Արաբական ԶԼՄ-ների անդրադարձը հուլիսյան մարտերին

5 ր.   |  2020-08-03

2 020թ. հուլիսի 12-ին Ադրբեջանը ռազմական սադրանքի դիմեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածի ուղղությամբ, հայկական դիրքերը ներթափանցելու փորձ արեց, հրետակոծեց սահմանամերձ մի շարք բնակավայրեր՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, սպառնաց նույնիսկ հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը: Հայկական զինված ուժերը կասեցրին Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողությունները՝ զգալի կորուստ պատճառելով հակառակորդին:

Հայ-ադրբեջանական սահմանային բախումներին ակտիվորեն անդրադարձել են նաև արաբական ԶԼՄ-երը:

Արաբական լրատվամիջոցների հրապարակումները եղել են ինչպես տեղեկատվական, այնպես էլ վերլուծական բնույթի։ Տեղեկատվական անդրադարձներում հիմնականում հրապարակվել են երկու երկրների պաշտոնական գերատեսչությունների հաղորդագրությունները՝ հատուկ հավելումով, թե այս բախումներն ընթանում են Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլ ոչ թե Արցախ-Ադրբեջան շփման գծում, «որի համար երեք տասնամյակից ավելի պայքարում են երկու երկրները»:

Արաբական ԶԼՄ-ներում քիչ չեն եղել լարվածության պատճառները վերլուծելու, տարածաշրջանային քաղաքական ու պատմական համատեքստը ներկայացնելու փորձերը: Բազմաթիվ կայքեր առանձնահատուկ կերպով շեշտադրել են Թուրքիայի կողմից հակամարտությանը միջամտելու փորձերը, հակահայկական, ռազմատենչ հայտարարությունները: Արաբ վերլուծաբանների մի մասն այն կարծիքին է, որ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու նպատակը Ադրբեջանի ու Թուրքիայի հասարակություններին ներքին խնդիրներից շեղելն է, որոնք կուտակվել են վերջին տասնամյակներում: Բացի այդ, Բաքվի սադրանքները և ագրեսիվությունը պայմանավորվել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հաջողություններ չունենալու հանգամանքով։

Եգիպտական «Lomazoma» կայքը գրել է, որ «հայ-ադրբեջանական վերջին բախումները տեղի ունեցան այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնաց դուրս գալ Երևանի հետ  բանակցություններից և զենքի դիմել»: Ադրբեջանի՝ «ռազմական ուժով Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու» կոչերն արձանագրել է նաև արաբական «Al-hurra» կայքը՝ նշելով, որ «էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանը, որի ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի ամբողջ բյուջեն, անընդհատ սպառնում է ուժով վերականգնել շրջանի (խմբ.՝ Լեռնային Ղարաբաղը) նկատմամբ վերահսկողությունը»:

Ա րաբական լրատվամիջոցների վերլուծաբանների մի մասը հայ-ադրբեջանական բախումները ներկայացրել է Թուրքիայի՝ Մերձավոր Արևելքում ձեռնարկած ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականության, Ադրբեջան-Իսրայել սերտ դաշնակցության, Թուրքիա-Ռուսաստան մրցակցության համատեքստում՝ ընդգծելով, որ «Հայաստանը Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ անդամ է, և, բնականաբար, Ռուսաստանը սատարում է Հայաստանին»:       

Արաբ փորձագետների մի մասի կարծիքով, «Թուրքիան, ատամները խրելով լարվածության նոր օջախներում,  ցանկանում է վերականգնել օսմանյան օկուպացիոն քաղաքականությունը և գեոռազմավարական նկրտումներ ունի նաև  Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում»:  Դա առավել ցայտուն արտահայտվեց հայ-ադրբեջանական վերջին բախումներին ժամանակ Թուրքիայի հայտարարություններում և հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Նախիջանում ու Ադրբեջանում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժություններում:



