Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի իրանական արձագանքները
12 ր. | 2020-08-03Տավուշում ադրբեջանական ագրեսիային և Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածությանը բազմաշերտ արձագանքներ եղան նաև իրանական կողմից։ Պաշտոնական արձագանքը տեղավորվում էր Իրանի արտաքին քաղաքական հռետորաբանության տրամաբանության շրջանակներում, այն է՝
- հակամարտությունների խաղաղ կարգավորում,
- արտատարածաշրջանային ուժերի ներգրավվածության բացառում,
- երկրների տարածքային ամբողջականության պահպանում։
Լրատվամիջոցների արձագանքը բազմաբնույթ էր․ իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ գնահատականներից բացի, հրապարակումներում տեղ են գտել նաև թուրք-ադրբեջանական քարոզչական թեզերի շրջանառումներ:
Սահմանային լարվածության պատճառների վերաբերյալ առաջ են քաշվել նաև բուն իրանական թեզեր։ Թե՛ պաշտոնական մակարդակում և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումներում հատկապես շեշտադրվել է այն թեզը, որ Իրանը կարող է միջնորդի դեր ստանձնել «երկու երկրների հակասությունների» կարգավորման հարցում։
Այստեղ տեղին է շեշտել, որ հայ-ադրբեջանական՝ Տավուշի սահմանին տեղի ունեցած բախումները դիտարկվել են ԼՂ հակամարտության համատեքստում։
Իրադարաձություններին ակտիվորեն արձագանքել են նաև Իրանի թյուրքախոս նահանգների ադրբեջանամետ և պանթյուրքիստական շրջանակները, որոնց ի պատասխան էլ հնչել են կարծիքներ, որ Իրանը պետք է առաջնորդվի սեփական շահով, և ոչ թե առաջնահերթություն տա կրոնական կամ էթնիկ գործոնին։
Պաշտոնական արձագանքը
Ս ահմանային լարվածությանը իրանական կողմը պաշտոնապես արձագանքել է մի քանի անգամ՝ բոլոր դեպքերում շեշտելով «հակասությունների խաղաղ կարգավորման» անհրաժեշտությունը։
Առաջին հայտարարությունը հնչել է հուլիսի 13-ին՝ գործողությունների մեկնարկի հաջորդ օրը։ ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին կողմերին «զսպվածության և խնդիրները, այդ թվում՝ ԼՂ հարցում, քաղաքական ճանապարհով լուծելու» կոչով է հանդես եկել։ Սակայն Մուսավիի հայտարարությունն իրանական ԶԼՄ-ները տարբեր կերպ են ներկայացրել։ Դրա հետևանքով առաջացել էր շփոթ՝ արդյո՞ք Մուսավին Արցախի համար կիրառել էր «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, թե ոչ։
Ուստի, այս հայտարարությունից ժամեր անց Իրանի ԱԳՆ խոսնակը հանդես էր եկել նոր՝ պարզաբանող հայտարարությամբ, որտեղ ընդգծել էր, որ Իրանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում որևէ փոփոխության չի ենթարկվել։ Խոսնակը նաև շեշտել էր երկրների ինքնիշխանությունն և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։
Խոսնակի հաջորդ արձագանքը հուլիսի 16-ին էր՝ լարվածության նվազեցման կոչով։
Ռազմական գործողություններից 2 օր անց՝ հուլիսի 14-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ։ Զարիֆը կողմերին «զսպվածության և հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար երկխոսություն սկսելու» կոչ է արել։ Հուլիսի 17-ին Զարիֆը ևս մեկ հեռախոսազրույց էլ ունեցել է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Արտգործնախարարությունից բացի արձագանքներ եղել են նաև Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի կողմից։ Հուլիսի 13-ին Վաեզին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։
Նա ևս շեշտել է հակասությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքն Իրանի տարածաշրջանային ռազմավարությունն է։
