Ռուսաստան-Կիպրոս հարաբերությունները

11 ր.   |  2020-08-10

Կ իպրոսի և Ռուսաստանի (ԽՍՀՄ-ի) միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են կղզու անկախացումից անմիջապես հետո՝ 1960թ. օգոստոսին[1]։ Այս տարի նշվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակը, որի համար մշակվել է միջոցառումների ծրագիր[2]։

2019թ. ապրիլի 26-ին Պեկինում Ռուսաստանի և Կիպրոսի նախագահների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը նշել է, որ ռուս-կիպրական հարաբերություններն ավանդաբար բարեկամական են, հիմնված են միմյանց շահերը հարգելու վրա։ Առկա է բովանդակալի քաղաքական երկխոսություն, մշտական կապ։ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի գնահատմամբ՝ Ռուսաստան-Կիպրոս հարաբերությունները զարգանում են դրականորեն։ Ռուսաստանը երկար տարիներ եղել է Կիպրոսի սերտ գործընկերը և բարեկամը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում[3]։

Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել են տասնյակ միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր, որոնցից հատկապես նշանակալի է 2017թ. հոկտեմբերին ստորագրված 2018-2020թթ. համատեղ գործողությունների ծրագիրը (Совместная программа действий на 2018–2020 гг.)[4]։

Քաղաքական հարաբերություններ

Ռ ուսաստանի համար Կիպրոսի հետ հարաբերությունները քաղաքական առումով ունեն երկու նշանակություն։ Նախ՝ դա կարևոր է Միջերկրական ծովում և մերձավորարևելյան տարածաշրջանում դիրքերի պահպանման և ամրապնդման, այս համատեքստում Թուրքիայի նորօսմանական նկրտումներին հակազդելու տեսակետից։ Կիպրոսի աշխարհագրական դիրքը բարձրացնում է նրա կարևորությունը միջազգային դերակատարների համար։

Այս տեսակետից Կիպրոսի հետ բարեկամական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն Ռուսաստանի համար, ուստի և փորձ է արվում դրանց հաղորդելու դաշնակցային բնույթ։ Պատահական չեն ո՛չ Կիպրոսի տնտեսության վարկավորումը Ռուսաստանի կողմից նրա համար բարդ ժամանակահատվածում, ո՛չ էլ սպառազինությունների մատակարարումը։

Երկրորդ կարևորությունը բխում է Կիպրոսի՝ ԵՄ անդամ լինելու հանգամանքից[5]։ Բրյուսելի հետ բազմաթիվ հարցերում, ինչպիսիք են, օրինակ, տնտեսական պատժամիջոցները, եվրոպական առևտրատնտեսական կառույցներին, մասնավորապես, Եվրոպական տնտեսական ընկերակցությանը (ԵՏԸ)[6] համարկումը և այլն, Ռուսաստանն ունի ԵՄ անդամ և միաժամանակ իր դաշնակից կամ բարեկամ երկրների աջակցության կարիքը։ Այս առումով Կիպրոսը յուրահատուկ միջնորդի դեր է կատարում Ռուսաստան-ԵՄ հարաբերություններում՝ մասնավորապես, դրանք բնականոնացնելու հարցում։

Պատահական չէ, որ ռուս-կիպրական բանակցային օրակարգում, բացի երկկողմ համագործակցության հարցերից և կիպրական թնջուկից, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սիրիական խնդիրը, մերձավորարևելյան զարգացումները, ռուս-ուկրաինական հարաբերությունների ճգնաժամը, Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները և անգամ կորեական ճգնաժամը։

Ռուսաստանի կարևորությունը Կիպրոսի համար պայմանավորված է կիպրական խնդրով (Կիպրոսի հյուսիսային հատվածի բռնազավթումը Թուրքիայի կողմից 1974թ. և այնտեղ թուրքական պետության հռչակումը 1975թ.)։ Նիկոզիան այս հարցում ձգտում է առավելագույնս ստանալ Մոսկվայի աջակցությունը։

