/world
[10] https://www.dw.com/ru/%D0%B8%D1%80%
[11] https://apnews.com/50c3e7f6445ae99d
[12] https://apnews.com/50c3e7f6445ae99de
[13] https://apnews.com/50c3e7f6445ae99def
[14] https://iz.ru/1032604/kseniia-loginova/ushch
[15] https://www.rand.org/blog/2020/07/an-israeli
[16] https://www.rand.org/blog/2020/07/an-israeli
[17] https://www.jpost.com/middle-east/cyberwa
[18] https://www.rand.org/blog/2020/07/an-israeli