Սահմանային լարվածությանը Վաեզին անդրադարձել է նաև հուլիսի 14-ին։ Պաշտոնյան թվիթերյան գրառմամբ անհագստություն է հայտնել և նշել, որ խնդիրները պետք է կարգավորվեն քաղաքական ճանապարհով՝ հաշվի առնելով երկու երկրների շահերն ու տարածքային ամբողջականության պահպանումը։
Իրանի՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կողմնակիցը լինելու մասին Վաեզին ընդգծել է նաև հուլիսի 26-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հեռախոսազրույցում։
Այս բոլոր հայտարարություններում առանձնահատուկ շեշտադրվել է այն միտքը, որ Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Նկատենք, որ Արցախյան պատերազմի տարիներին ձախողված միջնորդական առաքելությունից հետո Իրանը շարունակում է հանդես գալ միջնորդելու պատրաստակամությամբ և բազմիցս հայտարարել է այդ մասին, այդ թվում՝ 2016թ․ ապրիլյան պատերազմական գործողությունների օրերին։
Հարկ է նաև նշել, որ ապրիլյան ռազմագործողությունների ընթացքում Թեհրանը պաշտոնապես հայտարարել էր չեզոքություն պահպանելու մասին։ Այս անգամ՝ հուլիսյան գործողությունների ժամանակ, նման հատուկ հայտարարություն չի եղել, թեև դա կարելի է պայմանավորել մասշտաբների տարբերությամբ։
Ինչ վերաբերում է Իրանի կողմից տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շեշտադրմանը, ապա դրա հիմքում հետևյալ հիմնական պատճառներն են՝
- Իրանի իշխանությունները զգուշանում են հանրապետության տարածքային ամբողջակնությանը սպառնացող որոշ անջատողական ձգտումներից,
- Իրանը կարևորում է տարածաշրջանում իր համար ռազմավարական նշանակության մի շարք երկրների՝ Սիրիայի, Իրաքի, Լիբանանի տարածքային ամբողջականության պահպանումը։
Ընդհանուր առմամբ, իրանական պաշտոնական արձագանքը կարելի է գնահատել հիմնականում հավասարակշռված՝ ադրբեջանամետ թվացող որոշ տարրերի ընդգրկմամբ։
ԶԼՄ-ների արձագանքը
Ի րանական ԶԼՄ-ների տեղեկատվական բնույթի հրապարակումներում հիմնականում ներկայացվել են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների հայտարարությունները։ Շեշտվել է, որ կողմերը միմյանց են մեղադրում բախումներն սկսելու հարցում։ Ներկայացվել են նաև բախումների առնչությամբ Թուրքիայի և Ռուսաստանի հայտարարությունները։
Իրանական ԶԼՄ-ները, ինչպես նաև տպագիր մամուլը, թեմային անդրադարձել են նաև վերլուծական բնույթի հրապարակումներով, որտեղ որպես հիմնական շեշտադրում նշվել է, որ Մինսկի խմբի գործունեությունն անարդյունավետ է, և պետք է հակամարտության կարգավորման համար նոր մեխանզիմներ մշակվեն։
Սա առաջին հայացքից ադրբեջանական թեզ է, քանի որ հաճախ Բաքուն է Մինսկի խմբին մեղադրում անարդյունավետության համար և առաջ քաշում ձևաչափը փոփոխելու տարբերակներ։ Բայց իրականում իրանական նույնատիպ թեզը պարզապես համընկնում է ադրբեջանականի հետ։ Իրանականն ունի իր ուրույն պատճառը, այն է՝ Թեհրանը կնախընտրի Մինսկի խմբի փոխարեն ինքը հանդես գա միջնորդի դերում։
Լրատվամիջոցների հոդվածներում այս համատեքստում նաև ընդգծվել է, որ արտատարածաշրջանային ուժերը խնդրի կարգավորման հարցում չպետք է մասնակցություն ունենան, և Երևանն ու Բաքուն այդ ուղղությամբ կարող են համագործակցել տարածաշրջանային երկրների հետ։
Այս մոտեցումներն ի վերջո հանգեցրել են այն մտքին, որ Իրանը կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական դեր ստանձնել։ Օրինակ, «Շարղ» օրաթերթը ընդգծել է, որ Իրանը ԼՂ հակամարտության հարցում մշտապես հավասարակշռված դիրքորոշմամբ է հանդես եկել և «ի տարբերություն Ռուսաստանի՝ համակարտությունից օգուտ չի ստանում, իսկ ի տարբերություն Թուրքիայի՝ միակողմանի դիրքորոշմամբ հանդես չի գալիս»։