Դեռևս 1975թ. խորհրդային կառավարությունը դատապարտեց կղզու մասնատումը՝ պահանջելով վերջ տալ օտարերկրյա ռազմական միջամտությանը Հանրապետության ներքին գործերին, իսկ կիպրական հարցը լուծել ՄԱԿ-ի շրջանակներում հրավիրված միջազգային համաժողովում[7]։ Մինչ օրս էլ Ռուսաստանը հավատարիմ է մնում այս քաղաքական գծին՝ կողմնակից լինելով խնդրի կարգավորմանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և կողմերի պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսաստանի համար անընդունելի է դրսից խնդրի լուծման որևէ տարբերակի պարտադրումը։

Չնայած վերջին տարիներին էներգետիկ, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության խորացումը անհանգստություն է պատճառում կիպրական կողմին, այնուամենայնիվ, վերջինս շարունակում է ի դեմս Ռուսաստանի տեսնել դաշնակից, որը, օգտագործելով իր համաշխարհային ազդեցությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը, ինչպես նաև Թուրքիայի հետ գործընկերային հարաբերությունները, կարող է նպաստել խնդրի կարգավորմանը։

Պատահական չէ, որ խնդրի առնչությամբ կիպրական կողմը մշտական կապի ու խորհրդակցությունների մեջ է ռուսական կողմի հետ։ 2020թ. հունիսի 9-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կիպրական խնդրի քննարկման նախօրեին, խնդիրը քննարկել են Ռուսաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Ս. Լավրովը և Ն. Քրիստոդուլիդիսը[8]։

Չնայած բաց տեքստով չի ասվում, այնուամենայնիվ, դատելով այն հանգամանքից, որ Կիպրոսի ղեկավարությունը հաճախ է երախտագիտություն հայտնում ռուսական կողմին կիպրական թնջուկի արդարացի լուծմանը նպաստելու և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի համար, կարելի է ենթադրել, որ խնդրի լուծման հանդեպ երկու երկրների մոտեցումները համահունչ են։

Կիպրական խնդիրը, ինչպես նաև Միջերկրականի ավազանում գազի հանքավայրերին տիրանալու թուրքական ձգտումը, որը առնչվում է նաև Կիպրոսի շահերին, սիրիական, լիբիական խնդիրների, Թուրքիայի համաթյուրքականության նկրտումների կողքին այն «խութերն» են, որոնք ժամանակ առ ժամանակ խաթարելու են ռուս-թուրքական հարաբերությունները։ 

Մերձավորարևելյան քաղաքականության մեջ երկու երկրներին միավորում է նաև քաղաքակրթական ընդհանրությունը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Կիպրոսը շահագրգռված են տարածաշրջանում քրիստոնեության (քրիստոնյա համայնքների) պահպանման և վերականգնման, ինչպես նաև միջկրոնական երկխոսության ու համերաշխության խնդրում։ Երկու երկրներն էլ կարող են հավակնել տարածաշրջանի քրիստոնյա պետականազուրկ ժողովուրդների հովանավորի դերին, ինչը համագործակցության լայն ասպարեզ է բացում։

Կիպրոսի հետ հարաբերություններում Ռուսաստանը կարևոր տեղ է տալիս փափուկ ուժին, մասնավորապես, ռուսերենի տարածմանը։ «Գիտեմ, որ Կիպրոսում միշտ մեծ նշանակություն են տվել ռուսերենի ուսումնասիրմանը։ Հուսով եմ, որ մեր բարեկամները հետագայում էլ անհրաժեշտ ուշադրություն կդարձնեն ռուսերենի նկատմամբ կիպրացի աշակերտների և ուսանողների հետաքրքրությանը»,- նշել է Վլ. Պուտինը Կիպրոսի նախագահի հետ հանդիպմանը[9]։

Կիպրոսում Ռուսաստանի գրավչությանը նպատում է նաև ավելի քան 50 հազարանոց ռուսական համայնքը, որի անդամները սիրում են Կիպրոսը, այն համարում իրենց տունը և իրենց գործունյա ներկայությամբ էապես հարստացնում կիպրական հասարակությունը[10]։

Տնտեսական կապեր

Ե րկու երկրների կապերը զարգանում են նաև տնտեսական ոլորտում։ Ըստ ՌԴ նախագահ Պուտինի՝ առևտրաշրջանառությունը 2018թ., չնայած արտաքին խոչընդոտներին, ավելացել է գրեթե 154%-ով[11]։ Երկու երկրների միջև առկա է ծանրակշիռ փոխադարձ ներդրումների հոսք։ Կիպրոսի տնտեսության մեջ ռուսական ուղղակի ներդրումների ծավալը $166 մլրդ. է։ Ռուսաստանի տնտեսության մեջ կիպրական ներդրումները $148 մլրդ. են, չնայած այդ գումարը նշանակալի չափով ռուսական կապիտալի «հայրենադարձություն» է[12]։