Վերջին տարիներին Մերձավոր Արևելքում Թուրքիայի վարած քաղաքականությունը (Սիրիա, Իրաք, Լիբիա) անհանգստացնում է արաբական երկրներին: Թուրքիայի քաղաքականությունն արաբական երկրներին ստիպում է հակազդեցության համար համագործակցության եզրեր փնտրել թե՛ միմյանց, թե՛ այլ երկրների հետ: Մասնավորապես, ուրվագծվում է Եգիպտոսի, Հունաստանի և Կիպրոսի համագործակցության փորձը՝ Միջերկրական ծովում Թուրքիայի ագրեսիվ գործողությունները կանխելու շուրջ: Ակտիվ քայլեր են իրականացվում Պարսից ծոցի արաբական առանցքային երկրների կողմից Անկարայի դեմ համաարաբական նոր ձևաչափ հիմնելու ուղղությամբ։ Վերջին շրջանում համագործակցության հնարավորություն է նշմարվում նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև, առկա է Կահիրեի շահագրգռվածությունը համագործակցելու Հայաստանի հետ թուրքական հավակնությունները զսպելու առումով։  Սրանով է նաև պայմանավորված արաբական լրատվամիջոցների անդրադարձը Թուրքիայի դերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության գործում:  

Արաբական մամուլի ուշադրությունից չէր կարող վրիպել նաև հայկական բանակի հաջողությունը՝ կապված իսրայելական արտադրության 14 ԱԹՍ-երի (13-ը Տավուշում, 1-ը՝ Արցախում) խոցման հետ՝ հաշվի առնելով այդ երկրների և Իսրայելի բարդ հարաբերությունները:  

Արաբ հեղինակները նշում են, որ Իսրայելն Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ է զարգացնում Իրանին զսպելու, նրա առաջխաղացումը կանխելու համար: Նրանք Ադրբեջան-Իսրայել «դաշնակցությունը» ներկայացնում են որպես փոխշահավետ համագործակցություն, Իրանին թուլացնելու միջոց՝ մեջբերելով 2011թ. բացահայտված Weakileaks-ի փաստաթղթերը, որտեղ նշվում է, որ «Իսրայելը, առաջադեմ ռազմական տեխնիկա է մատակարարում Ադրբեջանին «Հայաստանի հետ հնարավոր պատերազմի համար», իսկ դրա դիմաց ակնկալում է, որ Ադրբեջանը լրտեսի Իրանին»: Իրաքցի պատմաբան դոկտոր Ջուադ Քազիմ Ալ-Բայդանիի  կարծիքով՝ Ադրբեջանը Հարավային Կովկասում փնտրում է ռազմական գերակայություն և կարծում է, որ Իսրայելի հետ ամուր հարաբերությունները կարող են օգնել «վերականգնելու Հայաստանի հետ վիճելի տարածքների նկատմամբ վերահսկողությունը»:   

Որոշ հրապարակումներում անդրադարձ կա նաև ԼՂ հակամարտության պատմական համատեքստին: Մասնավորապես, լիբանանյան «Al-Mayadeen» կայքը բավականին մանրամասն ներկայացրել է հիմնախնդրի պատմությունը՝ սկսած 1923թ.-ից, երբ Խորհրդային Միությունը Ղարաբաղի կառավարումը հանձնեց Ադրբեջանին, ինչպես նաև՝ 1990-ական թվականների ծավալվող իրադարձություններին:  Նշվել է, որ 1991թ. հայ ժողովուրդը պայքար մղեց, և Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը:

Արաբական ԶԼՄ-ներում տարածվել են նաև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների պարզաբանումները հայ-ադրբեջանական հակամարտության, տավուշյան դեպքերի վերաբերյալ, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Լիբանանի և ԱՄԷ գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցները, որի ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրները: Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ, ագրեսիվ գործողությունները, Թուրքիայի սպառնալիքները դատապարտել է նաև Լիբանանի երկարամյա պաշտպանության նախկին նախարար Յակուբ Սարաֆը՝ նշելով, որ միջուկային սպառնալիքներն անպատասխանատու են և, միանշանակ, պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Հայտնի քաղաքական գործիչը ընդգծել է, որ Ադրբեջանին աջակցած և այդ անպատասխանատու գործողություններին դրդած միակ երկիրը Թուրքիան է, որի  «ապակայունացնող դերն իր մի շարք հարևան տարածաշրջաններում վկայում է այդ երկրի չհիմնավորված թշնամական վերաբերմունքի մասին Հյուսիսային Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք, Հարավային Կովկասից մինչև Արևելյան Միջերկրականի խաղաղ ժողովուրդների նկատմամբ»։