Իրանական ԶԼՄ-ներում, այդ թվում՝ հեղինակավոր, շրջանառվել են նաև թուրք-ադրբեջանական քարոզչական թեզեր, ինչպիսին է նավթագազային ենթակառուցվածքների անվտանգության հարցը։ Այդ համատեքստում ընդգծվել է, որ Թուրքիան հենց այդ ենթակառուցվածքների անվտանգության մասին մտածելով է այդքան ակտիվ և Ադրբեջանին աջակցություն հայտնող դիրքերից է հանդես գալիս։
Ադրբեջանամետ ուղղվածության ԶԼՄ-ներում տեղ են գտել նաև գնահատականներ, թե Ադրբեջանը «Ղարաբաղն ազատագրելու համար» պետք է համապատասխան կամք դրսևորի և հենվի հավատացյալ երիտասարդության վրա։
Մյուս կողմից, օրինակ, Azariha հակապանթյուրքիստական ուղղվածության կայքն ու թելեգրամյան ալիքն էլ հիմնականում տարածել են հայկական կողմի տեսակետները (1, 2)։ Ալիքը նաև անդրադարձել է ադրբեջանամետ շրջանակների կողմից շրջանառվող այն թեզին, թե ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ «Ղարաբաղն իսլամական հող է»։ Լրատվամիջոցն ընդգծել էր, որ չկա որևէ փաստ, որը կապացուցի, որ Խամենեին նման հայտարարություն է արել։
Կայքը նաև ընդգծել է, որ Բաքվում ցույցերի ընթացքում հնչել են հակաիրանական կոչեր։ Այս փաստը չէր վրիպել նաև իրանական մեկ այլ թելեգրամյան ալիքի ուշադրությունից, որն էլ շատ կոշտ քննադատություն էր հնչեցրել Բաքվի հասցեին։
Հետաքրքիր շեշտադրումներ էին արվել նաև «Շարղի» «Դիվանագիտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու միակ ճանապարհն է» հոդվածում։ Այստեղ ընդգծվել էր, որ հակասությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապորհով, սակայն Բաքուն լքել է բանակցային սեղանը և շեշտը դրել ռազմական գործոնի վրա, որն էլ իրականում որևէ ձեռքբերում չի տալիս Ադրբեջանին։
Կարծիքներ են հնչել նաև, թե հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը թուրք-ռուսական մրցակցության հետևանք է (1, 2, 3, 4)։ Լրջորեն շրջանառվել է նաև բախումների վերսկսման գործում Իսրայելի ներգրավվածության մասին թեզը (1, 2, 3,)։
Իսրայելի դերի մասին
Դ եռևս հուլիսի սկզբին Qafqaz.ir լրատվական կայքը, որը գործում է Արդաբիլից և ունի ադրբեջանամետ ուղղվածություն, հրապարակել էր մի տեղեկություն, թե իբր ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Իսրայելում դեսպանատուն բացելու դիմաց Թել Ավիվը Հայաստանին է հայտնել Ադրբեջանի ռազմական գաղտնիքները։ Այս տեղեկությունը շրջանառվել է նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում։ Այն ավելի լայն տարածում և վերլուծական կիրառում է գտել ադրբեջանական ագրեսիայի օրերին։
Իրանցի որոշ վերլուծաբաններ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ ավելի վաղ նման լուր էր տարածվել, և բախումների վերսկսումը կապել են տեղեկատվական արտահոսքի «փաստի» հետ (1, 2, 3, 4, 5, 6)։
Իրանական ԶԼՄ-ները անդրադարձել են իսրայելական արտադրության ԱԹՍ-ների խոցմանը՝ թեման առավելապես ներկայացնելով իրանական շահերի տեսանկյունից։ Շեշտադրվել է, որ իսրայելական սարքերի հզորության մասին պնդումներն անհիմն են, դրանք ունեն մի շարք թերություններ, և անգամ «հին համակարգերը» կարող են հեշտությամբ խոցել։ Այդ համատեքստում էլ ընդգծվել է, որ Իրանի տարածքում իսրայելական ԱԹՍ-ների գործողությունների մասին լուրերը պարզապես քարոզչական ժանրից են (1, 2, 3)։
Իսրայելի ներգրավվածության մասին թեզն իր հերթին տեղավորվում է Իրանի հակաիսրայելական քաղաքականության շրջանակներում։ Անընդունելի համարելով իր սահմանների մոտ Իսրայելի ներկայության որևէ ձևաչափ՝ իրանական կողմը փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում Թել Ավիվի ակտիվությունը «աղետի է հանգեցնում»։