Առևտրատնտեսական հարաբերությունների համակարգման, գործարար կապերի խթանման նպատակով ստեղծվել և գործում է միջկառավարական հանձնաժողով։

Երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա բացասական անդրադարձան 2014թ. Եվրամիության սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, որոնք իրենց հերթին հանգեցրին Ռուսաստանի կիրառած փոխադարձ սահմանափակումների։ Սակայն ռուս-կիպրական երկկողմ ջանքերի շնորհիվ աստիճանաբար հնարավոր եղավ շտկել իրավիճակը։ Այդ առնչությամբ ՌԴ նախագահը 2017թ. հոկտեմբերին նշում է. «Անբարենպաստ համաշխարհային իրավիճակը (կոնյունկտուրան) և քաղաքական պատճառներով առաջացած արտաքին սահմանափակումները նախորդ երեք տարիներին բացասաբար անդրադարձան ապրանքաշրջանառության շարժի վրա։ Սակայն, շնորհիվ գործադրված համատեղ ջանքերի, ընթացիկ տարվա ութ ամսում ապրանքաշրջանառությունն աճել է 36%-ով»[13]։

Կիպրոսում իր գործունեությունն է ծավալում նաև ռուսական դրամատնային համակարգը։ Այստեղ իրենց մասնաճյուղերն ունեն երեք խոշոր ռուսական դրամատներ՝ ВТБ-ն, Պրոմսվյազբանկը (Промсвязьбанк) և «Գազպրոմբանկը» (Газпромбанк), որոնց միջոցով էլ իրականացվում են ներդրումային-դրամական գործողությունները։

Երկու երկրների տնտեսական հարաբերություններում կարևոր տեղ ունի նաև զբոսաշրջությունը։ Վերջին տասնամյակում Ռուսաստանից Կիպրոս մեկնած զբոսաշրջիկների թիվը կտրուկ և հարաճուն վերելք է արձանագրել։ Այսպես, եթե 2009թ. Ռուսաստանից Կիպրոս է այցելել 148.740 մարդ, ապա 2011թ. այդ թիվը եղել է 334.083, 2014թ.՝ 636.766, 2016թ.՝ 781.634, 2018թ.՝ 824.494[14]։

Գծապատկեր 1

Այնուամենայնիվ, երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները փոքր են՝ ցածր $1 մլրդ.-ից։ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2018թ. ռուս-կիպրական առևտրաշրջանառությունը եղել է $798.5 մլն. (Ռուսաստանի արտահանումը՝ $786.5 մլն., իսկ Կիպրոսինը՝ $12 մլն.), իսկ 2019թ.՝ $786.5 մլն. (Ռուսաստանի արտահանումը՝ $764.6 մլն., իսկ Կիպրոսինը՝ $21.9 մլն.)[15]։

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանն ակնհայտ առավելություն ունի Կիպրոսի նկատմամբ։ Թեև 2019թ. նախորդ տարվա համեմատ Ռուսաստանի արտահանումը Կիպրոս մի փոքր նվազել է, իսկ Կիպրոսի արտահանումը Ռուսաստան` կտրուկ ավելացել (տե՛ս Աղյուսակ 1), սակայն տարբերությունն այնքան ահռելի է, որ դա որևէ էական դեր չի խաղում ընդհանուր առևտրաշրջանառության բնույթի մեջ։

Աղյուսակ 1. Ռուսաստանի և Կիպրոսի առևտրաշրջանառության ծավալները 2018-2019թթ. ($մլն.)

 

Թվական

Առևտրա-շրջանառության ծավալը ($մլն.)

Ռուսաստանի արտահանման ծավալը ($մլն.)

Կիպրոսի արտահանման ծավալը ($մլն.)

2019թ.

786.5

764.6

21.9

2018թ.