Ադրբեջանամետ շրջանակների և թյուրքախոս պատգամավորների արձագանքը
Ս ահմանային իրադարձություններին հատուկ արձագանքել են նաև ԻԻՀ խորհրդարանի՝ թյուրքախոս շրջաններից ընտրված պատգամավորներ (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9)։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին և դատապարտել են Հայաստանին։
Թյուրքախոս նահանգներից ադրբեջանամետ արձագանքներ են հայտնել նաև Արևելյան Ատրպատական և Արդաբիլ նահանգներում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները, Թավրիզի համալսարանների դասախոսներ և այլ գործինչներ (1, 2, 3, 4, 5)։ Այս արձագանքներում հիմնականում շեշտադրվել է «Ղարաբաղի իսլամական հող լինելու և դրա ազատագրման համար հավատացյալ երիտասարդներին ապավինելու» հարցը։
Հուլիսի 28-ին այդ շրջանակների կողմից նաև Արդաբիլում կլոր սեղան-քննարկում էր կազմակերպվել սահմանային լարվածության վերաբերյալ՝ կրկին ադրբեջանամետ շեշտադրումներով։
Նկատենք, որ Իրանի թյուրքախոս նահանգներում ադրբեջանամետության միտումներ եղել են նաև նախկինում, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների շրջանում։ Այդ շրջանակների կողմից Թավրիզում նաև կազմակերպվել են ԼՂ հակամարտությանը նվիրված գիտաժողովներ, որոնց ժամանակ հնչել են ադրբեջանամետ դիրքորոշումներ։ Այս համատեքստում սահմանային լարվածության օրերին նույն խմբերի կողմից հնչեցրած հակահայկական հայտարարությունները կանխատեսելի էին։
Մյուս կողմից, այս շրջանակներն իրենց վարքագծով գլխացավանք են նաև պաշտոնական Թեհրանի համար, որը փորձում է տուրք չտալ կրոնական կամ այլ գործոնների շահարկմանը և հանդես է գալիս իր ազգային շահերի դիրքերից։
Պանթյուրքիստական շրջանակների արձագանքը
Ի րադարձությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել նաև Իրանի պանթյուրքիստական, անջատողական շրջանակները, որոնք աշխատում էին երկու ուղղություններով՝ հակահայկական և հակաիրանական։
Հուլիսի 15-ին արտասահմանից կառավարվող պանթյուրքիստական կայքերը Թեհրանում Հայաստանի դեսպանատան և Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց, ինչպես նաև Ուրմիա, Մարաղա, Զանջան քաղաքներում Ադրբեջանին աջակցող ցույցեր անցկացնելու կոչեր են հրապարակել։ Այնուհետև հայտնել են, որ Իրանի անվտանգային կառույցները ճնշումների են ենթարկել իրենց և կազմակերպիչներից պահանջել են չեղարկել ցույցերը։
Հաջորդ օրը՝ հուլիսի 16-ին, համացանցում տեսանյութեր են հրապարակվել, որտեղ մի խումբ մարդիկ հակահայկական կոչեր էին հնչեցնում։ Պանթյուրքիստական շրջանակների պնդմամբ՝ այդ կադրերն արվել էին Թավրիզում՝ Ադրբեջանի հյուպատոսության դիմաց։ Նույն շրջանակների պնդմամբ՝ հյուպատոսարանում բավականին ուժեղացված հսկողություն է եղել, և ոստիկանների ճնշման հետևանքով կազմակերպիչները ստիպված են եղել ցույցը տեղափոխել այլ վայր։
Թեհրանից հրապարակված կադրերում էլ մի քանի երիտասարդ, հակահայկական կոչեր վանկարկելով, քայլում էին փողոցում, ինչը դժվար է որակել որպես ակցիա։ Միաժամանակ հրապարկվել են նաև լուսանկարներ մյուս քաղաքներից, որտեղ ևս ցույցեր էին նշանակված։ Նշվել է, որ բոլոր վայրերում ուժեղ հսկողություն է եղել, և, օրինակ, Ուրմիայում Իմամի հրապարակի ոստիկանական վերահսկողության պատճառով ցույցը տեղափոխվել է այլ փողոց։
Սակայն Թավրիզից և Թեհրանից բացի, այլ վայրերից այդպես էլ ակցիաների կադրեր չեն հրապարկվել։ Հաշվի առնելով նաև Թեհրանում և Թավրիզում անցկացված «ակցիաների» սակավամարդ լինելը՝ կարելի է ենթադրել, որ մյուս քաղաքներում առհասարակ որևէ միջոցառում տեղի չի ունեցել, և բացի այդ, հայտարարված ոստիկանական ուժեղացված հսկողությունը պարզապես ոստիկանական ամենօրյա ծառայություն է եղել։