798.5

786.5

12


Ռուսաստանից Կիպրոս արտահանվող ապրանքների մեջ բացահայտ գերակշռությունը պատկանում է հանքամթերքին։ 2019թ. Ռուսաստանից Կիպրոս արտահանումն ունեցել է հետևյալ կառուցվածքը. հանքամթերք (81,57%), քիմիական արդյունաբերական արտադրանք (5,47%), մետաղներ և մետաղական ապրանքներ (4,10%), պարենային ապրանքներ և գյուղատնտեսական հումք (3,23%), մեքենաներ, սարքավորումներ և փոխադրամիջոցներ (2,51%), փայտանյութ և թղթե ապրանքներ (1,33%)[16]։

Գծապատկեր 2

Նույն թվականին Կիպրոսից Ռուսաստան արտահանումն ունեցել է հետևյալ կառուցվածքը. մեքենաներ, սարքավորումներ և փոխադրամիջոցներ (64,61%), քիմիական արդյունաբերության արտադրանք (28,46%), պարենային ապրանքներ և գյուղատնտեսական հումք (5,15%), հյուսվածքեղեն և կոշիկ (0,50%), մետաղներ և մետաղական ապրանքներ (0,41%)[17]։

Գծապատկեր 3

Առկա խնդիրները

Ռ ուս-կիպրական հարաբերություններն, այնուամենայնիվ, զերծ չեն նաև խնդիրներից, որոնք որոշակիորեն սահմանափակում են այդ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Դրանք ունեն ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական դիտանկյուն։

Աշխարհաքաղաքական առումով՝ Կիպրոսի ռազմավարական դիրքը մեծացնում է նրա արժեքը նաև Արևմուտքի համար։ Հետևբար, կղզում իր ներկայությունը մեծացնելու համար Ռուսաստանը ստիպված է մրցակցել Արևմուտքի հետ։

Դեռևս Կիպրոսի Հանրապետության ձևավորումից ի վեր այնտեղ են գտնվում բրիտանական ռազմակայաններ (ռազմաբազա)։ Դա նշանակում է, որ կղզում արդեն իսկ առկա է ՆԱՏՕ-ական զինուժ։ Միացյալ Նահանգներն իր հերթին է փորձում ռազմական ներկայությունն հաստատել Միջերկրական ծովում «անխորտակելի ավիակրի» դեր կատարող Կիպրոսում՝ ձգտելով նրա հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի։ Դա, համաձայն ՌԴ Արտաքին գործերի նախարարության, կհանգեցնի կղզու ռազմականացման, ինչից անհանգստացած է պաշտոնական Մոսկվան։

Ընդհանուր առմամբ, չնայած Կիպրոսը հրաժարվել է ՆԱՏՕ-ին անդամակցելուց, այնուամենայնիվ, դա խոչընդոտ չէ դաշինքի, մասնավորապես, ԱՄՆ-ի համար ձգտելու մեծացնել իր ռազմական ներկայությունը կղզում, ինչը սահմանափակում է ռուս-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։

Տնտեսական դիտանկյունից՝ Կիպրոսը հայտնի է որպես օտարերկրյա ներդրումների համար հարկային ազատության (օֆշորային) գոտի։ Դա նպաստում է Ռուսաստանից դրամագլխի (կապիտալի) արտահոսքին և փողերի լրացմանը։ Դրան մեծապես նպաստել է դեռևս 1998թ. երկու երկրների միջև կնքված կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագիրը։ 2018թ. Ռուսաստանից Կիպրոս է արտահոսել մոտ 1.4 տրիլիոն ռուբլի, իսկ 2019թ.՝ մոտ 1.9 տրիլիոն ռուբլի[18]։

2020թ. մարտի 25-ին նախագահ Վ. Պուտինի ելույթը ցույց տվեց, որ Ռուսաստանը վճռական է տրամադրված շտկելու իրավիճակը։ Նախ՝ դադարեցնել կամ սահմանափակել իր երկրից դրամագլխի արտահոսքը, ապա արտերկրում ներդրումներ կատարողներին բերել հարկային դաշտ՝ հարուստ խավի հաշվին բյուջետային եկամուտներն ավելացնելու և սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակով։ Իսկ դա հակասում է Կիպրոսի տնտեսական շահերին, քանի որ վերջինս զրկվում է արտաքին ներդրումներից։ Արդյունքում առաջանում է շահերի բախում։