Պանթյուրքիստական ԶԼՄ-ները նաև իրենց հոդվածներով են անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ Ադրբեջանական կողմի թեզերը տարածելուց բացի, նաև թիրախավորվել են իրանական հեռուստաալիքներն ու կայքերը, որոնք, ըստ այդ շրջանակների, հայամետ դիրքորոշում են արտահայտել։
Որպես օրինակ՝ պանթյուրքիստներն աղմուկ էին բարձրացրել, երբ «Շաբաքեյե 1» հեռուստաալիքի լրատվական ծրագրի եթերում Արցախը որպես հայաբնակ տարածք էր բնութագրվել։ Աղմուկ էր բարձարցվել նաև Tabnak լրատվակայքի հետևյալ ձևակերպման շուրջ՝ «11-րդ դարում Կովկաս են քոչել թյուրքախոս ցեղերը և հաստատվելով հարթավայրերում՝ այնտեղից դուրս են մղել տեղի բնիկներին՝ հայերին ու վրացիներին։ Այդ կերպ հայերի գերակայությունը հարթավայերում նվազել է, և նրանք առավելապես լեռնային տարածքներում են հաստատվել»։
Պանթյուրքիստները նաև համեմատականներ էին տարել ապրիլի 24-ին իրանահայերի երթերի և իրենց «ակցիաների» միջև՝ ընդգծելով, թե «Իրանում հայերին թույլ են տալիս թուրքերի դեմ գործողություններ իրականացնել, իսկ թուրքերին հայերի դեմ՝ ոչ»։
Հարկ է նշել, որ այս պանթյուրքիստական տարրերի ակտիվությունն անընդունելի է նաև Իրանի համար։ Այդ շրջանակների նմանօրինակ գործողությունները նոր և աղետալի դրսևորումներ կարող են ընդունել հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման, Թուրքիայի սադրիչ գործողությունների պայմաններում։
Իրանը չի կարող խմորումներ թույլ տալ երկրի հյուսիսում, ուստի նրա համար անընդունելի է պատերազմը և գերադասելի է ստատուս քվոյի պահպանումը։ Հենց այդ պատճառով է նաև, որ Թեհրանը փորձում է միջնորդական դեր ստանձնել՝ այդ կերպ լուծելով թե՛ արտաքին քաղաքական և թե՛ երկրի անվտանգությանը սպառնացող խնդիրները։
Իրանցի ազգայնականների դիրքորոշումը
Ի պատասխան ադրբեջանամետ և պանթյուրքիստական շրջանակների՝ իրանցի փորձագետների կողմից հնչել են նաև կարծիքներ, որ Թեհրանի շահերից չի բխում աջակցել հակամարտող երկրներից որևէ մեկին։ Ըստ այդ վերլուծությունների, ԼՂ հակամարտությունում հիմնական դերակատարը Ռուսաստանն է, և հանդես գալով կողմերից մեկի օգտին՝ Թեհրանը նորից առճակատման է գնալու Մոսկվայի հետ։ Նրանք նկատի ունեն նախորդ դարերի առճակատումները։
Շեշտվել է, որ Իրանի խորհրդարանի պատգամավորները, հոգևորականները, որևէ դիրքորոշում հայտնելիս, պետք է հենվեն Իրանի ազգային շահի վրա, ոչ թե ԼՂ հակամարտությանը տան կրոնական կամ էթնիկ երանգ։
Այս համատեքստում հարկ է նշել նաև, որ իրանական ԶԼՄ-ների հրապարակումների մեկնաբանություններում, ինչպես նաև սոցցանցային քննարկումներում հանդիպել են թե՛ հայանպաստ և թե՛ ադրբեջանանպաստ մեկնաբանություններ, բայց առավել աչքի են ընկնում հետևյալ բնույթի ամենաանկեղծ մտածումները, թե «Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ Իրանի պատմական տարածքն են և մի օր վերադառնալու են Իրանի կազմ»։
Ամփոփելով կարելի է նշել, որ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Իրանը՝
- Պաշտոնապես փորձում է պահպանել հավասարակշռված դիրքորոշում,
- Անկեղծորեն դեմ է ռազմական գործողություններին, հանդես է գալիս խաղաղ կարգավորումը սատարող դիրքերից,
- Շարունակում է ձգտել միջնորդական մասնակցություն ունենալ կարգավորման գործընթացին,
- Փորձում է բացառել իր սահմանների հարևանությամբ արտատարածաշրջանային ուժերի քաղաքական կամ այլ ներկայությունը։