Պատահական չէ, որ մինչև վերջերս բարձրագույն մակարդակով հաղորդակցության և բանակցությունների ընթացքում ռուսական կողմը շարունակաբար բարձրացնում էր երկու կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում առկա իրավապայմանագրային հենքը բարելավելու հարցը։ Վերջին անգամ այն բարձրացվեց նախագահ Պուտինի կողմից 2020թ. հուլիսի 30-ին իր կիպրացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում։ Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, «շեշտվել է երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հենքի կատարելագործման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դրամական-ներդրումային ոլորտում»[19]։ Առևտրատնտեսական ոլորտում իրավապայմանգրային հենքի բարելավում ասելով՝ Ռուսաստանում նկատի ունեն հենց կրկնակի հարկումից խուսափելու վերոհիշյալ պայմանագրի դրույթների փոփոխությունը։

2020թ. ապրիլի 1-ին Ռուսաստանը պաշտոնապես դիմեց Կիպրոսի կառավարությանը՝ պայմանագիրը վերանայելու առաջարկությամբ, սակայն բանակցություններն արդյունք չտվեցին։ Կողմերը չկարողացան գալ ընդհանուր հայտարարի, և Ռուսաստանը օգոստոսի 3-ին սկսեց պայմանագրի չեղարկման գործընթաց[20]։

Ռուս-կիպրական հարաբերությունների վրա որոշակիորեն բացասական ազդեցություն են թողնում նաև ռուս-թուրքական հարաբերությունները։ Չնայած վերջին իրադարձությունները՝ իդլիբյան ճգնաժամը Սիրիայում, Լիբիական ճգնաժամը, հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային լարումը և այլն, գնալով ավելի ու ավելի ակնհայտ են ի ցույց դնում ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հակասությունները և ռազմավարական շահերի անհամատեղելիությունը, այնուամենայնիվ, առևտրատնտեսական, էներգետիկ հարաբերությունները, համատեղ խոշոր նախագծերի իրականացումը որևէ մեկը չի չեղարկել։

Ինչպես ԱՄՆ-ի հետ Կիպրոսի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարն է անհանգստացնում Ռուսաստանին, նույն կերպ էլ Թուրքիայի հետ Ռուսաստանի համագործակցության հեռանկարներն են անհանգստացնում Կիպրոսին, քանի որ.

  • Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը,
  • Բռնազավթել է նրա տարածքի մոտ 40%-ը,
  • Շարունակում է ռազմական սպառնալիք լինել Կիպրոսի համար,
  • Կոպտորեն ոտնահարում է նրա շահերը բացառիկ տնտեսական գոտում՝ գազի հանքավայրեր հայտնաբերելու նպատակով իրականացնելով հորատման աշխատանքներ։

Կիպրոսին, մասնավորապես, անհանգստացնում է Աքկույու ատոմակայանի նախագիծը, որը աշխարհագրորեն մոտ է կղզուն և, ըստ մասնագետների, սեյսմիկ վտագավոր գոտում է։ Բացի այդ, ըստ կիպրական կողմի՝ Ռուսաստանը բավարար համարժեք չի արձագանքում Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, նրա շահերի ոտնահարմանը։


[1] Հայկական սովետական հանրագիտարան, հ. 5, Եր., 1979, էջ 440։

[2] О телефонном разговоре Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова с Министром иностранных дел Республики Кипр Н.Христодулидисом

[3] Встреча с Президентом Кипра Никосом Анастасиадисом

[4] Заявления для прессы по итогам российско-кипрских переговоров

[5] https://europa.eu/european-union/about-eu

[6] Европейское экономическое сообщество (ЕЭС)

[7] Հայկական սովետական հանրագիտարան, հ. 5, Եր., 1979, էջ 440։

[8] О телефонном разговоре Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова с Министром иностранных дел Республики Кипр Н.Христодулидисом

[9] Заявления для прессы по итогам российско-кипрских переговоров

[10] Melakopides C., Contradictory Perceptions of Current Russia-Cyprus Relation

[11] Встреча с Президентом Кипра Никосом Анастасиадисом

[12] Նույն տեղում։

[13] Заявления для прессы по итогам российско-кипрских переговоров

[14] Melakopides C., նշվ. աշխ.։

[15] Итоги внешней торговли с основными странами

[16] Торговля между Россией и Кипром в 2019 г.

[17] Նույն տեղում։

[18] Вести в 20:00 от 03.08.20

[19] Телефонный разговор с Президентом Республики Кипр Никосом Анастасиадисом

[20] Вести в 20:00 от 03.08.20